Գեղարվեստական հաղորդում (25)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:
Կանադայի Մոնրեալի կինոփառատոնի կայացման շեմին տեղի է ունեցել ռեժիսոր՝ Փուրիա Հեյդարիի «Ծիրանի այգիները» ֆիլմի պաստառի ցուցահանդեսը:
«Ծիրանի այգիները» ֆիլմը այս ռեժիսորի առաջին գործն է, որը Իրանի և Հայաստանի համատեղ արտադրությունն է:
Ֆիլմի ավելի քան 90 տոկոսը նկարահանվել է Հայաստանում և մի մասն էլ Իրանում: Այն պատրաստվել է պարսկերեն, հայերեն և անգլերեն լեզուներով: Ֆիլմի դերակատարներն են Հայաստանի հայտնի դերասանները և երեք իրանցի դերասաններ:
«Ծիրանի այգիները» ֆիլմը սոցիալական հարցեր է շոշափում: Ֆիլմը պատմում է իրանահայ երիտասարդ՝ Արամի կյանքի մասին ,ով մանկուց Իրանից արտագաղթել է Միացյալ նահանգներ և իր ուզած աղջկա հետ ամուսնանալու նպատակով առաջին անգամ այցելել է Հայաստան:
Oգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընթացող Մոնրեալի կինոփառատոնում առաջին անգամ կցուցադրվի «Ծիրանի այգիները» ֆիլմը: Մոտ ապագայում այն էկրան կբարձրանա նաև Իրանում և Հայաստանում:
Աշխարհի կինոգործիչների ոլորտում անցկացված վերջին հարցումների արդյունքների համաձայն, 21-րդ դարի ամենասիրված հարյուր ֆիլմերի շարքում, տեղ են գտել իրանական երեք ֆիլմեր:
Հարցումներն իրականացվել են BBC հեռուստաընկերության կողմից: Հարցումներին մասնակցել են ողջ աշխարհից 177 կինոքննադատներ, ակտիվիստներ ու կինոգործիչներ:
Հարցվողները պետք է նշեին 21-րդ դարում արտադրված իրենց ամենասիրած հարյուր ֆիլմերի անունները:
Իրանական հիշյալ երեք ֆիլմերն են՝ Օսկարի մրցանակակիր՝ Ասղար Ֆարհադիի «Սիմինի և Նադերի ամուսնալուծությունը», Աբբաս Քիա Ռոստամիի «Պատճենը և բնագիրը» նաև «Տաս» ֆիլմը: Իրանական ֆիլմերը համապատասխանաբար զբաղեցրել են ցանկի 9-րդ, 46-րդ և 98-րդ տեղերը:
«Սիմինի և Նադերի ամուսնալուծությունը» ֆիլմն արժանացել է նաև 2012 թվականի ոչ-անգլալեզու լավագույն ֆիլմի Օսկարի մրցանակին:
2016 թվականի Կաննի կինոփառատոնում , «Վաճառորդը» ֆիլմի համար, Ֆարհադին արժանացավ լավագույն սցենար անվանակարգի մրցանակին:
Վերջերս վախճանված Աբբաս Քիա Ռոստամին նույնպես համարվում է կինոաշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը: 19 տարի առաջ, «Բալի համը» ֆիլմի համար, նա շահել էր նաև Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակը:
Covert Media անկախ կինոընկերությունը հիմնել է Lexica Films միջազգային վաճառքների ապրանքանիշը, որը տարեկան 5-10 ֆիլմ է թողարկելու:
Yahoo News-ի տեղեկացմամբ` Lexica Films-ի առաջին արտասահմանյան կինոժապավենը կլինի Սարիկ Անդրեասյանի հայ-ռուսական արտադրության «Երկրաշարժ» ֆիլմը, որը կներկայացվի Տորոնտոյում:
Lexica Films-ը մտադիր է նաև իրավունք ձեռք բերել ֆիլմի անգլալեզու ռիմեյքի ստեղծման համար: Covert Media-ի ղեկավարությունը Գյումրու երկրաշարժի մասին պատմող ֆիլմը տեսնում է որպես «Օսկար» կինոմրցանակի դափնեկրի թեկնածու` «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Covert Media-ն ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում ներկայացնելու իրավունք է ձեռք բերել:
1988-ի սարսափելի երկրաշարժի մասին պատմող ֆիլմում գլխավոր դերը մարմնավորել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն տղամարդկային դեր» մրցանակի դափնեկիր Կոնստանտին Լավրոնենկոն:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Օգոստոսի 28-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը:
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը ուղեկցվել է համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը:
Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական»:
Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆիլմի ֆեյսբուքյան էջը, «Թևանիկ»-ն առաջադրված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:
Կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 4-ին:
«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից (2014 թ.) Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:
Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում օգոստոսի 19-ին մեկնարկել են Գերմանիայում հայկական մշակութային օրերը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պաշտոնյաներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկան Բեռլինի պետական թանգարանների գլխավոր տնօրեն Միխայել Այզենհաուերը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Եվրոպական մշակույթների թանգարանի տնօրեն պրոֆեսոր Էլիզաբեթ Թիթմայերը:
Միջոցառման ընթացքում «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային հայտնի համույթը հանդես եկավ ժամանակակից ջազի, ֆոլկի, ռոքի կատարումներով:
ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանիայում ՀՀ դեսպանության և Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված Գերմանիայում հայկական մշակութային օրերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը:
Միջոցառման շրջանակներում Բեռլինի եվրոպական մշակույթների թանգարանում կցուցադրվի Էրոլ Գուրիանի՝ «Երազանքի օրեր» խորագիրը կրող «terra arMenia» լուսանկարների շարքը: Հեղինակը լուսանկարել է տարբեր երկրներում բնակվող սփյուռքահայերին՝ ներկայացնելով նրանց ընտանեկան պատմությունները ու Հայաստանում սիրած վայրերը:
Սեպտեմբերի 22-ին Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային երաժշտության դահլիճում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես կգա համերգով, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին և անցկացվելու է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար դր. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի բարձր հովանու ներքո:
Մշակութային օրերի շրջանակներում կցուցադրվի 20-րդ դարի հռչակավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» գեղարվեստական կինոնկարը: Հայ և գերմանացի գիտնականների մասնակցությամբ կանցկացվեն մի շարք համաժողովներ և քննարկումներ տարբեր թեմաներով` «Հայ եկեղեցի. պատմություն և ներկա», «Հայ գրատպության պատմությունը», «Հայաստան. Եվրոպայի դարպասն Արևելքում», «Հայրենիք-ինքնություն-հույզեր», «Հայերը Բեռլինում» և այլն:
Լիբանանյան ծագումով իսպանաբնակ տաղանդավոր ջութակահար Արա Մալիքյանի վերջին ծրագիրը նվիրված է խաղաղությանն ու համերաշխությանը: Վերցնելով իր հավատարիմ գործիքը՝ ջութակը, Արա Մալիքյանը շրջել է փախստականական ճամբարներում՝ նվագելով սիրիացի երեխաների համար: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Իսպանական մամուլը նրա մասին գրում է, որ երաժիշտը նույնպես «պատերազմի զոհ» է. 1970-ականներին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով նա թողել է իր ծննդավայրն ու գաղթել Եվրոպա, որտեղ Արա Մալիքյանը ջութակի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:
Այժմ նա կարող է մի փոքր ուրախություն պատճառել մանկությունից զրկված հազարավոր երեխաների: Երաժշտի խոսքերով, նրանցից շատերն առաջին անգամ են ջութակ տեսնում, երեխաները պարում էին ջութակի երաժշտության ներքո, զարմանքով դիպչում գործիքի լարերին:
Արա Մալիքյանը նրանց պատմել է, որ ջութակն իրեն փրկել է փախստականության ճանապարհին, իսկ այժմ նա ուզում է դրանով իրազեկել աշխարհին՝ սիրիացի ժողովրդի այսօր վիճակի մասին:
Արա Մալիքյանը նվագել է ութ տարեկանից: Ուսանել է Հաննովերում ե Լոնդոնում:
Պագանինիի և Մենդելսոնի փառատոներում արժանացել է առաջին մրցանակների:
Անդամ է լարային գործիքներ նվագողների մրցանակակիրների համաշխարհային դափնեկիր խմբի:
Համատեղ ելույթներ է ունեցել Գրենոբլի, Ցյուրիխի, Բուդապեշտի, Բելգրադի նվադախմբերի հետ, թողարկել է ձայնապնակներ:
BBC ալիքը կէկրանավորի բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի 7 գրքերը, հաղորդում է Variety-ն: Դրանք կներկայացվեն փոքր էկրաններին հաջորդ 4 տարիների ընթացքում, հավանական է, մինի-սերալների ձեւաչափով:
Առաջինը կէկրանավորվի «Անմեղության փորձարկում» վեպը: Քրիստին խոստովանել է, որ դա իր ամենասիրելի աշխատանքներից մեկն է: Թե որ ստեղծագործությունները կլինեն հաջորդ նախագծերում, դեռեւս ճշտվում է: Պրոդյուսերները դեռեւս քննարկում են «Մահը գալիս է վերջում» եւ «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունները:
Ագաթա Քրիստիի ստեղծագործություններով այս տարի հետաքրքրվել են Հոլիվուդում: Դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքը պատրաստվում էր էկրանավորել գրողի «Մեղադրող վկան» եւ գլխավոր դեր խաղալ այդ ֆիլմում:
Իտալիայում երկրաշարժի հետեւանքով տասնյակ տաճարներ եւ մշակույթի այլ օբյեկտներ են վնասվել: Այս մասին հայտարարել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
Ըստ Ansa-ի՝ երկրաշարժից առավելապես տուժած Ամարտիչե քաղաքում փլուզվել են Սան Ֆրանչեսկո եւ Սանտո Ագոստինո մայր տաճարները, Սան Ջովանի, Սանտա Անիեզե, Սանտա Մարիա դել Սուֆրաջո, Սան Ջուզեպե, Սան Էմիդիո եկեղեցիները: Լրջորեն տուժել են Հռոմեական եւ Ասկոլիական դարպասները, քաղաքացիական աշտարակը, գրադարանը, թանգարանը: Ոչնչացել է Սան Ֆրանչեսկոյի կամարը:
Վնասվել են նաեւ Ուրբանո, Արկատա դել Տրոնտո, Ասկոլի, Մոնտեգալո, Մոնտեմոնակո, Տոլենտինո, Սան Ջինեզիո քաղաքների մի շարք եկեղեցիների եւ այլ կառույցների պատեր: