Գեղարվեստական հաղորդում
Բարի երեկո հարգարժան բարեկամներ։ Ներկայացնում ենք գեղարվեստական հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում կանդրադառնանք անցած շաբաթ մշակույթի և արվեստի ոլորտում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններին։Հաղորդման շրջանակում լինելու են ռեպորտաժներ,որոնք ներկայացնելու է մեր գործընկերը։ Ընկերակցեք մեզ:
Այս օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Շիրազում գտնվող Սաադիի դամբարան։
Գարնանային եղանակի, նարնջի ծաղկած ծառերի, ինչպես նաև գեղեցիկ զբոսաշրջային վայրերի, այդ թվում՝ իրանցի հայտնի բանաստեղծների Սաադիի և Հաֆեզի դամբարանների առկայության բերումով, գարնանը Շիրազն ընդունումէ մեծ թվով զբոսաշրջիկների։
Սաադիի ծննդյան օրը մեծ թվով զբոսաշրջիկներ այցելել են մեծ պոետի դամբարանին և մինչև ուշ գիշեր մնացել այնտեղ։ Շիրազ քաղաքի գեղեցկությունն իր գագաթնակետին է հասնում գարնան երկրորդ ամսին։
Գեղատեսիլ բնության ու լեռների, գունագեղ ու յուրահատուկ այգիների առկայության բերումով, Շիրազն ընտրվել է 2024 թ․ Ասիայի բնապահպանական մայրաքաղաք:
Ապրիլի 21-ը իրանցի հայտնի բանաստեղծ Սաադիի հիշատակի օրն է: Իրանցի մեծ բանաստեծղ, Շիրազին, ով հայտնի է որպես Սաադի, ծնվել է Շիրազ քաղաքում: Գրականագետները նրան անվանում են «Խոսքի վարպետ» և «Խոսքի արքա»:
Մոսլիհ ալ-Դին Սաադին իր կյանքի ավելի քան 20 տարին անցկացրել է ճանապարհորդելով: 1257 թ․ նա գրել է «Բոստան» (Սաադի նամե) բանաստեղծական ժողովածուն, իսկ մեկ տարի անց՝ «Գոլեստան» ժողովածուն:
Ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում Շիրազում գտնվող նրա դամբարանին, իսկ նրա հիշատակի օրն աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են մեծ թվով միջոցառումներ:
Թեհրանում պատմական կոթղների ցուցահանդեսն արժանացել է մեծ թվով այցելուների,այդ թվում զբոսաշրջիկների և արվեստագետների ուշադրությանը։
Պատմական հուշարձանների և տեսարժան վայրերի համաշխարհային օրվա կապակցությամբ, Իրանի պատմական շինությունների ցուցահանդեսը տեղի է ունեցել ապրիլի 17-ից 19-ը՝ Թեհրանի Մասուդիե պատմական շենքում, որտեղ Իրանի արվեստի ու պատմության գեղեցկությունը ցուցադրվել է նկարչության շրջանակում։
Իրանցի մի շարք նկարիչներ գեղեցիկ կերպով նկարել են Իրանի պատմական հուշարձանները, իսկ պատմության սիրահարներն ու զբոսաշրջիկները Թեհրանի Մասուդիե պատմական շենքում դիտել ու վայելել են Իրանի պատմությունն ու քաղաքակրթությունը։
Իրանի Սպահան քաղաքը համատախաստան պայմաններ ունի բոլոր կրոնների հետևորդ զբոսաշրջիկների համար։ Հրեական սինագոգների առկայությունը և դրանց վերականգնումն ու պահպանումը վկայում է կրոնական փոքրամասնությունների ազատության նկատմամբ ԻԻՀ ուշադրության մասին։
Սպահանում հաստատվելուց հետո հրեաները տարբեր դարաշրջաններում կառուցել են սինագոգներ։ Դրանցից պահպանվածնմերի թվում են Ղաջարների շրջանում կառուցված սինագոգները։
Դրանք նման են եկեղեցիներին, սակայն սինագոգում բացակայում են որմնանկարները, քանի որ հրեաները պատերին մարդկային պատկերներ չեն նկարում։ Սիոնագոգներն ունեն դեկորատիվ հարդարանք և չունեն կրոնական արարողությունների համար նախատեսված հարթակներ։
Սպահանի հրեական սինագոգների ճարտարապետական ոճը պարզ է և համատեղելի շրջապատող միջավայրի հետ։ Սպահանի 7 սինագոգները գրանցված են Իրանի ազգային հուշարձանների ցանկում։
Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։
Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։
«Դիմաքանդակներում խնդիր չեմ ունեցել պատճենահանել, այլ ցանկացել եմ մատուցել իմ ընկալմամբ, իմ մեկնաբանությամբ։ Լուսախաղը ինչ-որ չափով Շառլի բեմական եռանդուն և հարուստ ու անսպասելի տոնականությունն է, որը նա վաթսուն տարի պարգևում էր մարդկությանը և հային։ Շառլին տեսել եմ և տեսնելու եմ իմ ձևով, իմ աշխարհընկալմամբ և իմ քանդակային ձևամտածողությամբ»,- նշում է Մկրտիչ Մազմանյանը՝ ներկայացնելով ցուցահանդեսի գաղափարը և խոսելով դիմաքանդակների մասին։Ցուցահանդեսի բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը։Մազմանյանի տարածական քանդակները՝ բրոնզից և մարմարից, նկարագրվել են որպես «վերացական, բայց ռեալիզմ պարունակող»: Արվեստագետի աշխատանքներում արտացոլվում են մարդկային փառասիրությունը, զարթոնքը և էվոլյուցիան։ Մազմանյանի քանդակագործության յուրօրինակ ոճը ձևավորվել է բազմաթիվ մշակույթների և գեղարվեստական ոճերի միախառնումից, չնայած նա ամենաշատը սովորել ու ոգեշնչվել է բնությունից և մարդկանցից։ Մազմանյանի ստեղծագործությունների մեծ մասը նվիրված է մարդուն՝ իր ողջ գեղեցկությամբ:
ՆՓԱԿ-ում ապրիլի 20-ին ժամը 19:00-ին կկայանա ժամանակակից հայկական և ժողովրդական երաժշտության երեկո՝ կենդանի համերգային ծրագրով: Համերգի կարևոր մաս են կազմում Արցախից տեղահանված արվեստագետները, ովքեր կմիանան ներկայացնելու հայկական երաժշտարվեստի արդի պատկերն ու գեղարվեստական զարգացման հեռանկարները: Համերգի մուտքն ազատ է:
Ելույթներով հանդես կգան թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը , Տիեզերք խումբը, երգչուհի Մարբին, «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը և երիտասարդ քամանչահար Աշ Ղազարը:
Համերգին զուգահեռ ընթանալու է «Տվյալներից անդին» ցուցահանդեսը՝ ութ արվեստագետների ու արվեստագետների խմբերի մասնակցությամբ:
Համերգի գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Օբերտոն երաժշտական ընկերությունը: Համերգը կազմակերպվել է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծագործական աքսելերացիոն ծրագրի «Տվյալներից անդին» ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակում, որը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն է՝ ուղղված Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:
«Եվ թառը, և քամանչան, և արցախյան ժողովրդական երաժշտությունն այսօրվա հայկական երաժշտարվեստում ստվերված են և գտնվում են ընդամենը պահպանման ռեժիմում: Այսպիսի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին ու միջոցառումներին մասնակցությունն ու ներկայացումը կարևոր նշանակություն ունի դրանց զարգացման, արդիականացման և հանրահռչակման հարցում: Վստահ ենք, որ բազմակիրառական արվեստի և մշակույթի նման միջոցառումը կտպավորի հանդիսատեսին»,- նշում է Օբերտոն երաժշտական ընկերության համահիմնադիր և միջոցառման մասնակից Միքայել Ոսկանյանը:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 25-29-ը:
Փառատոնի նպատակն է նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:
Այն բաղկացած է լինելու ազգային և միջազգային ֆիլմերի մրցութային ծրագրերից։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ։
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը նախաձեռնել է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամը:
Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 18-ին Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» (The historical and cultural heritage of the Nagorno-Karabakh conflict zone) գիրք-ալբոմի անգլերեն տարբերակի շնորհանդեսը։
Գիրք-ալբոմը, որտեղ լուսանկարներով և համառոտ ստուգաբանությամբ ներկայացված են Սյունիքի շարք գավառների և ԼՂ-ի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանները, հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։
Շնորհանդեսի բացմանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ արդիական ու կարևոր համարելով աշխատությունը, համոզմունք հայտնեց, որ գիրքը ոչ միայն հուշարձանների պահպանման խնդիր է դնում, այլ նաև՝ վտանգված հուշարձանների փաստարկման, վավերագրման և այս աշխարհին հասանելի դարձնելու։
«Մենք պետք է ոչ միայն հպարտանանք, որ ունենք այսպիսի պատմամշակութային ժառանգություն, այլ պետք է փորձենք ամեն կերպ այդ ժառանգությունը պահպանել, ներկայացնել, հանրահռչակել և, ցավոք, շատ դեպքերում նաև փրկել»,- ընդգծեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը։
Գիրք-ալբոմի համահեղինակ Մհեր Քումունցը մանրամասնեց, որ աշխատությունը ներկայացնում է պատմական Սյունիքի և ԼՂ-ի մի տարածքի պատմամշակութային հուշարձանների ամբողջական համապատկերը։
«Հայկական հարցին որևէ կերպ օգտակար կլինի այս գիրքը, և կարծում եմ, այն մասնավորապես ուղղորդում է դիվանագիտական, գիտական ինստիտուտներին, և ընդհանրապես ոչ հայախոս հանրությանը՝ կողմնորոշվելու Արցախի հարցում»,-ասաց Քումունցը՝ հավելելով, որ գիրքը հակադարձում է ադրբեջանական կեղծ թեզերին, թե տվյալ տարածքները հայկական ժառանգություն չունեն։
Նրա խոսքով՝ ամբողջությամբ գիտական հենքի վրա հիմնված գրքում ոչ միայն ներկայացված են պատմամշակութային հուշարձանները, այլ նաև՝ կարևոր ստուգաբանություններ տեղանունների վերաբերյալ։