Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը կանդրադառնանք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
Իրան-Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության եռակողմ փաստաթուղթը կարեւոր դեր է խաղում հարաբերությունների ընդլայնման գործում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամեդ Մոխբերն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լայն հնարավորություններ կան, եւ Թեհրանը հաստատակամ է Բաքվի հետ համագործակցության ամրապնդման հարցում։
Նա նշել է, որ երկկողմ առեւտրի ծավալների մեծացմանն ուղղված արտոնյալ առեւտրի ընդլայնումն Իրանի ռազմավարություններից մեկն է եւ կոչ է արել օգտագործել Իրանի եւ Ադրբեջանի առկա հնարավորությունները՝ առեւտրի հետագա ընդլայնման համար։
Առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանին «եղբայր» է համարում եւ պատրաստ է ընդլայնել Բաքվի հետ բազմակողմ համագործակցությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի հարեւանների սահմանները կարմիր գծեր են, եւ Թեհրանը այդ սահմանների դեմ ուղղված սպառնալիքները չի ընդունի։
----
Իրանագետ Գարիկ Միսակյանը չի բացառում, որ Իրանը հետաքրքրություն կցուցաբերի դիտորդական առաքելության հարցում։
Եթե հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվեն Իրանին հակառակ երկրների դիտորդները, ապա պաշտոնական Թեհրանը բնականաբար չի համակերպվի այդ իրողության հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց իրանագետ Գարիկ Միսակյանը` նշելով, որ խոսքը վերաբերում է հատկապես ԱՄՆ–ին ու Իսրայելին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին, թվիթերյան իր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքին, նշել էր, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը Ադրբեջանի օկուպացրած հայկական սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն են։
«Եթե պատկերացնենք, որ դիտորդական առաքելության մեջ կարող են լինել նաև Իրանի ներկայացուցիչները, ապա այդ դեպքում Թեհրանից հնչող արձագանքներն ու հայտարարությունները կարող են այդքան էլ սուր և բացասական չլինել։ Քանի որ Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ իր սահմանի պահպանությամբ, չի բացառվում, որ հետաքրքրություն ցուցաբերի դիտորդական առաքելության առթիվ»,– ասաց իրանագետը։
Միսակյանի դիտարկմամբ` անկախ ամեն ինչից, վերոհիշյալ հարցում պետք է անպայման հաշվի առնել նաև հարևան Իրանի կարծիքը, որն անգամ իր համար հեռահար անվտանգային նշանակություն ունեցող հարցերին վերաբերվում է ամենայն լրջությամբ, և դրա ամենավառ ապացույցը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորոշումն է։
«Դիտորդական առաքելությունը դեռ իրականություն չի դարձել և գտնվում է ուսումնասիրության փուլում, բայց անկախ ամեն ինչից` Իրանը չի ցանկանա իր հարևան երկրների սահմանին տեսնել հակառակորդ երկրի կամ երկրների դիտորդներին, չի համակերպվի նրանց քաղաքական կամ ռազմական ներկայության հետ»,– ասաց Միսակյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանը կմիանա ցանկացած հակաիրանական նախաձեռնության, առավել ևս, եթե դա իրականացվի հայկական կողմից։
«Մեր կառավարությունը չպետք է մոռանա, որ Իրանը մեր բնական ու իրական դաշնակիցն է, մանավանդ որ այս փուլում գոյություն ունի հայ–իրանական շահերի համընկնում, ինչը մեզ համար կարող է լինել հավելյալ գործիք Իրանի հետ բավականին լուրջ համագործակցություն ծավալելու համար»,– նշեց իրանագետը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
-----------------------
Իրանագետ Ժաննա Վարդանյանն անդրադարձել է Ադրբեջանի և Իրանի համատեղ զորավարժությունների թեմային։
----------------------------
Իրանի ու Հայաստանի սահմանը չի փոխվելու, Հայաստանը 10 տարում անվտանգային զարգացող միջավայր է ձևավորելու:
Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք չի լինելու։ Այս մասին գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Իրանն ու Հայաստանը անհիշելի ժամանակներից սահմանակից հարևաններ եղել են և լինելու են։ Նոր հոկտեմբերի 27 չենք թույլ տալու։ Պատմությունից դասեր քաղել ենք...
Հայաստանն առաջիկա 10 տարում տնտեսական և անվտանգային դինամիկ զարգացող միջավայր է ձևավորելու։ Վերադարձեք տուն, սիրելի հայրենակիցներ...
Հայրենիքը ձեր օգնության կարիքն ունի...»,–գրել է նա։
----
ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն: Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:
Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում:
------------------------------
Պրահայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
---
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՊՀ երկրների ղեկավարներին Սանկտ Պետերբուրգ ժամանելու համար և նշել, որ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը հնարավորություն կունենան քննարկել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովում քննարկվելիք հարցերն ու թեմաները:
--------------------------
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները անմիջական սպառնալիք են Հարավային Կովկասի համար, քանի որ խաթարում են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
Այս մասին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարել է ՄԱԿ-ի 77-րդ Գլխավոր ասամբլեայի Առաջին կոմիտեի ընդհանուր քննարկումների ժամանակ։
Մարգարյանը ներկայացրել է Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից ձեռնարկված վերջին ռազմական էսկալացիայի հետևանքները։ Նրա խոսքով՝ այդ ագրեսիայի զոհ է դարձել Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Իրենց տները լքել են մոտ 8 հազար մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ։ Ադրբեջանը գնդակոծել է բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, գերի է վերցրել, խոշտանգել ու սպանել է հայ զինծառայողներին, այդ թվում՝ կանանց։ Նրանց մարմինները պղծվել են, նրանց անարգել են։ Բացի այդ, սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում ակտիվորեն տարածվում են անզեն հայ գերիների նկատմամբ դաժան հաշվեհարդարի կադրերը, ադրբեջանցի զինվորականների հանցագործությունների ապացույցներն անհերքելի են:
Նա նաև հիշեցրել է, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կրկին սադրանք են կազմակերպել՝ կրակ բացելով ականանետերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Սադրանքի զոհ է դարձել երեք հայ զինծառայող։ Ադրբեջանցի զինվորականները շարունակում են կենտրոնանալ և ամրապնդվել սահմանգծի երկայնքով՝ Հայաստանի տարածքում ապագայում նոր էսկալացիայի սպառնալիք ստեղծելով։
ՀՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Երևանը ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել է Բաքվի ագրեսիայի վերջին գործողություններին և շարունակելու է խնդիրը բարձրաձայնել կազմակերպության տարբեր կառույցներում: Այդ կառույցները պետք է կատարեն իրենց ստանձնած միջազգային պարտավորությունները, վճռականորեն դատապարտեն հանցավոր ագրեսիան և ոտնձգությունները Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ։
-----
Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնահատում է ՀՀ և ԼՂ նախագահների պատրաստակամությունը՝ հայտնի հանդիպման ձևաչափով արծարծելու երկրի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը:
«Վեհափառ Հայրապետը առանձին քննարկումներ կունենա նախագահների հետ, որոնց արդյունքում կհստակեցվի այս ձևաչափով հանդիպումների շարունակությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը նշել էր, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենևին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը:
Հայտարարություն էր տարածել նաև ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Վեհափառ Հայրապետի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահների հանդիպման նախաձեռնության վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքում ներկայացված գնահատականների, այդ թվում՝ հանդիպումների արդյունավետության վերաբերյալ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը կհրապարակվի հանդիպման մասնակից շահագրգիռ մյուս կողմերի հետ քննարկումների արդյունքում: