Գեղարվեստական հաղորդում (375)
Ողջույն Ձեզ արվեստով ու մշակույթով հետաքրքրվող հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք Գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում ինչպես ամեն շաբաթ շրջելու ենք արվեստի ու մշակույթի հետաքրքիր աշխարհում և ծանոթանալու ենք Իրանի, Հայաստանի ու աշխարհի գեղարվեստական ու մշակութային վերջին նորություններին: Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Ավանդական երաժշտության և նրա ժամանակակից մեկնաբանությունների համար հարթակ ստեղծելու նպատակով հունիսի 17-18-ին Հաղպատում կանցկացվի Սայաթ-Նովա փառատոնը:
Փառատոնի ընթացքում տեղի կունենա 2 համերգ, յուրաքանչյուր համերգի ժամանակ ելույթ կունենան ժողովրդական, ջազ և ռոք խմբեր:
Համերգաշարից բացի կիրականացվեն վարպետաց դասեր, որոնք կանցկացնեն երաժշտական խմբերը և ոլորտի առաջատար մասնագետները:
«Փառատոնը խիստ կարևորում ենք կրտսեր սերնդի համար, որի համար այն կծառայի որպես ուղեցույց՝ այժմ ստեղծագործող երաժշտական խմբերի, կատարողների մասին, կծանոթացնի ժամանակակից և ավանդական երաժշտության տարբեր դրսևորումներին»,-ասվում է փառատոնի հաղորդագրության մեջ:
Տեքստում նշվում է, որ ներկայումս խիստ բազմաթիվ ու բազմատեսակ են անդրադարձները հայ ավանդական երաժշտությանը, սակայն դրանք գոյատևում են միմյանցից խիստ անկախ և հասանելի են հիմնականում սեփական ունկնդրի նեղ շրջանակին։
Համերգային և ուսումնական ծրագրերից զատ բացօթյա տարածքներում կլինեն տոնավաճառների, արվեստի և արհեստների ցուցադրությունների իրականացում, համագործակցելով համայնքում գտնվող սոցիալական ձեռնարկատերերի հետ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն Էդուարդ Թոփչյանն է, հունիսի 5-ին մեկնարկել է Արամ Խաչատրյան 120-ամյակին նվիրված հանդիսությունները։
Նվագախմբից հայտնում են, որ օրն սկսվել է Խաչատրյանի արձանի լվացման աշխատանքներով, երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահի հյուրերին ու անցորդներին սպասվել է ֆլեշմոբ՝ Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից Վասլի պարային կատարումը:
Համերգասրահում այդ օրը հնչել է Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտը, «Հանդիսավոր պոեմ»-ը և թիվ 2-րդ սիմֆոնիան` անվանի ամերիկահայ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի վառ ու զգացմունքային մեկնաբանությամբ, որից ստացած մեծ ոգևորությունը հանդիսատեսը դեռ շատ երկար կպահի իր սրտում։
Իսկ մինչ ուշ գիշեր «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքում՝ բաց երկնքի տակ, հնչել են Խաչատրյանի ջազային մշակումները Վահագն Հայրապետյանի և Armenian Colors Quartet-ի կատարմամբ։
Ողջ տարվա ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացնի Խաչատրյանի ստեղծագործությունների ողջ գունապնակը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ մարզերում, թե՛ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ:
«Հայ հին և միջնադարյան արվեստն ու եկեղեցական գեղանկարչությունը» ուղեցույց-պատկերագիրքն ամփոփում է Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունում ընդգրկված հայ հին և միջնադարյան արվեստի հավաքածուն՝ որմնանկարչության և մանրանկարչության ընդօրինակություններ, հայկական սրբանկարչության, քանդակի և դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարժեք նմուշներ, որոնք ամբողջական պատկերացում են տալիս ազգային դարավոր արվեստի մասին:
Պատմական ակնարկի ձևով ներկայացվում է արվեստի առանձին տեսակների զարգացման ընթացքը` սկսած Ք.ա. VIII դարից մինչև Ք.հ. XIX դարի կեսերը:
Հայերեն և անգլերեն լեզուներով ուղեցույց-պատկերագրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին պատկերասրահի «Արտ բազիս» գրադարանում:
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Քնարիկ Ավետիսյանը, որն ուղեցույց-պատկերագրքի հեղինակն է, նշեց՝ ստեղծվել է հանրամատչելի հրատարակություն, որը ներկայացնում է ազգային դարավոր արվեստի գանձերը, ինչը հնարավորություն կտա ճանաչելու ինքներս մեզ:
Նրա խոսքով՝ հատկապես հիմա կարևոր է փոքր ծավալի, բայց հարուստ պատկերներով և բոլորին հասանելի լեզվով շարադրված նյութ մատուցել հանրության լայն շրջանակներին, հատկապես Հայաստան այցելող զբոսաշրջիկներին:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում է Ռուբեն Եսայանի հեղինակած «Թունելից 13 կմ հեռավորության վրա» վեպը, որը հայկական գրականության առաջին սարսափ-թրիլլեր ժանրի վեպն է:
Երկրորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին:
Սուսաննա Հարությունյանի «Անդրանիկի վերջին ձին» երրորդ տեղում է։ Վեպի գլխավոր, բայց չերևացող հերոսն Անդրանիկ զորավարի վերջին նժույգն է, որ վեպում է ու հերոսների հիշողության մեջ և ուղեկցում է նրանց՝ պատմության ամբողջ ընթացքում:
Չորրորդ տեղում է Սյունե Սևադայի «Աղի թեյ»-ը։ 2019-ի գարնանը երաժշտական աշխարհը ցնցվում է անսպասելի լուրից. համաշխարհային ճանաչում ունեցող երիտասարդ հայ դաշնակահար ու կոմպոզիտոր Իդան ողբերգական ավտովթարի պատճառով հեռացել է կյանքից:
«Ոչ մի շաբաթ առանց Տերյանի» գիրքը հինգերորդ տեղում է։ Հայտնի ու չբացահայտված դրվագներ, սիրված ու անհայտ բանաստեղծություններ, հոդվածներ, օրագրային գրառումներ, բացառիկ լուսանկարներ, որոնց միջոցով նորովի կբացահայտեք ամենասիրելի պոետներից մեկին՝ Վահան Տերյանին։
Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» վեցերորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ, գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։
Յոթերորդ տեղում է «Բարի գործերի քաղաքը»։ Գիրք, որն ընթերցողին կգրավի ոչ միայն իր սյուժեով, այլև ժանրային յուրահատկությամբ։ Այն գրել են Մարկ Արենը և հինգ երիտասարդներ:
Գոհար Նավասարդյանի «Սիրելուց հետո» գիրքը ութերորդ տեղում է։ Այն, որ սիրահարվածությունից հետո գալիս է սերը, բոլորը գիտեն, բայց թե ինչն է հաջորդում սիրուն, շատերի համար է հանելուկ:
Իններորդ տեղում է Աշոտ Աղաբաբյանի «Մենակը»: Ըստ հեղինակի՝ այս գրքի միջոցով առաջին անգամ ընթերցողը ծանոթանում է վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են:
Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան» վեպը տասներորդ տեղում է։ «Խոդեդան» վեպը, որ ընդգրկում է շուրջ վաթսունամյա մի ժամանակաշրջան՝ 1890-1950-ական թվականները, պատմությունն է բռնաշենցի հովիվ Ասատուրի (քրդերեն՝ Խոդեդան) և նրա բախտակից համերկրացիների։
Տեղի է ունեցել «Հայաստանը և հարակից անվտանգության խնդիրները» խորագրով գրքի շնորհանդեսը:
Գրքի համահեղինակներն են՝ Իսլամական Ազատ համալսարանի միջազգային հարաբերություններ ճյուղի դոկտորայի թեկնածու, Կովկասի եւ տարածաշրջանի հարցերի շուրջ տասնյակ հոդվածների հեղինակ, Գեղարդ Մանսուրյանը եւ Իսլամական Ազատ համալսարանի դասախոս, միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքական, դիվանագիտական եւ այլ թեմաներով բազմաթիվ գրքերի եւ հոդվածների հեղինակ դոկտ. Բաշիր Էսմայիլին:
Այս գիրքը, որն Իսլամական Ազատ համալսարանի Շահռեզա մասնաճյուղի հրատարակչության կողմից լույս է տեսել քաղցր պարսկերեն լեզվով, Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրների և անվտանգության սպառնալիքների մասին է: Նշված թեմաներից բացի՝ գրքում քննարկկում կան Հայաստանի պատմության և այս տարածաշրջանում կարևոր ու ազդեցիկ իրադարձությունների մասին:
Բաշիր Էսմայիլին ասել է. «Այն, ինչ քննադատության է ենթարկվել այս գրքում, ռասիզմի և ծայրահեղ ազգայնականության վտանգն է, որը պետք է ուշադիր դիտարկել»:
Գեղարդ Մանսուրյանը ևս ասել է. «Այս գիրքը գրվել է Հայաստանի անվտանգության մասին փաստերը փոխանցելու նպատակով և փորձ է արվել օգտվելով միջազգային հարաբերությունների տեսություններից ու մոտեցումներից քննարկել անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և լուծումներ ներկայացնել դրանց չեզոքացման համար»։
Հայտնի են Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի 3-րդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները։ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, Խաչատրյանական մրցույթի առաջին մրցանակի համար կպայքարեն Արինա Անտոնոսյանը (Հայաստան), Անդրեյ Կուրբետը (Հայաստան), Յուտո Կիգուջին (Ճապոնիա), Ռուբեն Կոզինը (Հայաստան-Ռուսաստան)։
Հունիսի 11-ին մեկնարկել է մրցույթի եզրափակիչ փուլը։ Դաշնակահարները հանդես են եկել մրցույթի պաշտոնական՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Եզրափակիչ փուլում մասնակիցները կատարել են երկու կոնցերտ, որոնցից մեկը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է:
Երևան քաղաքի մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120 ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին ժամը 20:00-ին Թումոյի այգում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրել է կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները: