Նոյեմբեր 20, 2022 10:55 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։

----

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդգրկուն շրջանակ։

Արգիշտի Քյարամյանն իր խոսքում ընդգծել է հայ-իրանական դարավոր բարեկամության նշանակալի իրողությունները և փաստել ներկա փուլում առկա կայուն հարաբերությունների կարևորությունը: ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործող Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում երկարամյա արդյունավետ գործակցությունը և համոզմունք հայտնել, որ ձևավորված ավանդույթներն ու փոխգործակցությունը կլինեն շարունակական` ներառելով առավել հեռանկարային ուղղություններ:

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել  իրավապահ համակարգում արդյունավետ շփումներ ապահովելու առաջնահերթությունները, տեղեկատվության պատշաճ փոխանակումն ու իրավական փոխօգնությունը:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ իրավապահ մարմինների միջև կապերն առավել ընդլայնելու հնարավորություններին և պայմանավորվածություն են ձեռք բերել հիշյալ գործընթացի շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:

Հետագա համագործակցային ծրագրերն առավել արդյունավետ կազմակերպելու նկատառումներով` ՀՀ քննչական կոմիտեի նախագահը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են նաև  Կոմիտեի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները:

-----------------------------

2022թ․ նոյեմբերի 5-9-ը աշխատանքային այցով Իրանի Քերման նահանգ այցելեց Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի գլխավորած պատվիրակությունը:

Արմավիրի պատվիրակությունը Քերմանում պաշտոնական  հանդիպումներ ունեցավ Քերման նահանգի նահանգապետ՝  Մոհամադ Մեհդի Ֆադաքարի, Քերման քաղաքի քաղաքապետ՝ Սաիդ Շարբաֆ Թաբրիզի և Քերման նահանգի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի պատասխանատուների ու մի շարք գործարարների հետ: Հանդիպումներին զուգահեռ հայկական պատվիրակությունը այցելեց Քերման նահանգում  մի քանի արդյունաբերական գործարաններ, Քերմանի համալսարան, նաև  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային  Ժառանգության ցանկում գրանցված մի քանի պատմամշակութային կոթողներ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Արմավիր և Քերման քաղաքների հնարավորությունները՝ երկու քաղաքների միջև համագործակցությունները զարգացնելու նպատակով, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև զարգացնել երկու քաղաքների առևտրական և գործարար շրջանակների համագործակցությունները:

Այցի շրջանակներում երկու քաղաքների քաղաքապետներն ստորագրեցին Արմավիր և Քերման քաղաքների «Քույր Քաղաքներ»  հռչակելու և համագործակցության փոխըմբռնման հուշագիր:

--------------------------

Հայաստանն Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտից հետո պատրաստ է ավելի շատ գազ վերցնել Իրանից՝ հետո Իրանին ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում:

Անդրադառնալով Իրանում ստորագրված «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման հուշագրին ՝ վարչապետն ասաց. «Պայմանագրի էությունն այն է, որ մենք Իրանից գազ ենք վերցնում, էլեկտրաէներգիա ենք արտադրում այդ գազով և վերադարձնում ենք էլեկտրաէներգիան Իրանին՝ իհարկե, որոշ գործակիցներով, որպեսզի շահավետ լինի: Հիմա գործնականում այն էլեկտրագծերը, որոնք կան Հայաստանի և Իրանի միջև, ամբողջությամբ ծանրաբեռված են: Եվ որպեսզի մենք ավելի շատ գազ կարողանանք սպառել էլեկտրաէներգիա արտադրելու համար, պետք է ավելի շատ դեպի Իրան արտահանելու հնարավորություն ունենանք: Իսկ այդ հնարավորությունը մենք կստանանք երրորդ էլեկտրագծի շինարարության ավարտից հետո: Երբ ավարտվի շինարարությունը, իհարկե, ավելի շատ գազ պատրաստ կլինենք վերցնել, որպեսզի ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարենք Իրանին»:

Անդրադառնալով հարցին, թե դա հայ-ռուսական հարաբերությունների ֆոնին բացասական քայլ չի՞ դիտարկվի՝ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը ստացած գազով էլեկտրաէներգիա է արտադրում և դա վերադարձնում Իրանին, մի մասն էլ օգտագործում է ներքին կարիքների համար: «Այդ համակարգը կա, Ռուսաստանի հետ որևէ հակասություն չկա»,-նշեց վարչապետը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում Իրանի դերակատարումը հայ-ադրբեջանական հարաբերությունների լուծման հարցում ՝ վարչապետն ասաց, որ Իրանը միջազգային ու տարածաշրջանային հարցերում շատ կարևոր դերակատար է: «Եվ նաև այս է պատճառը, որ մենք շատ սերտ հաղորդակցության մեջ ենք Իրանի մեր  գործընկերների հետ»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նույնպես կարևորել է, որ մինչև Հայաստանի հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր լինեն:

Մհեր Գրիգորյանը նման տեսակետ է հայտնել ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք քննարկվում է իրանական կողմի հետ, որ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն այնքան ընդարձակվի, որ դա ոչ միայն Իրանը գնի, այլ նաև արտահանվի:

«Էլեկտրաէներգիայի արտահանումն ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ, որ այն մեզ համար ընդգծված ակտուալություն ունի: Շատ լավ է, որ մենք երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և դեպի հյուսիս, և դեպի հարավ: Մենք պետք է շատ ավելի ինտենսիվ դա անենք, որովհետև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն էականորեն մեծացել են, իսկ մենք ունենք էներգետիկ համակարգ՝ արտադրության ենթակառուցվածքը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մենք ի վիճակի ենք օգտագործել»,-ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ եթե  այդ պոտենցիալը ճիշտ օգտագործվի, դա դրական ազդեցություն կունենա ներքին սակագների վրա: Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է: «Այդ իմաստով կարծում եմ՝ պետք է տեմպ տանք, որ մենք մինչև մեր հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր ունենանք»,-եզրափակեց փոխվարչապետը:

------------------------

Հայաստանն առաջարկել է խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, սա ընդունված պրակտիկա է, և մենք ևս պետք է փորձենք գնալ այս ճանապարով։

Այս մասին ՀՀ ԱԺ–ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսական դիրքորոշումն ընդունելն է պատճառը, որ մենք առաջ ենք քաշում ոչ թե կարգավիճակի, այլ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը։ Ինչպես 2018–ին, հիմա էլ մենք կարծում ենք, որ խոսակցության թիվ մեկ մասնակիցը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը։  Եվ մենք հույս ունենք, և կարծես թե, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է տեղի ունենա ԼՂ ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության մասին։ Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայերի խնդիրների հասցեգրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք ԼՂ հայության անվտանգության ու իրավունքների հարցը օրակարգից հանելուն»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ՀՀ–ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հենքի վրա կնքել պայմանագիր․ «Պատրաստ եք շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»։

----------------------

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախահագահ Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ–ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հեռախոսազրույցներին։

------------------------

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումները Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններում և հայտարարել, որ Հայաստանը Բաքվի իշխանություններին առաջարկ է ներկայացրել՝ Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության վերջնական համաձայնագիրը։

Փաշինյանն ասել է.«Հայաստանի և Ադրբեջանի  միջև բանակցությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների անվտանգությունը»:

«Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցություններում Հայաստանը պաշտպանելու է իր և Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և իր երկիրը չի ցանկանում պատերազմ սկսվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Ադրբեջանի Հանրապետության միջև»-ասել է Փաշինյանը:

Հայաստանի համար կարևոր է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ քաղաքական գնահատական ​​տա Ադրբեջանի Հանրապետության կողմից իրականացվող օկուպացիոն իրավիճակին։ Վերջին երկու տարիներին Երևանի կառավարության պաշտոնյաները, հատկապես՝ Հայաստանի վարչապետը, բազմիցս ցանկություն են հայտնել Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը։

Փաստորեն, Ադրբեջանի հետ լարվածությանն ու սահմանային հակամարտություններին վերջ տալու համար Հայաստանի իշխանությունները բազմիցս բարձրացրել են ղարաբաղյան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցը։ Մյուս կողմից, Ադրբեջանի կառավարության և մուսուլման ժողովրդի իշխանությունը օտարներին հանձնած Բաքվի պաշտոնատարները հայկական կողմի հետ բանակցություններում ամեն անգամ նոր նախապայմա են ներկայացնում:

Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները Բաքվի ԶԼՄ-ներում հրապարակայնորեն պաշտպանում են Իսրայելի ռասիստական ​​ռեժիմի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիրքորոշումները աշխարհի տարբեր խնդիրների վերաբերյալ։

Միաժամանակ, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում իր երկրի մուսուլման ժողովրդի հաղթանակը պայմանավորում է օտարերկրացիների մասնակցությամբ և աջակցությամբ։ Այս համատեքստում նա բազմիցս ընդգծել է իր սխալ դիրքորոշումը։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ ղարաբաղյան խաղաղության վերջնական համաձայնագիրը ստորագրելու փոխարեն Բաքվի իշխանությունները փորձում են պաշտոնական դիրքորոշում որդեգրել՝ հետևելով տարածաշրջանի մուսուլման ազգերի թշնամիների արձագանքներին։

Այս համատեքստում ԱՄՆ-ի կառավարությունը վերջերս հայտարարեց, որ աջակցում է Իլհամ Ալիևի կառավարության հակաիրանական ջանքերին: Վաշինգտոնի պաշտոնյաների այս դիրքորոշումը ստիպում է Ադրբեջանի նախագահին վարանել հայկական կողմի հետ վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրել։

Ելնելով այս սխալ դիրքորոշումներից՝ Իլհամ Ալիևը ցանկանում է տիրել Հայաստանի հարավային շրջաններին, որպեսզի կարողանա փակել Իրանի և Հայաստանի սահմանները և Թուրքիային հանձնել Հայաստանի և Վրաստանի տարածքով Իրանը Ռուսաստանին և Եվրոպային միացնող երթուղին։ Վերջին երկու տարիներին Իլհամ Ալիևի բոլոր ջանքերը և Հայաստանի վրա ճնշում գործադրելու հսկայական ծախսերը արվում են օտար կողմերի գոհունակությունը ստանալու համար, և դա ցույց է տալիս, որ Բաքվի իշխանությունների դիրքորոշումներն այնքան էլ սկզբունքային և վստահելի չեն: