Գեղարվեստական հաղորդում (19)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Հուլիսի 16-ին իր արդյունքներն ամփոփեց երևանյան «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը: Փակման հանդիսության ընթացքում, որին նախորդեց Կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, հայտնի դարձան մրցույթների հաղթողները:
Կինփառատոնի փակման արարողության ընթացքում Ժակլին Բիսեթը պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր » մրցանակով, որը նրան հանձնեց «Ոսկե ծիրան»-ի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանը: Այնուհետև, մրցութային ծրագրերի ժյուրիները հաջորդաբար հայտարարեցին արդյունքները:
«Էկումենիկ» մրցանակը ստացավ իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղը` իր «Մամիրո» կամ «Անմահը» ֆիլմով:
«Լավագույն հայկական լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթեց Աննա Արևշատյանի «Բարի լույս ֆիլմը»:
«Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում Բրանկո Շմիդտն իր «Բալերի անուններ» ֆիլմով այս տարի արժանացավ նաև իր երկրորդ մրցանակին` այս մրցույթում ստանալով «Ոսկե ծիրան» մրցանակը:
Իսկ իրանցի Սեյեդ Հադի Մոհաղեղը «Անմահը» ֆիլմի համար շահեց «Արծաթե ծիրան» մրցանակը:
«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն այս տարի հանձնեց նաև նոր` «Փառատոնի նախագահության» մրցանակը, որը ստացավ Աննա Մելիքյանը: Այս տարի Մելիքյանը կինփոռատոնին ներկայացել է «Սիրո մասին» ֆիլմով:
------------------

Իրանական «Անմահը» ֆիլմն այս տարի երկու մրցանակներ շահեց «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի «Միջազգային խաղարկային ֆիլմեր» մրցույթում:
Կինոնկարի ռեժիսորը`Սեյեդ Հադի Մոհաղեղը, առաջին անգամ էր մասնակցել կինոփառատոնին: Սա իր երկրորդ ֆիլմն է, որ բավականին դժվարությամբ և քիչ բյուջեով է նկարահանել` երեսուն հազար դոլարով: Ռեժիսորը, սակայն, այն կարծիքին է, որ գումարը ամենակարևորը չէ, և փոքր բյուջեով ֆիլմ նկարելն ուղղակի փորձ է պահանջում: Կինոռեժիսորը մտածում է, որ քիչ գումար ունենալու դեպքում լավ սցենարն է օգնում ստանալ հաջողված ֆիլմ:
«Այս տեսակ ֆիլմերը, ինչպես «Անմահը», այնքան էլ ընդունելի չեն, որովհետև այսօրվա մարդը հոգնածության ու անհանդուրժողականության է հասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց իրանցի կինոռեժիսորը: Նրա խոսքով` հոգնածության պատճառը մարդկանց մեխանիկական դարձած կյանքն է, որն անխուսափելի է: Նա նաև կարծում է, որ հիմա մարդիկ ֆիլմերում նախընտրում են տեսնել կարճ տեսարաններ ու կրքոտ պատմություններ:
Անդրադառնալով «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցությանը` Մոհաղեղը նշեց, որ Աբաս Քիառուստամիի նման մեծ ռեժիսորները ներկայացրել են իրենց ֆիլմերն այս փառատոնին և ինքն էլ ուշի-ուշով հետևում է «Ոսկե ծիրան»-ին:
----------

Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, այս մասին որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված նկարագրության մեջ Անին ներկայացված է որպես հայերի կողմից հիմնադրված քաղաք: Մասնավորապես, ասվում է, որ չնայած Անի քաղաքի հիմնադրման վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ կան, այնուամենայնիվ, հայտնի է, որ քաղաքը բնակեցվել է ուրարտական ժամանակաշրջանում` մ.թ.ա առաջին հազարամյակի առաջին կեսին:
«Անին առանձնահատուկ վերելք է ապրել Հայոց Բագրատունիների արքայատոհմի ժամանակաշրջանում: Չնայած Աշոտ Բագրատունու օրոք երկրի մայրաքաղաքը Կարսն էր, Աշոտ Երրորդը 961 թվականին Անին հռչակեց որպես Հայաստանի մայրաքաղաք: Իր նոր կարգավիճակով քաղաքն ընդարձակվեց` ամրոցից վերածվելով թագավորական նստավայրի: 10-11-րդ դարերում Գագիկ Առաջինի գահակալության տարիներին քաղաքն աննկարագրելիորեն բարգավաճում է` դառնալով մշակութային, կրոնական, տնտեսական կարեւոր կենտրոն: Հենց այս ժամանակահատվածում է, որ հանրահայտ Տրդատ ճարտարապետը կառուցում է Անիի Մայր տաճարը եւ Սուրբ Գրիգոր դամբարան-եկեղեցին»,- ասված է կայքում:
Կայքում նաև նշվում է, որ հայոց արքա Գագիկ Առաջինի գահակալությունից հետո քաղաք են ներխուժել վրացիները, արաբները եւ բյուզանդացիները: 1045 թվականին բյուզանդացիները գրավում են քաղաքն, իսկ 1064 թվականին այն նվաճում են սելջուկ թուրքերը:
«Անիի տարածքում բազում եկեղեցիների առկայության պատճառով այն ստացել է «1001 եկեղեցիների քաղաք» անվանումը: Եկեղեցիներից շատերը կառուցվել են 12-13-րդ դարերում: Սկիզբ առնելով դեռեւս 989 թվականին Սմբատ Բագրատունու գահակալության օրոք` Անիի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու շինարարությունը ավարտին հասցվեց 1001 թվականին Սմբատ Բագրատունու հետնորդներից` Գագիկ Առաջինի կնոջ Կատրամիդե թագուհու շնորհիվ»,- նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում:
«Համոզվեցինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության 40-րդ նիստի բոլոր մասնակիցները հասկացան, որ Անին հայկական է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստն անցկացվել է Ստամբուլում: Կոմիտեի նախագահ, Թուրքիայի արտգործնախարարության մշակույթի եւ զբոսաշրջության գծով գլխավոր ղեկավար, դեսպան Լալե Ուլկերի գլխավորությամբ հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են տարբեր երկրների կողմից ներկայացված բազմաթիվ հայտեր, որոնցից մեկը ներկայացրել է հենց Թուրքիան`ցանկանալով ներառել հայկական Անի քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում:
Գրանցված մշակութային կոթողներից են իրանական քարիզները:
--------------------------

13-րդ «Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային փառատոնի շրջանակներում, հուլիսի 15-ին, կայացել է «Technology and Science Dynamics» ընկերության կողմից մշակած առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի պրեմիարի սկիզբն ազդարարվեց «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանի ելույթով: Վերջինս մի փոքր պատմեց ֆիլմի, դրա ստեղծման, ինչպես նաեւ «Immersive Education Solutions» նախագծի մասին, որի շրջանակներում էլ հենց մշակվել էր ֆիլմը
«Աշխարհի կետրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360 աստիճան ֆիլմն է, որը նախատեսված է անշարժ պլանետարիումների/ աստղացուցարանների համար: Ֆիլմն առաջարկում էր ճամփորդել անցյալ, ապա վերադառնալ ներկա եւ քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում եւ մեր օրերում:
«Technology and Science Dynamics» ընկերությունը նպատակ չունի նախագծի շրջանակներում մշակվող ֆիլմերով փոխարիել դասագրքերը եւ տրադիցիոն ուսուցման մեթոդները: Մեր նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցման գործընթացում եւ տրամադրել գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք կարող են օժանդակել դասավանդմանը եւ ավելի պատկերավոր ու դյուրընկալի դարձնել այնպիսի առարկաներ ինչպիսիք են օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը եւ անգամ պատմությունը: Հաշվի առնելով ֆիլմերի կրթական առանձնահատկությունները՝ թիմը բաղկացած է ոչ միայն անիմատորներից եւ դիզայներներից, այլ նաեւ մանկական հոգեբաններից եւ մանկավարժներից, ովքեր աջակցում են ֆիլմի պատրաստման գործընթացին եւ համապատասխանեցնում են այն միջին եւ ավագ դասարանի աշակերտների համար:
Փառատոնի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռվեց «ուղեւորվել» դեպի տիեզերք եւ 15 րոպե անցկացնել աստղերի եւ մոլորակների կողքին` պարզապես գտնվելով պլանետարիումի ներսում: Իսկ պլանետարումից դուրս գալիս մարդկանց ժպիտն ու երեխաների խինդն ու ոգեվորվածությունը լավագույնս խոսեցին ֆիլմից ստացած տպավորությունների մասին:
Ֆիլմի երաժշտական գործիքավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գեւորգյանինն է, իսկ տեքստը կարդում է անվանի դերասան Մխիթար Ավետիսյանը:
-------------------

Ռեժիսոր Կարեն Շահնազարովն ավարտում է «Աննա Կարենինա» ֆիլմի աշխատանքները: Հայտնի վեպի էկրանավորումը նախ կհայտնվի կինովարձույթում, իսկ հետո կցուցադրվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով:
Ռեժիսորի անձնական հսկողությամբ իրականացվում է աշխատանքների վերջին փուլը՝ «Մոսֆիլմ»-ում հնչյունավորումը:
Աննա Կարենինային մարմնավորել է Ելիզավետա Բոյարսկայան: Նրա հետ միասին գլխավոր դերերում հանդես են եկել Մաքսիմ Մատվեեւը, Վիտալի Կիշչենկոն, Վիկտորիա Իսակովան:
---------------------

Ավելի քան 7500 երաժիշտներ հավաքվել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում և սահմանել են աշխարհի խոշորագույն նվագախմբի ռեկորդը, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ երաժիշտները նվագել են Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի «Ձոն ուրախության» հատվածը։ Միջոցառումը կազմակերպել է 28-ամյա փողհար և երաժշտության ուսուցիչ Յենս Իլեմանը։
«Մեզ համար ամենամեծ մարտահրավերն է եղել ունիսոնով նվագելը։ Այս խնդիրը լուծեցինք հետևյալ կերպ. մարզադաշտում 550 քառակուսի մետր մեծության էկրան տեղադրեցինք, որպեսզի դիրիժոր Վոլֆ Կերշեկը մարզադաշտի բոլոր անկյուններից 16 մետր բարձրությամբ պատկերով երևա», պատմել է Իլեմանը։
-----------------

Արգենտինայի մայրաքաղաքի թատրոններից մեկը` Grand Splendid Theater-ը, որն ունի 100 տարվա պատմություն, փոխել է իր նշանակությունը` վերածվելով վեհաշուք գրախանութի:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, հայտնի է, որ ինքնատիպ գրախանութը, որը գործում է 2000 թ. ի վեր, տարեկան ընդունում է մոտ 1 մլն այցելու:
Նշվում է, որ բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն այն ճանաչել է աշխարհում 2-րդ ամենագեղեցիկ գրադարանը, որտեղ, ըստ դիզայներների մտահղացման, պահպանվել են թատրոնի բեմը, օթյակները, նկարազարդ առաստաղն ու պատերը:
-----------------------

Ռեմբրանդտը, իսկ հնարավոր է, որ նաեւ Վերածննդի դարաշրջանի այլ մեծ նկարիչներ օպտիկական հմուտ հնարքներ են օգտագործել գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ իրենց ինքնադիմանկարները պատկերելիս։ Այս մասին ասված է Journal of Optics–ում լույս տեսած հոդվածում։
Ֆիզիկոս գիտնականները կարծում են, որ մեր հիացմունքի առարկա կտավները միգուցե այդքան էլ անկեղծ չեն նկարվել, ինչպես մենք բոլորս կարծում էինք։ Գիտնականները վերլուծել են այն օպտիկական տեխնոլոգիաները, որոնք հասանելի են եղել 16-17–րդ դարերի նկարիչների վրձնին, եւ փորձել են դրանցից համակարգ կազմել, որը թույլ կտար իրենց իսկ դեմքը արտացոլել կտավի վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հեղինակները ընդհանուր առմամբ տարբեր ոսպնյակներից, ծուռ հայելիներից 5 նման «պրոյեկտոր» են հավաքել, որոնք տեսականորեն կարող էին օգտագործվել նկարիչների կողմից ապագա կտավի վրա իրենց «տեսնելու» համար։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ, համենայն դեպս, Ռեմբրանդտն օգտվել է նման հնարքներից։