Գեղարվեստական հաղորդում(358)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։Ընկերակցեք մեզ:
Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում օրերս Իրանի «Ֆաջր» միջազգային 41-րդ կինոփառատոնում էկրան է բարձրացել «Գնդապետ Սորայա» ֆիլմը,որի ռեժիսորն է Լեյլի Աջը և պրոդյուսերը՝ Ջալիլ Շաաբանին: Ֆիլմի թեման «Մոջահեդին-ե Խալղ կազմակերպությունն է»:
Այս տարվա փառատոնի առաջին ֆիլմերից համարվող «Գնդապետ Սորայա» ֆիլմի ռեժիսոր Լեյլի Աջը, Մոջահեղին-ե Խաղ կազմակերպության տեղակայման վայրը համարվող Աշրաֆ զորանոցը առիթ դարձնելով փորձել է կինոարտադրության ասպարեզի մի մեծ ու կարևոր նախագիծ իրականացնել:
Գնդապետ Սորայան իրական պատմություն է Աշրաֆ ճամբարի բանտարկյալների ճակատագրի և նրանց ընտանիքների հերոսական գործողությունների մասին: Ժալե Սամեթիի հիանալի խաղը և Լեյլի Աջի ընդունելի ռեժիսուրան այս ֆիլմի ուշագրավ կետերից էին:
Սորայա Աբդոլլահին, ում հուշերի հիման վրա է պատրաստվել այդ ֆիլմի պատմությունը, Ֆաջր կինոփառատոնում «Գնդապետ Սորայա» ֆիլմը դիտելուց հետո, անհամբերությամբ ԶԼՄ-ներից պահանջել է հետամուտ լինել Մոնաֆեղին ահաբեկչական կազմակերպության կողմից իր որդու առևանգվելուն և նրա վիճակին:
Այս ֆիլմի վերաբերյալ անցկացված մամուլի ասուլիսում Լեյլի Աջը, ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչ փաստաթղթեր են օգտագործվել այս ֆիլմի պատրաստման և «Մոջահեդին-ե Խաղ» կազմակերպությունը ներկայացնելու համար,անդրադարձավ սրահում գտնվող մայրերին,որոնք իրենց զավակների լուսանկարներն էին կրում և ասաց.- «Օրերով ու ժամերով զրուցել եմ այս մայրերի հետ, ովքեր տարիներ շարունակ սպասում են իրենց զավակներին»:
Անդրադառնալով «մայր», «զավակ» և «սպասում» հիմնաբառերին՝ Աջն ասել է.«Այս ֆիլմը կարող է համաշխարհային լսարան ունենալ»։
Այս ֆիլմի պրոդյուսեր Ջալիլ Շաաբանին ևս նշել է,որ ֆիլմի թեման ինքնին միջազգային թեմա է, որը կարող է տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում:
...
Փետրվարի 11-ի երեկոյան Թեհրանի Միլադ աշտարակի սրահներից մեկում տեղի է ունեցել «Ֆաջր» միջազգային 41-րդ կինոփառատոնի փակման արարողությունը:
Փառատոնի հաղթող ֆիլմ է ճանաչվել «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմը, որը հաղթել է 12 անվանակարգերում: Երկրորդ տեղում է «Հողե սենյակ» ֆիլմը, որը հաղթել է 11 անվանակարգերում: «Կաշվե բաճկոն», «Թիվ 10» և «Իմ անունը սեր է» ֆիլմերը, համապատասխանաբար 10-ական անվանակարգերով, զբաղեցրել են երրորդ տեղը:
Միջկրոնական բաժնում հաղթող է ճանաչվել Իրանի Սիստան և Բալուչեստան նահանգից ռեժիսոր Հոսեյն Ռիգիի «Կեռիկ» ֆիլմը:Դիմադրություն անվանակարգում լավագույն ֆիլմի մրցանակը շնորհվել է Մոհամմադ Հոսեյն Լաթիֆիի՝ «Օտար» ֆիլմին: Լաթիֆին իր Սիմորղը նվիրեց նահատակ Բորուջերդիի ընտանիքին, որի դուստրը ստացավ այս մրցանակը։Ազգային բաժնում նույնպես մրցանակը շնորհվեց Մոհամմադ Հոսեյն Լաթիֆիի «Օտար» ֆիլմին:Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարի հատուկ մրցանակը՝ Գոհարշադ բյուրեղյա սիմորղը, հանձնվեց «Գնդապետ Սորայա» ֆիլմի ռեժիսոր Լեյլի Աջին։Լավագույն գլխավոր կին դերակատարի մրցանակը շնորհվեց Փարդիս Փուրաբեդինիին՝ «Օտար» ֆիլմի համար:Լավագույն գլխավոր տղամարդ դերակատարի մրցանակը շնորհվեց Մաջիդ Սալեհին՝ «Թիվ 10» ֆիլմի համար:
Լավագույն սցենար անվանակարգում հաղթող ճանաչվեց Բաբաք Խաջեփաշայի «Ծառի գրկում» ֆիլմը: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց Մոհամմադ Ալի Բաշե Ահանգարը՝ «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմի համար:Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց Դավուդ Սաբուրիին՝ «Հողե սենյակ» ֆիլմի համար:Լավագույն ֆիլմ ճանաչվեց Սեյեդ Համեդ Հոսեյնի «Մետրոպոլ կինոթատրոն» ֆիլմը:
...
Կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիրներից Հարություն Խաչատրյանի «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը կցուցադրվի Գյումրիում: Միությունը տեղեկացնում է, որ ֆիլմի Գյումրիի պրեմիերան տեղի կունենա փետրվարի 18-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Ֆիլմը մի նկարչի մասին է, որի կյանքը եղավ ճակատագրական, եղավ առեղծվածային և նրա կյանքի ու մահվան միջակայքում մնաց մի կյանք, որը լի է ընդհանրապես մարդու կյանքի, նրա ժամանակի, նրա ապրածի ու մահի մասին խորքային խորհրդածություններով, զգացմունքայնությամբ ու գաղտնագրումներով: Իսկ իր փիլիսոփայությամբ ֆիլմը հայ ժողովրդի ճակատագրի, նրա փախուստի ու վերադարձի, նրա ժամանակի ու նրա որոնումների մասին խոհական ընդհանրացում է՝ հարցերով, որոնք ունեն կամ չունեն պատասխաններ:
Ֆիլմի հերոսն առաջին անգամ հայտնվել է Հարություն Խաչատրյանի «Քամին ունայնության» կինոնկարում, ինչից հետո ավելի քան 30 տարի կինոռեժիսորը հետևել է իր հերոսի կյանքի ու ճակատագրի վայրիվերումներին՝ ստեղծելով «Նկարչի երեք գերեզմանները» ստեղծագործությունը:
Ֆիլմը Երևանից բացի ցուցադրվել է Իտալիայում: Առաջիկայում ցուցադրվելու է Բուլղարիայում, Ուկրաինայում և այլուր:
...
....
Բրյուսելի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակում փետրվարի 19-ին տեղի կունենա Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի պրեմիերան:Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է: Ռեժիսորն ու սցենարիստն Իննա Սահակյանն է, պրոդյուսերներն են Վարդան Հովհաննիսյանը, Քրիստիան Բիցը, Յուստե Միխայլինայտեն: Ֆիլմն ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա: (Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն)։
Ֆիլմը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրելուց մինչև հոլիվուդյան աստղ դառնալու ոդիսականը։ Հոլիվուդյան համր ֆիլմում վերամարմնավորելով ինքն իրեն՝ դեռատի աղջիկը կրկին վերապրում է ցեղասպանության սարսափները՝ նպատակ ունենալով աշխարհին պատմել հայկական Եղեռնի մասին։
Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի և Պոլինյանո ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը ՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին:
Համագործակցության շրջանակներում առաջին կարևոր քայլն արվել է փետրվարի 3-ից 5-ը, փառատոնի շրջանակներում հայկական կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի ներկայացմամբ:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են հետևյալ ֆիլմերը՝ «Մեծ սպասելիքներ», ռեժ.` Սոնա Սիմոնյան, «Արտիստի երեք գերեզմանները», ռեժ.` Հարություն Խաչատրյան, «Կաֆկայի երազը», ռեժ.` Դավիթ Բաբայան, «Ավրորայի լուսաբացը», ռեժ. ` Իննա Սահակյան, «Ամերիկացի», ռեժ.` Մայքլ Գուրջյան, «Երբ ես տխուր եմ», ռեժ.` Լիլիթ Ալթունյան, «5 երազողները և ձին», ռեժ.` Արեն Մալաքյան և Վահագն Խաչատրյան։
Բոլոր ֆիլմերը ընտրվել են կազմակերպիչ փառատոնի կողմից և ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Փառատոնի կազմակերպիչները հանդիսատեսին ներկայացրել են ժամանակակից հայկական կինոյի նմուշները, Մոնոպոլիի քաղաքապետի հետ հանդիպման և ցուցադրությունների ժամանակ քննարկվել է Հայոց ցեղասպանության և Արցախի շրջափակման մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու կարևորությունը:
...
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նախատեսվում են իրականացնել հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանին և շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված հոբելյանական ծրագրեր։
«Վարչապետի որոշմամբ ստղեծվել են Արամ Խաչատուրյանի 120-ամյա և Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանների հանձնաժողովներ: Պատիվ ունեմ գլխավորելու երկու հանձնաժողովները: Կունենանք մեր մեծերին հարիր շատ հետաքրքիր հոբելյանական ծրագրեր»,- գրել է Հարությունյանը:
...
2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրահրատարակչության ոլորտի համատեքստում մեկնարկած «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականության հրատարակում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» հրատարակել է «Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը:
Այն հրատարակվել է հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և արվեստի պատմության պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ:
Դրամաշնորհային այս անվանակարգի համատեքստում գրքի հրատարակման նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական մշակույթը Հայաստանի սահմաններից դուրս, չեզոքացնել պատմաիրավական խեղաթյուրումներն ու ապատեղեկատվության տարածումը:
Հրատարակության 1000 օրինակ տպաքանակից 500-ն առաքվել է արտերկրում գործող 500 գրադարանի:
...
Արձակագիր Հրանտ Մաթևոսյանը փետրվարի 12-ին կդառնար 88 տարեկան։ Նա ծնվել է1935 թվականին Լոռու Ահնիձոր գյուղում։ Հենց «Ահնիձոր» անունով ակնարկն էլ դարձավ հեղինակի առաջին տպագիր գործը։ Մաթևոսյանի սցենարներով են նկարահանվել «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը», բազմաթիվ այլ ֆիլմեր։
Հրանտ Մաթևոսյանը եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, նաև Հայստանի գրողների միության նախագահ։ Կյանքից հեռացավ 2002 թվականին՝ 67 տարեկան հասակում։
«Մի վախեցեք, մեռնելը դժվար է, ուզենաք էլ՝ չեք մեռնի, մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի-տեսնեմ՝ մյուս անգամ կխփե՞ն. տղամարդու պես մի անգամ կանգնեք՝ թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք՝ թող ձեզ զոռով կոտրեն-մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»: