Ապրիլ 15, 2023 08:49 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Թեհրան նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի վարչության գլխավոր տնօրեն Փարհամ Ջանֆեշանն ասել է.-«Նովռուզին Թեհրանը հյուրընկալեց միլիոնավոր զբոսաշրջիկների»: Փարհամ Ջանֆեշանը հավելել է. -«Մեր գնահատմամբ նահանգի պատմամշակութային և զբոսաշրջային վայրեր այցելողների թիվը կազմում է մոտ մեկ միլիոն 526 հազար մարդ, որը նախորդ տարիների համեմատ աճել է մոտ 25 տոկոսով»: Ջանֆեշանն ընդգծել է.-«Այս տարի Թեհրանի հյուրանոցային համարների 65 տոկոսն ամրագրվել էր արձակուրդների ժամանակ։ Այս վիճակագրությունը 20 տոկոսից է հասել  ներկայիս թվին, ինչը կարևոր և արժեքավոր աշխատանք է»։

 

«Արամգահ»(Գերեզմանոց) կարճամետրաժ ֆիլմը Ավստրալիայի իրանական ֆիլմերի 10-րդ փառատոնում ներկայացված 8 կարճամետրաժ ֆիլմերի թվում է։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ռեժիսոր Ալի Դարայիի  պատրաստած «Արամգահ» կարճամետրաժ ֆիլմը  համարվում է  Ավստրալիայի իրանական ֆիլմերի 10-րդ կինոփառատոնի 8 ընտրված իրանական կարճամետրաժ ֆիլմերից մեկը։

Ավստրալիայի իրանական ֆիլմերի 10-րդ փառատոնը Սիդնեյ և Մելբուռն քաղաքներում կանցկացվի 2023 թվականի ապրիլի 26-ից մայիսի 7-ը կարճամետրաժ ֆիլմերի  բաժնում:

«Արամգահ» ֆիլմը կմրցի իրանական յոթ այլ կարճամետրաժ ֆիլմերի հետ։

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Զատկի փառատոն»: «Զատկի փառատոնի» շրջանակում ապրիլի 4-ին կայացել է Հայաստանի կամերային պետական նվագախմբի և Պետական կամերային երգչախմբի համերգը՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով», ինչպես նաև Սեզար Ֆրանկի «Փրկչի վերջին խոսքը խաչի վրա» ստեղծագործությունների կատարումներով:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիան հնչեցվել է ապրիլի 9-ին ժամը 18:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: Մենակատարներ՝ Ջեսիկա Նայլս (սոպրանո, ԱՄՆ), Մոյրա Թերիզ Քարմեկ (մեցցո սոպրանո, ԱՄՆ), Կայ Կլուգե (տենոր, Գերմանիա), Էըրոն Շիհըն (տենոր, ԱՄՆ), Ալլեն Բոքսըր (բաս, ԱՄՆ), Հիսուսի դերում՝ Միլան Սիլյանով (բաս, Շվեյցարիա):

Փառատոնին մասնակցել են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան) և Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան): Համերգը կղեկավարի Գերմանիայից հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Կոնցը (Գերմանիա): Բոլոր հրավիրյալ երաժիշտները հանդիսանում են տվյալ երաժշտական ժանրի լավագույն կատարողներից:

«Չարչարանքներ ըստ Մատթեոսի» օրատորիայի առաջին հաստատված կատարումը կայացել է 1727 թվականի ապրիլի 11-ին, Ավագ ուրբաթի ժամանակ, Լայպցիգի Սբ Թովմաս եկեղեցում: Այն Բախի ամենաբարդ և ծավալուն ստեղծագործությունն է և հանդիսանում է նրա հոգևոր ժառանգության և առհասարակ ողջ բարոկկո դարաշրջանի հոգևոր երաժշտության գագաթնակետը:

 

Ռեժիսոր Վահե Յանի «Տաղ. հոգու ճանապարհ» կինոնկարի հիմքում Գրիգոր Նարեկացու տաղերն են, որոնք թատրոնի և կինոյի ականավոր դերասանների շնորհիվ ներկայացվում են նոր ոգով ու շնչով: «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի նախաձեռնությամբ կյանքի կոչված ֆիլմը հանդիսատեսը դիտելու է Սուրբ Հարության տոնին:

«Հիմնադրամը որոշեց հանրահռչակել տաղերը՝ ստեղծելով այս կինոնկարը, որի մտահաղացման հեղինակն Արտակ Ալեքսանյանն է:  Սա բացառիկ աշխատանք է, ծավալուն նախագիծ, որում ընդգրկված են հայ թատրոնի և կինոյի լավագույն դերակատարներից Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Շանթ Հովհաննիսյանը, Սամվել Թոփալյանը, Ռոզի Ավետիսը: Կինոնկարը կոմերցիոն բնույթ չունի: Բացի Նարեկացու հինգ տաղից, ներառված է երկու միջնադարյան տաղ, որոնց հեղինակները հայտնի չեն, և որոնք գրի է առել Կոմիտասը»,-պատմեց Բեգոյանը:

Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի տարբեր վանքերում: Ընտրել են միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց համարվող Հնեվանքը, Սուրբ Մինաս եկեղեցին, Գեղարդը, Սանահինը և այլն: Տաղերից զատ, այս ֆիլմով մեծացնում են նաև մշակութային հուշարձանների նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը:

 

 

Վահան Տերյանի սիրային բանաստեղծությունների «Մեղմություն» ժողովածուն ներկայացնում է գրողի ստեղծագործական ուղու զարգացումները, անձնական ապրումները և հույզերի բյուրեղությունը, պատկերավորման լայն գունապնակը: Քսաներորդ դարասկզբի մտածողության ամբողջ հոսքը կարելի է տեսնել նրա բանաստեղծություններում:

Մարդու ձգտումների, երազանքների, հուսախաբությունների արտահայտությունն է Տերյանի ուրբանիստական քնարերգությունը, որտեղ բառերը թափանցիկ են, երաժշտական և շլացնում են ընթերցողին գույներով ու ձայներով: Նա թողեց բանաստեղծական նոր մշակույթ, տեխնիկա, դպրոց և հետևորդներ, որոնցից ամենանշանավորը, իհարկե, Չարենցն էր: «Տերյանը իր հայտնությամբ գլխավորեց մեր լիրիկան»,- գրել է Ավետիք Իսահակյանը: Կազմող՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

 

 

Ժամանակակից դրամատուրգ Բեատա Գուլչինսկայայի «Երկու գումարած երկու» կամ «Ծաղկեփունջ երկնագույն հիմալայան կակաչներից» պիեսը սիրո մասին ռոմանտիկ կատակերգություն է՝ լի հետաքրքիր ու խառնաշփոթ իրավիճակներով, անսպասելի շրջադարձերով ու հանդիպումներով։

Պիեսը, որի համանուն ներկայացումը համալրել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը, առավել հետաքրքիր է դարձել ՀՀ վաստակավոր արտիստներ Մկրտիչ Արզումանյանի, Աննա Բալանդինայի, թատրոնի երիտասարդ դերասաններ Հռիփսիմե Նահապետյանի, Հայարփի Զուռնաչյանի, Արմեն Մարգարյանի և Իվան Ստեփանովի վառ ու անմիջական խաղի շնորհիվ:

«Շատ հետաքրքիր պիես է, երգիծական ուղղվածություն ունի, բայց այդտեղ նաև դրամա կա: Պատմությունը խորհելու առիթ է տալիս: Ներկայացվում են իրավիճակներ, որոնք բոլորի կյանքում են լինում: Ունիվերսալ պիես է, որովհետև ինչ-որ նախադասություն, ինչ-որ բառ որևէ մեկն իր հետ կտանի: Ինձ հարազատ ստեղծագործություն է»,-նշում է Մկրտիչ Արզումանյանը:

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն հնգյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան»  պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։

Երկրորդ տեղում է Մայքլ Բոնդի «Փադինգթոն անունով արջուկը»։ Փադինգթոն արջուկը, օվկիանոսը հատելով, հեռավոր Պերուից հասնում է Անգլիա` Լոնդոն: Այստեղ նա հանդիպում է տեր և տիկին Բրաուններին և շուտով դառնում այս հրաշալի ընտանիքի լիիրավ անդամը: Մեծ քաղաքում Փադինգթոնին սպասում են անհամար նորույթներ, հետաքրքիր ու անհավանական արկածներ:

Բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ. ընտրանի երկրորդ» ժողովածուն երրորդն է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ. ընտրանի երրորդ» ժողովածուն չորրորդն է։  Երրորդ ընտրանիում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի «Անգին քարը», «Որոտ թագավորը», «Անտառի տնակը» և այլ  հեքիաթներ:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ․ ընտրանի առաջին» ժողովածուն հինգերորդն է։ Առաջին ընտրանիում տեղ են գտել Հովհաննես Թումանյանի «Պոչատ աղվեսը», «Ոսկու Կարասը», «Քաջ Նազարը», «Կիկոսի մահը» և այլ սիրված հեքիաթներ:

Image Caption

 

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը հայերեն է թարգմանել և հրատարակել ամերիկացի գրող Նիկոլաս Սփարքսի «Հիշարժան զբոսանք» վեպը՝ հիմնված իրական դեպքերի վրա:

«Այս հարափոփոխ օրերում, երբ շատ ու շատ արժեքներ մոռացվում են, երբ խեղաթյուրվում է անգամ ամենանվիրականը, մենք որոշեցինք հանրությանը ներկայացնել մի գիրք, որի սյուժեի առանցքում սերն ու նվիրումն են։ Գլխավոր հերոսներից մեկն արյան քաղցկեղ ունի, բայցև ապրելու և բարին գործելու անկոտրում կամք։ Այս ստեղծագործությունը մեզ ցույց է տալիս, որ կյանքի յուրաքանչյուր օր պետք է ապրել՝ առավելագույնս բարին գործելով, քանզի չգիտես` վաղը կգա՞, թե՞ ոչ: Իհարկե, շատերին գիրքը հայտնի է ֆիլմի միջոցով, բայց վստահեցնում եմ՝ եթե անգամ դիտել եք ֆիլմը, գիրքն ընթերցելիս բազմաթիվ տարբերություններ կգտնեք»,-նշում է հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն ու հավելում՝ գիրքը թարգմանել է Հասմիկ Հակոբյանը:

Image Caption

 

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նախաձեռնել է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։ Այս մարցույթը նվիրված է Հայկական անիմացիայի 85-ամյակին և իրականացվում է հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում։ Մրցույթը նախատեսված է Հայաստանի, Արցախի և սփյուռքի երեխաների և պատանիների համար։

Նպատակը երեխաներին հայկական անիմացիայի հարուստ ժառանգությանը հաղորդակից դարձնելը, նրանց գեղարվեստական ճաշակը բարձրացնելն ու պաստառների ստեղծման ավանդույթներին, տեխնիկաներին և նորարարական մոտեցումներին ծանոթացնելն է։ Ընտրվել է շուրջ 80 ֆիլմ՝ շեշտը դնելով հատկապես 1900-2000-ական թվականներին ստեղծված մեր «Ոսկե ֆոնդի» վրա։

Նախագծի շրջանակում երեխաները կմասնակցեն վարպետության առցանց դասերի, որոնք կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և տեսական ու գործնական գիտելիքներ և հմտություններ կփոխանցեն անիմացիայի, պաստառների և գրաֆիկ դիզայնի մասին։ Նախագծի հիմնական շեշտադրումներից մեկը երեխաներին պաստառի էությանն ու այն ստեղծելու արվեստին ծանոթացնելն է, որպեսզի կարողանան իրենց ստացած գիտելիքները կիրառել նոր ձևաչափում։

Այնուհետև երեխաները կընտրեն իրենց դիտած անիմացիոն ֆիլմերից որևէ մեկն ու պաստառ կստեղծեն դրա վերաբերյալ։ Ընթացքում հնարավորություն կունենան նաև խորհրդատվություն ստանալ մասնագետների կողմից։ Անիմացիոն ֆիլմերից շատերը չունեն պաստառներ, և այս նախագիծը հրաշալի առիթ է ևս մեկ անդրադարձ կատարելու մեր մոռացված հարուստ ժառանգությանը։ Լավագույն աշխատանքները կներկայացվեն ամփոփիչ ցուցահանդեսի տեսքով, որը Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում կբացվի 2023 թվականին։