Սեպտեմբեր 05, 2016 03:09 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Ուրբաթ, սեպտեմբերի 2-ին, Թեհրանի «Նիավարան» մշակույթի պալատի զովասուն զբոսայգում աշխատող կենտրոններում ընթացող միջոցառումների շարանում բացումը կատարվեց իրանահայ արվեստագետների ավագ սերնդին պատկանող և ներկա լոնդոնաբնակ գեղանկարիչ-ճարտարապետ Էդման Այվազյանի աշխատանքների ցուցահանդեսը, «Հայրենիքիս երանգները» անվանումով, որը ներառում է Էդմանի վերջին տարիներում Իրանի բնաշխարհի զանազան տեսարանների յուրովի մեկնաբանած պաստառները, «Ռուբայաթներ» անվանումով վերացական թեմայով պաստառները և Պարսից ծոցի արաբական երկրներում և Սաուդական Արաբիայում իր ձևավորմամբ կառուցված շինությունների ու ներքին շքեղ ձևավորումների հատընտիր ցուցանմուշները:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պրն. Արտաշես Թումանյանը, որը ներկա էր դեսպանատան աշխատակազմի ընկերակցությամբ, «Նիավարան» մշակույթի պալատի գեղարվեստական ընդհանուր տնօրեն դոկտ. Սաջջադին, ցուցահանդեսի կազմակերպիչ-պատասխանատու Զահրա Ռադը, թեհրանահայ ազգային մարմիններից, և արվեստագետներ ու արվեստասեր հրավիրյալներ:

Հրաչյա Թամրազյան

 

63 տարեկանում վախճանվեց անվանի գիտնական, բանաստեղծ, թարգամանիչ, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը:

Հայ գիտնական, բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանը ծնվել էր 1953թ. դեկտեմբերի 5-ին: 1977 թ. աշխատանքի է անցել  Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։

Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։ 1999 թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է:

Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։

Երևանյան 10-րդ միջազգային փառատոն

 

Երևանյան 10-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:

Փառատոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ փառատոնը ներկայացնում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանն ու Էդուարդ Թոփչյանը:

«Շարական» փառատոն

 

Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևի վանական համալիրում անցկացվելու է «Շարական» առաջին փառատոնը: Այս մասին հայտնում է փառատոնի կազմակերպիչ «Music of Armenia» ընկերությունը: Սեպտեմբերի 14-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը, սեպտեմբերի 15-ին՝ Երևանի պետական երգչախումբը և սեպտեմբերի 16-ին՝ Տաթևի վանական երգչախումբը: Բացի այդ՝ նախատեսվում է նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի անվճար վարպետության դասը:

«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը:

Փառատոնն ամենամյա է, և շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես: Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է մի հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար: Փառատոնին աջակցում է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը:

Քարավան 1915

 

Թուրք հայտնի ռեժիսոր Իսմայիլ Գյունեշի նկարահանած  և  Հայոց ցեղասպանությունը ժխտող, 1915-ը պարզապես ընդհանուր ողբերգություն ներկայացնող «Քարավան 1915» ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում։

Թուրք ռեժիսորը նշել է, թե իր ֆիլմում ինքը չի փորձում ցույց տալ թե ցեղասպանություն եղել է կամ հակառակը, այլ պարզապես ցույց է տալիս մի կառապանի պատմություն, ում հանձնարարել էին Գիրեսունում ապրող 200 հայերին տեղափոխել Հալեպ, որի ընթացքում կառապանը «անձնվիրաբար» պաշտպանել է իրեն «վստահված» հայերին ավազակների հարձակումներից:

Նա շեշտել է, թե Գիրեսունից Հալեպ գնալու ժամանակ տարբեր վայրերում ֆիլմի հերոսներն ականատեսն են լինելու կոտորածների տեսարանների:

Ֆիլմը Թուրքիայում մեծ էկրան է բարձրանալու հոկտեմբերի 7–ին։ Ֆիլմում նկարահանվել է նաև հայ դերասանուհի Ռոզա Հովհաննիսյանը, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Սուրեն Ասատրյանը։

«Վերջացավ, վերջացավ, բայց չվերջացավ»

 

Թուրք գրականության ժամանակակից մեծություններից համարվող Վեդաթ Թուրքալին Յալօվայի հիվանդանոցում օգոստոսի 29-ի վաղ առավոտյան մահկանացուն է կնքել։

Կյանքի 97-րդ տարում մահացած Վեդաթ Թուրքալին եզակի թուրք գրողներից է, ով իր ստեղծագործության մեջ ընդարձակ ձևով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ «Վերջացավ, վերջացավ, բայց չվերջացավ» վեպում։

«Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսը

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված Ուկրաինայի հայերի միության միջոցառումների շրջանակում Խերսոնում բացվել է «Ուկրաինայի հայկական ժառանգությունը» ցուցահանդեսը:

Ցուցանմուշները Ուկրաինայի հայերի պատմության և մշակույթի այնպիսի բազմադարյա վկայություններ են ներկայացրել, ինչպիսին են Լվովի հայկական տպարանը, Սոֆյա Կիևսկայայի գրաֆիթին, հայկական հրաշագործ սրբապատկերները:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության կոմիտեի և Խերսոնի մարզային «Ուրարտու» հայ համայնքի համատեղ ջանքերով: Ցուցահանդես են այցելել Խերսոնի հայ համայնքի, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ:

Այս տարի լրացել է Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը: Վենետիկից, Կոստանդնուպոլսից և Հռոմից հետո Լվովը դարձել է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը: Լվովում տպագրված հայերեն առաջին գիրքը «Դավիթ և Սաղմոս» («Դավթի սաղմոսները») գիրքն է, որ հրատարակվել է 1616 թվականի դեկտեմբերի 15-ին:

Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակին նվիրված թեմատիկ միջոցառումներ են կազմակերպվում երկրի տարբեր տարածաշրջաններում:

Վենետիկյան փառատոն

Վենետիկում մեկնարկել է աշխարհում ամենահին կինոփառատոնը: Կինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդեսը, ինչպես անվանում են կինոդիտումը, 73-րդ անգամ տեղի է ունենում Վենետիկի Լիդո կղզու Կինոյի պալատում:

Կինոփառատոնը բացվել է պատվավոր «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» հանձնման արարողությամբ, որը տրվում է կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար: Այս տարի արձանիկը բաժին է հասել լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկիին:

Այս տարի փառատոնի տնօրինությունը և Վենետիկի բիենալեն որոշել են երկուական պատվավոր պարգևներ հանձնել: Երկրորդ «Ոսկե առյուծը» բաժին է հասել ֆրանսիացի դերասան Ժոն Պոլ Բելմոնդոյին, որի պարգևատրումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

Հիմնական մրցութային ծրագիրը բաղկացած է 20 ֆիլմից:

Փառատոնի բացման ֆիլմը եղել է ամերիկացի ռեժիսոր Դեմեն Շազելի La La Land մյուզիքլը:

Վենետիկյան փառատոնի հաղթողների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 10-ին:

Ջեքի Չան

 

Չինացի ու հոնգոնկցի դերասան Ջեքի Չանը կստանա «Օսկար» պատվավոր մրցանակը կինեմատոգրաֆիայում մեծ վաստակի համար, հայտնում է Variety-ն: Մրցանակաբաշխության արարողությունը կանցնի նոյեմբերին Լոս Անջելեսում:

Չանի հետ մեկտեղ մրցանակներ կստանան ռեժիսոր Ֆրեդերիկ Ուայզմանը, մոնտաժի մասնագետ Էնն Քոութսը ու դերասանների ընտրությամբ զբաղվող ռեժիսոր Լինն Ստալմաստերը: «Նրանք իսկական պիոներներ են իրենց գործում ու իսկական առասպելներ: Մենք հպարտությամբ ենք նշում նրանց անհավանական ձեռքբերումները»- շեշտել է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը:

Թուրքիայի պետական թատրոնների գլխավոր տնօրեն Նեժաթ Բիրեջիքը հայտնել է, թե այս տարի պետական թատրոններում միայն թուրքական ներկայացումներ են բեմադրվելու։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պետական թատրոնների գլխավոր տնօրեն Նեժաթ Բիրեջիքը նշել է, թե ազգային, բարոյական զգացմունքները ամրապնդելու, երկրի ամբողջականությանը աջակցելու համար, որպես հայրենիքը սիրող արվեստագետներ այս տարի պետական թատրոններում բեմադրվելու են միայն թուրքական ներկայացումներ։

Ռաֆայելի ցուցահանդեսը՝ Մոսկվայում

 

Այն ստեղծագործությունների արժեքը, որոնք Ռաֆայելի ցուցահանդեսի համար Իտալիայից կբերվեն Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, կազմում Է շուրջ 500 միլիարդ եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել Է Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեզարե Ռագալյինին: «Գործերի անգին լինելու մասին ինչ-որ պատկերացում կարող Է տալ գրեթե 500 միլիարդ եվրո գումարը. սա Է այն նկարների արժեքը, որոնք կբերվեն Մոսկվա»,- ասել Է դեսպանը:   

Ռագալյինին ճշտել Է, որ Պոշկինի անվան թանգարան կբերվեն ութ գեղանկարչական նկարներ և երեք գծանկարներ Իտալիայի տարբեր պատկերասրահներից և թանգարաններից, այդ թվում Ուֆիցիի պատկերասրահից և Բոլոնիայի Ազգային պատկերասրահից:

«Գլխավոր գործերից մեկը կդառնա նկարչի ինքնանկարը՝ աշխարհում Ռաֆայելի յուրօրինակ այցետոմսը»,- ընդգծել Է դեսպանը:

Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսը, որը կբացվի սեպտեմբերի 12-ին, կդառնա ամենանշանակալից մշակութային միջոցառումներից մեկը, որն Իտալիայի դեսպանությունը երբևԷ անցկացրել Է Մոսկվայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: