Օգոստոս 07, 2016 21:44 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ hետ:

ԻԻՀ-ի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության կողմից առաջարկված չորս ստեղծագործությունները ներառվել են ՄԱԿ-ի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային   ցուցակում:

Իրանի ազգային արխիվի ու գրադարանի կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, «Հիշատակ ու հիշողություն», «Ազատության կամուրջ», «Քամու հետ միասին անապատի մենության մեջ»և «Իրանի տարածքի երեխաները» հեռուստատեսային փաստագրական ֆիլմերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» միջազգային  ցուցակում:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան հաղորդումների Սահար հեռուստակայանի արտադրությունը համարվող «Հիշատակ ու հիշողություն» 120 րոպե տևողությամբ հեռուստատեսային փաստագրական ֆիլմը պատրաստել են Մուստաֆա Ռազաղ Քարիմին և Ֆարհադ Վարահրամը: Ֆիլմը պատմում է Իրանի տարածքի առաջացման, ինչպես նաև մինչև ժամանակակից շրջանն այդտեղ բնակված տարբեր ժողովուրդների քաղաքակրթության մասին:

«Աշխարհի հիշողություն»  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերից է, որ իր աշխատանքը սկսել է 1992 թվականից:

---

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության միջազգային հետազոտությունների և ուսուցման կենտրոնի տեղակալը տեղեկացրել է պարսկերեն լեզուն և գրականությունն աշխարհում տարածելու նպատակով նախարարության ռազմավարական աշխատանքների մասին:

ԻԻՀ արտաքին գործերի նախարարության միջազգային հետազոտությունների և ուսուցման կենտրոնի տեղակալ՝ Մորթեզա Դաման Փաքն ասել է. «Ազգային միասնական քայլով հնարավոր է պարսկերեն լեզուն և գրականությունը տարածել իրանական քաղաքակրթության ոլորտում գտնվող երկրներում»:

Դաման Փաքի խոսքերով, Իրանի տարբեր այդ թվում Թեհրանի ու Շիրազի համալսարաններում արտասահմանցի ուսանողները մասնակցում են լեզվի ուսուցման տարբեր դասընթացներին: Նա հավելել է. «Քայլեր ենք ձեռնարկել այն ուղղությամբ, որպեսզի պարսկերեն լեզվի ամբիոնները տարածվեն աշխարհի տարբեր երկրներում և լեզու սովորողները Իրան ժամանելով, կարողանան մոտկից ծանոթանալ իրանական քաղաքակրթությանն ու պարսկերեն գրականությանը»:

Նշելի է, որ պարսկերեն լեզվի տարածման ուղղությամբ վերջերս մի խումբ ուսանողներ Հայաստանից այցելել էին Իրան: 

---

Իրանցի կինոգործիչներ շաբաթ օրը «Հաշմանդամության նկատմամբ հայացքների փոփոխման» կարգախոսով Նոր Դելիում կայացած Հնդկաստանի Care we միջազգային 13-րդ կինոփառատոնում շահել են ութ մրցանակ:

Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, Սինա Շաֆիի  «Այստեղ» ֆիլմը կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակին, իսկ Նասիմ Մադադիի   «Ձեռքեր հոր համար» ֆիլմը շահել է լավագույն ֆիլմի երրորդ մրցանակը:

Բաբաք Համիդի Ֆարի «Ձուկն ու ես» ֆիլմը, որ անդրադարձել է կույրերի խնդիրներին, շահել է առաջին մրցանակը, իսկ Մեհդի Ղորբանիի «Ծանոթ լռություն» ֆիլմը նույն բաժնում արժանացել է երրորդ մրցանակին:

Կրկին կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում Շահրիար Փուրսեյեդյանի ու Մոհամմեդ Ֆազել Փուր Աբութալեբի «Երբ լույսն է շողում» և «Փոքր շրջանակ» ֆիլմերը արժանացել են առաջին, իսկ Քյումարս Սամադի Թարիի «Միանվագ քայլեր» ֆիլմը`  Հնդկաստանի միջազգային կինոփառատոնի երկրորդ մրցանակին:

Իրանը, ԱՄՆ-ն ու Հնդկաստանը թվով ամենաշատ ֆիլմերն էին ներկայացրել Հնդկաստանի միջազգային 13-րդ կինոփառատոնին:

Care we միջազգային կինոփառատոնը կայանում է ամեն տարի: Փառատոնի նպատակն է բարձրացնել հաշմանդամության վերաբերյալ  տեղեկացվածության մակարդակը և փոխել հաշմանդամների հանդեպ մարդկանց վերաբերմունքը:

---

Կանադահայ  դերասանուհի, կինոռեժիսոր Արսինե Խանջյանը չի բացառել, որ ֆիլմ է նկարահանելու հուլիսի 17-ից հետո ծավալված երևանյան իրադարձությունների վերաբերյալ:

«Նախ պետք է ունենամ փաստական տվյալներ Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Ինձ համար շատ կարևոր է սփյուռքի անդրադարձն այս խնդրին: Կարծում եմ, սփյուռքը նույնպես պետք է ազդեցություն ունենա Հայաստանի հետ կապված հարցերի վրա»,- նշեց  Խանջյանը:

Հուլիսի 27-ին Խորենացու փողոցում նկարահանում կատարելիս ոստիկանությունը Արսինե Խանջյանին բերման է ենթարկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես տեղեկացրին ոստիկանությունից, կինոռեժիսորին բերման ենթարկելը թյուրիմացություն է եղել, և նրան ազատ են արձակել:

---

Ընթացիկ տարում ամբողջությամբ կավարտվի Ազգային արխիվի ֆիլմերի թվայնացման գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

«Այս տարի կինոնկարների թվայնացումը կավարտենք: Արդեն թվայնացվել է 1927 կինոնկար: Մեզ մոտ պահվում է 2 հազար 200 կինոնկար: Մնացածն էլ այս մի քանի ամիսներին կավարտենք ու արդեն կարող ենք ասել, որ ամբողջ կինոհավաքածուն ունենք էլեկտրոնային տարբերակով»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:

Ազգային արխիվում պահվող ամենահին տեսապատկերը 1911 թվականին նկարահանված կաթողիկոս Իզմիրլյանի թաղման տեսանյութն է: Դրանից բացի, պահվում է առաջին գեղարվեստական ֆիլմը` 1925 թվականին նկարահանված «Նամուս»-ը, ինչպես նաև դրանից հետո նկարահանված ֆիլմերը: Ամատունի Վիրաբյանի խոսքով, ամեն դեպքում ժապավենները մնալու են:

Արդեն մի քանի տարի է` շարունակվում է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Դրա շնորհիվ տեղեկությունն առավել հասանելի է դառնում:

---

Երևանում Արամե պատկերասրահի «Մաշտոց» մասնաճյուղում օգոստոսի 5-ին տեղի է ունեցել գեղանկարիչ Արեգ Էլիբեկյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ներկայացված է նկարչի ստեղծագործական գործունեության 15-ամյա ժամանակաշրջանն ընդգրկող շուրջ 40 աշխատանք: Աշխատանքների հիմնական մասը ստեղծվել է Կանադայում, մի զգալի մասն էլ՝ հայրենիքում: Կտավներում ստեղծագործական թեմատիկ սահմանները որոշակի են՝ քաղաքային պատկերների գերակայությամբ, բնանկարներում բնության մտերմիկ զգացողության արտահայտություններով՝ աշնանային տաք գույների գրավչություն, ձմեռային պեյզաժների զարմանալի քնարականություն, մարդաշատ փողոցների սրճարաններում տիրող եռուզեռ:

Ցուցահանդեսն ամբողջացնում են նկարչի վրձնած Փարիզի, Մոնրեալի, Մարսելի, Երեւանի փողոցների տրամադրությունները՝ օրվա որեւէ պահի, որեւէ իրավիճակի բնութագրմամբ, ինչն էլ ավելի է ընդգծում այս քաղաքների հանդեպ Արեգի ուրույն վերաբերմունքը:

46-ամյա Արեգ Էլիբեկյանը ապրում եւ ստեղծագործում է Կանադայի Մոնրեալ քաղաքում։ Նրա աշխատանքները ցուցադրվում են Երեւանում, Մոնրեալում, Փարիզում, 2012 թվականից՝ Արամե պատկերասրահում։

Մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային ցուցահանդեսների եւ արթէքսպոների, ինչպես նաեւ ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հայաստանում:

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ սույն թվականի օգոստոսի 20-ը:

---

Արվեստաբան Ջեֆրի Համբուրգերը դանդաղ թերթում է կաշեկազմ կրոնական գրքի էջերը, նրա աչքերը գամված են ձեռագրին, որը ներկայացնում է վաղեմի սրբերի կյանքի ժամանակագրությունը: Վարպետությունը տպավորիչ է, պատկերացումը՝ վառ եւ համոզիչ, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ աշխատանքն ավելի քան հազար տարվա պատմություն ունի: Այս մասին The Boston Globe-ում հրապարակված հոդվածում գրում է Բրայան ՄաքՔարրին:

Հարվարդի համալսարանի պրոֆեսորը գիրքը մշակում է մեծագույն հարգանքով. այս ձեռագիրն անգին է՝ նկարազարդված փորձառու գրչի կողմից, հավանաբար, Ֆրանսիայի կենտրոնական հատվածի Բենեդիկտյան աբբայությունում, 935 թվականից ոչ ուշ:

Շուտով գիրքը ներկայացվելու է Բոստոնում, Միջնադարյան եւ Վերածննդի ժամանակաշրջանի ձեռագրերի ցուցահանդեսում:

Սեպտեմբերին նախանշված ցուցադրությունում 250 ցուցանմուշ է ներկայացվելու: Ջեֆրի Համբուրգերի խոսքով՝ այն «ամենահավակնոտն է լինելու Հյուսիսային Ամերիկայում կազմակերպված ձեռագրերի բոլոր ցուցահանդեսներից»:

Ցուցահանդեսն անցկացվելու է Հարվարդի համալսարանի Houghton գրադարանում, Բոստոնի քոլեջի McMullen արվեստի թանգարանում եւ Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում: Որոշ ցուցանմուշներ բերվելու են 15 տարբեր հաստատություններից, այդ թվում՝ Boston Athenaeum-ից, Ամերիկայի Հայկական գրադարանից եւ թանգարանից:

Բոստոնի հանրային գրադարանի ասոցիացիայի ղեկավար Վիվիան Սպիրոյի խոսքով՝ ձեռագրերը ցուցադրվելու են հիմնականում այն տեսքով, ինչպես ձեռք են բերվել շուրջ 100 տարի առաջ:

---

Ֆրանսիական հին իրերի շուկայում գտել են Վերածննդի դարաշրջանի գերմանացի գեղանկարիչ Ալբրեխտ Դյուրերի փորագրանկարը, որը կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այս մասին գրում է The Guardian–ը: Փորագրանկարը հայտնաբերել է մի անհատ կոլեկցիոներ: Նա մի քանի եվրոյով գնել է «Կույս Մարիամը, որին թագադրել է հրեշտակը» պղնձի վրա փորագրված նկարը, որը ստեղծվել է 1520 թ.: Վաճառականի խոսքով, ինքն այդ նկարը գտել էր հին իրերի մեջ:

Հակառակ կողմում գնորդը տեսել է Շտուտգարդի Պետական պատկերասրահի կնիքը: Հասկանալով փորագրանկարի արժեքը՝ կոլեկցիոները որոշել է վերադարձնել այն օրինական տիրոջը, բայց չի ցանկացել հայտնել իր անունը:

Շտուտգարդի թանգարանի փորձագետ Անետտե Ֆրանկենբերգերը նշել է, որ փորագրանկարը լավ է պահպանվել, հավանաբար այն բանի շնորհիվ, որ տասնամյակներ շարունակ թղթով փաթաթված է պահվել:

---

Ավստրալիացի գիտնականները ու արվեստագետները ֆրանսիացի նկարիչ Էդգար Դեգայի «Կնոջ դիմանկարը» կտավի ներկի շերտի տակ քողարկված պատկեր են հայտնաբերել: Հետազոտության մասին հայտնում է Scientific Reports ամսագիրը:

Ենթադրվում է, որ դա Էմմա Դոբինյիի դիմանկարը ստեղծելու՝ նկարչի փորձերից մեկն է եղել: Դեգան, ըստ գիտնականների, որոշել է քողարկել այն, քանի որ մոդելի ականջները անհամաչափ էին պատկերված, հայտնում է Telegraf–ը:

Պատկերը հայտնաբերվել է ռենտգենաֆլուօրեսցենտային հետազոտության միջոցով: Հաջողվել է ստանալ մոդելի հստակ ուրվագծերը, սակայն կիրառվող մեթոդը թույլ չի տվել որոշել քողարկված պատկերի գույնը:

---

Մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի միլիոնավոր երկրպագուների համար հուլիսի 31-ը իսկական տոն էր, քանի որ վաճառքի հանվեց նրա ուշագրավ արկածների մասին թվով 8-րդ գիրքը`«Հարի Փոթերն ու նզովվյալ երեխան»։

Ինչպես նշում է The Independent-ը, մինչ շատերը դեռ չեն էլ հասցրել գնել գիրքը, 10-ամյա բրիտանացի Թոբի Լ’Էստրանժը ոչ միայն ձեռք է բերել այն, այլև հաջողացրել է ամբողջությամբ կարդալ նոր վեպը:

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ  ընթերցասեր տղան նոր գիրքը կարդացել է 59 րոպեում` այնուհետև հայտնելով իր կարծիքը:

Տղան նշել է, որ գիրքն ընդհանուր առմամբ վատ չի, սակայն սյուժեն տեղ-տեղ խճճված է ու անհասկանալի: Նա նաև նշել է, որ գիրքը կարող է մասամբ անհասկանալի լինել այն ընթերցողների համար, ովքեր չեն կարդացել նախորդ 7 գրքերը: