Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։
Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով»:
ՀՀ վարչապետը ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր է հղել զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին:
Ի դեպ, Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ևս խորին ցավակցություն է հայտնել 2022թ. հոկտեմբերի 26-ին Շիրազի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության և արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ։
Իրանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարությունում մասնավորապես նշված է. «Խստորեն դատապարտելով այդ սարսափելի ոճրագործությունը` դեսպանությունը այս դժվարին պահին իր զորակցությունն է հայտնում ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին, միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին»:
Հոկտեմբերի 26-ին 3 զինված անձինք կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում, որտեղ եղել են ուխտավորներ: Զոհվել է առնվազն 15 մարդ, շուրջ 40 մարդ վիրավորվել է։
------------------------
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն ասել է «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում պաշտոնապես կսկսեմ իմ աշխատանքը, և իմ առաջնահերթություններից մեկը կլինի բեռնատարների տեղաշարժի դյուրացումը և սահմանին ու մաքսակետում անցկացված ժամանակի կրճատումը»։
Աբեդին Վարամինն Արևելյան Ատրպատականի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա կարողություններին և հայտարարել, որ Արևելյան Ատրպատականն առաջնահերթություն ունի այս հյուպատոսարանի հնարավորություններից օգտվելու հարցում»:
Նա հավելել է. «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում պաշտոնապես կսկսեմ իմ աշխատանքը, և իմ առաջնահերթություններից մեկը լինելու է բեռնատարների տեղաշարժի դյուրացումը և սահմանին ու մաքսակետում կանգառների ժամանակի կրճատումը»։
Նշելով, որ հյուպատոսության առաքելությունն է դյուրացնել գործերը և վերացնել առևտրային խոչընդոտները, Աբեդին Վարամինն ասել է.«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հյուպատոսության գործողությունների մասին հաշվետվություն եմ ներկայացնելու մարզպետին»։
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն առաջարկել է տնտեսական բարգավաճման և առևտրափոխանակումների ավելացման համար ցուցահանդես կազմակերպել Կապանում՝ Արևելյան Ատրպատական նահանգի արտադրողների մասնակցությամբ։
----------------------------
«Ես ցանկանում եմ և կցանկանամ, որ այն կնքվի մինչև այս տարեվերջ». Հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով խաղաղության պայմանագրի կնքման մասին հարցին։
Նիկոլ Փաշինյանի խոսքով, ինքն ու կառավարությունը գործադրում են բոլոր ջանքերը, որ դա լինի իրատեսական. «Մենք հույս ունենք, և դա կարևոր նրբություն է, որ մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Որքանո՞վ է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ըստ էության դա տեղի է ունենալու 1991թ. սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական, որովհետև այդ սահմաններն ըստ էության հայտնի են»։
Փաշինյանը նաև նշեց, որ պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի ԼՂ-ի և Ադրբեջանի միջև, և սա շատ կարևոր հանգամանք է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության որոշակի տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն. «Շատ լավ կլինի և գոհ կլինեմ, եթե մենք կարողանանք դա անել։ Մեր կողմից մենք պատրաստ ենք գործադրել առավելագույն ջանքերը, որ ձեր ասածը տեղի ունենա»։
Փաշինյանը անդրադարձել է նաև թշնամանք տերմինին. «Թշնամանքը և ընդհանրապես իրավիճակը պետք է կառավարվի, որովհետև եթե դա կառավարելի չէ, իր հետ կարող է բերել վնաս»։
-------------------------------
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում. Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում:
«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը:
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:
«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է: Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ, անհրաժեշտ է, որ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մեր դաշնակիցն է, և մենք, իհարկե, նշանակալիորեն հաշվի առնելով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանք նրա վրա, ինչ կառաջարկի Հայաստանը»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է: «Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։
-------------------------
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներին և պարամետրերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը համաձայնել է աշխատել դրանց շուրջ:
«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնել է աշխատել Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների և պարամետրերի հիման վրա և պատրաստ է դա հաստատել Սոչիում։ Հուսով ենք, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում:
--------------------------
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի համոզմամբ` Արևմուտքը փորձում է դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը։
Արեւմուտքը փորձում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանել։
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ավելացնելով, որ հաջողությամբ չեն ավարտվելու Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու՝ արտաքին ուժերի փորձերը։ Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը հակված է զարգացնել Հայաստանի հետ ռազմավարական գործակցությունը։
Զախարովան մերկապարանոց է անվանել այն մեղադրանքները, թե Մոսկվան, իբր, չի կատարում Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում իր պարտավորությունները։
«Մոսկվային անհանգստացնում են Անդրկովկասում տիրող միտումները, որտեղ Արևմուտքը փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։
ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն շահագրգռված չեն Անդրկովկասում իրավիճակի փոխզիջումային լուծումներով, այլ ցանկանում են այնտեղից դուրս մղել Ռուսաստանին»,- ասել է նա։
-----------------------
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն անդրադարձել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի պնդմանը, ըստ որի` Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության իր վեկտորը։
---------------------------
Աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության հարցը ամենակարևոր խնդիրն է, որը հաշվի է առնվել Կովկասում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո, և Իրանի Իսլամական Հանրապետությունն այս համատեքստում բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում աշխարհաքաղաքական և պատմական սահմանների փոփոխություն և այս հարցը Իրանի կարմիր գծերից մեկն է:
Ցավոք, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի դրույթներն այնպես են դրված, որ որոշ կետերում անհասկանալի են կապի ուղիներն ու սահմանները, այդ պատճառով ականատես եղանք, որ վերջին զարգացումների ժամանակ, Ադրբեջանը, վկայակոչելով այս համաձայնագիրը, Հայաստանի այլ հատվածներ կցել է իր տարածքներին՝ որպեսզի սահմանները փոխելով, կարողանա ընդլայնել իր հաղորդակցության ուղին: Իրանը և Հայաստանն արձագանքել են Բաքվի այս նկրտումներին:
Հայաստան կատարած այցի ընթացքում Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է կառավարության արտաքին քաղաքական մոտեցման մեջ հարևանների հետ համագործակցության առաջնահերթությունը և կարևորել մյուս հարևանների նման Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարգումը։
Վերջին օրերին Հայաստանի Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի ժողովուրդների երկարամյա և պատմական հարաբերությունների խորությունը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի անվտանգությունը համարում է տարածաշրջանի անվտանգությունը, իսկ Իրանի քաղաքականությունն է՝ հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է կայունություն և անվտանգություն հաստատել հարավկովկասյան տարածաշրջանում, այս հարցը ԻԻՀ արտգործնախարարի հայտարարություններից բացի, պարզ է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի կողմից վերջերս անցկացված զորավարժություններից: Փաստորեն, վերջին օրերի ընթացքում, Իրանը երկու մարտավարական գործողություններով հայտարարեց տարածաշրջանի երկրներին ու հյուսիսային հարեւաններին ուղղված իր ուղերձը, թե որքան կարևոր է այս տարածաշրջանն իր համար և որ հետևում է նրա տեղաշարժերին։