Սեպտեմբեր 07, 2016 14:36 Asia/Yerevan

Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական  թողարկումը, որի ընթացքում զրուցելու ենք անցած շաբաթ տեղի ունեցած տնտեսական մի քանի կարևոր իրադարձությունների շուրջ: Ընկերակցեք մեզ:


Մետաքսի ճանապարհի 11-րդ նստաշրջանն այս պատմական ճանապարհի վրա գտնվող քաղաքների քաղաքապետների մասնակցությամբ կայացավ Իրանի Ղազվին քաղաքի քաղաքապետարանի հյուրընկալությամբ, որի ընթացքում նաև ընթերցվեց 57 երկրների ներկայացուցիչներին ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունի ուղերձը: Ղազվինը 400 տարի առաջ եղել է Իրանի մայրաքաղաքը և 57 տարի համարվել է Իրանի կենտրոնը:

Այդ թեմային է նվիրված մեր հաղորդման առաջին զրույցը:

Մետաքսի ճանապարհի պատմությունը հիմնված է աշխարհում խաղաղությանը ծառայող կենսական ու հիմնարար սկզբունքների վրա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունն այս նստաշրջանին հղած և Համաշխարհային քաղաքացիների կազմակերպության տնօրեն դոկտ. Քուաքի միջոցով ընթերցված ուղերձում ակնարկելով այս կետին, ասել է. «Այս ճանապարհի պատմությունը պատմում է տարբեր մայրցամաքների քաղաքական, տնտեսական, մշակութային ու գեղարվեստական հարցերի մասին: Մետաքսի ճանապարհը ձգվում է թե ցամաքում և թե ծովում՝ դյուրին դարձնելով աշխարհի առևտրականների, ղեկավարների, հոգևոր անձանց ու արվեստագետների երթևեկը: Մետաքսի ճանապարհին իրար կողքի են շարվում տարբեր երկրների մշակույթները և դա վերածվում է արտադրանքների ու մտահղացումների փոխանակման վայրի: Այս ճանապարհը երկխոսության միջոցով խաղաղության հաստատման հող է պատրաստում և համարվում է կրոնների միջազգային փոխըմբռնման ու համագործակցության և ողջ աշխարհի բարեկեցության մակարդակի բարելավման հարթակը»:

Մետաքսի ճանապարհի վրա գտնվող 27 երկրներից քաղաքապետների համագումարը վկայում է Մետաքսի ճանապարհի և դրա վերականգնման նշանակության մասին: Դա Մետաքսի ճանապարհի վրա գտնվող քաղաքների ինքնության վերականգնման իմաստով է: Այս ճանապարհի վերականգնումը տնտեսական ու մշակութային հարցերից բացի նաև մեծ նշանակություն ունի զբոսաշրջության բնագավառում: Մետաքսի ճանապարհի կարևորության պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ն նույնպես միջամուխ է եղել դրա վերականգնման աշխատանքներին: Քանի որ այս ճանապարհի վերականգնումն ամրապնդելու է մշակութային ընդհանրություններն ու խաղաղ գոյակցությունը: Մետաքսի ճանապարհի վերականգմանն ուղղված հավաքական ջանքն ու վճռականությունը դրա վերականգնման բազմակողմ նպատակների ծանոթացման ու իրագործման հնարավորություն է ստեղծել:

Իրանի ճանապարհի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդին Մետաքսի ճանապարհի քաղաքապետների 11-րդ նստաշրջանում ելույթ ունենալով, ասաց. «Իրանի քաղաքակրթությունը պատմական է և նրա աշխարհագրական սահմանները ներառում են տարածաշրջանի շատ երկրների՝ համարվելով տարածաշրջանի ժողովուրդների ամենամեծ հարստությունը»: «Տարածաշրջանի ժողովուրդների միջև կապերը խանգարող որևէ արգելք գոյություն չունի և հարևանների հետ երկաթգծային կապերի ու փոխադրության բնագավառում նախագծերն իրագործվում են, որոնք Ղազվինը միացնելու են Ռաշտին և ապա Միջին Ասիային»,-ասել է Ախունդին:

Մետաքսի ճանապարհի վերականգնումն ինչ-որ կերպով իսլամական Իրանի պատմության վերընթերցումն է: Իրանցիները բազմաթիվ ընդհանրություններ ունեն այլ քաղաքների, այդ թվում Բուխարայի ու Սամարղանդի հետ: Իրանի ժողովուրդը ծանոթ է Աֆղանստանում, Հնդկաստանում, Չինաստանում ու այլ երկրներում Մետաքսի ճանապարհին  գտնվող քաղաքներին և Մետաքսի ճանապարհը նոր ուղի է բացում ներկայացնելու և ծանոթացնելու համար նոր ժամանակաշրջանում Իրանի քաղաքակրթությունը:

Մետաքսի պատմական ճանապարհն իր նոր ուղղությամբ համագործակցության ուղի է համարվում և այս համագործակցությունը ներառում է էներգետիկայից սկսած մինչև մշակութային զարգացումն ու զբոսաշրջությունը: Այս պատմական ճանապարհի վրա Իրանի Չաբահարի նավահանգիստը համարվում է մետաքսի ճանապարհի ցամաքային ու ծովային ուղղությունների միացման կետը:

Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ նշել է Մետաքսի պատմական ճանապարհի քաղաքապետների նստաշրջանին հղած ուղերձում, Մետաքսի ճանապարհը Ասիայի ու Եվրոպայի երկրները միացնող կամուրջ է:

---

Այս շաբաթ Թեհրան այցելեց նաև Ալժիրի էներգետիկայի նախարարը:

Էներգետիկայի միջազգային ֆորումին առընթեր ՕՊԵԿ-ի անդամ երկրների ոչ-պաշտոնական նիստի և նավթի գների շուրջ մտքերի փոխանակումն այս բանակցությունների առանցքներից էին:

Այդ թեմային է անդրադարձել մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Իրանի նավթի նախարարը շաբաթ օրը՝ Թեհրանում, Նուրեդդին Բութարֆայի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՕՊԵԿ-ում Իրանի ու Ալժիրի հարաբերությունները, երկարատև, կայուն ու ռազմավարական բնույթի են և Իրանը ողջունում է նավթի, գազի ու էներգետիկայի ոլորտներում Ալժիրի հետ համագործակցությունը:

ՕՊԵԿ-ի անդամ երկրների նախարարները որոշված է հանդիպեն սեպտեմբերի 26-ից 28-ը Ալժիրում գումարվելիք Էներգետիկայի միջազգային ֆորումի նստաշրջանին առընթեր:

Ալժիրի էներգետիկայի նախարարը Զանգանեի հետ զրույցի ժամանակ մատնանշելով, որ ՕՊԵԿ-ի շրջանակներում Իրանի ու Ալժիրի հարաբերությունները ամուր ու գովելի են, հավելեց. «Իրանի շրջափակման ժամանակ Ալժիրը շարունակ եղել է Իրանի պաշտպանն ու հովանավորը»:

Իրանի նավթի նախարարի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալ Ամիր Հոսեյն Զամանի Նիան նույնպես շաբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ակնարկելով Թեհրանում Իրանի նավթի և Ալժիրի էներգետիկայի նախարարների բանակցություններին, ասաց, որ Իրանը միայն մինչև շրջափակումները գոյություն ունեցող քվոտաների վերականգնման դեպքում պատրաստ կլինի համագործակցել նավթի շուկայում հավասարակշռության հաստատմանն ուղղված ջանքերին:

---

Թեհրանն այս շաբաթ հյուրընկալեց չորս ցուցահանդեսներ:

Անցած շաբաթ Թեհրանում կազմակերպեցին Իրանի Հագուստի, Կարպետի, մեքենայով գործված գորգի և հարակից արդյունաբերության, տնային գործվածքների, մեքենաների ու նախանյութերի, ինչպես նաև կանաչ առևտրի միջազգային ցուցահանդեսները:

Հիշյալ ցուցահանդեսներին իրենց մասնակցությունը բերեցին աշխարհի տարբեր երկրների, այդ թվում Թուրքիայի, Չինաստանի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բրիտանիայի, Իտալիայի, Բելգիայի, Թայվանի, Թաիլանդի, Ճապոնիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի ու Հարավային Կորեայի ընկերություններ:

Իրանի կանաչ առևտրի միջազգայի-փորձագիտական ցուցահանդեսն էլ կազմակերպվեց Գերմանիայից, Եթովպիայից, Իտալիայից, Բելգիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Չինաստանից, Լիտվայից, Նիդերլանդներից, Հնդկաստանից ու Քենիայից 64 արտասահմանյան ընկերությունների մասնակցությամբ:

---

Վերջին տասը ամսվա ընթացքում երկրորդ անգամ Թեհրան այցելեց Գերմանիայի  Բավարիա նահանգի էկոնոմիկայի նախարարը:

Այս նահանգի էկոնոմիկայի նախարար Էլիզա Այգներն Իրանի պատասխանատուների հետ բանակցության , ինչպես նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով կիրակի օրը ժամանեց Թեհրան:

Եռօրյա այս ուղևորության ընթացքում Բավարիա նահանգի էկոնոմիկայի նախարարին ընկերակցում էր տնտեսական 50 հոգանոց մի պատվիրակություն: ԻԻՀ-ն արտահանումային բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում Բավարիա նահանգի համար և այս նահանգը ցանկանում է օգտվել այդ առիթներից:

Իրանի և Գերմանիայի Բավարիա նահանգի միջև առևտրաշրջանառությունն այս պահին ավելի քան 220 միլիոն եվրո է: Իրանը համարվում է Միջին Արևելքում Բավարիա նահանգի առևտրական գլխավոր գործընկերը:  

Բավարիա նահանգի էկոնոմիկայի նախարարի Իրան կատարած ուղևորության ընթացում ստորագրվեց Իրանի արևելքում գտնվող Քերման նահանգի հետ տնտեսական համագործակցությունների փոխհուշագիրը:

Քերմանի նահանգապետ Ալիռեզա Ռազմ Հոսեյնին երկուշաբթի օրը Գերմանիայի Բավարիա նահանգի հետ համագործակցության փոխհուշագրի ստորագրման արարողության ժամանակ, ասաց, որ այս նահանգում ներդրման համար 29 միլիարդ դոլարի հասնող նախագծեր են նկատի առնվել, որոնք պատրաստ են արտասահմանյան ընկերություններին հանձնվելու համար:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Թեհրանում բացվեց Բավարիա նահանգի տնտեսական միության գրասենյակը:  

---

Իրանի Հարավային Փարս գազի համալիրն ապահովում է Իրանում սպառված գազի ավելի քան 62 տոկոսը:

Հարավային Փարս գազի համալիրի ընկերության գործադիր տնօրեն Մասըուդ Հոսեյնին ՇԱՆԱ-ի հետ զրույցի ժամանակ զեկույց ներկայացնելով այդ համալիրում արտադրության վերջին մակարդակի մասին, ասաց, որ իրանական ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներում 77 միլիոն բարել գազային կոնդենսատներ են արտադրվել, որի ավելի քան 62 միլիոն բարելը նավի միջոցով արտահանվել է: