Ապրիլ 05, 2023 13:22 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Նոռուզի կապակցությամբ Թեհրանի Ազատության հրապարակում կայացել է Իրանի էթնիկ ցեղերի փառատոնը:

Թեհրանի  քաղաքապետարանն Ազատության հրապարակում Նոռուզի կապակցությամբ հատուկ ծրագիր է պատրաստել, որի շրջանակներում կայացել է Իրանի էթնիկ ցեղերի փառատոնը:

Փառատոնի ընթացքում իրանցիներին ինչպես նաև մեծ թվով զբոսաշրջիկների ուշադրությանն են ներկայացվել քոչվոր ժողովուրդների առօրյան, ձեռագործ աշխատանքներ, էթնիկ երաժշտական  ներկայացումներ:

Իրանական «Երրորդ համաշխարհային պատերազմ» և «Մոխորե» ֆիլմերը շվեյցարական «Ֆրիբուրգ» փառատոնում արժանացել են 3 մրցանակի։

Հուման Սիդին արժանացել է գլխավոր մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակին: «Երրորդ համաշխարհային պատերազմ» ֆիլմը ստացել է երիտասարդ ժյուրիի գովասանագիր, իսկ ռեժիսոր Ալիռեզա Քազեմիփուրի «Մոխորե» ֆիլմը ստացել է փառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը։

Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, ընդգրկվել է Բրազիլիայի Ֆանտասպոա Պորտո Ալեգրիի ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային փառատոնի (Fantaspoa International Fantastic Film Festival of Porto Alegre) և ԱՆԻՄԱՏԻԲԱ (ANIMATIBA Festival Internacional de Animacao de Curitiba) միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: 

Ֆիլմի ռեժիսորն Արմինե Անդան է, սցենարիստներն են Արմինե Անդան, Ռոման Բալայանը, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան, բեմադրող նկարիչ՝ Աննա Հակոբյան, դերերում՝ Արմինե Անդա, Գագիկ Ղազարէհ, պրոդյուսերներ՝ Արմինե Անդա, Աշկան Ռահգոզար, Արման Ռահգոզար, ընկերություններ՝ Հոշկի ֆիլմ (Հայաստան), Հուրախշ Ստուդիոզ (Իրան):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նախարարության ենթակայությամբ գործող Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն:

Տնօրեն Վահան Բադալյանը նախարարին ծանոթացրել է Գեղագիտության ազգային կենտրոնի շենքային պայմաններին և ենթակառուցվածքներին: Կենտրոնի ցուցադրության սրահում նախարարը դիտել է մանուկների և պատանիների ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը՝ հիացմունքի ու գովեստի խոսքեր ուղղելով երեխաների ստեղծագործությունների վերաբերյալ: Այնուհետև շրջայց է կատարվել մշտական ցուցադրությունների սրահներում, որտեղ ներկայացված են կենտրոնի տարբեր տարիների սաների աշխատանքները:

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ Գեղագիտության ազգային կենտրոնն այն եզակի կառույցներից է՝ թանգարանային արժեքավոր հավաքածուներով և միջավայրով, որտեղ երեխաները շարունակում են կրթվել՝ ստանալով մշակութային ու գեղագիտական կրթություն:

«Գեղագիտության ազգային կենտրոնում են կրթվել և արվեստի ուղին ընտրել մեր շատ ու շատ նշանավոր արվեստագետներ: Այստեղ ներկայացված են մեր անվանի արվեստագետների մանկության և դեռահասության տարիների ստեղծագործությունները, որոնք գեղարվեստական դաստիարակության և արվեստի զարգացման ուղղությամբ կենտրոնի ներդրման վկայությունն են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

ԳՅՈՒՄՐԻ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, Ս. Հարության տոնին ընդառաջ, տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր նկարիչ Սամվել Լաճիկյանի «Սուրբ Հարության խորհրդով» հոգևոր ստեղծագործությունների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը: Շարքը ստեղծվել է տարբեր տարիներին՝ սկսած 1995 թվականից մինչ օրս: «Այս թեմաներով իմ նկարները սկսվել են, երբ նոր էի մեկնել ԱՄՆ և հայրենիքից հեռանալու ու նոր աշխարհում հայտնվելու հանգամանքը մղեց ինձ նորովի անդրադառնալու մեր հոգևոր հավատի հիմքերին: Հատկապես հայ միջնադարյան մանրանկարչության էջերն ինձ նոր ուժ ու լիցք հաղորդեցին»,-ողջունելով հյուրերին` նշեց նկարիչը տեղեկացնելով, որ «Քրիստոս Փրկիչը» կտավը ծնվել է Արցախյան երկրորդ պատերազմի օրերին ու դրանց հաջորդած ժամանակաշրջանում:

Ներկայացնելով եղբոր գործերը՝ արվեստաբան Լևոն Լաճիկյանը նշեց, որ աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվում, դրանք հայ միջնադարյան մանրանկարիչների գործերի նորովի ընթերցումներ են, հեղինակային ինքնատիպ անդրադարձներ: Հաճախ միևնույն թեման՝ «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք» և այլն, նկարչի հոգեվիճակով պայմանավորված, տարբեր տարիներին տարբեր մեկնաբանություններ են ստացել: 

Հեղինակի «Խորհրդավոր ընթրիք»-ներից մեկը տեղ է գտել աշխարհահռչակ փոփ-աստղ Մայքլ Ջեքսոնի հավաքածուի մեջ: Միևնույն խորագրի ներքո ամփոփված գործերով հեղինակն իր ուղերձն է հղում աշխարհին՝ փոխանցելով ոչ միայն հրաշափառ Հարության, այլ նաև հայ ազգի Վերածնության ավետիսը:

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ ավարտել է իր վերջին ֆիլմի սցենարը: Ակնկալվում է, որ Տարանտինոն իր 10-րդ ֆիլմի նկարահանումները կսկսի մի քանի ամսից: «Ես ավարտել եմ մի սցենար, որը կդառնա իմ վերջին ֆիլմը: Կարծում եմ՝ մենք, ամենայն հավանականությամբ, այն կնկարահանենք աշնանը», - ասել է 60-ամյա կինոռեժիսորը Կաննի կինոփառատոնի նախագահ Թիերի Ֆրեմոյի հետ զրույցում: Ռեժիսորը հավելել է, որ ֆիլմը կոչվում է «Կինոքննադատ»: Դրա պատմությունը ծավալվում է 1977 թ.-ին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե պատմությունը կարող է կենտրոնացած լինել 2001 թ.-ին մահացած Պաուլին Կաելի շուրջ, որը համարվում է բոլոր ժամանակների ամենաազդեցիկ կինոքննադատներից մեկը: Սակայն Քվենտին Տարանտինոն հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ իր ֆիլմը նվիրված չէ որևէ կոնկրետ կինոքննադատի:

Տարանտինոյի դեբյուտային ֆիլմը եղել է 1992 թ.-ին  էկրան բարձրացած «Կատաղած շներ»-ը, որը նրան մեծ համբավ բերեց: Վերջին 3 տասնամյակների ընթացքում կինոռեժիսորը նկարահանել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք»-ը, «Մի անգամ Հոլիվուդում»-ը, «Անփառունակ սրիկաները»: Նա աշխատել է այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ջոն Տրավոլտան, Ումա Թուրմանը, Սեմյուել Լ. Ջեքսոնը: Նրա ֆիլմերի շնորհիվ Քրիստոֆ Վոլցը երկու «Օսկար» է շահել:

Տարանտինոն բազմիցս նշել էր, որ ցանկանում է իր կյանքի ընթացքում նկարահանել 10 ֆիլմ կամ թոշակի անցնել մինչև 60 տարեկանը: Ռեժիսորն արդեն նկարահանել է 9 ֆիլմ (եթե «Սպանել Բիլին» ֆիլմը համարենք 1 ֆիլմ), իսկ մարտի 27-ին դարձել է 60 տարեկան:

Մայիսի 28-ին, ժամը 19:00-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում  մենահամերգով հանդես կգա Sony Classical-ի բացառիկ արտիստ,  լեգենդար նվագախմբերի հետ  ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող Լեոնիդաս Կավակոսը: Համերգը կկայանա Երևանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Տոմսերը կարող եք ձեռք բերել Ticketon.am-ից, Tomsarkgh.am-ից կամ՝ զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։ Համերգի օրը գործելու է Երևան-Բյուրական-Երևան երթուղի: Ցանկացողները կարող են նախապես գրանցվել` զանգահարելով +37477805687 հեռախոսահամարին։

 Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց  համագործակցության հուշագիր։ Երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստեցին, որ հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝  ընդլայնելով կողմերի գործունեության  շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։ Համաձայն հուշագրի՝  կողմերը  իրականցնելու են  գիտա-կրթական, մաշկութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։

Հուշագրի ստորագրումը մեծապես  կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։  Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։ Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը։

Նշենք, որ Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են  շարունակական  ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։

Առաջին անգամ իտալերենով մարտի 29-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի համերգային կատարումը: Համերգի երաժշտական ղեկավարը Կարեն Դուրգարյանն է, համերգային կատարման երաժշտական ղեկավարի խորհրդատուները Ջոն Սարգսյանն ու Փարիզի Տ. Չուխաճյանի անվան ինստիտուտի տնօրեն Ժիրայր Բաբազյանն են, իսկ դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը:

1868-ին Կոստանդնուպոլսում կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանը ստեղծում է իր «Արշակ Երկրորդ» մեծածավալ օպերան իտալերեն: Այն ոչ միայն առաջին օպերան է հայ երաժշտաթատերական արվեստի պատմության, այլև առաջինը ողջ արևելյան երաժշտության մեջ: Օպերան հետագայում կոմպոզիտորի կողմից վերանվանվել է «Օլիմպիա»՝ քաղաքական դրդապատճառներով։ Պատմության հեգնանքն է, որ  առաջին օպերան երբեք չի ներկայացվել ըստ բնօրինակի:

Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանն անդրադառնում է այն կարևոր գործունեությանը, որ վերջին շրջանում օպերային թատրոնում իրականացնում է մաեստրո Կարեն Դուրգարյանը՝ նոր շունչ հաղորդելով մեր 90-ամյա թատրոնին:

«Թատրոնի տարեգրության մեջ կարևոր նշանակություն ունեցող նրա նախաձեռնություններին ավելացավ ևս մեկը՝ հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» ստեղծումից 155 տարի անց՝ 2023-ի մարտի 29-ին նրա երաժշտական ղեկավարությամբ տեղի կունենա օպերայի համերգային կատարումը, որի ընթացքում Հայաստանում առաջին անգամ կհնչի օպերայի բնագիրը՝ իտալերեն լեզվով: Իսկ ամեն ինչ սկսվել էր դեռևս տարիներ առաջ: Ականջալուր լինելով մեր խնդրանքին՝ Չուխաճյանի ծննդյան 175-ամյա հոբելյանի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում 2012 թվականի նոյեմբերի 21-ին տեղի ունեցած համերգի ընթացքում Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ օպերային թատրոնի նվագախումբը կատարեց «Արշակ Բ» օպերայի նախերգանքը: Արվեց առաջին քայլը, որին պիտի հաջորդեր օպերայի բեմադրությունը. թվում էր, թե շուտով հեղինակային «Արշակը» կվերադառնա Հայաստան, սակայն «Արշակի» ճակատագիրն այլ կերպ դասավորվեց: Կարեն Դուրգարյանը ստիպված էր հեռանալ օպերային թատրոնից: Մարեց «Արշակի» բեմադրության հույսը»,-պատմում է Ասատրյանը: