Հունվար 21, 2024 12:16 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ամփոփելով շաբաթը անդրադառնալու ենք Միջին Ասիայի և Կովկասի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին,որոնց խորագրերը ներկայացրեցինք Ձեր ուշադրությանը։ Ընկերակցեք մեզ։

Բաքվի իշխանությունները երկակի հայտարարություններ անելով շարունակում են առաջ տանել Երևանի իշխանություններին խաբելու ծրագիրը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է,թե Հայաստանի մեծ մասը և Երևանը պատկանում են Ադրբեջանին։ Այդ հայտարարությունից հետո, Բաքվի և Անկարայի լրատվամիջոցներում  քարոզչություն է  ծավալվել Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։ 

Global Info կայքը մեջբերել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական Ղաբիլ Հոսեյնլիի խոսքերը, ով ասել է. «Այս կապակցությամբ պետք է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ։ Մեզ համար ընդունելի չեն Հայաստանի ներկայացրած 1970 թվականի քարտեզները: Գոյություն ունեն նաև այլ քարտեզներ, որոնք հերքում են Հայաստանի փաստարկները։ Դրանք կարելի է գտնել  ռուսական արխիվներում: Չնայած, իմ կարծիքով, Ադրբեջանի նպատակը պատմական հողերի վերադարձը չէ, բայց գոնե մենք կարող ենք միավորներ վաստակել Հայաստանի հարավային հատվածում գտնվող Սյունիքի մարզի հարցով»։

Կասկած չկա,որ Իլհամ Ալիևի կառավարության  կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններ հայտնելը կապված են օտարերկրացիների էքսպանսիոնիստական ​​քաղաքականության հետ։  Այն իրավիճակում, երբ Բաքվի և Երևանի իշխանությունները պատրաստվում են ստորագրել  խաղաղության  համաձայնագիր, Բաքվի իշխանությունները վերջերս կրկին բարձրացրել են Հայաստանի հարավից միջանցք ստանալու հարցը, ինչը նշանակում է, որ այս իշխանությունը հեղինակություն չունի  և անընդհատ փորձում է հակասական դիրքորոշումներ որդեգրելով  իր նպատակներն առաջ տանել օտարների օգնությամբ։ Որպես օրինակ, չնայած այն հանգամանքին, որ Բաքվի իշխանությունները  վերջին ամիսներին բազմիցս հրաժարվել են  այսպես կոչված Զանգեզուրի միջանցքից, սակայն  վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցած որոշ փոփոխությունների հետ մեկտեղ ավելացել են Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ պահանջները։

Թվում է, թե Հայաստանի հարավից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն միջանցքի նախագիծն իրականացնելու անհրաժեշտության  կապակցությամբ  Թուրքիայի ու Բրիտանիայի պաշտոնատարների   և  Բաքվում իսրայելցի խորհրդականների պնդումների պատճառով Ադրբեջանի պաշտոնյաները, հատկապես Իլհամ Ալիևը ակտիվացել են այդ նախագիծն  իրագործելու հարցում։ 

Օրերս Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի  հայտարարությունները կարելի է նշել որպես Ռեջեփ Թայիփ Էրդողանի պետական ​​պաշտոնյաների միջամտության ընդամենը մեկ օրինակ։ Հարավկովկասյան տարածաշրջանի ներքին գործերին Թուրքիայի միջամտության համատեքստում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադիր Ուրալօղլուն,որպես մի անձ, ով ընդամենը յոթ ամիս է որ զբաղեցնում է իր ստանձնած պաշտոնը, այս կարճ ժամանակամիջոցում ավելի քան 10 անգամ տարբեր առիթներով,  խոսելով Հայաստանի հարավից միջանցք ստանալու կարևորության մասին փորձել է դրդել Բաքվի պաշտոնյաներին Հայաստանի հարավից միջանցք ստանալու համար: Բաքվի պաշտոնյաների կողմից  Հայաստանի հարավից միջանցք ստանալուց հրաժարվելու մասին հնչած հայտարարություններից հետո, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլղադիր Ուրալօղլուն խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ասելով՝  «Հայաստանից միջանցք ստանալը կիրականացվի 2028 թվականին»։

*

Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության հետ երկարաժամկետ պայմանավորվածություններում է։ 

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով, այդ երկու երկրների հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և միայն նրանց հետ ճիշտ աշխատանքի արդյունքում կարող է դիմագրավել նոր աշխարհակարգի ստեղծման մարտահրավերներին։

«Այսօր աշխարհն ակնհայտորեն գնում է մի շարք պատերազմների։ Հելսինկյան ակտի ստորագրումից հետո ստեղծված աշխարհակարգն աստիճանաբար տրանսֆորմացիա է ապրում, իսկ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը շատ ցավոտ է ընթանալու։ Փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, որի 4 հարևաններից 2–ը թշնամաբար են տրամադրված, հասարակությունը մասնատված է, բավարար պարամետրեր չունի իրավիճակը արժանապատվորեն, ինքնուրույն ու բարենպաստ հաղթահարելու համար»,–ասաց նա։

Զաքարյանի խոսքով` ստեղծված իրավիճակում իր անվտանգության ապահովման համար Հայաստանը նախ պետք է անի իրենից կախվածը, իսկ դաշնակիցների հետ պետք է պատշաճ աշխատի, սեփական փաստարկներով հիմնավորված կերպով շահերը համադրի նրանց շահերի հետ։

«Միայն այդ կերպ է հնարավոր քո տարածաշրջանում, քո երկրում հասնել նվազագույն անվտանգային խնդրի լուծմանը։ Դա ՌԴ–ի և Իրանի հետ ամուր պայմանավորվածություններով կարող է լինել»,–ընդգծեց  նա։

Նման մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար առաջնային է սպառազինության ձեռքբերումը։  Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի սպառազինության գլխավոր մատակարարը։ Բայց, Զաքարյանի խոսքով, ժամանակակից ռազմարվեստը, պատերազմի վարման կանոնները, պաշտպանունակության ապահովման խնդիրները թույլ են տալիս և պարտավորեցնում են դիվերսիֆիկացնել սպառազինության աղբյուրները։

«Որոշ դեպքերում անհրաժեշտ է այլ երկրներում փնտրել ռուսական տեխնիկայի անալոգներ, որոնք իրենց տակտիկանեխնիկական պարամետրերով առավել հարմար են լեռնային ռելիեֆի պայմանների և հայկական բանակի առջև ծառացած մարտական խնդիրների արդյունավետ լուծման համար, բայց դա միայն այն դեպքում, եթե դու վարում ես հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ինքնուրույն որոշումներ ես կայացնում»,–ասաց նա։

«Ինչ-որ տեղից ասում են ՝ Հայաստանը պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնի, իսկ մենք ձեզ ամեն ինչով կապահովենք, իսկ հետո խաբում են։ Կամ գնացեք ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, մենք կլուծենք Հայաստանի անվտանգության հարցը։ Հետո պարզվում է, որ դա էլ է սուտ։ Այսինքն՝ այլ շահեր հետապնդող չհաշվարկված քաղաքականության մեջ սպառազինությունը տեղափոխվում է երրորդ չորրորդ պլան»,–ընդգծեց նա։

Զաքարյանը, ամփոփելով հավելեց, որ սպառազինության գլխավոր աղբյուրը Հայաստանի համար եղել է և կմնա Ռուսաստանի Դաշնությունը` հաշվի առնելով տարածաշրջանում ընդհանուր հետաքրքրություններն ու շահերը։

*

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։

«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։ Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից»,– ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությունով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայության մարմինները։

Նա հիշեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ստեղծվել է 2021 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնց տարածքով ցանկացած նման երթուղի է անցնում, լիովին պահպանում են իրենց տարածքներում դրանց ինքնիշխանությունն ու իրավասությունը։

«Եռակողմ աշխատանքային խմբում դեռ 2023 թվականի հունիսին նրանք փոխվարչապետների մակարդակով պայմանավորվել են վերսկսել հաղորդակցությունը երկաթուղային տրանսպորտի մեկնարկի համար»,– նշեց Լավրովը։

Նա ընդգծեց, որ դա համաձայնեցված էր, հետո Պուտինի հետ Երևանում քննարկվել է, երբ նա այցելել էր Հայաստան ու ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում ունեցել Փաշինյանի հետ։

«Ես դա շատ լավ եմ հիշում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդպիսի պայմանավորվածություններից հրաժարվելը հազվադեպ չէ»,– ասաց ՌԴ ԱԳ նախարարը։

Թե ինչն է խանգարել այդ պայմանավորվածությունները թղթի վրա գրի առնել` Լավրովը չգիտի։ Ըստ նրա` Հարավային Կովկասում արևմտյան ընկերներից «բարի» խորհուրդները միշտ առկա են և դրանք հաճախ ընդունվում են գործընթացի այս կամ այն մասնակցի կողմից։