Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Թավրիզ քաղաքի հին կառույցների թվում կա 800 պատմական տուն, ինչի շնորհիվ այս քաղաքը վերածվել է Իրանի պատմության ու հին քաղաքակրթության պատուհանի։
Թավրիզի պատմական տներն իրենց գեղեցկությամբ հիշարժան են դարձնում շրջագայությունն այս պատմական քաղաքում։ Ներկայացնում ենք Թավրիզի պատմական տներից մի քանիսը։
Հարիրիի տուն
Հարիրի տունը կառուցվել է Ղաջարների ժամանակաշրջանում։ Տան արտաքին տեսքը իրանական իսկական արվեստի դրսևորում է։ Ներսում կան շատ գեղեցիկ և ինքնատիպ նկարներ, որոնք ներշնչված են Ղուրանում ներկայացված Յուսուֆի ու Զուլեյխայի պատմությունից և Իրանի այլ դիցաբանական թեմաներից:
Սահմանադրության տուն
Թավրիզի Սահմանադությանտունը քաղաքի կարևորագույն պատմական տներից է, որը կարևոր դեր է խաղացել Ղաջարների պատմության ընթացքում։ Տունը նախկինում եղել է ականավոր մարդկանց հավաքատեղին, ինչպիսիք են Սաթար Խանը, Բաղեր Խանը և այլն։
Օրդուբադի պատմական տուն
Թավրիզի Օրդուբադի պատմական տունը ձեզ կտանի Երկրորդ համաշխարհային պատմության ժամանակաշրջան։ Տունը կառուցվել է Մոսեյ բեյ անունով բժշկի կողմից և ի տարբերություն այն ժամանակվա աղյուսով և կավե շինությունների, կառուցված է քարի և աղյուսի համադրությամբ։ Շինությունը սկզբում զբաղեցրել է 1600 քմ տարածք։ Օրդուբադի տան ճարտարապետությունը խիստ տարբերվում է այս նահանգի մյուս տներից և ունի պատմական մեծ արժեք։
Հեյդարզադեի պատմական տունը
Հեյդարզադեի տունը կառուցվել է 130 տարի առաջ։ Այն ներկայացնում է ղաջարական շրջանի ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցներից մեկը։ Տան սրահներն ամբողջ երկարությամբ զարդարված են գունավոր պատուհաններով։ Այսօր Հեյդարզադեի պատմական տունը օգտագործվում է նաև որպես պատմական իրերի ցուցադրության վայր։
Վարպետ Շահրիարի տուն- թանգարան
Այս տուն-թանգարանը թավրիզցի նշանավոր բանաստեղծ Շահրիարի նստավայրն է։ Այն այսօր համարվում է Թավրիզի ամենահայտնի պատմական տներից և պոեզիայի ու գրականության սիրահարների սիրելի վայրերից մեկը:
Փարվին Էթեսամիի տունը
Իրանցի ամենահայտնի կին բանաստեղծ Փարվին Էթեսամիի տունը գտնվում է Թավրիզում։ Փարվին Էթեսամին, որի իսկական անունը Ռոխշանդե էր, այս տանն ապրել է մինչև 7 տարեկան։ Նա մահացել է 1941 թվականին՝ տիֆից։
Բալուրչյանի տունը
Այս տունն ուշ ղաջարական շրջանի գործերից է, և գրավում է յուրաքանչյուր դիտողի ուշադրությունը հարուստ փորագրություններով։ Հիմնական շենքը գտնվում է հյուսիսային մասում և դեպի հարավ ունի սյունապատ գավիթ։
Իրանի Համադան նահանգում գտնվող՝ աշխարհի ամենամեծ Ալի Սադր ջրային քարանձավը Նոռուզի տոնական օրերին հյուրընկալել է մեծ թվով ներքին և արտասահմանցի զբոսաշրջիկների։
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալի Սադր քարանձավը Իրանի միակ խոնավ ջրային քարանձավն է։ Առաջատար երկրաբանների հետազոտությունների համաձայն՝ այն աշխարհի ամենաեզակի և ամենամեծ ջրային քարանձավներից մեկն է, որի ձևավորումը սկսվել է մոտ 190 միլիոն տարի առաջ։
Քարանձավը հայտնաբերել են մի խումբ իրանցի լեռնագնացներ՝ 1962-63թթ, իսկ 46 տարի անց այստեղ արդեն հնարավոր է դարձել շրջել փոքրիկ նավակներով։ Քարանձավն իր անունը ստացել է մոտակա համանուն գյուղից։ Պատմական փաստաթղթերի ու գտածոների համաձայն՝ այս գյուղի անունը եղել է Ալի Սադ, հետագայում խոսակցական լեզվի մեջ կրելով փոփոխություններ, դարձել է Ալի Սադր։
Քարանձավի ներսում կան բազմաթիվ լճեր, իսկ դրա առաստաղից և պատերից կաթող ստորգետնյա աղբյուրներն ու գունավոր լապտերները կրկնապատկում են քարանձավի գրավչությունը։
Ուսումնասիրությունների և փաստաթղթերի համաձայն՝ Ալի Սադր քարանձավի մուտքը Սեֆևյանների ժամանակաշրջանում օգտագործվել է որպես ապաստարան, իսկ դրա ջուրը՝ որպես ջրամբար՝ գյուղատնտեսական նպատակներով։
Թեհրանի հավաքական աղոթքի մշտական վայրում բացվել է ձեռարվեստի ցուցահանդեսը, որը կտևի մինչև ապրիլի 2-ը։ Ցուցահանդեսում գործում է 40 տաղավար։
Ցուցահանդեսում իրենց աշխատանքներ են ներկայացրել փորագրության, ասեղնագործության, էմալապատման, խեցեգործության, փայտի վրա փորագրության, մետաղի ոսկեզօծման, կաշվի ու ծողտի վրա ասեղնագործությանւ և գորգագործության ոլորտների վարպետները։ Նրանք ցուցահանդեսի ընթացքում նույնպես ստեղծել են նոր աշխատանքներ և դրանք ներկայացրել այցելուներին։ Այդ աշխատանքները կրում են կրոնական և բարոյական պատգամներ և ներկայացնում իրանական մշակույթն ու արվեստը։
Երևանի քաղաքապետարանն իր վիրտուալ էջերում հրապարակված տեսանյութում ներկայացրել է Երևանի Կապույտ մզկիթը և պատկերել այս մզկիթի ճարտարապետական գեղեցկությունը։
Այս տեսանյութում ներկայացվել են գեղեցիկ կադրեր Երևանի միակ գործող մզկիթի՝ Կապույտ մզկիթի և իրանցի արվեստագետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսի վերաբերյալ, ինչպես նաև լսելու արժանի հարցազրույց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդականի հետ որը կարողեք դիտել այն մեր պաղտոնական կայքեյջի միջոցով, հենց այս ծրագրում: parstoday.ir.hy
Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարներում պատկերված են Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային հուշարձանները, որոնցից շատերն արդեն ոչնչացվել են Ադրբեջանի կողմից, իսկ Հադրութի ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքներում Լեռնային Ղարաբաղի տարբեր գավառների նախշերն են գույներն ու ավանդույթները:
Lուսանկարներն ու ձեռագործ աշխատանքները ներկայացված են «Արցախն ապրում է» ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 29-ին «Թեքեյան» կենտրոնում:
«Լուսանկարներում Արցախի յոթ շրջանների առավել կարևոր հուշարձաններն են: Լուսանկարները շատ են, սակայն այստեղ ընդգրկել ենք երեսունը: Կան հուշարձաններ, որոնց լուսանկարներն առաջին անգամ են ցուցադրվում: Կտեսնեք Ջրականի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հիմնահատակ քանդվել է 2020 թվականի պատերազմից հետո, կտեսնեք ամրոցներ, վանական համալիրներ, կամուրջներ, գեղեցիկ է Շուշիի ընդհանուր քաղաքային տեսարանը պատկերող լուսանկարը»,-ասաց Զոհրաբ Ըռքոյանը:
Նրա հավաստիացմամբ՝ իրենք չեն հուսահատվել: «Արցախն այսօր հակառակորդի ձեռքում է, բայց դա չի նշանակում, որ մենք այն կորցրել ենք: Հույս ունենք, որ մի օր վերադառնալու ենք, և այս երեխաները ստեղծագործելու են Շուշիում, Հադրութում, Ստեփանակերտում, Քաշաթաղում, որովհետև դա մեր պատմական հայրենիքն է: Լավագույն փաստաթղթերը հենց այս հուշարձանների լուսանկարներն են: Ոչ մի ադրբեջանցի, ոչ մի աղվան նման եկեղեցիներ, վանական համալիրներ չի կառուցել: Եթե իրենք են կառուցել, ինչո՞ւ են հայերեն գրել»,-շեշտեց Ըռքոյանը:
«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:
«Ջունգլիների գիրքը» առաջին հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և կծանոթանան հայտնի հեքիաթներին, և կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով
Երկրորդ հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Երրորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:
Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» չորրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը:
Հինգերորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթների մոլորակ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները:
Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի արկածները» վեցերորդ հորիզոնականում է։ Այս ստեղծագործությունը գրելիս` Ջոնաթան Սվիֆտը նպատակ է ունեցել սուր երգիծանքի ենթարկել իր երկրում տիրող քաղաքական բարքերը, ինչը նրան լավագույնս հաջողվել է:
Յոթերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Ութերորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Երկնքում շատ աստղեր կան» պատմվածքների ժողովածուն։ Վերջինիս մեջ ներառվել են գաղափարներ ընտանեկան ջերմության, սիրո, փոխըմբռնման և նվիրվածության, ծնող-երեխա բազմաշերտ փոխհարաբերությունների, ընտանիքում տիրող խաղաղ և ջերմ մթնոլորտի կարևորության մասին։
Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» իններորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։
Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։
Տասներորդ տեղում է Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը»: Մանկապատանեկան ֆենթըզի, որտեղ հանդիպում են 21-րդ դարի հայ պատանիներն ու վաղնջական հայկական առասպելները։