Հուլիս 03, 2016 21:10 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական իրադարձությունների: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Հայ մտավորականներին Իրանի մշակույթին ու քաղակրթությանը ծանոթացնելու նպատակով Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի և Իրան-Հայաստան «Մեհր» մշակութային միության համագործակցությամբ հրատարակվել է իրանցի հանրահայտ մշակութային գործիչների ու գրողների աուդիո գրքերը:

Հղում անելով Իրանի իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությանը, «Ուսանող» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի և Իրան-Հայաստան «Մեհր» մշակութային միության համագործակցությամբ հրատարակվել է Փարվին Էթեսամիի բանաստեղծությունների աուդիո գիրքը:

Փարվին Էթեսամիի բանաստեղծությունների աուդիո գիրքը 14-րդ գործն է, որը հրատարակվել է Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի և Իրան-Հայաստան «Մեհր» մշակութային միության համագործակցությամբ:

Նախաձեռնությունը կազմակերպող պատասխանատուները հույս են հայտնել, որ Իմամ Խոմեյնիի, Ֆիրդուսիի, Նեզամիի, Մոլանայի, Սաադիի, Ռուդաքիի, Հաֆեզի, Օմար Խայամի, Բաբա Թահերի և այլ մեծերի գործերը աուդիո գրքերի հրատարակվելուց հետո, այս գիրքը նույնպես կարող է օգնել Իրանի մշակույթի ներկայացման գործին:

Փարվին Էթեսամի բանաստեղծություններն արտասանել է Հայաստանի վաստակավոր ասմունքող Աիդա Ասատուրյանը:

---

 

Երեւանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում (ԳԱԿ), հուլիսի 2-ին բացվեց միջթանգարանային համագործակցության շրջանակներում կազմակերպվող 5-րդ ցուցադրությունը՝ «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ»: Այն ներկայացնում է հայ կերպարվեստի ամենավառ անհատականություններից մեկի՝ իրանահայ Մարկոս (Մարկո) Գրիգորյանի աշխատանքները:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ բացված «Մարկոս Գրիգորյան. Խաչմերուկներ» ցուցադրությունը մեծանուն այս արվեստագետի բազմազբաղ ու անսպառ անհատականությունը բացահայտելու ճանապարհին կարեւոր հանգրվան է: Մարկոս Գրիգորյանի ողբերգական մահվանից ի վեր սա առաջին ծավալուն ցուցադրությունն է, որտեղ հիմնականում ներկայացված են ստեղծագործություններ Միջին Արեւելքի արվեստի թանգարանից, ինչպես նաեւ այլ հաստատություններից ու անհատական հավաքածոներից:

Կենտրոնի «Արծիվ» եւ «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահներում ցուցադրվելու են արվեստագետի հողարվեստին եւ գորգարվեստին վերաբերող 24 եզակի աշխատանքներ: Ցուցադրության շրջանակներում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը հրատարակել է նաեւ պատկերագիրք:

Ցուցադրությունը գործելու է մինչեւ օգոստոսի 28-ը:

---

 

Երեւանում հուլիսի 4-9-ը կը կայանա Ժամանակակից արվեստի եւ երաժշտության «HassFest» փառատոնը: Փառատոնի շրջանակներում Երեւանի մի շարք թանգարաններում եւ պատկերասրահներում ներկայացվելու են ազգությամբ հայ 12 նկարիչների եւ արտերկրի 12 կոմպոզիտորների աշխատանքները, նրանց համագործակցությամբ ստեղծված աուդիովիզուալ սինթեզը, տեղի են ունենալու համերգներ, պերֆորմանսներ եւ վարպետության դասեր:

«HassFest» 2016-ի հիմնական ծրագիրը կը ներկայացնի 12 նկարիչների եւ 12 կոմպոզիտորների համագործակցությամբ ստեղծված երաժշտական եւ գեղանկարչական ստեղծագործությունները: Զուգահեռաբար, արտերկրից հրավիրված հատուկ հյուրերը կը մասնակցեն «HassGuitar Fest» գիթառային երաժշտության փառատոնին, որի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր, իսկ փառատոնային երեկոները կուղեկցվեն գիթառային մենահամերգներով:

Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Սերժ Թանգյանը՝ «System Of A Down» ռաք խմբի մենակատարը, որը փառատոնի շրջանակներում կը ներկայացնի իր նկարչական աշխատանքները, ամերիկահայ նկարիչ Լյուսի Աբդալյանը հուլիսի 9-ին կը ներկայացնի ստեղծագործական պերֆորմանս, Լոնդոնում բնակվող նկարիչ Թալին Թեմիզյանը, որի գործիքները չեն սահմանափակվում ներկերով եւ վրձինով, նա աշխատում է լույսի աղբյուրներով, լամպերով, ինչպես նաեւ անգլիական «X. Y.» անսամբլը, որը բացման արարողության հատուկ հյուրն է. անսամբլը կը կատարի փառատոնի մասնակից 12 կոմպոզիտորների՝ «HassFest»-ի շրջանակներում գրած ստեղծագործությունները:

«HassFest» փառատոնի շրջանակներում Հայաստան կը ժամանեն կոմպոզիտորներ Միացյալ Նահանգներից, Շվեյցարիայից, Չինաստանից, Միացյալ Թագավորությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ նշված է. ««HassFest» փառատոնի նպատակն է միավորել արվեստի տարբեր ճյուղեր՝ ծնունդ տալով հայ եւ այլազգի արվեստագետների համագործակցության: Արվեստների սինթեզ բերող այս փառատոնը նոր հորիզոններ է բացում հայաստանյան մշակութային միջավայրի զարգացման եւ ընդլայնման համար, ինչպես նաեւ հնարավորություն տալիս հայ արվեստագետներին՝ դուրս գալ միջազգային ասպարեզ եւ իրենց ստեղծագործությունները հասանելի դարձնել արվեստագետների առավել լայն շրջանակներին: Փառատոնն ամենամյա բնույթ ունի, յուրաքանչյուր տարի այն Հայաստան կը բերի արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների»:

---

 

Ֆրեզնոյում բացվելու է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի թանգարանը:

Անցյալ տարի Մտավոր վերածննդի հիմնադրամը, որի կենտրոնակայանը Երեւանում է, գնեց Ֆրեզնոյի կենտրոնում գտնվող Սարոյանի տունը՝ նպատակով ունենալով այն թանգարանի վերածել:

Աշխատանքային խումբը տան վերանորոգման ծրագիր է մշակում: Ծրագրվում է նաեւ վերստեղծել տան ներքին հատվածը:

Հռչակավոր գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Սարոյանն այդ տանն է անցկացրել կյանքի վերջին 17 տարիները:

Հիմնադրամը ծրագրում է թանգարանը բացել 2017 թվականին:

---

 

Կյանքի 79-րդ տարում մահացել է ճանաչված արձակագիր, հրապարակախոս Հրաչյա (Հրաչո) Մաթևոսյանը:

Հրաչյա Մաթեւոսյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 12-ին Ահնիձորում: 1955 թվականին ավարտել է Երեւանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը եւ Երեւանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել եւ 1966 թվականին ավարտել է Երեւանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում եւ մամուլում (Ավանգարդ, Հայրենիքի ձայն, Հայաստան)։

Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթեւոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության եւ Լրագրողների միության անդամ էր։ Հեղինակ է նաեւ մանկական գրքերի։

--

 

Հունիսի 24-ին, 75 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի լուսանկարիչ Պողոս Պողոսյանը:  

Պողոս Պողոսյանը ծնվել է 1941 թվականին, հունվարի 27-ին, Երևանում:   Նա հայտնի է իր լուսանկարած Արարատներով և Սևաններով: Ամենահայտնի Արարատներից մեկը՝ օդանավից արված լուսանկարն է, որտեղ Սիսն ու Մասիսն ասես բռիդ մեջ են: Լուսանկարն այդպես էլ անվանել է` «Արարատն ափիդ մեջ»:  

Լուսանկարել է նաև 1976 թվականին Հայաստան այցելած  Վիլյամ Սարոյանին: Այնուհետև, վարպետի կողմից արված լուսանկարները զետեղվել են Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակի առթիվ Ֆրեզնոյում տպագրվող գիրք-ալբոմում:

Պողոս Պողոսյանը «Էջմիածնի գանձերը», «Հայկական գորգեր», «Գանձարան» հայտնի պատկերագրքերի հեղինակն է:

----

 

Պատմության մեջ առաջին անգամ Հիսուս Քրիստոսի կյանքի ու խաչելության մասին ֆիլմը հասանելի կլինի  ներկայում լայն տարածում գտած վիրտուալ իրականության սարքերի համար:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Autumn Productions և VRWerx ընկերությունների տարածած համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարեվերջին ներկայացվելու է «Jesus VR - The Story of Christ» ֆիլմը, որը նկարահանվել է Իտալիայում:

Այն կտևի 90 րոպե ու կպատմի Հիսուսի ծննդյան, մկրտության, խաչելության ու Սուրբ Հարության մասին և այդ ամենը` 4K գերժամանակակից լուծաչափով:

Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմը հասանելի կլինի վիրտուալ իրականության բոլոր հարթակների` այդ թվում նաև Samsung Gear, Oculus Rift, PlayStation VR և HTC Vive սարքերի համար:

Նշվում է, որ ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Հանսենը, իսկ գլխավոր դերակատարը` Թիմ Ֆելինգհեմը:

---

 

ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան «Օսկար» մրցանակաբաշխության կանոնների մեջ մի շարք փոփոխություններ է մտցրել, հաղորդում է Variety.com-ը։

Մասնավորապես, կինոակադեմիան հստակեցրել է մրցանակին հավակնող ֆիլմերի քանակն ու դրանց ցուցադրությանը հատկացվող ժամանակը։

Աղբյուրը մանրամասնում է, որ ակադեմիայի անդամներին արգելվում է մասնակցել ֆիլմերի ցուցադրության հետ կապ չունեցող միջոցառումների, երեկույթների ու ընթրիքների, որոնք կարող են «անտեղի ազդեցություն» գործել կամ քվեարկության ազնվության հարցում խոչընդոտ հանդիսանալ։

Առաջին խախտումն ակադեմիայի անդամներին սպառնում է հեռացմամբ, հաջորդները՝ կազմակերպության շարքից վտարմամբ։

---

 

Պետական ռուսական թանգարանն իր ցուցադրանքից Տրետյակովյան պատկերասրահի ցուցահանդես կուղարկի Այվազովսկու մի քանի գլուխգործոցներ, ներառյալ նշանավոր «Իններորդ ալիքը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Հովհաննես Այվազովսկու առաջիկա հոբելյանի կապակցությամբ երկրի առաջատար թանգարանները պատրաստում են ընդգրկուն ցուցահանդեսներ՝ նվիրված մեծ ծովանկարչի ստեղծագործությանը: Ռուսական թանգարանում պահվում Է նկարչի գլուխգործոցների եզակի հավաքածուն՝ առանց որոնց նրա ստեղծագործության մասին պատկերացումը չի կարող ամբողջական լինել: Ուստի հուլիսի սկզբից մինչեւ դեկտեմբեր այնպիսի նշանավոր կտավներ, ինչպիսիք են «Իններորդ ալիքը», «Ալեկոծությունը» եւ Ռուսական թանգարանի հավաքածուից այլ գործեր, կուղարկվեն Տրետյակովյան պատկերասրահ՝ մասնակցելու «Հովհաննես Այվազովսկի: Ծննդյան 200-ամյակի առթիվ» ցուցահանդեսին»,-հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:

Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսը կբացվի հուլիսի 29-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 20-ը: Նրա կողմից ստեղծված հսկայական թվով աշխատանքներից (Այվազովսկու ասելով՝ շուրջ 6 հազար) ցուցահանդեսում ներկայացված են շուրջ հարյուր գեղանկարչական ստեղծագործություններ եւ 50 գրաֆիկական գործեր: Ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել ծովանկարիչ Այվազովսկու, մարտանկարիչի ստեղծագործության լավագույն նմուշները:

Ցուցահանդեսում տեղ կգտնեն նկարչի առավել նշանակալի չորս կտավները՝ «Ծիածանը», «Սեւ ծովը», «Իններորդ ալիքը», «Ալեկոծությունը»: Ցուցահանդեսի այցելուներն առաջին անգամ կտեսնեն ավելի վաղ երբեք չցուցադրած «Կովկասի ափերի մոտ» կտավը, հաղորդվում Է Տրետյակովյան պատկերասրահի կայքում:

Տարեվերջին Ռուսական թանգարանը նաեւ պլանավորում Է  Այվազովսկու հոբելյանին նվիրված ցուցահանդես կազմակերպել Սանկտ Պետերբուրգում:

---

 

Էնդի Ուորհոլի «Մաո» աշխատանքը դարձել է Լոնդոնում Bonhams աճուրդի տան կազմակերպած ժամանակակից և հետպատերազմյան արվեստի գործերի վաճառքի գլխավոր նմուշը: Նկարը վաճառվել է ավելի քան 1 մլն ֆունտ ստերլինգով:

Իր արժեքով 2-րդ տեղում է հայտնվել չինական ծագումով ֆրանսիացի նկարիչ Չժաո Ուցզիի «Անանուն» աշխատանքը, որը վաճառվել է 542.500 ֆունտ ստերլինգով:

Գլխավոր նմուշների եռյակը եզրափակում է Դեմիան Հերսթի «Անանուն» կտավը, որը վաճառվել է 314.500 ֆունտ ստերլինգով: