Գեղարվեստական հաղորդում(352)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Բոլորիդ շնորհավորելով Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ներկայացնում ենք 2023 թվականի Գեղարվեստական հաղորդաշարի առաջին թողարկումը, որի ընթացքում ,ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին:Ընկերակցեք մեզ:

Իրանական «Լուպետու» անիմացիոն ֆիլմը, որի ռեժիսորն է Ասգարին և պրոդյուսերներ՝ Մոհամմադ Հոսեյն Սադեղին և Էհսան Քավեհը, արժանացել է Հնդկաստանի «Ահմեդաբադ» կինոփառատոնի լավագույն անիմացիոն ֆիլմի մրցանակին:
Այս փառատոնի չորրորդ շրջանն անցկացվել է Հնդկաստանում դեկտեմբերի 24-ից 29-ը։
«Լուպետու»-ն արտադրված է 3D տեխնիկայով, և վերցվել է իրանական հեքիաթից ու մթնոլորտից:
«Լուպետու» անիմացիան ավելի վաղ մասնակցել է Թուրքիայի Յունիվերսալ, Բոլիվիայի Սիերա և Հնդկաստանի Քիդզ փառատոներին:
Արդեն պատրաստ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին հատկացված Կամերային երաժշտական թատրոնի շենքի նախագծանախահաշվարկային փաթեթը: 2023-ին շենքում նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով՝ դեղին մամուլի էջերում երբեմն անհեթեթ լուրեր են շրջանառվում այն մասին, թե իբր շենքը վաճառված է, հետո նույն հոդվածի հաջորդ պարբերության մեջ նույն լրագրողը գրում է՝ իրենց հաղորդել են, որ սեփականության վկայականը պատկանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: «Մտածում ենք այդ տարածքը վերածել ձայնագրման ստուդիայի, քանի որ դասական երաժշտությունը հանրայնացնելու, ժամանակակից կոմպոզիտորական աշխատանքները ձայնագրելու և տարածելու լուրջ խնդիր ունենք: Այդ հարթակը կաշխատի ոչ միայն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, այլև առհասարակ նվագախմբերի համար»,-շեշտեց Խզմալյանը:
Նա խոստովանեց՝ Կամերային երաժշտական թատրոնի մի դերասանուհու նորովի է բացահայտել, երբ նրա խաղն է տեսել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմում: Դերասանուհին այդ թատրոնի ստեղծագործական տարերքի մեջ ուղղակի զարմացրել է Արա Խզմալյանին խաղի խորությամբ, նրբությամբ:
«Շատ կարևոր է նույն դերասանին այլ ստեղծագործական հարաբերություններում բոլորովին այլ մակարդակի վրա տեսնելը: Իմ հիացումն արտահայտել եմ: Իրավունք ունեմ հիանալու, որովհետև մասնագիտությամբ թատերագետ եմ»,-շեշտեց նա:
***
Նոր տարվան ընդառաջ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փոքրիկները հնարավորություն կունենան դիտելու «Մանչուկի և Կառլսոնի ամանորյա արկածները» տոնական ներկայացումը՝ ըստ Աստրիդ Լինդգրենի համանուն ստեղծագործության:
Ներկայացումը բեմադրել է Իշխան Ղարիբյանը, նկարիչը Մարիամ Մուրադյանն է, պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի, երաժշտական ձևավորումը՝ Իշխան Ղարիբյանի:
Իշխան Ղարիբյանի խոսքով՝ թե´ գրքի, թե´ ներկայացման ասելիքն այն է, որ մեծահասակները շատ հաճախ աշխատանքի պատճառով ժամանակ չեն հատկացնում երեխաներին, այնինչ փոքրիկներն ունեն ուշադրության կարիք։
«Մանչուկը մենակությունից է հորինում Կառլսոնին և սկսում է հավատալ նրա գոյությանը՝ նրան համարելով իր ամենամտերիմ ընկերը։ Այս ներկայացումը նաև ծնողների համար է: Աշխատանք, առօրյա հոգսեր բոլորս էլ ունենք, բայց երեխաներին դա այնքան էլ հետաքրքիր չէ։ Երեխաներն էլ իրենց հերթին կսովորեն, որ պետք չէ վհատվել, պետք է լինել ազնիվ ու ընկերասեր։ Եվ, իհարկե, հավատալ հրաշքին, ինչն ամենակարևորն է»,-նշում է ռեժիսորը:
Թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն էլ 2022 թվականը Պարոնյանի անվան թատրոնի համար աննախադեպ է համարում: «Ունեցանք 9 առաջնախաղ։ Վերջինը «Մանչուկի և Կառլսոնի արկածները» բեմադրությունն է: Տարին իսկապես աննախադեպ էր թե´ առաջնախաղերի առումով, թե՛ ֆինանսական: Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ ՀՀ կառավարությունը մեր թատրոնին հատկացրեց 286 107 000 դրամ, և 2023-ի ընթացքում մեր լուսաձայնային համակարգը կփոխվի, թատրոնը կունենա ժամանակակից լուսային և ձայնային համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի բեմադրել էլ ավելի գունեղ երաժշտական ներկայացումներ»,-ասում է Շահբազյանը:
2023-ին թատրոնում նախատեսում է 7 առաջնախաղ. չի բացառվում պրեմիերաներն ավելի շատ լինեն: Երեք ներկայացում աշխատանքային փուլում է:
***
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականին իրականացրել է «Իմ սիմֆոնիկը» և «Դաս Ա» կրթամշակութային ծրագրերը։
Օրերս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ուսանողների մասնակցությամբ ամփոփվել է «Իմ սիմֆոնիկը» ծրագիրը, որն անցկացվել է Երևանի 9 բուհի ավելի քան 2200 ուսանողի շրջանում։
Ծրագրի նպատակն է ուսանողներին ներգրավել դասական երաժշտության աշխարհ, ուսումնասիրել նրանց գիտելիքները դասական արվեստի վերաբերյալ, բացահայտել ցանկություններն ու ակնկալիքները բարձր արվեստի հետ շփվելիս։
«Իմ սիմֆոնիկի» շրջանակում բուհերի ուսանողները հանդիպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացուցիչների հետ, տեղեկություններ ստացել դասական երաժշտությանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ, ներկա եղել համերգների։ Ծրագիրն ուներ նաև հետազոտական բաղադրիչ, ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ, որոնց արդյունքները կօգնեն նվագախմբին կատարելագործելու աշխատանքներն ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական տեսանկյունից։
․․․
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանին:
Ժաննա Անդրեասյանը ողջունել է Ռուզան Սարյանին և գոհունակությամբ նշել, որ անչափ կարևորում է Սարյանի տուն-թանգարանի գործունեությունը.
«Սարյանի տուն-թանգարանը վերափոխված այն մշակութային հաստատություններից է, որտեղ տեսանելի են այն տարրերը, որոնք կցանկանայինք տեսնել նաև մյուս թանգարաններում: Բազմիցս առիթ եմ ունեցել լինելու այս թանգարանում, որն ունի տպավորիչ միջավայր և հետաքրքիր մոտեցումներ: Անշուշտ, այս ամենը Ձեր և թանգարանի անձնակազմի անխոնջ աշխատանքի արդյունքն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր նվիրված աշխատանքի և կարևոր գործունեության համար»:
Հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը և Ռուզան Սարյանն անդրադարձել են թանգարանում առկա իրավիճակին, ընթացող աշխատանքներին, առաջիկայում նախատեսվող ծրագրերին և միջոցառումներին: Կողմերը քննարկել են նաև առկա խնդիրները և նախանշել դրանց լուծման հնարավոր ուղիները:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը շնորհակալություն է հայտնել նախարարին թանգարանի գործունեության բարելավմանն ուղղված արդյունավետ քննարկման համար: Տնօրենը նախարարին է ներկայացրել թանգարանի հրատարակած Ե. Չարենցի 125-ամյակին նվիրված «Չարենց-Սարյան» խորագրով պատկերագիրքը:
Նախարար ժաննա Անդրեասյանի հրամանով՝ մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա և անբասիր աշխատանքային գործունեության համար և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 55-ամյա հոբելյանի կապակցությամբ «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սարյանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Հայ կինոյի 100-ամյակի և Հայկական անիմացիայի 85-ամյակների առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մեր կինոժառանգությունը կներկայացնի միջազգային հարթակներում:
Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց՝ երկու տարի է՝ մեծ աշխատանք են կատարում արտերկրում հոբելյանական միջոցառումներ կազմակերպելու առթիվ:
Նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ միջազգային հարթակներում պետք է ներկայացվի «Հայ կինո-100» ծրագիրը: Փետրվարին այն կընդգրկվի Իրանի «Ֆաջր» կինոփառատոնում: «Մենք մասնակցելու ենք նաև Բեռլինի կինոշուկային: Ներկայացնելու ենք ժամանակակից կինոն, սակայն կինոշուկայում Հայաստանի տաղավարը ձևավորվելու է «Հայ կինո-100» գաղափարի հիման վրա: Մարտին հայկական կինոն կներկայացվի Փարիզի սինեմատեկում: Հաջորդը կլինի Կաննի հեղինակավոր փառատոնը, որը մեզ համար շատ լուրջ հարթակ է: 2022-ին մեծ աշխատանք ենք կատարել այնտեղ: Ըստ նախնական պայմանավորվածության՝ վերականգնելու, թվայնացնելու ենք Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը, որը ցուցադրելու ենք «Կաննի դասականներ» բաժնում: Այն 1966 թվականին որպես խորհրդային ֆիլմ ընդգրկված է եղել Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում: Այս անգամ կցուցադրվի որպես հայկական կինո»,-շեշտեց Միրզախանյանը:
Նրա խոսքով՝ հայկական ֆիլմերի հանդեպ հետաքրքրությունը մեծ է տարբեր երկրներում, ինչը նաև կինոկենտրոնի՝ վերջին տարիներին կատարած լայնածավալ աշխատանքի արդյունք է:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն հնգյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Երկրորդ հորիզոնականում է «Շաղգամը» հեքիաթը, որը հայտնի է բոլոր փոքրիկներին: Աթաբեկ Խնկոյանի այս ստեղծագործության ներքո որքա՜ն սերունդներ են մեծացել ու իմաստություն ձեռք բերել:
Երրորդ հորիզոնականում է «Ով է ապրում տնակում» հեքիաթը: Հայտնի մանկագիր Վլադիմիր Սուտեևի հեղինակած և արդեն քանի-քանի սերունդների գերած ստեղծագործությունը կօգնի երեխային բացահայտել իրեն շրջապատող աշխարհը: Չէ՞ որ փոքրիկներն աշխարհին նայում են լայն բացված աչքերով: Նրանց հետաքրքիր է ամեն ինչ՝ օրինակ, ինչու է փայտփորիկը հարվածում ծառին, ինչու է սարդը սարդոստայն գործում և այլն: Այս գրքից փոքրիկ ընթերցողները կիմանան կենդանիների բնակության վայրերի մասին:
Հովհաննես Թումանյանի «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունը չորրորդ հորիզոնականում է: Հայտնի գործն այս անգամ ներկայացվում է ինքնատիպ պատկերազարդումների միջոցով:
Հինգերորդ տեղում է «Գայլն ու յոթ ուլիկները» գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը, հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Հայաստանում 2023-ին կինոարտադրությանը տրամադրվող բյուջեն կմեծանա. 128 մլն դրամ պետական աջակցության փոխարեն կտրամադրվի 470 մլն դրամ: Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Նա ընդգծեց՝ անիմացիոն ֆիլմերի բյուջեն ևս ավելացել է: «Վերջին տարիներին տրամադրվում էր 48 մլն դրամ, իսկ 2023-ին կտրամադրվի 130 մլն դրամ: Շատ ուրախալի է, որ 2023-ին կինոժառանգությանը տրամադրվելու է 93 մլն դրամ: Երկար տարիներ տրամադրվել է ընդամենը 2 մլն 500 հազար դրամ: Սա ևս մեծ նվեր է, քանի որ ֆիլմերի վերականգնման համար մեծ գումարներ են պահանջվում»,- շեշտեց Միրզախանյանը:
Անդրադառնալով 2022-ին կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմերի գրանցած հաջողություններին՝ նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը Asia Pasific Screen Award մրցանակաբաշխությանն արժանացել է «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին: Այն ընդգրկվել է Tallinn Black Nights կինոփառատոնի Baltic մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA) Best of Fests ծրագրում: Ցուցադրվել է ԱՄՆ-ում կայացած Animation is Film փառատոնի մրցութային ծրագրում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:
«Այս ֆիլմը հետաքրքիր ճանապարհ է անցել: Կինոնկարի շնորհիվ ամբողջ աշխարհը կրկին սկսեց խոսել Հայոց ցեղասպանության մասին: Լրատվամիջոցներն են անդրադառնում ֆիլմին, ինչը Հայաստանի համար շատ կարևոր է»,- նշեց Միրզախանյանն ու շեշտեց՝ կինոկենտրոնը ֆինանսական աջակցություն է տրամադրում այն լիամետրաժ ֆիլմերին, որոնք համատեղ արտադրության սկզբունքով են նկարահանվում, ինչը կարևոր է և՛ բյուջեի, և՛ բովանդակության, և՛ ֆիլմի հետագա տարածման համար:
«Ավրորայի լուսաբացը» մի քանի երկրի արտադրությամբ է ստեղծվել: Նա հիշեցրեց, որ հաջողությունների են հասել նաև «Ամերիկացին», «Ամերիկացի բարի սամարացիները», «Զուլալի» և այլ ֆիլմեր: