Ողջույն բարեկամ-363
Բարի երեկո սիրելի ռադիոլսող բարեկամներ։ Ձեր ուղեկիցն է Հայերեն ռադիոժամը։ Եթերում է «Ողջույն բարեկամ» հաղորդաշարի հերթական թողարկումը։
Հարգարժան բարեկամներ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշեց Կրկնազատիկը։ Զատկին հաջորդող առաջին կիրակի օրը կոչվում է Կրկնազատիկ։ Այս օրը երբեմն կոչվում է «Նոր կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի նոր և չքնաղ է այս տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է Սուրբ հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում: