Մարտ 07, 2023 14:45 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Իրանի հարավում գտնվող Բուշեհր նահանգում մեկնարկել է Դիմադրության 17-րդ միջազգային կինոփառատոնը։ ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Դիմադրության 17-րդ միջազգային կինոփառատոնը սկսվել է ուրբաթ օրը Պարսից ծոցիմերձափնյա շրջանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ՝ Ալի Ֆադավիի ներկայությամբ։

Այս փառատոնում 50 երկրների աշխատանքներ են ցուցադրվում Իրանի 31 նահանգներում և 354 վայրերում։ Հիմնական բաժնում, որը կոչվում է «Նահատակ Սոլեյմանի մրցանակ», ստացվել է 674 ներքին աշխատանք, իսկ կարճամետրաժ աշխատանքների բաժնում ստացվել է 291 աշխատանք։ Սրբազան պաշտպանության մրցանակի բաժնում Դիմադրության կինոփառատոնի գրասենյակ է ուղարկվել 352 աշխատանք և Պաղեստինի բաժնում 149 աշխատանք է ներկայացվել տեղացի կինոմատոգրաֆիսների ներկայությամբ:

Այս տարվա փառատոնին ներկայացվել են շուրջ չորս հարյուր սցենար և ավելի քան երկու հարյուր հետազոտական ​​աշխատանք։ Ավելի քան 300 ոչ իրանցի կինոգործիչներ այս շրջանի փառատոնին աշխատանքներ են ներկայացրել և ընդհանուր առմամբ կցուցադրվի 500 աշխատանք։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերված ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորները եզակի գտածոներից են:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան:

«Այդ հանգամանքի օգտին են խոսում  նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչի` առյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին` գլուխն առաջ հակած, աչքը` նշաձև, երախը` բաց: Պարանոցին պատկերված են աղեղնաձև կետազարդ հինգ գոտի: Իրանի եզրագիծը զարդարված է կարճ բաշ և մորթի խորհրդանշող շեղագծերով: Գավակին փորագրված է կեռխաչ (սվաստիկա): Իսկ ահա գոտու պահպանված հատվածներին նկատելի են եղջերուների փորագիր պատառիկներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Մեր ժողովրդի նվիրական բարեկամների անվանացանկում անխամրելի տառերով է գրված ռուսաստանցի՝ ազգությամբ բաշկիր անվանի գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ, լրագրող Կիմ Բակշիի անունը, մտավորական, ով իր մասնագիտական գործունեության զգալի մասը նվիրել է Հայաստանի եւ մեր ժողովրդի պատմագիտական անցյալի ուսումնասիրությանը: Շուրջ կես դար գրողը կապված է եղել աստվածաշնչյան մեր երկրի հետ. նրա գրչի ծնունդ են Հայաստանի պատմությանն ու ավանդույթներին նվիրված «Արծիվ եւ սուր», «Ճակատագիր եւ քար», «Մեր աշխարհը նման է անիվի», «Մենաստանից՝ սիրո մասին», «Սուրբ Ղազարի հարությունը», «Սառած ժամանակ», «Կապույտ երկնքի տակ», «98 աստիճաններ», «Արցախի հոգեւոր հարստությունները» մեծարժեք գրքերն ու հայանպաստ տասնյակ ու տասնյակ հրապարակումներ: Երիցս ճշմարիտ է մեծ հայասերը, երբ վերջին անգամ Հայաստան այցի օրերին իր տված հարցազրույցներից մեկում նշում է. «Իմ գրած ամեն մի գիրք իր պատմությունն ունի: Կարծում եմ, որ այսքան գիրք Հայաստանի մասին նույնիսկ հայ գրողները չեն գրել: Գրքեր գրելու համար մշտապես ինչ-որ պատճառներ են եղել: Օրինակ՝ առաջին գիրքս՝ «Արծիվ եւ սուր» գործն ընդհանրապես սիրո խոստովանություն էր Հայաստանի նկատմամբ: Երբ սկսում էի գրել, չէի մտածում, թե քանի գիրք կգրեմ, սակայն երբ թիվը հասավ վեցի, մտածեցի, որ յոթերորդն էլ կլինի: Ինձ երբեւէ ոչ ոք չի պատվիրել գիրք գրել, բացի այս վերջինից: Ես գրել եմ՝ պարզապես սիրելով Հայաստանը…»: Այդ մեծ սիրո արդյունք էր նաեւ նրա եւ Հովիկ Հախվերդյանի 20 մասանոց «Մատենադարան» սքանչելի ֆիլմաշարը, որը յուրօրինակ հանրագիտարան է Հայաստանի ու հայերիս մասին. «Այս ֆիլմը հայկական հոգու հանրագիտարան է: Ես կարծում եմ, որ աշխարհում չկա ոչ մի այլ ժողովուրդ, որ նման մշակույթ ունենա: Եվ ինչո՞ւ հայերը չպիտի հպարտանան իրենց մշակույթով»,- իր հիացումը չի թաքցրել ֆիլմաշարի օտարազգի համահեղինակը:

Գրողի հեղինակած սցենարներով Հայաստանի մասին նկարահանվել է ավելի քան 50 վավերագրական ֆիլմ, որոնցից մի քանիսն արժանացել են միջազգային եւ տարածաշրջանային մրցանակների: «Ես սիրեցի Հայաստանը եւ հայերին, եւ այդ սերը Հայաստանի հանդեպ ինձ մղեց գրքեր գրել ձեր հրաշալի երկրի մասին». սեր, որը փոխադարձ էր եւ համարժեք սիրո իր խոստովանումին:

«Ինքնաճանաչում․ Էրեբունի» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսը կբացվի մարտի 5-ին Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը ԳԱԿ-ի ամենամյա նախագծերից է և անցկացվում է 2009 թվականից՝ մեծ ընդունելության արժանանալով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Մրցույթ-փառատոնի նպատակն աշխարհասփյուռ հայ երեխաներին ու պատանիներին արվեստի շուրջ համախմբելը, հայ մշակույթին ու արվեստին ծանոթացնելը և նրանց ներկայանալու հնարավորություն ընձեռելն է։

Նախագծի շարունակականության շղթան ընդհատվել է 2020-ին համավարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով, սակայն Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, 2021-ից վերականգնել է ավանդույթը՝ նոր ձևաչափով և ընթացակարգով։ Ստեղծագործականին զուգահեռ այն ընդգծված ուսուցողական-կրթական բնույթ է ստացել:

2022 թվականին մրցույթ-փառատոնը նվիրված էր  ճարտարապետությամբ, տեղակայմամբ և ներկայացվող նյութով բացառիկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին և այնտեղ ներկայացված հնագիտական ժառանգությանը: Գեղագիտության ազգային կենտրոնն իր սաների համար 2021-ին նախաձեռնել է համանուն կրթական նախագիծ, որն ամփոփվել է 2022-ի ամռանը՝ հատուկ ցուցադրությամբ։ Հիմնվելով այդ նախագծի փորձի և գրանցած հաջողության վրա՝ ԳԱԿ-ն ընդլայնել է այն՝ ներկայացնելով համահայկական մրցույթ-փառատոնի ձևաչափով։

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» առաջին տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: 

Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը երկրորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը երրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: 

Չորրորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։ Այն պատմում է Ռոբերտ Կիյոսակիի և նրա երկու հայրիկների՝ հարազատ հոր և լավագույն ընկերոջ հոր՝ հարուստ հայրիկի պատմությունը, այն մասին, թե ինչպես են այդ երկու տարբեր մարդիկ ձևավորում ներդրումների և փողի մասին իր գաղափարներն ու ընկալումները։ 

Հինգերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։

Գարեգին Նժդեհի «Ազատ Սյունիք» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն ներկայացնում է «#Լեռնահայաստան» գրքաշարի երկրորդ մասը, որտեղ տեղ են գտել Գարեգին Նժդեհի հուշերը, հրամաններն ու հոդվածները Լեռնահայաստանի գոյամարտի մասին: «Ազատ Սյունիք» գիրքը «Ինչու պայքարեց Լեռնահայաստանը» գրքի տրամաբանական և վավերագրական շարունակությունն է։

Իտալացի հեղինակ Լուկա Կայոլիի «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» սպորտային բեսթսելերը յոթերորդ հորիզոնականում է: Կայոլին իր գրքում բացում է ֆուտբոլիստի մանկության մութ ու ծանր էջերը, նրա առողջական խնդիրների ծագումը: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է ստիպված եղել անցնել: 

Ութերորդ հորիզոնականում է  Դեյլ  Քառնեգիի  «Ինչպես  ձեռք  բերել  բարեկամներ և ազդել  մարդկանց վրա» գիրքը, որը գործնական խորհուրդների և կյանքից վերցրած պատմությունների հավաքածու է։ Քառնեգին օգտվել է հաջողակ հռչակավոր մարդկանց ասույթներից և որպես օրինակ ներկայացրել իր աշակերտների, ընկերների, ծանոթների փորձը։ 

Գարեգին Նժդեհի «Գլխովին կորչելու վտանգը» գիրքը իններորդն է։ Գրքում Նժդեհն անդրադառնում է Հայաստանի աշխարհագրական դիրքին, որն ավելի մտահոգիչ է, քան քաղաքական ճակատագիրը: Նա ասես կանխատեսել էր Քառասունչորսօրյա պատերազմը՝ մատը դնելով պանթուրքիզմի նկրտումների վրա։ Խոսելով գլոբալիզմի մասին և դրա դեմ՝ Նժդեհը կարևորում է հայրենասիրությունը և սեփական ուժերին ապավինելու հանգամանքը։ Նա քննադատում է դժբախտություններն արտաքին պատճառների վերագրելու և փրկությունը դրսի ուժերից սպասելու մոլորությունը։ Նժդեհն աններելի է համարում պարտությունը՝ չընդունելով որևէ արդարացում. «Չէ՞ որ միշտ էլ երկու բերանով կարելի է ապացուցել, որ պարտության օրը հացը ժամանակին չհասավ, թշնամին թվական գերազանցություն ուներ...»։ «Չսարսափենք, բայց և առանց սին պատրանքների և ավելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառը ճշմարտությունը՝ մեր ապագան վտանգված է»,– սթափեցնում է զորավարը։

Տասներորդ տեղում է Սքոթ Գալուեյի «Մեծ քառյակը»։ Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ տեսել են այս ընկերությունների անցած ճանապարհը կամ առնվազն գիտեն, թե դրանք ինչպես են հասել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորն էլ սխալվում են:

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ և Վիկտորիա Ալեքսանյանի «Կապույտի միջով» կարճամետրաժ խաղարկային ֆիլմերն ընդգրկվել են Ամերիկյան կինոակադեմիայի որակավորման՝ Բուլղարական In The Palace International Short Film Festival կինոփառատոնի պաշտոնական մրցույթում։ Կինոնկարները նկարահանել է «Հոշկի ֆիլմ» կինոընկերությունը: Ֆիլմերը պետական աջակցություն են ստացել:

In The Palace կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը կայացած միջազգային փառատոն է, որը նվիրված է կարճամետրաժ ֆիլմերին և թվային արվեստին, ինչպես նաև ներկայացնում է հատուկ մրցութային ծրագրեր գեղարվեստական ֆիլմերի և ֆիլմաշարերի համար: Այն տեղի կունենա Բուլղարիայի Պեռնիկ քաղաքում: