Հոկտեմբեր 24, 2023 11:18 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել:

«Պատրաստ ենք մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: Իհարկե, այն, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը, որի մասին պայմանավորվածությունն, ի դեպ, ձեռք էր բերվել հուլիսի 15-ին Բրյուսելում եւ այդ պայմանավորվածությունը նույնպես արտահայտված է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ, ահա այդ հանդիպմանը չգալը մեր գործերը չհեշտացրեց»,- ասել է Փաշինյանը:

Միևնույն ժամանակ, նա հստակեցրեց, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի կնքումը կդառնա խիստ իրատեսական, եթե պաշտոնապես վերահաստատվեն բոլոր այն սկզբունքները, որոնք ընդունվել են Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում։

«Ժողովրդավարությունը Հայաստանում շարունակել եւ շարունակում է ստանալ ուժեղ հարվածներ, որոնք գործում են գրեթե ճշգրտորեն կրկնվող սցենարով. արտաքին ագրեսիա, ապա անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցների անգործություն, ապա պատերազմական կամ հումանիտար իրավիճակը կամ արտաքին անվտանգային սպառնալիքը Հայաստանի ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունը տապալելու նպատակով օգտագործելու փորձեր, որն արտահայտվում է հիբրիդային տեխնոլոգիաներով ներքին անկայունություն հրահրելով՝ ուղղորդված արտաքին ուժերի կողմից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նման իրադրություններ 2020 թվականից ի վեր Հայաստանը մի քանի անգամ ունեցել է, որոնցից խոշորագույնը Ադրբեջանի լայնածավալ հարձակումն էր Հայաստանի վրա՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, որի հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիա տեղի ունեցավ:

«Նմանօրինակ ամենաթարմ եւ ամենաողբերգական դեպքերը տեղի ունեցան բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա: Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում:

Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100 հազար հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ, եւ պետք է արձանագրեմ, որ մենք այդ գործը պատվով կատարեցինք»,- ասաց Փաշինյանը։« Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելելով, որ Ադրբեջանը երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մի քանի անգամ վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին՝ որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ:

Փաշինյանն ընդգծեց, որ Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության տասներկու հանրապետությունները` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրը քննարկվող հարցի համատեքստում արել է հետևյալ երկու կարևոր արձանագրումները.

1․ Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:

2․ Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, հետևաբար Խորհրդային միության հանրապետությունների միջև գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:  

*

Հնարավոր է` ՀՀ–ն և Հնդկաստանը համագործակցեն Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրի շրջանակում։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու ԻԻՀ–ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանն այս հարցը քննարկել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը  տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։

«Քննարկվել է Գյումրու «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմին ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է «չոր նավահանգիստ» կառուցել Շիրակի մարզում` օդանավակայանին մոտ ընկած հատվածում, որն անմիջական հասանելիություն ունի և՛ երկաթգծին, և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-հարավ ճանապարհի վրա է գտնվում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հարցազրույցներից մեկում մանրամասնել է, թե ինչ է  ներկայացնում «չոր նավահանգիստ» նախագիծը։ Ըստ նրա` դա լոգիստիկ ենթակառուցվածք է և արդյունաբերական պարկ, այսինքն՝ մեծ տարածքի վրա արդյունաբերական ընկերությունները վարձում են տարածքներ, փակ անգարներ, ստեղծում են իրենց արտադրությունները, և դրան զուգահեռ կոնտեյներային տերմինալ է ստեղծվում, որտեղ կոնտեյներացված ապրանքները պահպանվում են, և տարբեր տրանսպորտային միջոցներն այնտեղ դրվելով՝ տեղափոխվում են կա՛մ մոտակա նավահանգիստներ (դիտարկվում են Վրաստանի նավահանգիստները), կա՛մ ավտոտրանսպորտով, կա՛մ օդային տրանսպորտով տեղափոխվում են այլ տեղ։

*

Ի՞նչ կլիներ, եթե Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց:

Արցախի նախագահի հրամանագիրը` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, պետական հիմնարկների և կազմակերպությունների լուծարման, և Հանրապետության գոյության դադարեցման վերաբերյալ շատ քննարկվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ այդ հրամանագիրը աբսուրդի ժանրից էր և, առհասարակ, նման հրամանագիրը չէր էլ կարող օրինական լինել, նույնիսկ քննարկման առարկա չէ:

Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա մեղմ ասած ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էր դա չեղարկելու ճանապարհները:

Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է:

Ի՞նչ կլիներ, եթե այդ պահին, առհասարակ, Արցախի իշխանությունը հրաժարվեր իրեն պարտադրված հրամանագիրը ստորագրելուց:

Ադրբեջանը սպառնում էր զորքերը մտցնել Ստեփանակերտ և մայրաքաղաքից մեկուսացված Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններ, որտեղ դեռ 100 հազարից ավելի մարդ կար:

Մեզ` Արցախում չգտնվածներիս համար, դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ադրբեջանական զորքերը մինչև խաղաղ բնակիչների բռնի տեղահանումը մուտք գործեին Ստեփանակերտ և մյուս բնակավայրեր:

Այս տեսանկյունից արցախցին ինքը միայն օբյեկտիվ գնահատական կարող է տալ ստեղծված իրավիճակին, ադրբեջանական պարտադրված շանտաժին և որպես դրա հետևանք` նախագահի հրամանագրին:

Բարոյական տեսանկյունից, այս պահին բարդ է արցախցու փոխարեն այս կամ այն պնդումն անել, որովհետև իրավիճակի ողբերգությունն ու դրա դրսևորումներն ակնհայտ էին:

Ինչևէ, հայտնի հրամանագիրը մի կողմից թղթի կտոր է, սակայն պետք է դիտարկել դրա չեղարկման հնարավորությունը, տարբերակներն ու այդ որոշման քաղաքական, ռազմական և մնացած գործոնները», - նշել է Հայաստանպի Հանրապետության Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: