Հոկտեմբեր 05, 2022 22:24 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ:Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին:


Բանաստեղծ և իրանական գրականության ճանաչված թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի ջանքերով և «Անտարես» հրատարակչության նախաձեռնությամբ Հայաստանում լույս է տեսել իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ Զրադաշտականության, սուրբ գրքի հայերեն թարգմանությունը։

Հայաստանում մինչ այժմ հրատարակվել էր հատվածներ այս յուրահատուկ գրքից և սա առաջին ամբողջական թարգմանությունն է, որը կատարվել է պարսկերեն լեզվից։ Ավեստան ունի 2500 տարվա պատմություն, ստեղծվել է բանավոր կերպով, հետո գրի է առնվել զենդերենով (հին իրանական լեզու), ոչնչացվել է Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ, ապա ավանդապատումների հիման վրա կազմվել է պահլավերենով։

Ավեստան պարսկերենի է թարգմանվել իրանցի նշանավոր իրանագետ-թարգմանիչներ՝ Ջալիլ Դուսթխահի (ծն․ 1933 թ․), Էբրահիմ Փուր Դավուդի (1885-1968 թ․) և Ջեմս Դարմսթեթեր (James Darmesteter, 1849-1894 թ․)ի միջոցով, որոնք և հիմք են ծառայել հայերեն այս թարգմանության համար։

Ավեստայի մասին ուսումնասիրություններ և մասնակի թարգմանություններ ունեն նաև հայ հեղինակներ՝ Արմանուշ Կոզմոյանը, Հովիկ Ներսիսյանը (1921-2009 թ․) և Ռուբեն Նիկողոսյանը, որոնց մասին երախտիքի խոսք է գրել Ավեստայի թարգմանիչը։ Հայերեն այս հատորի խմբագիրն է բանաստեղծ-թարգմանիչ և գրականագետ Նաիրա Համբարձումյանը, նկարիչն է Արմեն Խոջոյանը։

Թարգմանությունը չափածո է և թարգմանիչն ակնարկելով Ավեստայի ոճին, այն կարծիքին է, որ «Այն հեռու է մեր իմացած իրանական պոեզիայի հմայքից և թարգմանության ժամանակ փորձ չի արվել այն բնագրից առավել գեղեցկացնել, քանզի առանց պոետական պաճուճանքների, Ավեստան ինքնին իր բովանդակությամբ, իր իրական և առասպելական հզոր դրվագներով, որպես կոթողային մի երկ, բոլոր առումներով չափազանց հմայիչ է և հարստացնում է համայն մարդկության մշակութային ժառանգությունը»։ Ունի նախաբան, ներածական և օգտագործված աղբյուրների ցանկ։ Նախաբանը և ներածությունը հատվածներ է Ռուբեն Նիկողոսյանի «Պահլավական ուսումնասիրություններ» մենագրությունից (ԵՊՀ հրատ․, 2018 թ․):

Անվանի բանաստեղծ-թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը 2004-2006 թվականներին թարգմանել է նաև Իսլամ կրոնի «Սուրբ Ղուրանը», որը հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը։ Նա գրական ասպարեզ է մտել 1992 թվականին իր «4-ը ապրիլի» բանաստեղծությունների ժողովածուով և իրանցի հռչակավոր գրող Սադեղ Հեդայաթի «Քոռ բու» վիպակի հայերեն թարգմանությամբ։ Եվս վեց բանաստեղծական գրքույկների հեղինակ է և իրանական պոեզիայի ճանաչված դեմքերից ավելի քան քսանի գործերի թարգմանիչ։ Հայ ընթերցողը Էդուարդի միջոցով 16 առանձին գրքույկով ծանոթացել է Իրանի արդի պոեզիայի կին նշանավոր ներկայացուցիչ՝ եղերաբախտ բանաստեղծուհի Ֆորուղ ֆարրոխզադի գործերին, Իրանի պոեզիայի գագաթներից՝ Ահմադ Շամլուի և Սոհրաբ Սեփեհրիի ստեղծագործություններին, Մոլավիի, Ռաշիդիի, Ամինփուրի, Լանգյարուդիի և Գյարմարուիի բանաստեղծություններին և հայ պարսկագիր գրող-բանաստեղծ Վահե Արմենի որոշ գործերին։ Էդուարդ Հախվերդյանը Հայաստանում ու Իրանում արժանացել է մի շարք մրցանակների, ՀԳՄ Կանթեղ մրցանակի «Տարվա լավագույն թարգմանիչ» անվանակարգի դափնեկիր է, ՀՀ Մշակույթի նախարարության և ՀՀ Գրողների Միության՝ ոսկե մեդալակիր։

 

Թատերական պաստառների միջազգային արդի միտումներին արվեստասեր հանրությունը կարող է ծանոթանալ «Թատերական պաստառներ» միջազգային մրցույթի շրջանակներում, որում ներկայացված է ավելի քան 95 աշխատանք 21 երկրից: Միջազգային փառատոն-մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ և անցկացվում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում: Փառատոնին մասնակցության հայտ է ներկայացրել 29 երկրի 177 հեղինակ՝ 406 աշխատանքով։ Նախազատման արդյունքում մրցութային փուլ է անցել 21 երկրի 70 հեղինակի 95 աշխատանք, որոնք կներկայացվեն ցուցահանդեսի շրջանակում և կգնահատվեն սեպտեմբերի 30-ին միջազգային ժյուրիի կողմից: Թատրոնը ներկայացրել է մոտ 30 աշխատանք»,- նշեց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթի նպատակն է՝ հայ արվեստասեր հանրությանը ծանոթացնել թատերական պաստառների միջազգային արդի միտումներին, նպաստել պաստառների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը, երկխոսության կամուրջ դառնալ հայ եւ արտերկրի արվեստագետների միջև»,- ասաց փոխնախարարը։

Փառատոնի նախազատման հանձնաժողովում ընդգրկված են գրաֆիկ դիզայներ, արվեստագետ, «ԱԿՏ» մշակութային ՀԿ նախագահ Էդիկ Պողոսյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, լրագրող, արվեստի քննադատ Նունե Հախվերդյանը, գրաֆիկ դիզայներ Գարեգին Մարտիրոսյանը, լուսանկարիչ Վահան Ստեփանյանը։

«Թատերական պաստառներ» միջազգային փառատոն-մրցույթը իրականացվեց Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «ԱԿՏ» մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 31-ը։

«Թատերական պաստառներ» միջազգային մրցույթին ներկայացված աֆիշները գնահատելուց հետո իրանցի գրաֆիստ Ռասուլ Հաղ ջույի «Էլեգիա Հուլիոս Կեսարի սպանության և մի քանի հավ Ֆենիքսից» պիեսի պաստառն արժանացել է ԼԱՎԱԳՈՒՅՆ մրցանակին:

Ռասուլ Հաղջուն Իրանի գրաֆիկական դիզայներների ասոցիացիայի անդամ է, նա նախկինում մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային միջոցառումների և արժանացել բազմաթիվ մրցանակների։

 

 

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի շրջանակում նախօրեին կայացավ Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպի շնորհանդեսը:

«Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ գուցե ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման»:

Վեպի քննարկմանը գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ գուցե գաղափարական  առումով «Համավարակ»-ն այնքան էլ դուր չգա այն մարդկանց, որոնք սիրում են Գուրգեն Խանջյանի 1990-ականների արձակը։

«Խանջյանի հետ զրույցում եկել ենք այն եզրակացության, որ գաղափարական փոփոխությունը պատահական չէ՝ այլ հանգամանքներից զատ,  մեծապես պայմանավորված է այն իրողություններով, որոնք վերջին տարիներին կատարվում են մեր երկրում, մեր հասարակության հետ։

Մի կարևոր գիծ էլ ամրագրեցինք Խանջյանի հետ զրույցում,  իրեն էլ ասացի. այն, ինչ գրված է Խանջյանի վեպերում, մեծ մասն իրականություն է դառնում՝ մտավախությունները, տագնապները, որոնք կան։ Ասում եմ՝ լավ բաներ գրի, լավատեսական, ասում է՝ գուցե հենց լավատեսական բաներ գրենք,  իրականություն չդառնան»,- նշեց գրականագետը։

Գրքի խմբագիրն ու հեղինակն ամրագրել են ևս մի փաստ՝ փոխվել է նաև Խանջյանի հերոսի տիպը։

««Համավարակ» վեպում գործ ունենք հերոսի բոլորովին այլ տիպի հետ։ Այն բոլոր հերոսները, որոնք մյուս վեպերում համարվում էին Խանջյանի գեղագիտության կրողները՝ տաբուներ ջարդողներ, ազատության մարմնացումներ, «Համավարակ»-ում հայտնվել են այնպիսի դիրքավորման մեջ, որ ոչ միայն հակառակ բևեռում են, այլ նաև որոշ առումով քամահրվում, քննադատվում են Խանջյանի նոր հերոսների կողմից»,- ասաց Ա. Նիկողոսյանը։

Վեպի հերոսը՝ Հարութը, 30 տարի առաջ գնացել է իր ամերիկյան երազանքի հետևից։  Հեղինակի կարծիքով, իր հերոսն այդ տարիների ընթացքում եղել է անտեր։

«Ազատություն տենչող, ակտիվ, բողոքական հերոսը կամաց-կամաց արևմտյան մթնոլորտի մեջ դարձավ սովորական սպառող, անդեմ մարդ։ Գալիս է Հայաստան՝ առանձնապես որևէ հարցի շուրջ գաղափար չունի, սակայն կամաց-կամաց ինքը տեր է ձեռք բերում Հայաստանում։ Այդպես Հարութն ի վերջո դառնում է Հարություն, իմ կարծիքով, հարություն է առնում, վերջապես տեսնում է  իր հայրենիքը, մի քիչ էլ հասկանում է, թե ինչ էր  թողել»,- իր հերոսի մասին խոսելով՝ ասաց քննարկմանը ներկա Գուրգեն Խանջյանը։

Նշենք, որ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը 2017թ. արժանացել է Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակի «դրամատուրգիա» անվանակարգում։

 

 

Ռեժիսոր Արա Մնացականյանի «Ամերիկացի բարի սամարացիները» կինոնկարը Կաննի համաշխարհային կինոփառատոնում «Լավագույն մարդասիրական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ արժանանալով  մրցանակի:

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի սցենարիստն Ամբեր Կարլինսն է (ԱՄՆ), պրոդյուսերը՝ Մանվել Սարիբեկյանը, օպերատորը Աշոտ Մկրտչյանն է, արտադրողը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմը ստացել է մասնակի աջակցություն:

 

Փարիզում ծնված եւ մեծացած, հայի  ու, ինչպես իր մասին մշտապես ասում են՝ Հայաստանի կյանքով ապրող ու շնչող վավերագրող Հրայր Հրաչյանը Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում սեպտեմբերի 26-ին մշակութային գործիչներին ներկայացրեց իր նոր աշխատությունը՝ «Երեկվա եւ այսօրվա հայերը» կենսագրական բառարանը։ Այն լույս է տեսել ֆրանսերեն` նպատակ ունենալով  աշխարհին ներկայացնել գիտության ու արվեստի  հայ մեծերին։

«Երկար տարիներ մտածում էի՝ ինչ-որ ձեւով ամփոփել եւ մեկ հատորում ներկայացնել մեր մեծերի մասին կենսագրական տեղեկություններ։ Երբ գիրքը լույս տեսավ, մենք մեծ միջոցառումներ կազմակերպեցինք Ֆրանսիայում, որպեսզի գիրքը լայն տարածում գտնի եւ վաճառվի։ Նման աշխատություն լույս ընծայելու նպատակն է, որ հայի անունը հայտնվի աշխարհի մտավորականության անունների շարքերում եւ մշակույթի պատմության էջերում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հրայր Հրաչյանը։

Աշխատությունն ընդգրկում է պատմական 3200 դեմքերի, մշակութային,ազգային գործիչների, քաղաքական գործիչների մասին տեղեկություններ՝ սկսած Տիգրան Մեծի ժամանակներից մինչեւ մեր օրերը

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանն ընդգծում է՝ օգտվելով առիթից, որ Հրաչյանը գտնվում է Երեւանում, որոշեց կազմակերպել այս միջոցառումը եւ հրավիրել այն ականավոր գործիչներին, որոնք տեղ են գտել հեղինակի գրքում:«Նրանց շարքերում են Հովհաննես Չեքիջյանը, Տիգրան Մանսուրյանը, Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Ռուբեն Սաֆրաստյանը եւ այլք։ Կարեւոր է, որ դրսում գտնվող հայը այսպիսի գործ է անում իր ազգի համար։ Կենսագրական բառարան հրատարակելը հեշտ բան չէ։ Գիրքը լույս է տեսել համահեղինակությամբ փարիզահայ Արա Գրիգորյանի։ Նա, փաստորեն, ֆրանսերեն լեզվով աշխարհին է ներկայացնում հայ մտավորականներին, ովքեր գործունեություն են ծավալում արվեստի, գրականության, գիտության եւ այլ ոլորտներում»,-նշեց Դավթյանը։

Սուսաննա Դավթյանը պատմեց, որ Հրաչյանին ճանաչում է դեռ 1965թ-ից, երբ համալսարանի 1-ին կուրսում էր սովորում։ «Կռունկ ինտերնացիոնալ» կապերի ակումբին Հրաչյանը Փարիզից նամակ է գրում՝ թղթակցելու նպատակով։ Նամակին պատասխանում է Սուսաննա Դավթյանը։

Առաջին գիրքը, որ գրել էր Հրաչյանը, կոչվում է՝ «100 եւ մեկ մշակութային դեմքեր»  («101 et 1 figures de la culture armenienes»): Երկրորդ տպագրված աշխատանքը կոչվում է «Պատմական եւ մշակութային դեմքեր» («Armenie eternelle. Grandes figures»):

Թավջութակահար, երաժշտական գործիքների մասնագետ Մանուկ Հարությունյանն, ով թանգարանում երաժշտական մի քանի կատարում հնչեցրեց, մեզ հետ զրույցում պատմեց, որ Հրայր Հրաչյանին ճանաչում  է շատ վաղուց, իրենց կապն ամրապնդվել է, երբ Հրաչյանը տարբեր առիթներով օգնել է ձեռք բերել կարեւոր նվագարաններ։ Ընկերացել են «Վերնիսաժում», երբ ինքը այնտեղ նվագարաններ էր վաճառում։

«Նա այն մարդն է, որն անմիջապես հասկացավ, թե որքան մեծ գործ եմ անում հայ մշակույթի համար։ Նկատեց, որ պրոֆեսիոնալ վարպետ եմ, ով ստեղծում է այնպիսի նվագարաններ, որպիսիք աշխարհում չկան։  Մեր կապն ամրապնդվեց, երբ ինքը պատրաստակամություն հայտնեց օգնել՝ ինձ ձեռք բերել նվագարաններ: Հաճախ օգնում  էր նաեւ ֆինանսական հարցերով»,- եզրափակեց Հարությունյանը։