Հունիս 26, 2016 20:03 Asia/Yerevan

Ողջունում ենք Ձեզ հարգելի ունկնդիրներ։ Վերջին տասնամյակներում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը մեծ վնասներ պատճառած գործոններից են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող աղետները, որոնց հետևանքները ազդեցություն են գործում շրջակա միջավայրի ընդարձակ տարածության վրա։ Այսօրվա հաղորդման ընթացքում քննարկելու ենք մի շարք աղետներ և աշխարհում շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը։ Ընկերակցեք մեզ:

Նախորդ տասնամյակներում աշխարհի տարբեր կետերի շրջակա միջավայրում տեղի են ունեցել մեծ ողբերգություններ, որոնց հետևանքները եղել են այնպես, որ մարդկանց ուշադրությունը սևեռել են աշխարհում տեղի ունեցող ակտիվությունների բնապահպանական գնահատման անհրաժեշտության հանգամանքի վրա։ Այդ կարևորագույն ողբերգություններից է 20-րդ դարի 80-ական թվականներին Հնդկաստանում տեղի ունեցած միջադեպը։ 1984թ. Դեկտեմբերի 3-ի առավոտյան «Յունիոն Քարբայդ» ամերիկյան ընկերության քիմիական գործարանի հնդկական մասնաճյուղում տեղի ունեցած պատահարի հետևանքով գործարանից արտահոսեց 25 տոննա խիստ թունավոր և մահացու նյութ հանդիսացող մեթիլիզոցիանատ գազը և բաց թողնվեց այդ շրջանում։ Հաշվի առնելով Բուփալ շրջանի բնակչության խտությունը, պատահարի հետևանքով ուժեղ թունավորման պատճառով Բուփալում մահացավ մոտ 4000 մարդ, իսկ 20000 մարդ դարձավ անդամալույծ։ Այդ միջադեպի տուժածները գնահատվել են 200-300 հազար մարդ։ Մեթիլիզոցիանատը օգտագործվում է վնասատուները ոչնչացնող բուսական թունաքիմիկատի արտադրման համար։ Նշված նյութը անմիջականորեն ներգործում է մարդու շնչառական օրգանների ու նյարդային համակարգի վրա։ 

«Յունիոն Քարբայդ» ընկերության կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ գազի արտահոսքի պատճառը եղել է մեթիլիզոցիանատ պարունակող պահեստարանում մեծ քանակությամբ ջրի ներթափանցումը, որի հետևանքով տեղի են ունեցել որոշակի քիմիական ռեակցիաներ և արդյունքում բացվել է շտեմարանի ապահովիչ փակոցը և արտահոսել գազը։ Այդ միջադեպը աշխարհի մեծ արդյունաբերական ընկերությունների նկատմամբ առաջացրեց ատելության ու բողոքի մեծ ալիք և բնապահպանների, մարդու իրավունքների գաղափարակիրների, բժիշկների և շարքային մարդկանց շրջանում տեղի ունեցան լայնածավալ բողոքի ակցիաներ մարդու առողջության և շրջակա միջավայրի նկատմամբ նրանց անտարբերության վերաբերյալ։ Թեև «Յունիոն Քարբայդ» ընկերությունը փոխհատուցում վճարեց միջադեպի հիվանդներին ու տուժածներին, այնուամենայնիվ այդ միջադեպի բնապահպանական հետևանքները դեռևս տեսանելի են այդ տարածաշրջանում և ամեն տարի այդ միջադեպի տարելիցին աշխարհում կազմակերպվում են ցույցեր այդ կապակցությամբ։

---
20-րդ դարում շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը լուրջ վնասներ պատճառած ողբերգություններից մեկը տեղի է ունեցել ներկայիս Ուկրաինայի Չեռնոբիլում։ Այդ ողբերգությունը վճռական ազդեցություն ունեցավ ատոմային արտադրությունների նկատմամբ համայն աշխարհի մարդկանց մոտեցումներում։ Այդ աղետալի միջադեպի ուղերձն էր՝ մարդկանց կյանքն ու բնության առողջությունը չպետք է զոհել տնտեսական զարգացմանը։ Բայց ինչ էր այդ միջադեպը և ինչպես այն տեղի ունեցավ։
1986թ. Ապրիլի 26-ին ԽՍՀՄ-ի փոքր հնագիտական Չեռնոբիլ գյուղում գտնվող ատոմակայանում պայթեց 4-րդ ռեակտորը։ Պայթյունի հետևանքով հալվեց ռեակտորի միջուկը և արդյունքում երկիր մոլորակի մթնոլորտում տարածվեց հսկայական ճառագայթում։ Պայթյունից առաջացած սնկանման ամպը Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի մի ընդարձակ տարածքում տարածեց մեծ քանակությամբ ուրան, պլուտոնիում, յոդ, ստրոնցիում ու ցեզիում և նույնիսկ Եվրոպայում ու Ճապոնիայում զեկուցվեց դրա ճառագայթման աղտոտման մասին։ «Կանաչ խաղաղություն» կազմակերպությունը այդ միջադեպի զոհերի քանակը գնահատեց 32000 մարդ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ զեկուցեց, որ հինգ մլն մարդու առողջությունը ենթարկվել է այդ միջադեպի ազդեցությանը։ Միջադեպից ամենամեծ ազդեցությունը կրած շրջաններում խիստ ավելացան վահանագեղձի քաղցկեղի դեպքերը։
Միջադեպից հետո ռեակտորից անցնող քամիների անմիջական ուղղության վրա գտնվող անտառից 4 կմ ² մակերեսով տարածք ամբողջովին կարմրեց և ոչնչացավ։ Անտառում ապրող կենդանիները նույնիսկ ամենահեռավոր կետերում բոլորը կոտորվեցին կամ դադարեցվեց նրանց վերարտադրողականությունը։ Շրջանում առկա կովերը կամ շատ շուտ մահացան կամ կրճատվեց նրանց կյանքը վահանագեղձի վնասվածքի պատճառով։ Շրջանի բույսերի ու կենդանիների մոտ տեղի ունեցան գենետիկական մուտացիաներ։ Տևական ժամանակով փոխվեց տերևների տեսքը և կենդանիները ծնվում էին արատներով։ Չեռնոբիլի ատոմակայանը գտնվում է Պրիպյատ գետի կողքին։ Մինչ այդ , այդ գետը ապահովում էր Կիև քաղաքի ավելի քան 2 մլն մարդու օգտագործման ջուրը։ Այդ ողբերգության հետևանքով աղտոտվեց գետը և այդ գետի փոխարեն Կիև քաղաքի խմելու ջուրը սկսեց ապահովվել Դնեպրի վտակի միջոցով։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ ջրի աղտոտման հետևանքով այդ շրջանի կենդանիներն ու ձկները աղտոտվեցին ցեզիում վտանգավոր նյութով։ Այդ աղտոտումը բավականին մնայուն էր, քանի որ 2010թ. Գերմանիայում 400 որսված վարազի վրա կատարված փորձարկումներում ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը գերազանցում էր թույլատրելի սահմանը։ Թեև ներկայումս նվազման միտում ունի Չեռնոբիլի ողբերգության ռադիոակտիվ նյութերի ու ցեզիումի ազդեցությունը, այնուամենայնիվ փորձագետները ենթադրում են, որ աղտոտումը շարունակվելու է հետագա ավելի քան 100 տարիների ընթացքում։
---
Վերջին տասնամյակներում շրջակա միջավայրին լուրջ վնասներ պատճառած ողբերգություններից է ծովերում և օվկիանոսներում նավթի արտահոսքը։ Ծովերում և օվկիանոսներում տեղի են ունենում տարեկան նավթի արտահոսքի 14000 դեպք, որոնք սովորաբար փոքր մասշտաբների են բաժանվում և դրանք հավաքվում են, սակայն որոշ դեպքերն աղետալի են։ 1989թ. Ալյասկայի Փրինս Վիլիամի նեղուցում «Էքսոն Վալդզ» նավթակիր նավից 42 մլն լիտր անմշակ նավթի արտահոսք տեղի ունեցավ։ 1993թ. Շոտլանդիայի Բրեդֆիլդշոտլանդ կղզու մոտակայքում մեկ այլ նավթակիր նավից ծովը թափվեց 98 մլն լիտր անմշակ նավթ։ Իսկ 2010թ. ապրիլի 20-ին Մեքսիկայի ծոցում տեղի ունեցած նավթի արտահոսքը ամենախոշոր բնապահպանական աղետներից մեկն էր։ «Բի.Փի.» ընկերության «Դիփ Վոթր Հորայզոն» նավթային հարթակի պայթյունն ու հրդեհը 11 բանվորի մահվան և Մեքսիկայի ծոցում ավելի քան 4 մլն բարել նավթի արտահոսքի պատճառ դարձավ, ինչը համարվում է պատմության ոչ դիտավորյալ ամենախոշոր նավթի արտահոսքը։ Մեքսիկայի ծոցի նավթային աղտոտումը ընդգրկեց ավելի քան 300 կմ² մակերեսով ջրային տարածք, վտանգեց այդ շրջանի բազմաթիվ կենդանիների կյանքը և ոչնչացրեց նրանց բնակավայրերը։ 
Կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ բաց վերքերը, մակաբուծային ինֆեկցիաները և սև խորհրդավոր բծերը այն ախտանիշերն են, որոնք Մեքսիկայի ծոցում նավթի արտահոսքի աղետից տարիներ անց ներգործում են այդ շրջանի ծովային կենդանական աշխարհում։ Խորքային ջրերի կորալները, ծովային ջրիմուռը, դելֆինները և բուսական ու կենդանական այլ տեսակները վնասներ են կրել նավթի արտահոսքից։ Թեև այդ աղետի մեղավորները հանդիսացող «Բի.Փի.» և «Հալբիրթոն» ընկերությունները ձկնորսներին ու ձկնաբուծական ընկերություններին վճարեցին մեկ մլրդ 100 մլն դոլար որպես նավթի արտահոսքի վնասի փոխհատուցում, բայց արդյոք այդ աղետի բնապահպանական վնասներն վերականգնվեցին։
Բնապահպանական աղետներից մեկն է Արալյան լճի ոչնչացումը, որը ափսոսանք է առաջացնում բնապահպանների մոտ։ Լիճ, որը ոչնչացվեց անուշադրության պատճառով։ Այդ լիճը, որը գտնվում էր Իրանի հյուսիսում Ուզբեկստանի և Ղազախստանի միջև, իր մեծությամբ աշխարհի 4-րդ լիճն էր։ 
1960-ականների սկզբին Խորհրդային պետությունը որոշեց փոխել Ամուդարիա և Սիրդարիա երկու գետերի ուղղությունը և ջրանցքի կառուցմամբ նրանց ջուրը Արալյան լճի փոխարեն ուղղորդել դեպի Ուզբեկստանի ու Թուրքմենստանի չորային երկրամասեր և այնտեղ աճեցնել բրինձ, սեխ, բերքի այլ տեսակներ, մասնավորապես բամբակ։ Սկզբում նախագիծը հաջող ընթացք ունեցավ, այնպես որ 1988թ. Ուզբեկստանը դարձավ աշխարհի ամենախոշոր բամբակ արտահանող պետությունը և դա համարվում էր մեծ պարծանք։ Սակայն բնության մեջ միջամտումը նրա ռեակցիայի պատճառ դարձավ։

1961-1970թթ. Լճի մակարդակն իջեց տարեկան 20 սմ-ով։ Ոչ ոք նշանակություն չտվեց դրան։ 70-ականներին այդ ցուցանիշը եռապատկվեց, իսկ 80-ականներին այդ տեմպը շարունակվեց և հասավ տարեկան 80-90սմ ցուցանիշին։ 1991թ. Փլուզվեց Խորհրդային միությունը և անկախացավ Ուզբեկստանը, սակայն ջրային քաղաքականությունը չփոխվեց։ Լճի ջրի ծավալի նվազումը և աղիացումը բազմաթիվ ձկների ոչնչացման պատճառ դարձավ, փակվեց շրջանի ձկնաբուծական արդյունաբերությունը և բնակչությունը ստիպված արտագաղթեց։ 1991թ. Աշխարհի խոշորագույն բնապահպանական հետազոտող Լեսթեր Բրաունը տարածաշրջան կատարած իր այցի ընթացքում գրել է. «Երբ ինքնաթիռից ես նայում , լճի մերկացած հատակը նման է լուսնի տեսարանին։ Ոչ կենդանական կյանք է երևում, ոչ էլ բուսական։ Նույնիսկ լճի ճահճային մնացորդում, որտեղ սովորաբար շատ է երևում կյանքի աշխուժությունը, երբեմն աչքի է ընկնում միայն պելիկանսի կամ վայրի բադի պես մի թռչուն։ Երկրի մակերևույթից մի քանի հարյուր ոտնաչափ բարձրության վրա թռչող ինքնաթիռից պարզ երևում են մահացող էկոհամակարգի նշանները։ Լճի ափերում գտնվող գյուղերը, որոնք երբեմն եղել են ձկնորսության կենտրոն, լքված են և կիլոմետրերով հեռացել են անընդհատ ետ նահանջող լճի ջրից։ Ինչպես Ամերիկայի արևմուտքում ուրվականների քաղաքին նմանվող լքված հանքաարդյունաբերական ավանները, այդ դատարկված գյուղերը արտացոլում են մեռնող էկոհամակարգի և փլուզվող տնտեսության պատկերը։ Արալյան ծովը մեր աչքի առջև գոլորշիանում է բառիս բուն իմաստով»։


Այս ոչնչացումը մեծ արձագանք գտավ աշխարհի լրատվամիջոցներում և Լոնդոնում տպագրվող «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթը այն որակեց երկիր մոլորակի վատթարագույն բնապահպանական աղետը։ Բայց արդյոք այդ տխուր փորձառությունները կարողացան նվազեցնել շրջակա միջավայրի նկատմամբ մարդկանց ագահությունն ու տգիտությունը։ Ցավոք սրտի փաստերը վկայում են այն մասին, որ մարդը էգոիստաբար շարունակում է իր ճանապարհը։

Հաշվի առնելով, որ սպառվել է մեր այսօրվա հաղորդման ժամանակը, դրա մասին կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։ Իսկ մինչ այդ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Աստված ձեզ հետ։