Հունիս 05, 2016 23:23 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության տնօրենը տեղեկացրել է իրանցի հայտնի բանաստեղծ Մոլանա Ջալալեդդին Մոհամմեդ Բալխիի Մասնավի ստեղծագործության համաշխարհային գրանցման ուղղությամբ տարվող ջանքերի մասին:

ԻԻՀ Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության տնօրեն Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ասել է, որ Իրանը Թուրքիայի հետ համաձայնության է եկել, որպեսզի Մոլավիի Մասնավին գրանցվի համատեղ կարգով, քանի որ Մոլանան երկու երկրի մշակութային ընդհանրություններից է համարվում:

«Թուրքիան Իրանի հետ կրոնական  ու մշակութային ընդհանրություններ ունեցող երկիր է: Մոլանան պատկանում է պարսկախոսներին, սակայն պիտի ընդլայնել երկրների միջև մշակութային համախոհությունն ու ընդգծել ընդհանրությունները»,-հավելել Սալեհի Ամիրին:

Իրանի ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության տնօրենն ասել է. «Կազմակերպության այս տարվա ծրագրերի մեջ  ներառված է Համաշխարհային արխիվի խորհրդի հետ համագործակցությունը: Իհարկե Իրանն այս ոլորտում ակտիվ ներկայություն ունի և արդեն գրանցել է 9 ձեռագիր մատյաններ»:

---

Մայիսի 30-ից հունիսի 1-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» 2003թ. կոնվենցիայի անդամ պետությունների Գլխավոր ասամբլեայի 6-րդ նստաշրջանը, որի ընթացքում կայացան Կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի ընտրությունները՝ 2016-2020թթ. ժամանակահատվածի անդամակցության համար:

Երկրորդ տարածաշրջանային խմբից (Արևելյան Եվրոպայի երկրներ) չորս տարի ժամկետով ընտրվել է Հայաստանը՝ ստանալով կոնվենցիայի անդամ երկրների միաձայն աջակցությունը։

Մյուս խմբերից ընտրվել են Կիպրոսը, Ավստրիան, Գվատեմալան, Կոլումբիան, Կուբան, Ֆիլիպինները, Զամբիան, Սենեգալը, Մավրիկիոսը, Պաղեստինը և Լիբանանը։

Միջկառավարական կոմիտեն Կոնվենցիայի գլխավոր մարմիններից մեկն է: Այն ստեղծվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ունի 24 անդամ՝ տարածաշրջանային վեց խմբերից: Կոմիտեի անդամն անմիջապես վերընտրվելու հնարավորություն չունի: Կոմիտեի կարևոր գործառույթներից է Կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցվելու նպատակով անդամ պետությունների կողմից ներկայացված հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը:

Գլխավոր ասամբլեան, որի նստաշրջանը գումարվում է երկու տարին մեկ, ի թիվս այլ գործառույթների, ընտրում է 12 նոր անդամների։

---

Վենետիկի բիենալեի 15-րդ միջազգային ճարտարապետական ցուցահանդեսի շրջանակում՝ ս. թ. մայիսի 26-ին, Մխիթարյան Միաբանության Սուրբ Խաչ եկեղեցու գավթի տարածքում տեղի է ունեցել «Անկախ կենսապատկեր» խորագրով հայկական տաղավարի բացման պաշտոնական արարողությունը. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տաղավարը կենտրոնացել է 1991 թվականից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածի տարածական փոխակերպումների, դրանց տարբեր դրսևորումների ուսումնասիրման ու վերամեկնաբանման գործընթացների վրա։

Ցուցահանդեսի ողջ ընթացքում տարբեր հետազոտող խմբեր կմեկնաբանեն հայկական կենսապատկերի բաղադրիչները։

Ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության տաղավարի հանձնակատարն է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հանձին Վարդան Կարապետյանի, իսկ համադրողը՝ ճարտարապետ և քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Տաղավարն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության, «Պողոսյան» հիմնադրամի, «Ռենկո» ընկերության, ամերիկահայ բարերար Վահե Գաբրաշի աջակցությամբ, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և  «Ուրբանլաբ Երևան» կազմակերպության համագործակցությամբ:

Ս. թ. մայիսի 26-ից հայաստանյան տաղավարն ունեցել է շուրջ 300 այցելու՝ Մխիթարյան Միաբանության Աբբահայր՝ Գերաշնորհ Հ. Եղիա Ծ. Վրդ. Քիլաղպյանը, Արվեստի վենետիկյան 56-րդ բիենալեի Հայաստանի տաղավարի համադրող Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Կյուբերյանը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի գլխավոր քարտուղար Մինաս Լուրյանը, Բրյուսելի «Բոզար» արվեստի կենտրոնի գլխավոր տնօրեն Պոլ Դուժաղդան, հայ և օտարազգի մի շարք բարձրաստիճան հյուրեր:

Թեմատիկ ուսումնասիրությունների ընթացիկ արդյունքները կվերբեռնվեն www.independentlandscape.am և www.venice2016.am կայքերում, ինչն էլ անմիջապես կարտացոլվի վենետիկյան տաղավարի էկրաններին՝ կարևորելով հընթացս կատարվող աշխատանքներն ու գործընթացը, ինչպես նաև վերջնական արդյունքները:

---

Այցելուների առաջ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նախատեսված տուն-թանգարանն իր դռները կբացի այս տարվա ամռանը՝ նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը, հաղորդում է javakhq.info-ն:

«Ի սկզբանե նախատեսել էինք տուն-թանգարանի ամբողջական վերականգնում, սակայն ոլորտի մասնագետները առաջարկեցին նախ անել բացումը, ցուցադրել արդեն հավաքագրված նյութերն ու իրերը, ապա անընդհատ դրանք համալրել։ Այս տարի նախատեսվում է ցուցասրահի բացումը, որտեղ լուսանկարների տեսքով ներկայացված կլինի Ջիվանու կյանքը եւ ստեղծագործական ուղին»,- տեղեկացրել է Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը։

Նրա խոսքով, տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է համապատասխան թիմ, որտեղ ընդգրկվել են մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետներ։ «Աշխատանքի բաժանում է կատարվել, եւ յուրաքանչյուրն իր մասով աշխատանքներ է տանում։ Մեկը Ջիվանու կենսագրությունն է նորովի ուսումնասիրում, բացահայտում չբացահայտված էջերը, գրի առնում հետաքրքիր դրվագներ, մյուսը զբաղվում է Ջիվանու թողած ժառանգության հավաքագրմամբ, մյուսներն էլ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ, կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական եւ շինարարական նախագծերը»,-պատմեց Աշոտ Հակոբյանը եւ հավելեց, որ զուգահեռ ընթանում են նաեւ թանգարանին անհրաժեշտ ցուցադրական եւ կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքները։

Գործադիր տնօրենը տեղեկացրել է, որ հունիսի 8-ին կկայանա նաեւ բարեգործական ճաշկերույթ՝ Ջիվանու 170-ամյակին նվիրված, որի ընթացքում կհնչեն սիրված հայրենասիրական եւ աշուղական երգեր ճանաչված կատարողների եւ խմբերի կողմից: Ճաշկերույթից ստացված հասույթն ամբողջությամբ կուղղվի Կարծախում Ջիվանու տուն-թանգարանի կառուցմանը:

Հայ մեծ աշուղ, ժողովրդական երգիչ Ջիվանին (Սերովբե Ստեփանի Լեւոնյան, ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Բանգոյանների հայտնի գերդաստանում 1846 թվականի մարտի 5-ին: Շուրջ 18 տարի ապրել իր հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Ջավախքի մեծանուն աշուղներից մեկին՝ Սիայուն: Գյուղից հեռանալուց հետո Ջիվանին մեկ տարի ապրել եւ ստեղծագործել է Թիֆլիսում, այնուհետեւ՝ Ալեքսանդրապոլում, իսկ 1895 թ. անվանի աշուղը կրկին վերադառնում է Թիֆլիս, որտեղ անցկացնում է իր կյանքի վերջին տարիները: Նա վախճանվել է 1909 թվականի մարտի 19-ին:

Հայրենի գյուղում աշուղ Ջիվանին վերջին անգամ եղել է 1908 թվականին. հարազատ միջավայրում աշուղին ընդունում են առանձնահատուկ ջերմությամբ:

Աշուղ Ջիվանին բնորոշվում է որպես «հայ աշուղական արվեստի Մաշտոց»: Գաղտնիք չէ, որ մինչ Ջիվանին հայ աշուղները մեծամասամբ ստեղծագործել են օտար լեզուներով: Համարվում է, որ Ջիվանիով հայացել է հայ աշուղական արվեստը: Աշուղի երկրորդ պատվավոր բնորոշումն է «հայ աշուղական երգարվեստի Կոմիտաս». աշուղական ստեղծագործությունները Ջիվանիով մաքրվել են արեւելյան ելեւէջներից:

---

«Երևանյան ամառ 2016»  եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով փառատոնի մասնակիցներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ չորս տարի շարունակ աջակցելով գաղափարի կայացմանը, Երևանի քաղաքապետարանն այսուհետ ևս  պատրաստակամ է օժանդակելու մայրաքաղաքին հմայք հաղորդող քաղաքային ծրագրերին և հատկապես երիտասարդական նախաձեռնություններին: Քաղաքապետի տեղակալը կարևորել է «Արտ ֆեստ»-ի անցկացման գաղափարը նաև  Հայաստան-Սփյուռք համագործակցությունն ընդլայնելու տեսակետից: 

Փառատոնը  արվեստի տարբեր ուղղություններում սեփական կարողությունները դրսևորելու, համախոհներ ու նոր կապեր ստեղծելու նպաստավոր հարթակ է, ու հայկական արվեստն օտարազգիներին ներկայացնելու լավ հնարավորություն, քանի որ այս տարի առաջին անգամ այն դարձել է միջազգային: Փառատոնի բացման առիթով  Կարապի լճի տարածքում կայացել է համերգ` սիրված ու ճանաչված հայ երգիչների մասնակցությամբ:  «Արտ ֆեստ»-ին այս տարի կմասնակցեն ավելի քան 30 երկրների 16-30 տարեկան երիտասարդ արվեստագետներ: Մասնագիտական հանձնախումբը ցուցադրությունները դիտելուց հետո կորոշի  մրցանակակիրներին: Ժյուրիի կազմում են սիրված դերասաններ Ռաֆայել Քոթանջյանը, Լալա Մնացականյանը, ռեժիսոր Աննա Հեքեքյանը, կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը և այլոք: Փառատոնի նախագահն է ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը: «Արտ ֆեստ 2016» - ը նվիրվում է ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին:

---

Լոնդոնում հունիսի 8-ին կայանալիք MacDougall's-ի վաճառքում ամենաթանկ լոտերն են Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը»  ստեղծագործությունը և Հենրիխ Սեմիրադսկու «Քրիստոնեության  լուսատուներ. Ներոնի ճրագները» կտավի  միակ էսքիզը, որը  մասնավոր հավաքածուում է: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Այվազովսկու կտավը գնահատվում է 450 – 600 հազար ֆունտ ստերլինգ, իսկ Հենրիխ Սեմիրադսկու կտավի էսքիզի նախնական գինն է  400 – 500 հազար ֆունտ ստերլինգ:

Աճուրդում ներկայացված է լինելու Վասիլի Կանդիսկու, վրաց նկարիչ Լադո Գուդիաշվիլու  և այլ ստեղծագործողների աշխատանքներ:

Բացի գեղանկարներից, աճուրդում ներկայացվելու է ռուսական ճենապակու օրինակներ,  ինչպես նաև լուսանկարները:

---