Մայիս 08, 2023 12:07 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ:Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:

Մշակութային ժառանգության գիտահետազոտական ինստիտուտը հայտնել  է Հայաստանի գյուղերից մեկում Իմամ Ալիի սրբապատկերի կողքին պարսկերեն վիմագիր արձանագրության հայտնաբերման մասին՝ «Սուրը ձեռքին առյուծի» քանդակված նախշով:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Մշակութային ժառանգության և զբոսաշրջության գիտահետազոտական ինստիտուտի գիտական անձնակազմի անդամ Մորթեզա Ռեզվանֆարն ասել է. «Իմամ Ալիի պատկերի կողքին  սուրը ձեռքին առյուծի պատկերով պարսկերեն այս վիմագրությունը հայտնաբերվել է Հայաստանի գյուղերից մեկում, որը կարող է, ըստ փաստաթղթերի,  պատկանել 600 տարի առաջ Ֆաթհ Ալի Շահ Ղաջարի ժամանակաշրջանին։Բացատրելով, թե ինչպես է հայտնաբերվել այս վիմագիր արձանագրությունը, Ռեզվանֆարն ասել է,-«Անցյալ տարի ես Հայաստան էի մեկնել ՀՀ-ում ԻԻՀ դես­պա­նութ­յան մշա­կույ­թի կենտ­րո­նի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայիի  հրավերով դաշտային հետազոտություններ իրականացնելու համար։ Այս հետազոտության ընթացքում իմ ուշադրությունը գրավեց Հայաստանի «Բջնի»  գյուղում գտնվող պատմական մզկիթի մնացորդները։ Այս մզկիթի կառուցման արձանագրության մեջ, որը թվագրված է հիջրեթի 661 թվականին, նշված են Ալ Աբբայի հինգ հոգու՝ «Մոհամմադ մարգարեի», «մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի», «իմամ Ալիի» , «իմամ Հասանի» և «իմամ Հոսեյնի»  և  շենքի ճարտարապետներ՝ «Վարպետ Ջաֆար»-ի և «Վարպետ Մուհարրամ»-ի անունները ն, ինչը ցույց է տալիս, որ շիաներն ապրել են այս գյուղում»։

Մշակութային ժառանգության և զբոսաշրջության գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտական անձնակազմի անդամը հավելել է.-« Այս մզկիթում, որի մնացորդները ներկայումս գտնվում են լեռնային տարածքում,որից մնացել են երեք պարիսպներ, չորս արձանագրություն կա՝ մեկը արաբերեն, երկուսը՝ պարսկերեն, և մեկ ռելիեֆ, ընդորում  երեք արձանագրություններում տեղադրված է առյուծի պատկեր»:

Image Caption

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն հնգյակն՝ ըստ մարտի վաճառքների։

Առաջին տեղում է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը։ «Բանակցային առաջնագծում» ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս տարիներին (2018-2022) ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նախագահ Սարգսյանի հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: 

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երկրորդ տեղում է։ «Իկիգայ. երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: 

Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ 

Էրվին Շրյոդինգերի «Ի՞նչ է կյանքը» չորրորդ տեղում է։ Հայտնի գրքի հիմքում ընկած են մի շարք հանրային դասախոսություններ, որոնք աշխարհահռչակ ֆիզիկոսը կարդացել է տարբեր տարիների և ինքնակենսագրական ակնարկ, որն ավելի տեսանելի է դարձնում Նոբելյան մրցանակակրի անցած ճանապարհն ու ձեռքբերումները։ 

Հինգերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։

Image Caption

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական անգամ հաճելին կմատուցի երաժշտության և կինոյի երկրպագուներին՝ մայիսի 20-ին հանդես գալով «Սիմֆոնիկ Հոլիվուդ» համերգով: Համերգը, որը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը, տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչի երաժշտություն «Աստղային պատերազմներ», «Մեռնել ուրիշ անգամ», «Մալենա», «Կարիբյան ծովի ծովահենները», «Ռոմեո և Ջուլիետ», «Լեգենդ դաշնակահարի մասին», «Մատրից», «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Նախաճաշ Թիֆանիի մոտ», «Ֆորեստ Գամփ», «Գլադիատոր», «Առաքելությունն անիրագործելի է», «Կնոջ բույրը», «Կնքահայրը», «Սարդ-մարդը», «Գահերի խաղը», «Ռոկկի» կինոֆիլմերից:

Image Caption

Օրբելի եղբայրների տուն-թանգարանում ցուցադրվել են «ԴԵԿԿԱՐՏ» կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի կենտրոնի սաների աշխատանքները: Համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցահանդեսը  կրում է «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը: Ցուցահանդեսին ներկայացված են կենտրոնի 6-13 տարեկան սաների նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 40 աշխատանք:

Ստեղծագործությունները նվիրված են Մխիթար Գոշի ու  Վարդան Այգեկցու  այն առակներին, որոնք ժամանակին եղել են ակադեմիկոս Հովսեփ  Օրբելու  մշտական ուսումնասիրությունների թեման։ Իր կենսագործունեության ընթացքում Օրբելին բազմիցս անդրադարձել է հայկական  միջնադարյան առակներին՝ ցույց տալով, որ դրանց հարուստ բովանդակությունը հանդիսանում է նաև հասարակական կարևոր նշանակություն ունեցող շատ հարցերի գեղարվեստական արտացոլումը։

«Ինչպես  առակը,  այնպես էլ  կյանքը,  գնահատվում   է   ոչ  թե  երկարությամբ,  այլ  բովանդակությամբ»,- նշել է ակադեմիկոս  Հովսեփ  Օրբելին։ «Միջնադարյան Հայաստանի առակները» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 21-ը:

Image Caption

Մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու ARTSRUNI Progressive Music Act նախագիծը տևական դադարից հետո հանդես կգա բացառիկ համերգով։ 2003 թվականին եվրոպական Un Voyage en Progressif-ի կողմից 10 լավագույն եվրոպական պրոգրեսիվ խմբերի ցուցակում ընդգրկված թիմը համերգը կնվիրի այդ նշանակալից իրադարձության 20-ամյակին։Համերգը կկայանա մայիսի 17-ին ժամը 20:00 Hard Rock Yerevan-ում։ Խմբի կազմում հանդես են գալիս Վահան Արծրունին (վոկալ, ակուստիկ կիթառ), Նելլի Մանուկյանը (ֆլեյտա), Վահագն Ամիրխանյանը (սոլո կիթառ), Արթուր Մոլիտվինը (բաս կիթառ), Լևոն Հախվերդյանը (հարվածայիններ)։

«Խումբը հիմնադրվել է 2000 թվականին, ակտիվ գործունեություն է ծավալել, առաջարկ է ստացել եվրոպական հայտնի MUSEA Records-ից թողարկել երկու ալբոմ։ Երկուսն էլ թողարկվել են 2002-ին Ֆրանսիայում՝ արժանանալով քննադատների բարձր գնահատականի։  Մեր խումբն առաջինն էր, որ պրոգրեսիվ երաժշտությունը ներկայացրեց Հայաստանի սահմաններից դուրս։ Տևական ժամանակ է՝ ինչ միասին համերգով հանդես չէինք եկել երաժիշտներից մեկի՝ Հայաստանից բացակայելու պատճառով։ Որոշեցինք օգտագործել եվրոպական պրոգրեսիվ խմբերի լավագույն տասնյակի ցուցակում ընդգրկվելու իրադարձային առիթն ու հանդես գալ համերգով»,-նշել է Վահան Արծրունին՝ ընդգծելով, որ համերգն անտարբեր չի թողնի ունկնդրին։ Մայիսի 17-ի երեկոյի ծրագրում ընդգրկված են Վահան Արծրունու գործիքային ստեղծագործություններն ու երգերը։

Image Caption

Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, որը մի շարք գրքերի հեղինակ է, ընթերցողներին ներկայացրեց «Սիլֆի նուրբ երազանքները», «Բնության տաճարում» բանաստեղծությունների ժողովածուները: «Սիլֆի նուրբ երազանքները» ժողովածուում ընդգրկված են 1977 թվականից մինչև 2000 թվականը գրված բանաստեղծություններ, իսկ «Բնության տաճարում» գրքում 1983-ից մինչև 2021-ը ծնված գործերն են:

«Սիլֆի նուրբ երազանքները» հեղինակի իններորդ գիրքն է, որում զետեղված ստեղծագործությունները նկարագրում են նուրբ, թրթռուն, շատերին թերևս անհաղորդ և անհասկանալի զգացողություններ՝ խորթ նյութապաշտ և կարծրասիրտ աշխարհին: «Որպես բնաբան վերցրել եմ հայտնի ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վալերիի՝ Սիլֆին նվիրված մի քառատող: Սիլֆը հորինված կերպար է: Այն օդի ոգին է, եթերային ոգի, որը մարդկանց համար աներևույթ է: Օգտագործել եմ այդ քառատողը, որ բանաստեղծությունների ժողովածուն հասկանալի դառնա»,-պատմեց հեղինական ու ընդգծեց՝ բանաստեղծությունները լավատեսական են և մարդու հոգին տանում են դեպի լույսն ու հոգևորը: Հեղինակը գիրքը նվիրել է եղբորը:

Image Caption

Կամերային երաժշտության ազգային կենտրոնում մայիսի 4-ին տեղի է ունեցել «Ռուս գրողները և ուղղափառությունը» խորագրով տասներկու հատորանոց մատենաշարի շնորհանդեսը: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, 2003 թվականից «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամը» հրատարակում է «Ռուս գրողները և ուղղափառությունը» մատենաշարը: Տասներկուհատորյա այս յուրահատուկ հավաքածուն նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու, Նիկոլայ Գոգոլի, Ֆեոդոր Տյուտչևի, Իվան Կռիլովի, Ալեքսանդր Պուշկինի,  Աննա Ախմատովայի, Նիկոլայ Ռուբցովի, Միխայի Լերմոնտովի,  Սերգեյ Եսենինի, Վասիլի Շուկշինի, Միխայիլ Շոլոխովի, Միխայիլ Լոմոնոսովի ստեղծագործություններում ուղղափառության գաղափարախոսությանը:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային հիմնադրամի» նախագահ Վալերի Ալեքսեևը, ՀՀ-ում ՌԴ դեսպանության դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանը,  Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը,   «Ռուսական գրքի տուն» ՀԿ տնօրեն Ստեփան Կիրակոսյանը, պետական և հոգևոր այրեր, մշակույթի, կրթության ոլորտների ներկայացուցիչներ:

Image Caption

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում  MALKHAS JAZZ BAND-ի  համերգային ծրագրով մայիսի 4-ին  ազդարարվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնի մեկնարկը: 4 օր շարունակ գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը տարբեր թանգարանների բակերում հնարավորություն կունենան վայելելու ջազային մեղեդիրները:

 Ջազային բակերի ընտրությունը պատահական չէ: Ջազը կհնչի Հովհ. Շիրազի և Ավ. Իսահակյանի տուն-թանգարանների, Ասլամազյաններ քույրերի պատկերասրահի, Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարանի, նույն Ձիթողցոնց տուն-թանգարանի բակերում: «HAY-AT JAZZ առաջին անգամ իրականացրել ենք  2016 թվականին: Ընդմիջում ունեցել ենք միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ: Փառատոնի ձևաչափն ամբողջովին նույնն է, ինչ անցած տարիներին», տեղեկացրեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի փառատոնի կազմակերպիչները ջազային փառատոնը մի փոքր ուշ սկսեցին  եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: «Հիմնականում փառատոնը սկսում էինք ջազի միջազգային օրը, սակայն  այս տարի եղանակային պայմանների, ապա նաև նույն օրը՝ Երևանում ջազային միջոցառումների պատճառով մի փոքր ուշ սկսեցինք՝ հնարավորություն տալով  հանդիսատեսին և երաժիշտներին մասնակիցը լինելու և՛ Երևանում, և՛ Գյումրիում անցկացվող միջոցառումներին: Այս փառատոնն այլևս քաղաքացիություն ստացած  միջոցառում է ու վստահ եմ, որ երկար է ապրելու Գյումրիում ու միշտ պահանջված է լինելու: Մեր եզակիությունը փառատոնը թանգարանների բակերում  անցկացնելն է»,-նշեց Լիլիթ Թովմասյանը՝ հույս հայտնելով, որ ինչպես նախկինում, հետագայում ևս մարդիկ իրենց այցը Գյումրի կպլանավորեն նաև ջազային այս փառատոնի շնորհիվ:

Image Caption