Հայաստանի ներկայացուցիչը՝ Իրանի բացօթյա կինոփառատոնի ժյուրիի կազմում
Հայ կինոգործիչ և դասախոս Արսեն Առաքելյանը Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ միասին ներառվել է Իրանի երկրորդ միջազգային բացօթյա կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի բաժնի ժյուրիի կազմում։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Shahraranews-ը հայտնում է, որ նշված բաժնի ժյուրին բաղկացած է Իրանի, Թուրքիայի և Հայաստանի յոթ կինոգործիչներից ու դասախոսներից, որոնց թվում Արսեն Առաքելյանը։ Ժյուրիի մյուս անդամներն են Ահմադ Ալասթին, Լինդա Քիյանին, Արաշ Ռասաֆին, Հադի Աֆրիդեն և երկու կինոգործիչ Թուրքիայից։
Իրանի երկրորդ միջազգային բացօթյա կինոփառատոնը կանցկացվի Լահիջանում՝ մինչև սեպտեմբերի 12-ը և կներկայացնի ճանապարհորդության ու ճանապարհի, զբոսաշրջության, արկածների, բնության գրկում զբոսաշրջության և շրջակա միջավայրի թեմաներով ֆիլմեր։
Այս փառատոնը, ուսուցողական հանդիպումների և փորձի փոխանակման միջոցով նպաստում է Իրանի, Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների կինոգործիչների միջև համագործակցության ընդլայնմանը։