Մայիս 29, 2016 22:46 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցեն մեր թղթակիցները: Մնացեք մեզ հետ:

Իրանական «Թիվ 143 առվափոսը» ֆիլմի ցուցադրմամբ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սկսվեցին իրանական ֆիլմերի օրերը: Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին Հայաստանում Իրանի մշակութային կցորդը և ՀՀ մշակույթի փոխնախարարը: 

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Հայաստանում իրանական ֆիլմերի օրերի բացման հանդիսության ժամանակ Իրանի մշակութային կցորդն անդրադարձել է ժամանակակից աշխարհում կինոյի ազդեցությանն ու նաև այս արվեստում տարբեր երկրների խոշոր ներդրումներին: Նա համեմատական եզրեր է անցկացրել Իրանի նախահեղափոխական և հեղափոխությանը հաջորդած շրջանների կինոյի միջև:

«Իրանական կինոն իսլամական հեղափոխությունից հետո քաղաքական, մշակութային, հասարակական ու տնտեսական բնագավառներում ազդեցություն գործելով այնպես է միաձուլվել ժամանակակից աշխարհի գեղարվեստական հատկանիշներին, որ ձեռք է բերել միջազգային կինոփառատոների մասնակցելու և մրցելու կարողության և դա իրագործվել է այս արվեստի հանդեպ իսլամական համակարգի ցուցաբերած ուշադրության շնորհիվ»,-հավելել է Մաջիդ Մեշքին:

Միջոցառման ընթացքում, ՀՀ մշակույթի փոխնախարարը ողջունել է Հայաստանում իրանական ֆիլմերի օրերի անցկացումը, նշելով, որ այդ քայլը թեև ուշացած, սակայն կարևոր քայլ է երկու երկրի մշակութային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:

Իրանական ֆիլմերի շաբաթը շարունակվեց մինչև մայիսի 27-ը:

---

«Հայ-իրանական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից մեկը մշակութային, գիտական ու կրթական ոլորտներն են: Այս գիտաժողովով նպատակ ենք հետապնդում դրանք հասցնել Հայաստանի և Իրանի միջև առկա քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին»,- միջազգային արևելագիտական գիտաժողովի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իրանագետ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը: Մայիսի 26-ին ԵՊՀ-ում անցկացված «Պարսից գրականություն և պատմություն» գիտաժողովին ամենամեծ պատվիրակություններով ներկայացել էին Իրանն ու Վրաստանը: Իրանագետի խոսքով՝ թեև հայերն ու իրանցիները հազարամյակներ շարունակ կողք կողքի են ապրել, սակայն դեռևս չեն ճանաչում միմյանց, ինչպես հարկն է: Նման միջոցառումները, ըստ նրա, նպաստում են այդ բացթողման լրացմանը: Մեկօրյա գիտաժողովը նվիրված էր արևելագիտության տարբեր խնդիրների, սակայն շեշտը դրված էր իրանագիտության վրա. «Հայաստանում խթանելու ենք կարևորագույն այս ուղղությունը նաև մեր ուսանողների գիտական մակարդակի զգալի բարձրացմամբ, քանի որ երկու երկրների միջև զարգացող տարաբնույթ հարաբերությունները պահանջում են համապատասխան մասնագետներ: Հետագայում մեր պետական կառույցները, մասնավոր հատվածի ներկայացուցիչները կկարողանան ճիշտ նպատակին ծառայեցնել այդ մասնագետների ունակությունները»,- նշեց Վ. Ոսկանյանը: «Իրանագիտությունը մեզանում հին ավանդույթներ ունի,- հավելեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը,- ես ուրախ եմ, որ դրանք ոչ միայն պահպանվում, այլև զարգանում են: Մեր բարեկամ երկրի՝ Իրանի մշակութային, քաղաքակրթական ժառանգությունն այսօր էլ արդիական ու հետաքրքիր է ինչպես հայ իրանագետների, այնպես էլ ուսանողների համար»: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադը կարծում է, որ նմանատիպ գիտաժողովների ժամանակ անհրաժեշտ է անդրադառնալ անցյալին, մշակութային ու քաղաքակրթական ընդհանրություններից օգտվելով՝ ավելի սերտացնել մեր ժողովուրդների հարաբերությունները: Ւրանցի միջնադարյան բանաստեղծ Սաադի Շիրազիին նվիրված գիտաժողովի ընթացքում դեսպանն անդրադարձավ նաև իրանական գրականության այլ ներկայացուցիչների. «Անվանի բանաստեղծներ Ֆիրդուսին, Սաադին, Խայամը, Հաֆեզը, Նիզամին և մյուսները պատկանում են մեզ բոլորիս, մարդասեր, խաղաղասեր բանաստեղծներ են, այլ կերպ ասած՝ բարեկամության ու խաղաղասիրության դեսպաններ: Հուսով եմ, որ նրանց ստեղծագործություններին ու մտածողությանը հաճախ անդրադառնալը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- նշեց նա:

---

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ միջազգային փառատոնն այս անգամ նվիրված է լինելու ՀՀ անկախության 25-ամյակին:

«Փառատոնի նպատակն է հայտնաբերել նոր, շնորհալի պատանի երեխաների մշակույթի բնագավառում: Միջոցառումն ամբողջությամբ ծառայում է իր առաքելությանը` հայտնաբերելով և ներկայացնելով տաղանդավոր երեխաներին և օգնելով նրանց անցնել ստեղծագործական ուղին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը: Նրա համոզմամբ` «Նոր անուններ» փառատոնն արդեն իսկ տվել է այնպիսի անվանի երաժիշտների, ովքեր հաջողությամբ ելույթներ են ունենում և՛ Հայաստանում, և՛ Հայաստանի սահմաններից դուրս:

«Մեր պարտքն է պահպանել փոքրիկների տաղանդը: Հայաստանի վաղվա մշակույթը կախված է նրանից, թե ինչպես մենք այսօր կդաստիարակենք մեր երեխաներին»,- իր հերթին ավելացրեց Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը: Նա ասաց, որ ինքն ու Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ Նոնա Ոսկանյանը միասին որոշեցին արտասահմանից բերել հայ տաղանդաշատ երեխաներին, քանի որ հարկավոր է արտերկրում ապրող երեխաներին կապել Հայաստանին:

Ոսկանյանը նաև ընդգծեց, որ այս տարի աննախադեպ մեծ է փառատոնին մասնակցել ցանկացողների թիվը:

Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին մասնակցել են մինչև 18 տարեկան ավելի քան 5 տասնյակ պատանիներ` միջազգային տարբեր մրցույթների դափնեկիրներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Գերմանիայից, Կորեայից, Կանադայից, Մալթայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Մասնակցել են նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ և պետական կամերային նվագախմբերը` դիրիժոր Հարություն Արզումանյանի և առաջին անգամ Մալթայից ժամանած դիրիժոր Ալան Կիրկոպի հետ:

Փառատոնի բացումը տեղի ունեցավ մայիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

---

Հայաստանի մշակույթի նախարարությունն առաջարկել է իր փորձն ու գիտելիքներն օգտագործել Պալմիրայի պատմական հուշարձանների վերականգնման համար։

Համապատասխան առաջարկություններով նամակը սիրիացի գործընկերներին է հղել ՀՀ մշակույթի նախարարությունը։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի մշակույթի նախարար Իսսամ Խալիլին, որն իր երախտագիտությունն է հայտնել այդ կապակցությամբ։

Նա իր երախտիքի խոսքն է հայտնել Դամասկոսում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հետ հանդիպման ավարտին։

Ի լրումն մշակութային ոլորտում համագործակցության մասին քննարկումների՝ կողմերը քննարկել են նաեւ հայկական կողմի առաջարկը։

Նախարարը նշել է, որ Պալմիրայի վերականգնման համար ազգային հանձնաժողով է ստեղծվել։

Հիշեցնենք, որ Պալմիրայի մշակութային ժառանգությանը լուրջ վնաս էին հասցրել ԻՊ գրոհայինները, որոնք 2015-ի մայիսին գրավել էին քաղաքը։

---

Սանդրո Բոտիչելլիի «Հրեշտակի գլուխը» կտավը հինգշաբթի Նյու Յորքի Sothebyʼs-ի աճուրդում վաճառվել է 1,09 մլն դոլարով: Փորձագետների կարծիքով, կտավը էսքիզ է «Աստվածամայրը մանկան հետ, Հովհաննես Մկրտիչը եւ հրեշտակը» նկարի համար, որը ստեղծվել է Բոտիչելլիի արվեստանոցում եւ պահվում է Լոնդոնի Ազգային պատկերասրահում:

«Քրիստոսի մկրտությունը»` վարպետի եւս մեկ նկար, ձեռք է բերվել 466 հազար դոլարով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կտավը վերջին կես դարի ընթացքում պահվել է մասնավոր հավաքածուում եւ հայտնի է միայն սեւ-սպիտակ լուսանկարներով:

Ամենահետաքրքիր նմուշներից մեկը դարձել է «Աստվածամայրը նորածնի հետ» կտավը, որը ստեղծվել է սիենյան դպրոցի վարպետներ Քրիստոփորո դե Բենդոչչիոյի եւ Մեո դի Պերոյի կողմից մոտավորապես 1380 թվականին: Այս ստեղծագործությունը երկմասանի կտավի մաս է կազմում, դրա երկրորդ մասը կորած է համարվում:

Ընդհանուր առմամբ հին վարպետների աշխատանքների վաճառքից ստացված գումարը կազմել է 4,8 մլն դոլար:

---

Christie's-ի աճուրդում գրեթե 3,6 միլիոն դոլարով վաճառվել են Ուիլյամ Շեքսպիրի երկերի ժողովածուների՝ բացառիկ առաջին հրատարակությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է աճուրդային տան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Աճուրդն անցկացվել է Շեքսպիրի մահվան օրվա 400-րդ տարելիցի առթիվ: Երկերի առաջին և ամենահազվագյուտ ժողովածուն թվագրված է 1623 թվականով եւ ներառում է 36 պիես, դրանցից 18-ը նախկինում չեն հրատարակվել:

Նախապես հրատարակությունը գնահատել էին 1,1 – 1,7 միլիոն դոլար, իսկ այն վաճառվել Է 2,7 միլիոն դոլարով: Մյուս երեք ֆոլիանտները լույս են տեսել 1632, 1664 եւ 1685 թվականներին: Դրանք աճուրդով վաճառվել են համապատասխանաբար 281,6 հազար, 524,9 հազար եւ 68,8 հազար դոլարով:

Ինչպես գրել է The Daily Mail թերթը, բոլոր լոտերն էլ գնել է ամերիկացի մի հավաքորդ, որի անունը չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

---

Իսպանական Աստվածածնի Վերափոխման եկեղեցում հնագետներն ավելի քան 30 մումիայի վերածված մարմին են հայտնաբերել, որոնցից մեկի դեմքը շատ նման է Վան Գոգի դեմքին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Seeker-ը:

 «Վան Գոգը» վախճանվել է XVIII դարի վերջին, 40 տարեկանում: Գիտնականների կարծիքով, նա մահացել է հիվանդության հետեւանքով՝ տենդի կամ խոլերայի: «Հույս ունենք, որ կկարողանանք պարզել «Վան Գոգի» իսկական անունը, ինչպես նաեւ նրա կենսագրության մանրամասները»,- նշել են հնագետները:

Եկեղեցում եւս 11 մեծահասակի եւ 24 երեխայի մարմին է հայտնաբերվել: Որոշ մեծահասակների հուղարկավորել են վանականի հագուստով:

---

Հույն հնագետ Կոստաս Սիսմանիդիսը հայտարարել է, որ 20 տարի տևած պեղումներից հետո Հալկիդիկի թերակղզում հայտնաբերել է Արիստոտելի գերեզմանը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ERT հեռուստաալիքը:

Գիտնականի խոսքով, գերեզմանը հայտնաբերվել է 1996 թվականին, սակայն նախկինում միայն ենթադրություններ կային այն մասին, որ այնտեղ հենց հին հունական փիլիսոփան է թաղված: Սիսմանիդիսը նշել է, որ հիմա նոր տվյալներ եւ լուրջ ապացույցներ կան, որոնց հիման վրա կարելի է հաստատել պնդումը:

Հնագետն ընդգծել է, որ մեծ փիլիսոփայի գերեզմանը գտնվում է հնագույն Ստագիրա քաղաքի հյուսիսային ծայրամասում, որտեղ էլ ծնվել է Արիստոտելը: