Հունիս 19, 2016 21:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական իրադարձությունների: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված, Թեհրանի Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն, «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնությամբ թվականիս հունիսի 15-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպության «Կոմիտաս» սրահում կազմակերպվել էր երաժշտական յուրահատուկ փառատոն. «Արդարություն եւ կայուն խաղաղություն» խորագրով:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության իրողության մասին վավերագրական տեսֆիլմ: Օրվա բանախոսն էր համալսարանի ավագ դասախոս, ճանաչված մտավորական, միջազգային հարաբերությունների փորձագետ դոկտ. Դավուդ Հերմիդաս Բավանդը, ով հանգամանորեն անդրադարձավ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող պատմական իրադարձություններին եւ փաստերին:

Գեղարվեստական բաժնում հայկական եւ իրանական երգերով հանդես եկավ «Օրդիբեհեշթ» երգչախումբը, ղեկավարությամբ դոկտ. Համիդ Ասգարիի: Կոմիտասի հեղինակած երգեր կատարելուց առաջ, խմբավարը խոսեց Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդին հասցված մշակութային վնասների մասին՝ Կոմիտասին համարելով Հայոց Ցեղասպանության մշակութային զոհերից մեկը:

Երգչախմբի ելույթից հետո ցուցադրվեց տեսահոլովակ՝ Իրանի մեծանուն բանաստեղծ Սաադիի ամենահայտնի ստեղծագործություններից մեկի հիման վրա, որի երաժշտության հեղինակը իրանահայ ճանաչված երաժշտագետ Վարդան Սահակյանն էր:

Տեսահոլովակի ցուցադրությունից հետո բեմ հրավիրվեց Երաժշտական փառատոնի ժուրիի կազմի նախագահ, համալսարանի դասախոս, երաժշտագետ Վարդան Սահակյանը, ով անդրադառնալով փառատոնի նպատակներին եւ կազմակերպչական աշխատանքների ընթացքին՝ նշեց, որ երբ նման փառատոնի մասին տեղեկացվեց Իրանի երաժշտական շրջանակը, ստացվեցին բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք բոլորն էլ արժանանալու են գնահատագրերի, իսկ լավագույնները՝ մրցանակների: Գնահատագրերն ու մրցանակները հանձնելու համար բեմ հրավիրվեցին Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետյանը, Իրանի երաժշտական տան նախագահ դոկտ. Սարիրը, փառատոնի ժուրիի անձնակազմը, եւ «ՀՈՒՍԿ» հաստատության վարչության նախագահ Արամ Շահնազարյանը:

Մրցանակաբաշխությունից հետո «ՀՈՒՍԿ» հաստատության վարչության նախագահ Արամ Շահնազարյանը, շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նպաստել էին փառատոնի կայացմանը՝ նշելով, որ փառատոնի խորհրդանիշ խաղաղության սպիտակ աղավնին թռիչքի համար կարիք ունի այնպիսի ղեկավարների, որոնք մարդկային արժանապատվությունը վեր կը դասեն ամեն ինչից:

Նա եզրափակիչ խոսքի համար բեմ հրավիրեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանին: Պատգամավորը բարձր գնահատելով միջոցառումը՝ նշեց, թե ուրախ է այն փաստի համար, որ Գերմանիայի խորհրդարանն օրերս պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:

---

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամների, մերձավորների եւ նրա արվեստի մեծաթիվ երկրպագուների հետ հունիսի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ժողովրդական երգարվեստի մեծ նվիրյալ Օֆելյա Համբարձումյանին:

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է 1925թ. Երևանում: Դեռ վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին` իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։

Ականավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը պատմում էր, որ առաջիններից մեկը ինքն է լսել շնորհալի դպրոցականին, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, իսկ հետո էլ հորդորել է ստանալ երաժշտական կրթություն և ոտք դնել երգի արհեստավարժ բնագավառ։ Ապագա երգչուհին սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանն ու հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ` մի ամբողջ կյանք ապրելով այստեղ, մի ամբողջ կյանք նվիրելով Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլին, որը միշտ հավատարիմ մնաց հայ աշուղական, ժողովրդական երգարվեստին, նպաստեց կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։

1944 թվականից՝ հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի էր։ Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու,Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենն էլ իր «Էլինար» պոեմն է գրել Օֆելյա Համբարձումյանի համար` ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։

Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ կատարեցին «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնաց անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։ Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում՝ Իրան, Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա և ԱՄՆ:

---

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 10-17-ը: Փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 հայտ՝ 91 երկրից. մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ: «Ոսկե ծիրան»-ի կարևորագույն և անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք»  ծրագրերում նույնպես ներկայացվելու են համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն գործերը:

«Այս փառատոնն անկախության ծնունդն է և ներառում է դրան բնորոշ բոլոր հասկացությունները ՝ խաղաղասիրություն, մարդասիրություն, ժողովրդավարություն: «Ոսկե ծիրան»-ը բերեց ազատության և անկախության գաղափարները, որ մեզանում արժևորվեցին և արմատավորվեցին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նախարարն ընդգծեց, որ փառատոնը մեզանում կայացած է, և շատերն ամեն տարի դրան անհամբերությամբ են սպասում:

«Ոսկե ծիրանն» անցկացվում է արդեն 13 տարի. թվում է, թե մարդիկ պետք է մեզնից հոգնած լինեին, մենք՝ նույնպես, բայց նույնիսկ այս դժվար ժամանակներում «Ոսկե ծիրան»-ը մատնված չէ անուշադրության,- իր հերթին կես-կատակ կես-լուրջ նշեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա հավելեց, որ փառատոնը մեկնարկելու է «Զարեհ» ֆիլմով, որը նկարահանվել է 90 տարի առաջ. այն առաջին ֆիլմն է, որ նվիրված է քրդերին և եզդիներին: Նա ընդգծեց, որ շատ կարևոր է նաև արտահանել հայկական ֆիլմերը, ցույց տալ արվեստը և ստեղծագործող մարդկանց աշխատանքը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ փառատոնի ծրագրերը շատ են և բազմազան, ինչպես ամեն տարի: Բացառությամբ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի՝ բոլոր ծրագրերն անփոփոխ են: «Կլինի Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ, Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ և «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ, որն այս տարի կարծես բավական հարուստ կլինի»,- ավելացրեց Ստամբոլցյանը:

Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում Անկախության 25-ամյակի առիթով ավելի մեծ կարևորություն կտրվի հայկական կինոյին:

Փառատոնում տեղ է գտել «Հայկական կինո.արդի ժամանակներ» ծրագիրը, որը կներկայացնի Հայաստանի անկախության տարիներին նկարահանված խաղարկային և վավերագրական 17 ֆիլմ: Փառատոնում առաջին անգամ ներկայացված են  «Շեքսպիրն ապրում է կինոյում» , «Դանիական նոր կինո» և «Բասկյան նոր կինո» ծրագրերը:

Բացի այդ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առիթով կտեղադրվեն անվանական աստղեր:

---

Ամերիկահայ երջանկահիշատակ բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանվող «Խոստումը» ֆիլմը` Ոսկե գլոբուսի հաղթող Օսկար Այզեքի և օսկարակիր Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, գրեթե պատրաստ է:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, վկայակոչելով իր աղբյուրները, Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված ֆիլմը, հավանաբար,  մեծ էկրաններին կհայտնվի այս տարվա դեկտեմբերի սկզբին:

Կինոակադեմիայի մրցանակակիր և օսկարակիր  ռեժիսոր Թերի Ջորջի հեղինակած ֆիլմում Բեյլը կմարմնավորի սիրո եռանկյունու մի կողմում կանգնած, բայց Առաջին աշխարհամարտի ճակատում հայտնված  երիտասարդ Քրիսին, իսկ Այզեքը կմարմնավորի նույն կնոջը սիրահարված, բայց հին աշխարհի ավանդույթներին բախվող Միքայելին:

Թերի Ջորջը «Օսկար»  ստացել է 2013-ին «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի համար, որը պատմում  է Ռուանդայի ցեղասպանության մասին:

«Խոստումը» ֆիլմում նկարահանվում են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը, Ժան Ռենոն, Շորե Ագդաշլուն և Անժելա Սարաֆյանը:

Նկարահանումների ավարտին Survival Pictures կինոստուդիայի համաղեկավար և պրոդյուսեր Էրիկ Եսրայլյանը Asbarez-ին գրած նամակում հայտնել է, որ «Քըրքորյանը հպարտ կլիներ, դա աշխատանքն ավելի հատուկ է դարձնում»:

Հիշեցնենք, որ Playlist ժամանցային պորտալն ավելի վաղ կանխատեսել էր, որ «Խոստումը» կհայտնվի 2017-ի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում:

---

Իտալական Վիջևանո քաղաքում բացվել է բացառիկ մուլտիմեդիա թանգարան, որը նվիրված է միջնադարի հանճարներից մեկի` Լեոնարդո դա Վինչիի գյուտերին:

Leonardiana թանգարանը գտնվում է այն դղյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ կանգ է առել Դա Վինչին:

Թանգարանի նպատակն է այցելուներին հնարավորություն տալ կատարել բացառիկ ճամփորդություն տաղանդաշատ իտալացու անցած կյանքի ու ստեղծագործական ուղիներով:

Մասնագետները կիրառել են նորարարական գրաֆիկական ու մուլտիմեդիական տեխնոլոգիական լուծումներ, որոնք ավելի դիտարժան են դարձնում ցուցանմուշները:

Աղբյուրը նկատում է, որ Leonardiana-ն աշխարհում միակ թանգարանն է, որտեղ կարելի է տեսնել մարդկության մեծագույն հանճարներից մեկի բոլոր գյուտերն ու աշխատանքները: Դա հնարավոր է դարձել հնագույն ձեռագրերի մուլտիմեդիական կրկնօրինակների հավաքածուի շնորհիվ: Ցուցանմուշներից ամեն մեկին կից կա բացատրական տեքստ, որը պատմում է տվյալ գյուտի ծագման պատմությունն ու շատ այլ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում դրա վերաբերյալ:

Նշվում է, որ ցուցանմուշներից յուրաքանչյուրի օրիգինալ տարբերակը տեսնելու համար այցելուները ստիպված կլինեին այցելել տասնյակ թանգարաններ, հարյուրավոր գրադարանային արխիվներ, որոնցից շատերը հասանելի չեն սովորական մարդկանց համար:

---

Ամերիկացի գրող, «Դա Վինչիի կոդը» վեպի հեղինակ Դեն Բրաունը 300 հազար եվրո է նվիրաբերել նիդեռլանդական գրադարանին:

Ամստերդամի Ռիթմանի գրադարանում Բրաունը նյութեր է հավաքել իր մի քանի հայտնի ստեղծագործությունների համար: Ի նշան երախտագիտության՝ գրողը որոշել է գումար նվիրաբերել հաստատությանը:

Այս միջոցները կուղղվեն հերմետիզմին նվիրված հազվագյուտ գրքերի եւ ձեռագրերի մի մասի թվայնացմանը: Այս ուսմունքի մասին Բրաունը հիշատակել է իր «Կորսված խորհրդանիշը» եւ «Ինֆեռնո» վեպերում:

Շուրջ 4600 աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են մինչեւ 1800 թվականը, առցանց տարբերակով հասանելի կլինեն արդեն 2017 թվականին գարնանը:

---

Հռոմի Օկտավիանոս Օգոստոս կայսեր գողացված կիսանդրին 40 տարի անց Իտալիա է վերադարձել: 2 հազար տարեկան մարմարե կիսանդրին գողացել էին 1970-ական թվականներին, Նեպի քաղաքից, եւ դուրս բերել երկրից: Ավելի ուշ Բրյուսելի Հիսունամյակի թանգարանը մասնավոր կոլեկցիոներից գնել էր այն:

Իտալիայում նման դեպքերը եզակի չեն, այդ պատճառով երկրում նույնիսկ ոստիկանության հատուկ ստորաբաժանում է ստեղծվել:

Հետաքննության ընթացքում մասնագետները պարզել են, որ Օկտավիանոսի կիսանդրին պահվում է Բրյուսելի թանգարանում: Իմանալով այդ մասին՝ բելգիացիները որոշել են արվեստի ստեղծագործությունը վերադարձնել իրական տերերին:

Օկտավիանոս Օգոստոս կայսրը մ.թ.ա. 27 թվականին հիմնել է Հռոմեական կայսրությունը եւ այն կառավարել շուրջ 40 տարի: