Շաբաթվա ամփոփում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի կարևորագույն իրադարձություններին, որոնց խորագրերը ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։
-----------------------------------------------
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ–ում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին պայմանավորվել են առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը։
«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես, համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:
Շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները:
--------------------------------
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը:
Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հարուստ փորձառության հիման վրա երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա համագործակցությունը և վստահեցրել է, որ երկուստեք արդյունավետ աշխատանքի հիման վրա այն կընդլայնվի և նոր որակ ձեռք կբերի:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ականառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Այս համատեքստում դեսպան Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից:
Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունն ու ընդգծել, որ մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում:
Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:
------------------------
Թեհրանում գտնվող Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Հանդիպմանն Ամիր Աբդոլլահյանը գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև աճող հարաբերությունների առնչությամբ և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը գնահատել է որպես գործնական և կարևոր քայլ՝ երկու երկրների համար առևտրային փոխանակումների ավելացման և տնտեսական հարաբերություններում բարենպաստ հեռանկարի հասնելու ուղղությամբ:
Հանդիպմանը Հայաստանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել է նաև Իրանի ԱԳ նախարարի վերջերս Հայաստան կատարած այցին և Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացմանը: Նա նշել է, որ այդ որոշումը կարևոր շրջադարձ է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում և Հայաստանի կառավարության երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և միջազգային սահմանների անփոփոխ լինելու վերաբերյալ ԻԻՀ սկզբունքային և կառուցողական դիրքորոշման կապակցությամբ:
Կարեւորելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար առկա կարողություններն ու ենթակառուցվածքները՝ նա ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածություններին հետամուտ լինելու անհրաժեշտությունը։
------------------------
Հայաստանի կողմից նախաձեռնողականության բացակայության հետևանքով ՀՀ–ն կարող է դուրս մնալ Իրանի ծրագրից, որով նախատեսվում է Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնել։ Այս մասին հայտարարել է էներգետիկ անվտանգության փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը` անդրադառնալով Իրանի Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանի՝ օրերս հնչեցրած այն հայտարարությանը, թե Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն առաջիկայում էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիր կիրականացնեն։
-------------------
Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրա հետևանքները Հարավային Կովկասում ստեղծել են աշխարհաքաղաքական նոր հեռանկարներ, հնարավորություններ և սպառնալիքներ: Օրինակ, թեև Ադրբեջանի Հանրապետության միացումը Նախիջևանի շրջանին հնարավորություն է Բաքվի և Անկարայի համար, սակայն Իրանն ու Հայաստանը դա համարում են սպառնալիք, և Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ ողջունում է Արաքս գետի հարավային հատվածով և իր իսկ տարածքով Ադրբեջանի Հանրապետության միացումը Նախիջևանին:
Զանգեզուրի միջանցքը, որ 2020 թվականից ի վեր շարունակաբար արծարծվում է Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի կողմից, կարող է ավելի թուլացնել Երևանի փխրուն մանևրունակությունը և լուրջ վտանգ ներկայացնել այդ երկրի ինքնիշխանության համար։ Այժմ Հայաստանը կանգնած է Արևելք-Արևմուտք նախագծերին միանալու և «Զանգեզուրի միջանցք» ծրագրի իրականացման հնարավորության առջև:
2018 թվականին ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից հետո Իրանը հիմնովին վերանայեց իր առաջնահերթությունները։ Այս երկիրը ոչ միայն ձգտում է բիզնես կենտրոն դառնալ Ասիայի և Արևմտյան Ասիայի երկրների համար, այլև նրանց միացնել Եվրոպային։ Ուստի Թեհրանը սկսեց Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի ստեղծման նախագիծը, որն իրար կմիացնի Իրանը, Հայաստանը, Վրաստանը և Բուլղարիան։
Թեև 2016 թվականին Թեհրանը սկսել է Պարսից ծոց-Սև ծով միջազգային տարանցիկ միջանցքի տարածաշրջանային նախագիծը, վերջին շրջանում ակտիվացել են այդ կապակցությամբ տեղի ուենցող բանակցությունները։ Այս նախագծով իրանական նավահանգիստները կմիացվեն վրացական նավահանգիստներին։ Ընդհանուր առմամբ, Չինաստանից և Հնդկաստանից ապրանքները կարող են առաքվել իրանական նավահանգիստներ, այնտեղից ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով Վրաստանի Պուտի և Բաթումի սևծովյան նավահանգիստներ, այնուհետև Բուլղարիայի Բուրգաս և Վառնա նավահանգիստներ, ինչպես նաև Հունաստան:
Այնուամենայնիվ, առաջարկվող միջանցքը գործարկվելու համար պետք է հաղթահարի ենթակառուցվածքային խոչընդոտները: Նշենք, որ ներկայումս Հայաստանի հարավային Սյունիք նահանգի և Իրանի միջև ուղիղ երկաթուղային կապ չկա, իսկ Գորիս և Կապան քաղաքների մայրուղու որոշ հատվածներ 2020թ. դեկտեմբերից գտնվում են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ:
Իհարկե, 2012թ.-ից Երևանը սկսել է կառուցել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին՝ Հայաստանի և Իրանի տարանցումը հեշտացնելու և Վրաստանի սահմանի մոտ գտնվող Բավրանը Մեղրիին միացնելու համար, սակայն դրա շինարարությունը, հավանաբար, կավարտվի 2028-2030 թվականներին: Հայաստանի և Իրանի միջև հաղորդակցության մեկ այլ միջոց է Նախիջևանի տարածքով «Երվան-Երասխ-Ջոլֆա» երկաթուղուց և մայրուղուց օգտվելը:
Իրանը Հայաստանի հետ միասին ակտիվացրել է իր ջանքերը այս միջանցքի գործարկման համար, որպեսզի Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռություն լինի, քանի որ Թեհրանը, որպես ավանդական տարանցիկ երկիր, Բաքվի Զանգեզուր միջանցքի նախագիծը համարում է սպառնալիք իր շահերի դեմ։ Փաստորեն այդ միջանցքը հավանաբար լինելու է որպես կամուրջ Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Այս գործոնները պատճառ են դառնում,որ Իրանը վճռակամ լինի Պարսից ծոց-Սև ծով միջանցքի կառուցման հարցում։
Այս միջանցքը նաև կարող է նոր հնարավորությունների պատուհան լինել Հայաստանի համար։ Հայաստանը, որը 1990-ականների վերջից դուրս է մնացել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի գլխավորած էներգետիկ և տրանսպորտային նախագծերից, կարող է տարանցիկ երկիր դառնալ առաջարկվող միջանցքի շնորհիվ։
----------------------
Մտահոգիչ է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողություններից, հատկապես, որ մինչև այսօր, փաստացի, մեզ չի հաջողվել որոշում կայացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի շուրջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում անցկացվող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։
«Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ երկիր Հայաստանը առնվազն երեք անգամ ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Այս փաստերը հսկայական վնաս են հասցնում ՀԱՊԿ հեղինակությանը ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- հայտարարել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա համարում է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը։
«Նույնը կարող եմ ասել նաև մեր դաշնակիցների՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին դեէսկալացիայի փաստերի առնչությամբ»,- ասել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակից երկրներին կհաջողվի համաձայնեցնել դաշնակցային մոտեցումները և արդիական հարցերի շուրջ հասնել համակարգված կոլեկտիվ փոխգործակցության։
-----------------------
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այդ մասին նա հայտարարել է Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում ելույթի ժամանակ։
«Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է, որն ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած հանդիպումը` բանակցությունները լավ հիմք են ստեղծել հետագա հիմնարար հարցերի լուծման համար։ Կարևորն այն է, որ բանակցությունների ժամանակ հայտարարվեց 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հավատարիմ լինելու մասին»,–ասաց Պուտինը։
Նրա խոսքով` եռակողմ ֆորմատի գլխավոր նպատակը խաղաղության հաստատումն է տարածաշրջանում։ Սակայն, ըստ նրա, միայն հումանիտար հարցերի լուծման, ճանապարհների ապաշրջափակման և սահամանների դելիմիտացիայի շնորհիվ է հնարավոր հայ-ադրբեջանական հարաբերությունների կայուն կարգավորմանը հասնել։
«Հույսով ենք, որ այս ամենը թույլ կտա Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնել»,–ասաց Պուտինը` հավելելով, որ այդ հարցի շուրջ կարճ կարծիքներ են փոխանակել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ հարցին ավելի մանրամասն էլ կանդրադառնան։