Գեղարվեստական հաղորդում (16)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ: ----------------------
Իրանահայ անվանի դիրիժոր, երաժիշտ և Իրանի վաստակավոր արվեստագետների հաստատության հիմնադիր անդամ մաեստրո Լորիս Ճգնավորյանը սրտի վիրահատության է ենթարկվել:
Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարար Ալի Ջաննաթին տեղեկանալով Ճգնավորյանի հիվանդության ու վիրահատության ենթարկվելու մասին, հանձնարարել է կարգավորել արվեստագետի ֆինանսական ու առողջության ապահովագրության խնդիրները:
Իրանի իսլամական մշակույթի և առաջնորդության նախարարի գեղարվեստական հարցերով տեղակալ Ալի Մորադխանին այցելել է հիվանդանոցում ապաքինվող իրանահայ արվեստագետին և տեղեկացեl նրա բուժման ընթացքի մասին:
Մաեստրո Լորիս Ճգնավորյանն Իրանում ու Հայաստանում ճանաչված արվեստագետ է և բազմաթիվ համերգներ է ղեկավարել Ավստրիայում, Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆինլանդիայում, Հայաստանում ու Թաiլանդում:
Վերջին տեղեկությունների համաձայն մաեստրոն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
---
Ալի Զարեե Ղանաթի պատրաստած «Հայրիկիս փխրուն տիկնիկը» (Dad’s Fragile Doll) Բանգլադեշի միջազգային առաջին փառատոնին՝ IOFF-ին, որպես Իրանը ներկայացնող անիմացիոն ֆիլմ, արժանացել է փառատոնի «Լավագույն անիմացիա» մրցանակին: Հիշյալ փառատոնը անցկացվել է Դաքա քաղաքում: Փառատոնին մասնակցել են 105 երկրների 4000 անիմացիոն ֆիլմեր:
«Հայրիկիս փխրուն տիկնիկը» անիմացիոն ֆիլմը պատմում է մի աղջկա մասին, ով իր գրող հոր բանտարկվելու և սպանվելու դեպքերը վերպատմում է իր մոր տիկնիկների միջոցով:
Ֆիմլն արժանացել է միջազգային տարբեր փառատոնների մրցանակների: Ավելի վաղ նույնպես ֆիլմն արժանացել էր Շվեյցարիայի viwester փառատոնի «Լավագույն ֆիլմ», Ավստրալիայի vetersns փառատոնի «Լավագույն անիմացիա», Բելառուսի փառատոնի «Լավագույն անիմացիա», Հոնգ Կոնգի Կաուոշինգ փառատոնի «Լավագույն անիմացիա» և Իսպանիայի The Kids Festival փառատոնի «Լավագույն անիմացիա» մրցանակներին:
---
Հայաստանի գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ Վարդան Դեւրիկյանը հանրության դատին է հանձնել Հռոմի պապի հայաստանյան այցելության կապակցությամբ գրված «Հայ ուխտավորները Հռոմում» («Armenian pilgrims in rome») գրքի անգլերեն տարբերակը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում հրատարակված աշխատության առանցքը միջնադարում հայերի` Հռոմ կատարած ուխտագնացություններն են:
Վարդան Դեւրիկյանի խոսքով` նա ցանկացել է ցույց տալ, որ դեռեւս այդ ժամանակներում հայերը կազմել են եվրոպական եւ ընդհանուր քրիստոնեական մշակույթի եւ քաղաքակրթության մի մասը:
---
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանի «Ավե Մարիա» ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի հայաստանյան այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում: Հանրապետության հրապարակում հունիսի 25-ին նախատեսված երեկոյին 2013-ին գրված և երբևե չկատարված գործը ներկայացրեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Երգեհոնով նրանց նվագակցեց Գարի Քյոսայանը:
«Որպես հայ քրիստոնյա` միշտ երազել եմ գրել «Ավե Մարիա»` ձոն առ մայրության, ձոն առ Մարիամ Աստվածածնի: Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ բախտ վիճակվեց նման գործ գրել»,-շեշտում է կոմպոզիտորը:
Ստեղծագործությունն առանձին ձայնասկավառակի տեսքով հասանելի է հունիսի 24-ից: Ձայներիզում «Ավե Մարիա»-ն հնչում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և երգչուհի Իրինա Զաքյանի կատարմամբ:
Կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ. Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: 1988-2003 երաժիշտը բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ-ում ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում է Հայաստանում:
Քյոսայանն այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Հեղինակել է նաև կինոերաժշտություն:
Los Angeles Times-ի բնորոշմամբ` Գարի Քյոսայանի երաժշտության մեջ հայ մարդու հոգևոր շունչն է: Պարբերականը Քյոսայանի երաժշտությունը համարում է «նոր քայլ` ջազում»: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձևեր և նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը և բոլոր ժամանակներում արդիական է:
--
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն այս տարի երեքն են. «Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ: 900 հայտերից ընտրված 43 ֆիլմերը կպայքարեն նշված երեք մրցութային ծրագրերում՝ 12-ը խաղարկային միջազգային մրցույթում, 15-ը՝ վավերագրական միջազգային մրցույթում, 16-ը՝ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:
«Այս տարի ընտրությունը դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին: Հանձնաժողովում նույնիսկ վեճեր էին լինում, քանի որ ներառված են տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ պարտադիր կերպով երիտասարդներ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
Այս ծրագրում նա առանձնացրեց Կաննի փառատոնի մրցանակակիր «Թոնի Էրդման» գերմանական ֆիլմը և Բեռլինում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած «Գալիք» ֆիլմը: Ընտրվել են իրանական «Անմահը», վրացական «Աննայի կյանքը», թուրքական «Փոշու շորը» և այլ ֆիլմեր:
«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն ասաց. «600 վավերագրական ֆիլմերից ընտրություն կատարելիս շեշտը դրվել է բազմազանության վրա: Այս տարի առաջին անգամ ներկայացված է անիմացիոն փաստագրական ժանրը՝ «Կախարդական լեռը» ֆիլմը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հավելեց Խանջյանը:
«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ վերոհիշյալ մրցույթի համար ֆիլմերի ընտրությունը կատարվել է կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի և լրագրող Նունե Հախվերդյանի հետ: «Ներկայացված հայտերի թիվն այս տարի նախորդի համեմատ ավելի քիչ է՝ 80, թեպետ գերազանցում է լիամետրաժ ֆիլմերի քանակը: Լիամետրաժ հինգ ֆիլմից երեքը հենց հայկական արտադրության են, ինչը ողջունելի է»,- մանրամասնեց Մովսիսյանը: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում կլինի երեք առանձին բաժանում՝ լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար առանձին մրցանակներով: Բացի այդ՝ կա զուգահեռ ծրագիր՝ «Հայեր. հայացք ներսից և դրսից», որտեղ ներկայացված են մրցութային փուլ չանցած ֆիլմերը և արտերկրում բնակվող ոչ հայազգի ռեժիսորների ֆիլմերը հայերի մասին. դրանք կցուցադրվեն Մալյան թատրոնում:
Այս ծրագրի շրջանակում կլինի նաև 2 մեծ պրեմիերա՝ Աննա Արևշատյանի «Բարի լույս» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերը:
Մովսիսյանը նաև ավելացրեց, որ միջազգային ժյուրիի ներկայացուցիչները մեծ հեղինակություն վայելող մարդիկ են, ովքեր միանշանակ պատկերացում ունեն ժամանակակից կինոյի մասին: «Նրանք տարբեր այլ կինոփառատոնների ներկայացուցիչներ են, ուստի հույս ունենք, որ մեր ներկայացրած ֆիլմերը կհայտնվեն նաև միջազգային այլ կինոփառատոններում»,- եզրափակեց կինոգետ:
Հաջորդ շաբաթ կներկայացվի արտամրցութային ֆիլմերի ծրագիրը:
---
Օրերս կայացել է «Երկրաշարժ» ֆիլմի նախնական ցուցադրությունը, որի հիմքում 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած իրական դեպքերն են: Այդ օրն ընդամենը կես րոպեում ստորգետնյա ցնցումները քանդել էին հանրապետության ամբողջ հյուսիսային շրջանը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Սպիտակ քաղաքը, որտեղ մագնիտուդը հասել է 9-10 բալի, փոխանցում է filmpro.ru-ն:
«Մարս Մեդիա» ընկերությունը, որը զբաղվում է ֆիլմի արտադրությամբ, հայտնում է, որ ֆիլմը, նույնիսկ անավարտ, անջնջելի տպավորություն է թողել հանդիսատեսի վրա: Դա հաստատում է նաև այն, որ ֆիլմի ավարտին դահլիճում բոլորը ոտքի են կանգնել:
«Ֆիլմի մեծ մասը ես խորը շնչում էի, բերանով, որպեսզի արցունքներս չհոսեն: Սակայն փականը բացեց Միքայել Պողոսյանը: «Աստված իմ, ես ամեն ինչ հասկացա, ինչո՞ւ ես այսքան ցավոտ բացատրում» արտահայտությունը: Եվ վերջ: Եվ մինչև վերջ: Ես չգիտեմ` որքանով այս պատմությունը կդիպչի նրանց, ովքեր այն կտեսնեն առաջին անգամ, սակայն ես պատկերացնում եմ` ինչ կլինի մարդկանց հետ, ովքեր վերապրել են դա այնտեղ` գտնվելով գիտակից տարիքում»,- ասել է հանդիսատեսից մեկը:
Ֆիլմը ռուսական վարձույթում կլինի 2016թ. դեկտեմբերի 1-ից:
--------------
Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը Պաբլո Պիկասոյի «Նստած կինը» կտավը (1909 թ.) վաճառվել է 63.4 մլն դոլարով, հայտնում է CNN-ը:
Դրանով այս նկարը դարձավ կուբիզմի ոճով պատկերված ամենաթանկ աշխատանքը, որը երբեւե վաճառվել է աճուրդներում:
2008-ին Ժոզեֆ Ֆերնան Լեժեի «Աղավնիով տիկինը» աճուրդում վաճառվել էր 39.2 մլն դոլարով՝ դառնալով կուբիզմի ամենանշանակալի գործը, որը գտնվում է մասնավոր շրջանակներում:
---
Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի նմուշների երեկոյան վաճառքը Christie’s աճուրդի տանը բերել է 25.6 մլն ֆունտ սթերլինգ եկամուտ, գլխավոր նմուշը դարձել է Ամեդեո Մոդիլյանիի կտավը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Մոդիլյանիի աշխատանքը, որում նկարիչը պատկերել է իր իր ընկերոջ և հովանավոր Լեոպոլդ Զբորովսկու կնոջը, վաճառվել է գրեթե 8.3 մլն ֆունտով` 5-7 մլն նախնական արժեքի դեպքում:
Վասիլի Կանդինսկու 3 աշխատանքները վաճառվել են 1.8 մլն, 1.3 մլն և 1.25 մլն ֆունտով՝ համապատասխանաբար:
Մարկ Շագալի նկարը վաճառվել է 1.4 մլն ֆունտով` 700.000-1 մլն նախնական արժեքի դեպքում:
Որոշ աշխատանքներ, որոնք հավակնում էին դառնալ աճուրդի գլխավոր նմուշները, չեն գտել իրենց գնորդներին:
---