Հուլիս 11, 2016 02:58 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Անցած կիրակի օրը մեկնարկեց երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Կարմիր գորգի հանդիսավոր արարողությանը մասնակցում էին փառատոնի պատվավոր հյուրերը, որոնց թվում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ռեժիսոր Ռոման Բալայանը, դերասաններ Միքայել Պողոսյանը, Վիգեն Ստեփանյանը, Ալեքսանդր Խաչատրյանը և մշակույթի, հասարակական և քաղաքական մի շարք այլ գործիչներ տարբեր երկրներից:

Այնուհետև կայացավ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:  Ինչպես նշեց Խաչատրյանը, նույն օրը տեղի էր ունեցել իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոստամիի հուղարկավորությունը. ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Քիառոստամիի հիշատակը:

Այս տարի «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմը Համո Բեկնազարյանի «Զարե»-ն էր, որ նկարահանվել է 1926 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում: Ֆիլմի ցուցադրությունը բացառիկ էր, քանի որ ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ` «Ակուստիկ գույներ» ջազ-քառյակի կատարմամբ: Երաժշտության հեղինակը ջազ- երաժիշտ Վահագն Հայրապետյանն է:

«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնն իրենց ներկայությամբ պատվել էին մի շարք համաշխարհային կինոգործիչներ և աստղեր: Այս տարի կինոփառատոնի կապակցությամբ Երևանում են լինելու Ժակլին Բիսեթը, Զելիմիր Զիլնիկը, Ֆրեդ Քելեմենը, Ռոման Բալայանը և ուրիշներ:

---

 

Հուլիսի 4-ին Ֆրանսիայում վախճանվեց իրանցի հանրահայտ կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամին:

Իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսորը քաղցկեղի բուժման համար գտնվում էր Ֆրանսիայում:

Կինոռեժիսոր , սցենարիստ , պրոդյուսեր և լուսանկարիչ ՝ Աբբաս Քիառոստամին ծնվել է 1940 թվականին ՝ Թեհրանում :

Քիառոստամին ավելի քան 40 խաղարկային, կարճամետրաժ ու փաստագրական ֆիլմերի հեղինակ է:

Նրա հանրահայտ ստեղծագործություններից են երկրաշարժի մասին եռյակ ֆիլմերը, «Կեռասի համը» և «Քամին մեզ քշելու է» ֆիլմերը:

Նա շահել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենի» և Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Բրոնզե Հովազ» մրցանակները:

---

 

Իրանից ժամանած 29-հոգիանոց պատվիրակությունը մասնակցեց հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն»  միջազգային մանկապատանեկան հնգօրյա փառատոնին: Հուլիսի 8-11-ն ընկած ժամանակահատվածում երեխաներն իրենց աշխատանքները ներկայացրեցին ցուցադրության տեսքով: Փառատոնի շրջանակում  երեխաներն աշխատել են արվեստի տարբեր ճյուղերում` տիկնիկային և թատերական արվեստ, երգ, երաժշտություն, ասմունք, ձեռքի աշխատանք, օրիգամի և այլն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ  մասին հայտնեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան  Տոնոյանը:

«Անցած տարի երեխաները Հայաստանից մեկնեցին Իրանի Սպահան քաղաքը, որտեղ նրանց համար անցկացվեցին վարպետության դասեր և փորձի փոխանակում: Այս տարի փոխադարձ այցով իրանցի երեխաներն են այցելել Հայաստան»,- ասաց գրադարանի տնօրենը:  

«Այս փառատոնը խաղաղության պատգամի փոխանցումն է մեր ապագա սերունդներին:»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանության մշակույթի խորհրդական Մաջիդ Մեշքին: Նա իր խոսքում նշեց, որ ամբողջ աշխարհում երեխաների կրթության զարգացման բնագավառում արվող ներդրումներն ուղղված են նրանց ապահով ապագան կառուցելու համար: «Երկու երկրների միջև լավ հարաբերություններ  ունենալու համար այսօր պետք է ճիշտ աշխատանքներ իրականացնել երեխաների հետ»,- հավելեց Մեշքին: 

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի համոզմամբ` վերջին շրջանում Իրանի հետ մշակութային համագործակցությունն ակտիվացել է: «Այսօրինակ ծրագրերն իսկապես կարևոր են, քանի որ բարեկամության սկիզբը դրվում է հենց մանկապատանեկան հասակում` երեխաների միջև մարդկային շփումների և ընկերության շնորհիվ»,- եզրափակեց նա:

---

Ֆեթր տոնի առիթով Վիեննայում կայացած համերգում, Իրանի խաղաղության ու բարեկամության աշակերտական երգչախումբը երգել է պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն ու գերմաներեն լեզվով «Շահնամե»-ից հատվածներ ու աղոթքներ պարունակող երգեր:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի հրավերով Վիեննա մեկնած երգչախումբը հինգշաբթի օրը Վիեննայի Մշակույթի տան և հանրային գրադարանի դահլիճում համերգ է ունեցել, որն արժանացել է հատկապես ավստրիացի երիտասարդության ջերմ ընդունելությանը:

Երգչախմբի անդամները ելույթ են ունեցել  իրանական ավանդական հագուստներով:

Երգչախումբն անցած տարի էլ համերգներով հանդես էր եկել եվրոպական մի քանի երկրներում:

---

 

Ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի և թուրքական «Դողուշ» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել այն մասին, որ Թուրքիայում կհիմնվի առաջին լուսանկարչական թանգարանը, որում ներկայացվելու են Գյուլերի ստեղծագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ժամանակ» պարբերականը տեղեկացնում է, որ թանգարանը միջազգային բնույթ է ունենալու:

Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Գյուլերը, «Դողուշ» ընկերության նախագահ Ֆերիթ Շահենքը, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանը:

Շահենքը հայտնել է, որ թանգարանն իր հովանու ներքո է առնելու Գյուլերի բոլոր ստեղծագործությունները: Որպես թանգարանի շենք օգտագործվելու է Բեյօղլու թաղամասում գտնվող այն շինությունը, որտեղ ծնվել, մեծացել և որոշ ժամանակ որպես աշխատավայր է կիրառել լուսանկարիչը:

Թանգարանում ներկայացվելու են Արա Գյուլերի գրքերը, նոթերը, անձնական իրերը, մրցանակները, պաստառները, ժողովածուները և այլն:

---

 

 

 

Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հուլիսի 29-ին կբացվի Հովհաննես Այվազովսկու աշխատանքների հետահայաց լայնածավալ ցուցադրությունը, որը նվիրված է նրա ծննդյան  200-ամյակին:

Տրետյակովյան պատկերասրահի սրահներում` Կրիմսկի Վալում, կներկայացվի վարպետի մոտ 100 գեղարվեստական եւ 50 գրաֆիկական աշխատանք: Ընդհանուր առմամբ, Այվազովսկու իսկ խոսքով, նա մոտավորապես 6000 աշխատանք է ստեղծել: Մոնոգրաֆիական ցուցահանդեսին կներկայացվեն նրա ստեղծագործության լավագույն նմուշները:

Այվազովսկու տաղանդը բազմաշերտ է. նրա հայտնի ծովային բնանկարներից բացի, ցուցահանդեսի այցելուները կկարողանան ծանոթանալ մարտանկարչության օրինակների, գծանկարների եւ այլնի հետ:

Ցուցադրությունում կենտրոնական տեղ կզբաղեցնեն այնպիսի կարեւոր ստեղծագործություններ, ինչպիսիք են  «Իններորդ ալիքը» (1850) եւ «Ալիքը» (1889, , «Ծիածանը» (1873) եւ «Սեւ ծովը»: Բացահայտում կդառնա լայնածավալ` «Կովկասի ափերին» (1885) կտավը, որը նախկինում երբեք չի մասնակցել ցուցահանդեսների:

Փաստաթղթերի բաժինը կբացահայտի Հովհաննես Այվազովսկու մեցենատային գործունեության թեման, նա մեծ ներդրում է ունեցել հարազատ քաղաքի` Թեոդոսիայի զարգացման մեջ եւ նրա առաջին պատվավոր քաղաքացին է դարձել: Ցուցադրությունը կլրացնեն հեռադիտակները, կողմնացույցները, նավերի մակետները եւ գլոբուսը:

---

 

Սեպտեմբերին Մոսկվայում կանցկացվի «Դարավոր Հայաստանի նորանկախ պետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես` նվիրված Հայաստանի Հանրապետության 25-ամյակին: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Մենք» պետական եւ ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

«Ներկայացվելու  է նորանկախ Հայաստանի կարևոր իրադարձությունների մասին ժամանակագրություն: Ժամանակագրությունն սկսվում է 1990 թվականից և նախատեսված է մինչև 2016 թվականը: Ներկայացվելու են հայաստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային կարևոր իրադարձությունների մասին պատմող լուսանկարներ»,-ասաց Պավել Սարգսյանը: Ցուցահանդեսին ներկայացվելու է շուրջ 150 լուսանկար: Լուսանկարների տրամադրման հարցում աջակցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

«Դարավոր Հայաստանի նորանկախ պետություն» խորագրով լուսանկարների հավաքածուն այնուհետև ցուցադրվելու է Փարիզում, Նյու Յորքում, Բոստոնում, Գլենդելում և Երևանում:

---

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված «Թևանիկ» ֆիլմը ևս մեկ միջազգային մրցանակի է արժանացել` հաղթելով Hollywood International Moving Pictures Film Festival 2016 կինոփառատոնում:

Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ֆիլմը հաղթող է ճանաչվել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

ԼՂ-ի պատերազմին նվիրված «Թևանիկը» եռապատումը ներկայացնում է համագյուղացի երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, նրանց կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում:

«Շնորհակալություն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմին` այսպիսի գեղեցիկ ֆիլմ արարելու համար։ Շնորհավոր հաղթանակի կապակցությամբ»,- գրել է ռեժիսորը։

---

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռուստատեսությամբ եւ ռադիոյով ուկրաիներենով հեռարձակվող երգերի թիվն ավելացնելու մասին օրենք է ստորագրել:

Նշվում է, որ օրենքի նպատակն է՝ հեռուստատեսային եւ ռադիոընկերություններին պարտավորեցնել օրական առնվազն 50% ազգային տեսաձայնային արտադրանք հեռարձակել:

Բացի այդ, պետական եւ Եվրամիության պաշտոնական լեզուներով երգերի մասնաբաժինը հեռարձակվող արտադրանքում սահմանվում է հեռուստատեսային եւ ռադիոընկերությունների հեռարձակման լիցենզիայով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն Ռադան օրենք էր ընդունել՝ ռադիոկայաններին պարտավորեցնելով յուրաքանչյուր երրորդ երգն ուկրաիներեն հեռարձակել: