Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Էրամի այգին՝ Շիրազի այգիների գոհարը, Իրանի պատմական եզակի այգիների մի նմուշ է՝ որը կառուցված է 110 հազար քառակուսի մետր մակերեսով ուղղանկյուն տարածքի վրա, և նրա նոճիները համաշխարհային համբավ ունեն։
Իրանի Շիրազ քաղաքը հայտնի է ոչ միայն համաշխարհային գրողներով և բանաստեղծներով, ինչպիսիք են Սաադին և Հաֆեզը, այլև հեռավոր անցյալից ի վեր աշխարհում նրա հռչակն ու համբավը կապված է եղել կանաչապատ այգիների, ծառուծաղկի ու բլբուլի հետ։ Շիրազի տեսարժան և հայտնի այգիներից մեկը Էրամի այգին է:
Էրամի այգու իրական պատմության և կառուցման վերաբերյալ շատ առեղծվածներ կան, և այգու կառուցման վաղ ժամկետի վերաբերյալ միակ հասանելի փաստաթուղթը դրա հիշատակումն է բազմաթիվ ուղեգրություններում։
Շիրազի Էրամի այգում գոյություն ունեցող շենքը կառուցվել է մոտ 200 տարի առաջ։
Այս եռահարկ շենքը զարդարված է գունավոր սալիկներով և գեղեցիկ սվաղով։ Գեղեցիկ են նաև այգու դռներն ու պատուհանները։
Շիրազի Էրամի այգին այն 9 իրանական այգիներից մեկն է, որոնք 2011 թվականին գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում; ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված իրանական այգիների հավաքածուն ներառում է Շիրազում գտնվող Էրամի այգին , Ֆարսի Մարվդաշտում գտնվող Փասարգադի այգին, Սպահանի Չեհլստունի այգին , Քաշանի Ֆինի այգին, Բեհշահրի Աբբաս Աբադի այգին, Քերմանի Շահզադեհի այգին, Բիրջանդի Աքբարիեի այգին, Յազդի Դոլաթ Աբադի և Փահլեվանփուր այգիները։
Իրանի Ֆարս նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի գլխավոր տնօրեն Մոհամմադ Սաբեթ Էղլիդին ասել է, որ այս տարվա Նոռուզյան օրերին մեկ միլիոն 311 հազար 628 մարդ այցելել է Ֆարս նահանգի զբոսաշրջային վայրեր:
Իրանի ամենահեղինակավոր կինոփառատոններից է «Թեհրանի անիմացիոն բիենալեն», որը տասներեք անգամ անցկացվել է Մանուկների և պատանիների մտավոր զարգացման կենտրոնում. Փառատոն, որը կարևոր իրադարձություն է ոչ միայն Իրանում այս ոլորտի ակտիվիստների համար, այլև կարևոր և հեղինակավոր է նաև Իրանի սահմաններից դուրս՝ սկսած անիմացիայի բնագավառում զարգացած երկրներից մինչև այն երկրները, որոնք այս արվեստի ու արդյունաբերության ոլորտում դեռևս սկսնակ են համարվում։
Փառատոնի ուժեղ կողմերից կարելի է նշել նրա ազդեցությունը Իրանի անիմացիոն ոլորտի վրա՝ գիտական և կրթական միջավայրից մինչև արտադրություն և հեռարձակում: Երիտասարդ կինոգործիչների հետ միասին, ովքեր հույս ունեն, որ իրենց աշխատանքները կցուցադրվեն փառատոնում և կներկայացվեն Իրանի և աշխարհի անիմացիոն շուկայում, նույնիսկ Իրանի անիմացիայի բնագավառի ավագներն ու հայտնի մարդիկ նույնպես ողջունում են, որ իրենց աշխատանքները ներկայացվեն Թեհրանի անիմացիոն բիենալեում: Անիմացիայի ակադեմիական հանրության ներկայացուցիչները ևս հաճախ ակտիվ ներկայություն ունեն այս միջոցառմանը, և փառատոնի հանդիպումներն ու աշխատաժողովներն անցկացվում են բարձր գիտական մակարդակով։
Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնը մեկնարկել է մարտի 3-ին՝ իրանական և միջազգային մրցութային անվանակարգերի ֆիլմերի ցուցադրությամբ, ինչպես նաև «թաղիքագործության» տեխնիկայով կերպարներ ստեղծելու աշխատաժողովի անցկացմամբ։
Փառատոնի քարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 1000-ից ավելի ֆիլմ 71 երկրից, իսկ 522 ֆիլմ Իրանից։ Ընտրության հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո, 195 ֆիլմ համարվել է մասնակցության պահանջներին համապատասխան, որոնցից 33-ը եղել են իրանական, իսկ 162-ը՝ արտասահմանյան ֆիլմեր։
Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնը, ինչպես նախորդները, անցկացվեց չորս՝ մրցութային, արտամրցութային, հատուկ ցուցադրություն և հեռանկարային անվանակարգերում:
Այս շրջանում կազմակերպիչները փորձում էին անուշադրության չմատնել բովանդակության թեման՝ տեխնիկայի և տեխնիկական հարցերի ֆոնին, քանի որ անիմացիան պետք է օգնի հանդիսատեսին լինել պատասխանատու, և սա ծանր պատասխանատվություն է, որ իր վրա է վերցրել Մանուկների ու Պատանիների մտավոր զարգացման կենտրոնը, և այս առումով ունի երկար ու բեղմնավոր անցյալ։
Միջազգային մրցույթի ժյուրիի թվում էին Ֆինլանդիայից Մայքի Կանտոլան, Չինաստանից՝ Յանտոնգ Ժուն, Ռուսաստանից՝ Ալեքսեյ Դամին, Պորտուգալիայից՝ Պեդրո Սարազինան և Իրանից՝ Հորմոզ Հաղիղին։
Չեչնիայում որոշել են սահմանափակում մտցնել երաժշտական ստեղծագործությունների տեմպի վերաբերյալ՝ րոպեում 80-ից մինչև 116 զարկ, հայտնում է Գրոզնի-ինֆորմը՝ հանրապետության մշակույթի նախարարությանը հղումով։ Այսպիսով, դանդաղ ու արագ երաժշտության կտորները «արգելվել» են։«Այսօր (Մշակույթի նախարարության ղեկավար) Մուսա Դադաևի գլխավորությամբ ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել Չեչնիայի Հանրապետության ստեղծագործական պետական և մունիցիպալ խմբերի ղեկավարների հետ, որի ընթացքում նա հրապարակել է վերջնական որոշումը՝ համաձայնեցված Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Ըստ որոշման՝ այսուհետ բոլոր երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունները պետք է համապատասխանեն րոպեում 80-ից մինչև 116 զարկ ռիթմին»,- ասվում է հաղորդագրությունում։Գերատեսչությունում ավելացրել են, որ աշխատանքներ են տարվում չեչենական երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունները չեչենական մտածելակերպին և երաժշտական ռիթմին համապատասխանեցնելու հարցով։Դանդաղ երաժշտական տեմպերը, օրինակ, ներառում են ադաջիոն (48–56 մետրոնոմի հարված), իսկ արագ տեմպերը՝ ալեգրո (120–140)։
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքների։
Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ն առաջին տեղում է։ Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։
Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած Մոտիվացիան» երկրորդ տեղում է։ Մեզ անընդհատ գցել են նույն թակարդը` խոստանալով մոտիվացնել գրքով, թրեյնինգով կամ ֆիլմով, իսկ իրականում ոչինչ էլ չեն տվել, որովհետև անհնար է մոտիվացնել որևէ մեկին գրքով կամ թրեյնինգով։
Ռենե Մոբորնի «Կապույտ օվկիանոսի ռազմավարությունը» երրորդ տեղում է։ Աշխարհի ավելի քան 40 լեզուներով թարգմանված երբևէ ամենաշատ վաճառված բիզնես-ձեռնարկներից է։
Ռոբին Շարմայի ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը չորրորդ տեղում է։ Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է:
Ռոբին Շարմայի «Մեծության ուղեցույց»-ը հինգերորդ տեղում է։ Ռոբին Շարման ընթերցողի դատին է ներկայացնում իր հերթական բեսթսելերը՝ «Մեծության ուղեցույցը»:
Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը վեցերորդ տեղում է։ Այն կսովորեցնի լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:
Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յոթերորդ տեղում է։
Ութերորդ տեղում է Գարեգին Նժդեհի «Չխրատվող ժողովուրդը»: Խորհրդածությունների և հոդվածների այս գրքում Նժդեհը դիմում է հայ երիտասարդությանը՝ մղելով ինքնաճանաչողության:
Հայկ Խաչատրյանի «Հայոց թագուհիները» իններորդ տեղում է։ Այն դշխոյապատում-բամբիշապատում է: Գրքում ընդգրկված են Արամից մինչև Լևոն Զ.Լուսինյան՝ վաղնջական ժամանակներից մինչև 1375 թվականը հայոց թագուհու տիտղոսը կրող կանայք, որոնք ընթերցողին են մատուցվում հակիրճ կենսագրականներով և նրանց նվիրված գրական պատումներով:
Տասներորդ տեղում է Ռոբերտ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գիրքը։ «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը անձնական ֆինանսների կառավարում ուսուցանող թիվ մեկ գիրքն է ամբողջ աշխարհում։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրտսեր հանդիսատեսի համար սպասվում է նոր, գունեղ ու մասշտաբային ներկայացում։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնից, ապրիլի 11-ին և 12-ին կկայանա «Ռատատույ» ներկայացման պրեմիերան։
Վանաձորի դրամատիկական թատրոնն ապրիլի 6-ին Գյումրիում հյուրախաղով հանդես կգա Հովհաննես Թումանյանի «Անուշ» Ներկայացմամբ, իսկ ապրիլի 18-ին Գավառի դրամատիկական թատրոնում կմասնակցի ԿԳՄՍ նախարարության կողմից սկսած թատերական երկամսյակին՝ ներկայացնելով «Խոսիր ինձ հետ» ներկայացումը։
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստան է ժամանում «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։
Ապրիլի 10-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Սայմոն Հեբերլե) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան) համատեղ համերգը։
Համերգը բաղկացած է երկու բաժնից՝ հոգևոր և աշխարհիկ։ Ծրագրում՝ ֆրանսիական, իտալական, անգլիական, սկանդինավյան, գերմանական, իսպանական և այլ ժողովուրդների խմբերգեր։
Բացի երևանյան համերգից, ապրիլի 12-ին, ժամը 19:00 Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կկայանա «Լիոնի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը։
Համերգներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի համակազմակերպմամբ: