Հունվար 31, 2024 11:20 Asia/Yerevan

Բարի հանդիպում հարգարժան ռադիոլսող բարեկամներ Հայերեն ռադիոժամի ողջ  անձնակազմը սիրով ողջունում է բոլորիդ, մաղթելով լավ տրամադրություն և հոգու ջերմություն։

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:


Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:

Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կյանքում սովից մեռել:
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ շուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

Հարգելի բարեկամ  այսօր մեր հաղորդման էջը բացեցինք Պարույր Սևակի  «Որդուս» բանաստեղծության մի հատվածով։ Կարելի է ասել Պարույր Սևակի այս գողտրիկ բանաստեղծությունը երիտասարդ սերնդին ուղղված յուրօրինակ մի կտակ է։

Հունվարի 24-ին նշվեց Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը։ Անվանի բանաստեղծը ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Պարույր Սևակը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։