Միջին Ասիան և Կովկասն անցած շաբաթվա ընթացքում
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: «Միջին Ասիան ու Կովկասն անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս տարածաշրջանների անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը: Ընկերակցեք մեզ:Հուլիսի 4-ին Երևանում կայացած ՀԱՊԿ արտգործնախարարների նիստին, որը նախագահել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:
«Աջակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ համաձայնություններին, որոնք ձեռք են բերվել Վիեննայի մայիսի 16-ի և Սանկտ Պետերբուրգի հունիսի 20-ի գագաթաժողովներին, որոնք ուղղված են հակամարտության գոտում էսկալացիան թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացի համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմքի վրա, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ազգերի ազատ ինքնորոշման»,- ասված է հայտարարությունում:
Հայտարարության տակ ստորագրել են ՀԱՊԿ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Բելառուսի արտգործնախարարները:
---
Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հուլիսի 4-ին, քննարկել են ԼՂ հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները:
Նախարարներն անդրադարձել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների, երկկողմ օրակարգի հարցերի, երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային հրատապ խնդիրների շուրջ։
---
ՌԴ ԱԳՆ խոսնակը Երևանում կտրականապես մերժեց պնդումները, թե Մոսկվան փորձում է ղարաբաղյան գործընթացի նկատմամբ մենաշնորհ հաստատել: Այդ մասին մանրամասնություններ է հաղորդում լրագրող Սարգիս Հարությունյանը:
---
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևն անցած շաբաթ մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի առանց համադրման Ադրբեջանի գրավված տարածքներ կատարած այցի կապակցությամբ:
Համաձայն ԱՓԱ լրատվական գործակալության հաղորդման, Հիքմաթ Հաջիևի ընդգծմամբ, Ջոն Էվանսն ԱՄՆ-ում հայկական լոբբիի հովանավորությամբ է ԼՂ և Ադրբեջանի գրավված տարածքներ այցելել և չար նպատակներ է հետապնդում:
«Որոշ զեկույցների համաձայն, այլ երկրների քաղաքացիների ԼՂ մուտքն ու ելքն իրականացվում է առանց նրանց անցագրերում կնիքներ դրոշմվելու, ինչն անօրինական է Ադրբեջանի օրենքների համաձայն»,-հավելել է Հաջիևը:
Ի դեպ, Ադրբեջանի մեջլիսի փոխխոսնակը քննադատեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային կազմակերպությունների թույլ գործունեությունն ու համադրությունը:
Ադրբեջանի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մորադովան Թբիլիսիում գումարված ԵԱՀԿ ԽՎ-ի տարեկան նստաշրջանում ցավ հայտնելով ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային որոշ կազմակերպությունների գործունեության կապակցությամբ, ասել է. «Այս կազմակերպությունները չնայած պատերազմական տարհանվածների և հումանիտար օժանդակությունների առաքման հարցի հանդեպ ուշադրության, չեն զբաղվում գլխավոր խնդիրներով»:
Բահար Մորադովան հավելել է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չպիտի իրագործվի տարածքային ամբողջականության ոտնահարման գնով: Նրա խոսքերով. «Հակամարտությունների, այդ թվում ԼՂ-ի հակամարտության կարգավորումը նշանակում է կարգավորել պատերազմական տարագիրների վիճակը»:
---
Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաև ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը:
Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հուլիսի 1-ին Սոչիում մասնակցելով կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 34-րդ նիստին։
Նալբանդյանը նշել է, որ այդ փոխգործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։
Ելույթում ՀՀ արտգործնախարարը քննադատել է Ադրբեջանի պատվիրակությանը՝ կազմակերպությունը քաղաքական հարթակի վերածելու համար։
«Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը, նրա վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները»,- նշել է նա:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Նալբանդյանը հիշեցրել է, որ «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը»:
«Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- ասել է նա։
Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։
Նիստի ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային:
---
Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության («իսլամական ութնյակ») մի շարք անդամներ ստորագրել են առևտրային արտոնյալ համաձայնագիր:
Վերջինս նախատեսում է Իրանի, Ինդոնեզիայի, Մալայզիայի, Նիգերիայի, Պակիստանի և Թուրքիայի միջև արտոնյալ տնտեսական համագործակցության հաստատում:
Ավելի վաղ կողմերը պայմանավորվել էին հուլիսի 1-ից համաձայնագրի պայմանների իրագործումը սկսելու մասին: Համաձայնագրին համապատասխան՝ նրա անդամ երկրները արտոնյալ կերպով կօգտվեն 230 ապրանքատեսակից:
---
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ։
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են թուրք-թուրքմենական գործընկերության ընդլայնումը։ Ընդգծվել է, որ պետության ղեկավարները քննարկել են նաև տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մի շարք արդիական հարցեր, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
Էրդողանն ու Բերդիմուհամեդովը նաև քննարկել են առևտրային-տնտեսական ոլորտում թուրք-թուրքմենական համագործակցության ներկայիս վիճակն ու հեռանկարները։ Հեռախոսազրույցի նախաձեռնողը եղել է թուրքական կողմը։