Գեղարվեստական հաղորդում (27)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:
Տարբեր երկրներում Իրանի արվեստն ու ճարտարապետությունը ներկայացնելու շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսներում, ինչպես նաև 2015 թվականի Վենետիկի Բիենալեում և 2016 թվականի մարտին՝ Տոկիոյում, Իրանի ճարտարապետությանը նվիրված ծրագրերի արձանագրած հաջողությունից հետո, 2016 թվականի սեպտեմբեր ամսին Երևանում կազմակերպվելու է իրանական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես:
Ծրագիրն իրականացվում է Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի մշակութային ծրագրերի շրջանակներում, որն արդեն չորրորդ տարին է ինչ ներկայացնում է Իրանի արվեստն ու մշակույթը:
Այս տարվա ծրագիրը հատկացված է Իրանի լուսանկարչության արվեստին ու ճարտարապետությանը: Ներկայացվելու են Իրանի ճարտարապետության նոր սերնդի նախագծերը: Կայացած համաձայնությամբ ցուցահանդեսում նույն դասավորմամբ ներկայացվելու են 2015 թվականի Վենետիկի Բիենալեում ցուցադրված Իրանի ճարտարապետության նախագծերն ու ստեղծագործությունները:
Միջոցառումը հովանավորում է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարությունը և ԻԻՀ ճարտարապետ ինժեներների հավաքականությունը: Այն իրականացվում է Մեհրդադ Զավարե Մոհամմեդիի ղեկավարությամբ:
38 երկրից 104 ֆիլմ կներկայացվի Երևանում մեկնարկող «Սոսե» միջազգային կինոփառատոնին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը, այն ունենալու է երեք հիմնական մրցույթային ծրագրեր. «Կին», «Հատուկ» և «Ուսանողական»:
«Կին» մրցույթային ծրագրում ներկայացվելու են ֆիլմեր, որտեղ խոսվելու է կնոջ մասին, նկարագրվելու է կնոջ դերը հասարակության կյանքում և ընտանիքում: «Հատուկ» մրցույթային ծրագիրն ամեն տարի բարձրացնում է տվյալ պահին արդիական որևէ թեմա: Այս տարվա թեմաները երկուսն են՝ ՀՀ անկախության 25-ամյակի և ջրին նվիրված թեմաները: Իսկ «Ուսանողական» մրցույթային ծրագրում ներկայացվելու են կինեմատոգրաֆում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը»,- նշեց Խալաթյանը:
Սեպտեմբերի 23-30-ն անցկացվող փառառատոնի ֆիլմերը կցուցադրվեն Երևանի «Կինոպարկ» կինոթատրոնում, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում, «Նարեկացի» արվեստի միությունում, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, մուտքն ամենուր կլինի անվճար:
Ամենամեծ քանակությամբ ֆիլմեր են ներկայացված Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից: Հայաստանից նախնական ընտրությունն անցել է 12 ֆիլմ:
«Սոսե» միջազգային կինոփառատոնը անց է կացվում արդեն 3-րդ անգամ: 2014 թվականի ապրիլի 18-ին «Զիս» մշակութային կենտրոնը կազմակերպեց «Սոսե» հանրապետական կինոփառատոնը: Փառատոնին մասնակցում էին այն ֆիլմերը, որոնց թեման կինն էր: Տեսնելով փառատոնի հանդեպ ստեղծագործողների հետաքրքրությունն ու դրական արձագանքները, լսելով նրանց կարծիքներն ու առաջարկությունները՝ Զիս մշակույթի կենտրոնը որոշեց ընդլայնել փառատոնի շրջանակները, և այն հայտարարվեց միջազգային։ «Սոսե» կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։
Կինոաշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Հայտնի է, որ պրեմիերային մասնակացել են հոլիվուդյան աստղեր, գլխավոր դերակատարներից 2-ը Քրիստիան Բեյլն ու Օսկար Այզեքը, ով իր պիջակին կրել է անմոռուկ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ֆիլմի սյուժեի համաձայն` Միքայել Պողոսյանը, որին մարմնավորում է Օսկար Այզեքը, որպես ուսանող բժիշկ ժամանում է Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ)` ցանկանալով ժամանակակից բժշկագիտությունը տարածել իր նախնյաց հողում, որտեղ մուսուլման թուրքերն ու քրիստոնյա հայերը դարեր շարունակ բնակվել են կողք կողքի:
Ֆոտոլրագրող Քրիս Մայերսը (Քրիստիան Բեյլ) ևս ժամանում է Թուրքիա, որտեղ սիրահարվում է Անային (Շառլոտ Լը Բոն), հայ նկարչուհուն, որին ուղեկցում էր Փարիզից:
Միքայելն ու Անան հանդիպելով վերհիշում են իրենց հայրենի մշակութային ժառանգությունը: Սիրո եռանկյունու ձևավորման պահին Թուրքիայում բռնություններ են սկսվում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Ֆիլմը, որի ռեժիսորն է իռլանդացի Թերի Ջորջը, նկարահանել է Survival Pictures ընկերությունը:
Հայկական տիկնիկները ներկայացված կլինեն Ճապոնիայում նախանշված Տիկնիկների համաշխարհային փառատոնին: Այն անցկացվելու է հոկտեմբերի 28-30-ին, Հիգասիկագավա քաղաքում:
Ընդհանուր առմամբ, փառատոնին կներկայացվի 1500 ցուցանմուշ 71 երկրից, այդ թվում՝ 14 տիկնիկ Հայաստանից: Այս մասին գրում է Asbarez-ը:
Այս տարի ցուցահանդեսը նվիրված է Գերմանիային: Կներկայացվեն Սուրբ ծննդյան խաղալիքներ, խաղալիք-տնակներ եւ Գերմանիային բնորոշ այլ ցուցանմուշներ:
Հայաստանի ազգային արխիվը 2017-ին կսկսի հեռուստաֆիլմերի թվայնացման աշխատանքները: Սեպտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ այդ գործընթացը մի քանի տարի կտեւի: Նա հավելել է, որ Ազգային արխիվը միաժամանակ կիրականացնի նաեւ լուսանկարների եւ գրառումների թվայնացում:
«Մեզ մոտ պահվում են Ավետիք Իսահակյանի, Պարույր Սեւակի, Մարտիրոս Սարյանի ելույթների ձայնագրությունները: Եթե ոչ այսօր, ապա վաղը դրանք անպայման կօգտագործվեն»,- ընդգծել է Ամատունի Վիրաբյանը՝ հայտնելով, որ Ազգային արխիվն այս տարի կավարտի փաստագրական ֆիլմերի՝ 35-միլիմետրանոց ժապավենների թվայնացումը:
Արարատյան թագավորության հայտնի բերդերից համարվող Վանի բերդը ներառվել է մշակութային համաշխարհային ժառանգության (ՅՈՒՆԵՍԿՕ) ժամանակավոր ցանկում։
Թուրքական TRT-ի փոխանցմամբ՝ Թուրքիայից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժամանակավոր ցանկ են ներառվել մի շարք բերդեր, կամուրջներ ու մզկիթներ։
Ներառվածների մեջ առանձնանում են Վանի բերդն ու Սասունի Փրե Բաթմանի հայտնի կամուրջը։
Նշենք, որ Վանի բերդը հիմնադրել է Սարդուրի Առաջինը Ք․Ա․ 835-825 թվականներին։
Ս. թ. սեպտեմբերի 8-11-ը, Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ներկայացվել է հայկական, և բյուզանդական հոգևոր խմբերգային երաժշտություն:
Այս մասին հայտնել են ՀՀ մշակույթի նախարարությունից։
Փառատոնի եզրափակիչ համերգին, որը կայացել է սեպտեմբերի 11-ին, հայկական հոգևոր երաժշտության կատարումներով հանդես է եկել Գերմանիայի հեղինակավոր երգչախմբերից մեկը՝ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը:
Համերգին, որպես մենակատար, մասնակցել է նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/:
Որպես այս համերգի իրագործման խորհրդատու` Գերմանիա է հրավիրվել նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:
Իտալացի թատերագիր Դարիո Ֆոն, ում գրած թատերական ներկայացումներն արգելվել են Թուրքիայում, բրիտանական Times թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը միայն հպարտանում է այդ հանգամանքով:
«Երբ լսեցի այդ մասին՝ հպարտացա: Թուրքիայում արգելված օտարազգի 4 թատերագիրներից միայն ես եմ ողջ: Այդ պահին կարծես երկրորդ նոբելյան մրցանակը տային ձեռքս»,- ասել է թատերագիրը:
Նշենք, որ այս տարվա հոկտեմբերից սկսած Թուրքիայի պետական թատրոններում կցուցադրվեն միմիայն «տեղացի» հեղինակների գործերի հիման վրա բեմադրված ներկայացումներ:
Խաղացանկերից ամբողջովին հանվելու են օտարազգի հեղինակների թատերական ներկայացումները:
Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահի փորձագետները հույս ունեն հանրությանը ներկայացնել անգլիացի գրող և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի իրական դեմքը: Դրա համար նրանք ցանկանում են վերամշակել հայտնի «Չանդոսովյան դիմանկարը»: Կտավը, որոշ տվյալների համաձայն, ստեղծվել է 1610-ին, հնարավոր է՝ Ջոն Թեյլորի կողմից, երբ Շեքսպիրը դարձել է 46 տարեկան:
Հարյուրամյակների ընթացքում դիմանկարը, որը համարվում է միակը, որի համար Շեքսպիրը միգուցե բնորդություն է արել, փոփոխությունների է ենթարկվել:
Մասնագետներն այդ փոփոխությունները բացատրում են դրամատուրգի արտաքինն ավելի հստակ ներկայացնելու ձգտումով՝ համապատասխան նրա նկարագրությունների:
Կտավը գտնվել է Լոնդոնի Հերցոգի թատրոնում 1660-ականներին: 1856-ից նկարը պատկանում է Դիմանկարի ազգային պատկերասրահին, և այդ ժամանակից ի վեր երբեք չի ենթարկվել մշակման:
Փորձագետների գնահատականով, մշակումը կարող է մինչև մեկ տարի տևել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «կարճ պատմվածքների վերջին անտիպ հավաքածուն» վերջապես կհրատարակվի մեկ գրքում, որը լույս կտեսնի հաջորդ գարնանը:
Ինչպես հայտնում է The Independent-ը` «Մեծն Գեթսբիի» հեղինակի անտիպ ստեղծագործությունները երկրպագուների համար տարիներ շարունակ հրապարակվել են մի շարք թերթերում, ինչպես օրինակ` The New Yorker-ը:
Ինչպես նշում է Ֆիցջերալդի գործերն ուսումնասիրող պրոֆեսոր Աննա Մարգարթե Դենիելը, հեղինակը նախընտրում էր իր գործերն առանց տպագրելու թողնել, անգամ այն պահերին, երբ դրամի խիստ կարիք ուներ:
20-րդ դարում ապրած և ստեղծագործած գրողը հայտնի էր 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով: