Գեղարվեստական հաղորդում (364)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հոբելյանական 95-րդ մրցանակաբաշխությանը, որը տեղի ունեցավ մարտի 13-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարը:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակը հանձնվեց Դանիել Շայներտին և Դանիել Կվանին՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» ֆիլմի համար: Կինոնկարը հաղթեց նաև «Լավագույն մոնտաժ» և մի քանի այլ անվանակարգերում:
«Լավագույն դերասան» անվանակարգում բաղձալի մրցանակին արժանացավ Բրենդան Ֆրեյզերը՝ «Կետը» ֆիլմի համար: Նա շնորհակալություն հայտնեց ֆիլմի ռեժիսոր Դարեն Արանովսկուն՝ նման դերն իրեն վստահելու համար, շնորհակալություն հայտնեց այդ անվանակարգում ընդգրկված մյուս դերասաններին՝ նշելով, որ նրանք կետի սիրտ ունեն:
Դերասանը հիշեցրեց, որ կինոարվեստ է մուտք գործել երեսուն տարի առաջ: «Շատ բան չէի գնահատում, և ինչ-որ մի պահի ամեն ինչ կանգ առավ»,-նշեց Ֆրեյզերն ու հավելեց՝ տարիների ընթացքում շատ դժվարությունների միջով է անցել. ասես օվկիանոսի հատակին է հայտնվել, և իրեն սկսել են վերևից նայել: Շատ շնորհակալ է, որ գնահատվել է:
«Լավագույն դերասանուհի» ճանաչվեց Միշել Յեյոն՝ «Ամեն ինչ, ամենուր և միանգամից» կինոնկարի համար: Յեյոն առաջին ասիացի դերասանուհին է, որն արժանացավ «Օսկար»-ի:
«Սա հույսի և հնարավորությունների մրցանակ է, ապացույց, որ պետք է մեծ բաների մասին երազել, և երազանքներն անպայման կիրականանան: Սիրելի՛ տիկնայք, երբեք թույլ չտաք, որ որևէ մեկն ասի, որ ձեր ժամանակն անցել է»,-ասաց դերասանուհին:
Նա իր մրցանակը նվիրեց իր և աշխարհի բոլոր մայրերին և շեշտեց, որ հենց նրանք են սուպերհերոսներ, քանի որ առանց նրանց ոչ ոք այդտեղ չէր լինի:
Հաղթողների ցանկին հնարավոր է ծանոթանալ մրցանակաբաշխության պաշտոնական կայքում:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը:
Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպն արտացոլում է 18-րդ դարի սկզբին Սյունիքում ձևավորված ազատագրական շարժումը: Հանձին Դավիթ Բեկի և նրա գլխավորած շարժման՝ Րաֆֆին գեղարվեստականացնում և կարևորում է ազգային անկախ պետականության գաղափարը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
«Լատվիացի Պետերը» վեպն ընդգրկվել է «Լը Մոնդ» օրաթերթի՝ «Դարի լավագույն գրքերի» հարյուրակում՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1931թ. մայիսին: Սիմենոնի առաջին «Մեգրեն» լավագույնս նկարագրում է ֆրանսիացի խուզարկուի՝ ոչ բոլորին հատուկ տոկուն ու համբերատար բնավորությունը: Ի տարբերություն մյուս քննիչների, ովքեր գործի են դնում առավելապես իրենց դեդուկտիվ հմտությունները, Մեգրեն առաջնորդվում է հոգեբանական կանխազգացումներով: Լատվիացի Պետերի առեղծվածը բացահայտելիս նույնպես խուզարկուն անդավաճան էր իր մեթոդներին՝ սպասել, սպասել. սպասել, մինչև դիմակը կպատռի հենց ինքը՝ հանցագործը: Տարիքը, ըստ երևույթին, 32, հասակը՝ 169… Ֆրանսերենից թարգմանեց Ալինա Սանամյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
Զառա Սարիբեկյանի մանկական երգերի ժողովածուում տեղ են գտել այնպիսի երգեր, որոնք կօգնեն սովորեցնելու փոքրիկներին երգել, ուրախ ու աշխույժ կդարձնեն դասապրոցեսը տարրական դասարաններում։ Որոշ երգերի միջոցով աշակերտները հեշտությամբ ու հաճույքով կսովորեն տառերը, կկարողանան հաշվել ու գումարել։ «Մանուկների մոլորակը» անփոխարինելի օգնական կդառնա նաև արտադասարանական միջոցառումների ժամանակ։ Գրքում կգտնեք երգեր, որոնք կգեղեցկացնեն ամենատարբեր ցերեկույթները։ Երգերի ժողովածուում, երգի բառերից ու նոտաներից բացի, կա QR կոդ, որի միջոցով կարող եք լսել երգը «Մանուկների մոլորակ» գեղագիտական կենտրոնի սաների կատարմամբ։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը կմարմնավորի Շառլ Ազնավուրին «Պարոն Ազնավուր» կենսագրական ֆիլմում։ Այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:Թահար Ռահիմը հանրությանը ճանաչելի է դարձել 2009 թվականին, երբ նրա մասնակցությամբ «Մարգարեն» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին և առաջադրվել «Օսկար»-ի: Լարված դրաման նաև արժանացել է ինը «Սեզար» մրցանակի, իսկ Թահար Ռահիմը պարգևատրվել է որպես լավագույն դերասան: Այս դերի համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս»-ի և հեռուստատեսային և կինոարվեստի բրիտանական ակադեմիայի BAFTA մրցանակների։Հետաքրքրական է, որ դերասանը Ֆաթիհ Աքինի նկարահանած «Կտրվածք» պատմական ֆիլմում մարմնավորել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Նազարեթ Մանուկյանի հերոսին։Ներկայում նա նկարահանվում է Ռիդկլի Սքոթի «Նապոլեոն» ֆիլմում:Նշենք, որ 2024 թվականին աշխարհը կտեսնի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը»։ Ֆիլմը կարտադրվի Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ Ազնավուրը կյանքից հեռացել է 2018-ին:
Այվազովսկու անվան Թեոդոսիայի պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում պատասխանել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի կողմից ծովանկարիչ Հովահաննես Այվազոսկուն ազգության ուկրաինացի ճանաչելուն։ Նա այս որոշումն «անհեթեթություն» է որակել։«Իհարկե, Այվազովսկին հայ էր, նա հայկական և ռուսական մշակույթի կրող էր։ Հայկական ավանդույթները տիրում էին նրանց տանը, առօրյայում, բայց բոլորի համար Այվազովսկին ռուսական մեծ աշխարհի ներկայացուցիչն է։ Ամբողջ աշխարհում նա հայտնի դարձավ որպես ռուս նկարիչ, նրանցից մեկը, ով փառաբանում էր ռուսական արվեստը»,- բացատրել է պատկերասրահի տնօրենը:Հիշեցնենք, որ Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Հովհաննես Այվազովսկուն դասել է ուկրաինացի նկարիչների շարքը: Այս մասին են վկայում թանգարանի կայքում տեղադրված տվյալները։ Կայքի՝ Այվազովսկու մասին հոդվածում՝ ծովանկարչի ազգությանը վերաբերող բաժնում, նշվում է, որ նա ուկրաինացի է։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի «Ռուս պարուհի» կտավը վերանվանել է «Ուկրաինական զգեստով պարուհի»։Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը նաև ուկրաինացի է ճանաչել նկարիչ Արխիպ Կուինջիին։Նշենք, որ ազգությամբ հայ Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Թեոդոսիայում (Ռուսական կայսրության Տավրիդայի նահանգ, այժմ՝ Ղրիմ, ՌԴ)։
Ֆրանսիայի հյուսիսում, մասնավոր տանը գտել են հոլանդացի նկարիչ Փիտեր Բրեյգել-կրտսերի հազվադեպ կտավը։ Այն «Գյուղական իրավաբանը» («Նոտարի մոտ») հանրահայտ նկարի տարբերակներից մեկն է։ Կտավը գնահատվել է 800 հազար եվրո։ Այն այս ընտանիքին է պատկանել 1900-ական թթ., բայց ընտանիքը համարել է, որ դա կտավի պատճենն է եղել, գրել է The Guardian-ը։
Բրեյգելը 112 սանտիմետր բարձրությամբ եւ 184 սանտիմետր լայնությամբ կտավը ստեղծել է 1615-17թթ.։ Թե ինչպես է այն հայտնվել ներկա ընտանիքի ձեռքում՝ հայտնի չէ։ Վերջերս նրանք որոշել են գնահատել իրենց ունեցվածքը եւ հրավիրել են փորձագետի՝ Մալո դե Լյուսակին։ Նա կտավն ուղարկել է Գերմանիա՝ ուսումնասիրման։ Պարզվել է, որ կտավը բնօրինակն էր։
«Երբ ընտանիքի անդամները գիտակցել են, թե ինչ կտավ ունեն, խնդրել են իրենց լուսանկարել նրա՝ կտավի ֆոնին, որի հետ ապրել էին այս ամբողջ տարիները։ Դա ե՛ւ ծիծաղելի էր, ե՛ւ հուզիչ»,- ասել է դե Լյուսակը։
Փիտեր Բրեյգել-կրտսերը ծնվել է 1564թ. Բրյուսելում։ Նկարել է բնանկարներ, կրոնական սյուժեներով գործեր եւ գյուղական կյանքի տեսարաններ։ Բացի «Գյուղական իրավաբանը» մակագրված եւ ստորագրված տարբերակից, գոյություն ունեն տասնյակ նման կտավներ, որոնց հեղինակը հաստատված չէ։ Կտավի 1617թ. նման մի տարբերակ պահվում է Լուվրում։
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանը։ Նա 80 տարեկան էր։
Զավեն Վարդանյանը 1974-1979 թվականներին եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1979 թվականին հիմնել է Երևանի պետական կամերային նվագախումբը, որը ղեկավարել է մինչև 1990 թվականը։ 1994-2000 թվականներին եղել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր։ 2003 թվականին տեղափոխվել է Կուենկա, դասավանդել Կուենկայի պետական համալսարանում, ղեկավարել տեղական սիմֆոնիկ նվագախմբերը։
Պոլինեզիայի Զատկի կղզում հայտնաբերվել է մոաի եւս մեկ արձան, գրում է ABC News-ը։ Քանդակը գտնվել է չորացած լճի հատակին։
Կղզում ընդհանուր առմամբ մոտ հազար մոաի արձան կա, որոնք պատրաստված են ծակոտկեն լեռնային ապարից՝ հրաբխային տուֆից։ Ամենաբարձրը մոտ 33 ֆուտ է (մոտ 10 մետր)։ Արձանների միջին քաշը 3-5 տոննա է։ Սակայն կան նաեւ մինչեւ 80 տոննա կշռով նմուշներ։
Վերջերս հայտնաբերված քանդակը փոքր է, սակայն գտածոն կարեւոր հնագիտական բացահայտում է, քանի որ վկայում է այն մասին, որ այստեղ կարող են լինել նաեւ այլ մոաիներ, որոնց գոյության մասին գիտնականները չեն իմացել։
Բացի այդ սա առաջին դեպքն է, երբ քարե արձանը գտնվում է չորացած լճակի տեղում։
«Մոաիներն արտացոլում են Ռապա Նուի ժողովրդի պատմությունը: Նրանք կղզու բնակիչների աստվածացված նախնիներն էին»,- ասում է հնագետ Թերի Հանթը:
Հետազոտողները կշարունակեն փնտրել այլ մոաիներ, ինչպես նաեւ այն գործիքները, որոնցով ստեղծվել են քանդակները:
Ներքին Գետաշենի դամբարանադաշտից գտնված քրեղանը մաքրվել և վերականգնվել է:
Կրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական այս առարկան՝ քրեղանը, մաքրվել, վերականգնվել է ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում։
Անհարթ եզրերով առարկան գնդաձև իրանով է, իրանի և շուրթի միացման հատվածը թույլ է ընդգծված։
Քրեղանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։
Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:
Լաբորատորիայում շարունակվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։
Ներքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI-VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII -XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII -XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր: