Սեպտեմբեր 19, 2016 17:01 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը:Մնացեք մեզ հետ:

Անցած շաբաթ Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում մեկնարկել է «Լուսամուտ դեպի Իրանի ժամանակակից արվեստը» համագումարը:

Իրանական կինոյի բաժնում ցուցադրվել են իրանցի նշանավոր կինոռեժիսոր՝ Աբբաս Քիառոսթամիի «Հացն ու փողոցը», «Փորձ», «Ձայնակիցները» և «Մեկ խնդրի լուծման երկու ճանապարհները» չորս կարճամետրաժ ֆիլմերը:

«Իսնա» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, միջոցառումը  ջերմ ընդունելության է արժանացել:

Իրանի կինոյի նշանավոր գործիչ՝ Աբբաս Քիառոսթամին մահացել է մոտ երկու ամիս առաջ: 19 տարի առաջ նա արժանացել է Կաննի կինոփառատոնի ոսկե արմավենիին, «Կեռասի համը» ֆիլմի համար:

«Լուսամուտ դեպի Իրանի ժամանակակից արվեստը» համագումարում ընդգրկված են կինոյի, լուսանկարչության և ճարտարապետության բաժիններ:

 

Զավեն Ղուկասյան

«Լուսամուտ դեպի իրանական ժամանակակից արվեստ» իրանական կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը մեկնարկեց Հայաստանի Նորարար Փորձառական Արվեստի կենտրոնում՝ Զավեն Ղուկասյանի մեծարմամբ:

Իր բացման խոսքում անդրադառնալով Իրանի կինոյում իրանահայերի թողած ազդեցությանը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հաբիբ Բավի Սաջեդն ասել է.«Հայերը Իրանի կինոյի պատմության անբաժանելի մասն են: Ավանես Օգանյանցն իր նկարած «Աբի և Ռաբի» իրանական համր ֆիլմով Իրանի կինոյի պատմության առաջին լուրջ քայլն է արել: Նրանից հետո Սամվել Խաչիկյանն էր, ով մի քանի տասնամյակ Իրանի ամենանշանավոր կինոռեժիսորն էր և հայտնի էր իրանցի Հիչքոք մականվամբ»:

Բավի Սաջեդն հավելել է.«Դրանից հետո Արբի Ավանեսյանը «Աղբյուր» ֆիլմով հիմնադրեց առաջադեմ ու այլախոհ կինոն: Ֆիլմի երաժշտության և երգահանության ոլորտում Վարուժանը բացառիկ դեմքերից էր: Հայ դերասանները, դերասանական բոլորովին այլ որակ էին ներկայացնում»:

«Զավեն Ղուկասյանը իրանական կինոյում իրանահայերի ազդեցության լրացնող օղակն էր»,- հավելել է նա:

Բավի Սաջեդը նշել է.«Նա Իրանի ողջ տարածքներում երիտասարդ նշանավոր կինոռեժիսորներ բացահայտող մարդն էր և նույնիսկ ինքն էր երիտասարդ կինոռեժիսորների նկարած ֆիլմերը ներկայացնում իրանական ու արտասահմանյան կինոփառատոներին»:

«Երկնքից երեք խնձոր ընկավ...»

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ...» խորագրով հեքիաթասացության և բարբառի հանրապետական 8-րդ փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ նպաստելով մշակութային երկխոսությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից։ 
Փառատոնի նախընտրական փուլն անցկացվել է ս. թ. մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ ՀՀ մարզերում: Փառատոնի ընտրական փուլն անցած մասնա­կիցները սեպտեմբերի 16-ին և 17-ին մրցեցին Հովh. Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ փառատոնի հանդիսավոր փակումը և մրցանակաբաշխությունը:

Նշենք նաև, որ փառատոնը մեկնարկել է 2009 թվականին՝ հետագայում ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը: Փառատոնին են միացել ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները, որոնք մայրենի լեզվով ներկայացնում են իրենց բանահյուսության նմուշները: 2012 թվականից փառատոնին մասնակցում են նաև սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր փառատոնի եզրափակմանը գտնվում են Հայաստանում:     

    

Ալին Օհաննեսյան

Ամերիկահայ գրող Ալին Օհաննեսյանի «Օրհանի ժառանգությունը» վեպը դարձել է «Դեյթոն» խաղաղության գրական մրցանակի եզրափակիչ փուլի 12 մասնակիցներից մեկը` տեղ գտնելով գեղարվեստական ու ոչ գեղարվեստական կատեգորիաներում, հաղորդում է Asbarez-ը:

Նշվում է, որ յուրաքանչյուր կատեգորիայում առաջին և երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցները կհայտարարվեն հոկտեմբերի 11-ին: Հաղթողները կստանան 10 հազար, իսկ երկրորդ տեղը զբաղեցրածները` 2,5 հազար դոլար գումար:

Նշենք, որ Ալին Օհանեսյանը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգ է: Նա այցելել է Սեբաստիա քաղաք, որտեղ և տեղի են ունենում «Օրհանի ժառանգությունը» վեպում ծավալվող իրադարձությունները, ինչից հետո 6 տարվա ընթացքում գրել է այն:

«Խոստումը»

Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված մեխանիզմն արդեն էլեկտրոնային արշավ է սկսել Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի դեմ:

Ինչպես տեղեկացնում է Horizon Weekly-ն` նրանք կոտրել են ֆիլմի գլխավոր էջը IMDB կայքում (ֆիլմերի ինտերնետային տվյալների բազա):

Մոտ 65 000 մարդ ցածր և բացասական գնահատական է տվել ֆիլմին` կինոնկարի դիրքն ու արժեքը նվազեցնելու նպատակով: Առանց ֆիլմը դիտելու նման գնահատական տալը, այն էլ նման քանակությամբ՝ խոսում է կանխամտածված քարոզարշավի իրագործման մասին:

Հիշեցնենք, որ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում կայացած պրեմիերայից հետո ֆիլմի թրելերը 2 օրում 1 մլն-ից ավելի դիտումներ է ունեցել համացանցում, իսկ ֆիլմի օգտին քվեարկել հնարավոր է IMDB կայքում:

 

Աթենք

ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Աթենքը հայտարարել է 2018 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։

Քաղաքն այդ պատվավոր կոչմանն է արժանացել ընթերցանության մշակույթը խթանող ծրագրերի եւ հրատարակչական հաջող գործունեության համար։ Դրանց թվում են գրողների, թարգմանիչների եւ նախշազարդողների հետ հանդիպումների կազմակերպումը, համերգների անցկացումն ու թեմատիկ ցուցահանդեսները ու գիտաժողովները։

Քաղաքը մտադիր է գրքերը հասանելի դարձնել բոլոր բնակիչների համար, այդ թվում՝ փախստականներն ու ներգաղթյալները։

Քաղաքին այդ կոչմանն արժանացնելու որոշումը կայացրել է Ընտրող հանձնաժողովը, որի կազմում են Հրատարակիչների միջազգային միությունը, Գրավաճառների միջազգային դաշնությունը, Գրադարանների միությունների միջազգային դաշնությունը եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ն։

 

Տիմիշոարա

Ռումինիայի Տիմիշոարա քաղաքն ընտրվել է Եվրոպայի 2021 թվականի մշակույթի մայրաքաղաք: Այս մասին Ռումինիայի Ազգային գրադարանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՄ փորձագետների միջազգային ժյուրիի նախագահ Սթիվ Գրինը:

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին տեղի է ունեցել այդ կոչման հավակնորդ քաղաքների եզրափակիչ ընտրությունը, որին մասնակցել են Բայա Մարեն, Բուխարեստը, Կլուժ Նապոկան եւ Տիմիշոարան:

«Կրատիվ Եվրոպա» ծրագրի համակարգող կոմիտեի ղեկավար Կարել Բարտակը հայտարարել է, որ Ծեր մայրցամաքում այս մրցակցությունը դարձել է մշակութային խոշորագույն իրադարձություններից մեկը: Նրա խոսքով՝ «Ռումինիայում ընթացած մրցանակաբաշխությունը լարված էր, հավակնորդ չորս քաղաքների ծրագրերը՝ նորարարական, իսկ բոլոր չորս շնորհանդեսների լեյտմոտիվն էր եվրոպական բոլոր մշակույթների միջեւ կամրջի ստեղծման գաղափարը»:

«Այս մրցանակաբաշխության հիմքում միջմշակութային երկխոսությունն է, աշխարհի համար եվրոպական քաղաքների բաց լինելը»,- ընդգծել է Բարտակը:

Տիմիշոարայի քաղաքապետ Նիկոլաե Ռոբուն հայտնել է, որ 2021 թվականի միջոցառումների համար քաղաքային, մարզային եւ կենտրոնական, նաեւ Եվրահանձնաժողովի բյուջեներից տրամադրվելու է 48,5 մլն եվրո:

Բանատի պատմական նահանգի Ֆիլհարմոնիայի տնօրեն Իոան Կորիոլան Գերբոնին հայտնել է, որ 2021 թվականին քաղաքում կանցկացվեն մշակութային 10-15 հազար միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ համերգներ:

 

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդես

Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսն ավելի քան 235 հազար մարդ է այցելել:

Կայքը գրում է, որ ցուցահանդեսին ներկայացված է Այվազովսկու 33 գեղանկար ու 9 գծանկար: Մասնավորապես, կարելի է տեսնել պատկերասրահի հավաքածուի «Կովկասի ափերին» վերականգնված կտավը, որն ավելի վաղ չի ցուցադրվել:

Աղբյուրը մանրամասնում է, որ պատկերասրահում հատուկ փաստագրական բաժին կա, որն այցելուներին ծանոթացնում է նկարչի հարազատների դիմանկարներին, լուսանկարներին ու արխիվային նյութերին: Դրանից բացի, ցուցահանդեսին վերստեղծվել է Այվազովսկու արվեստանոցի մթնոլորտը, ինչի համար Կենտրոնական ռազմածովային թանգարանի ֆոնդից բերվել են աստղադիտակներ, նավաղեկեր ու նավերի մակետներ:

Նշվում է, որ ցուցահանդեսը կտևի մինչև 2016 թվականի նոյեմբերի 20-ը:

 

Ուիլյամ Շեքսպիր

Անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպվել է նրա ամենավաղ շրջանի ստեղծագործությունների հանրային ցուցադրություն:

Շեքսպիրի առաջին աշխատանքները կարելի է տեսնել և ուսումնասիրել Յորքշիրում գտնվող Լիդսի համալսարանում: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 4 գիրք, որից մեկը թվագրվում է 1623թ., մինչդեռ մնացած 3 գրքերը՝ 1632-1685թթ. ընկած ժամանակահատվածին:

Աղբյուրը մանրամասնում է, որ Շեքսպիրի մահին հաջորդած 4 հարյուրամյակի ընթացքում գրողի ամենավաղ շրջանի աշխատանքների մեծ մասը կորել է:

«Համլետ»-ը բանտում

Մոլդովայում ցմահ ազատազրկման դատապարտվածները խաղացել են «Համլետ» ներկայացման մեջ:
Նշվում է, որ ներկայացման մեջ մասնակցություն է ունեցել 11 բանտարկյալ, ինչպես նաև պրոֆեսիոնալ թատրոնի դերասաններ: Նախագծի մեջ ներառվել է մի քանի բանտ, իսկ բեմական հագուստն ու դեկորացիաները պատրաստել են բանտարկյալները:
«Կարծում ենք, որ յուրաքանչյուր, նույնիսկ ցմահ բանտարկյալ, լավ կողմեր ունի: Բոլորը պետք է ուղղվելու հնարավորությունը ցույց տալու հնարավորություն ունենան»,- ասել է Մոլդովայի արդարադատության նախարար Վլադիմիր Չեբոտարը:

 

Էրմիտաժ

Սանկտ Պետերբուրգում գտնվող Էրմիտաժն ընդգրկվել է աշխարհի լավագույն թանգարանների եռյակում, հաղորդում է TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ «Թանգարաններ» անվանակարգում Travelers' Choice մրցանակակիրների ընտրության ժամանակ հաշվի են առնվել արձագանքների քանակն ու որակը, ինչպես նաև թանգարանների վարկանիշները տարբեր երկրներում:

«Այս տարի Պետական Էրմիտաժը կրկնել է 2014 թվականի հաջողությունն ու դարձել է ոչ միայն Ռուսաստանի ու Եվրոպայի լավագույն թանգարանը, այլև ներառվել է աշխարհում լավագույնների եռյակում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընդհանուր վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է Մետրոպոլիտեն թանգարանը (ԱՄՆ), իսկ երկրորդը` Չիկագոյի գեղարվեստական ինստիտուտը (ԱՄՆ)։