Սեպտեմբեր 27, 2016 01:23 Asia/Yerevan

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:

Հայաստանի «Հայֆեստ» թատերական փառատոնի իրանական բաժնի քարտուղարը տեղեկացրեց այդ փառատոնին իրանական ութ ներկայացումների մասնակցության և վարպետության մի դասընթացի կազմակերպման մասին:

Հայաստանի «Հայֆեստ» թատերական փառատոնի իրանական բաժնի քարտուղար Ալբերտ Բեգիջանյանն ասաց, որ այս տարի այդ փառատոնի 13-րդ շրջանին բեմադրվելու են Թեհրանից, Արաքից, Քերմանից ու Բիրջանդից ընտրված ութ ներկայացումներ:

Նա ներկայացնելով այդ փառատոնին մասնակցող թատերախմբերին, ասաց, որ 13-րդ «Հայֆեստ»-ի շրջանակներում Իրանից  բեմադրվելու են Նիմա Դեհղանի բեմադրած «Հավերժություն», Քեյվան Նախաաիի բեմադրած «Թափթփուկները», Զոհրե Բեհրուզինիայի բեմադրած «Ասաց այսօրը տես, վաղը տես ու դրա հաջորդ օրը տես»-ը, Ալբերտ Բեգիջանյանի բեմադրած «Ճամպրուկն ու շնիկը», Էլահե Ջամշիդիի բեմադրած «Ժամը քանի՞սն է», Օֆող Իռաջիի բեմադրած «Մաքբեթ», Էհսան Խայերմանդի բեմադրած «Երրորդ մարդը» և Մեյսամ Սադրայի բեմադրած «Ակացիաների խուրձի հարսը» ներկայացումները:

Նա նաև տեղեկացրեց, որ Քեյվան Նախաաին այդ փառատոնի շրջանակներում «Փողոցային թատրոնի դերասանը» խորագրով վարպետության դասեր է անցկացնելու:

Բեգիջանյանը նաև հայտարարեց, որ «Հայֆեստ» 13-րդ միջազգային թատերական փառատոնը հոկտեմբերի 1-ից 8-ը տեղի կունենա Երևանում:

«Այս տարվա փառատոնին բեմադրվելու են 55 ներկայացումներ աշխարհի 20 երկրներից, այդ թվում Գերմանիայից, Ուզբեկստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Չեխական Հանրապետությունից, Ղազախստանից, Վրաստանից, ԱՄՆ-ից, Հունաստանից, Ռուսաստանից և Իրանից»,-նշել է Ալբերտ Բեգիջանյանը: 

Ձեռարվեստի համաշխարհաին խորհրդի 18-րդ նիստ

 

Առաջին անգամ Իրանում, Սպահանի հյուրընկալությամբ տեղի է ունեցել ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նիստը:

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նիստի քարտուղար ՝ Տիկ. Չենի ասածով, Սպահանի նիստը կայացել է աշխարհի 22 երկրի 200 արվեստագետների ներկայությամբ: Նիստում տեղի է ունենալու գիտական փորձի փոխանակում` առևտրի զարգացման և Իրանի ձեռարվեստը համաշխարհային շուկա դուրս բերելու նպատակով:

«Առաջին անգամ Իրանում նիստի գումարումը, հնարավորություն է տալու Սպահանը որպես ձեռարվեստի մայրաքաղաք ներկայացնել միջազգային հանրությանը ».-նշել է Տիկ. Չենը:

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նիստի քարտուղարի խոսքերով, Սպահանում կայացած նիստի օրակարգում դրված են  միջմայրցամաքային ու ասիական խորհրդի 36-րդ ֆորումի նոր նախագահի և շրջանների փոխնախագահների ընտրությունը: Հատկանշական է , որ Իրանը Ասիայի արևմտյան շրջանի տնօրենի թեկնածու երկիրն է:

Ձեռարվեստի համաշխարհային խորհրդի 18-րդ նիստը շարունակվելու է մինչև  սեպտեմբերի 28-ը,  Սպահանի Աբբասի հյուրանոցում:

 

«Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» ցուցահանդեսը

 

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում բացվեց Հայաստանի անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված «Դրվագներ հայ կերպարվեստի ժառանգությունից» ցուցահանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին անգամ թանգարանի պահոցներից և մշտական ցուցադրությունից հանրությանը ներկայացվեցին 20-րդ դարի հայ կերպարվեստի այնպիսի նշանավոր վարպետների գործեր, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Եղիշե Թադևոսյանը, Հակոբ Գյուրջյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Սեդրակ Առաքելյանը, Միքայել Ավետովը, Մինաս Ավետիսյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Դմիտրի Նալբանդյանը, Վահագն Թերզիբաշյանը: Ընտրանին ընդգրկում է նորագույն հայ կերպարվեստի երեք հիմնական փուլեր՝ նախախորհրդային, ստալինյան և ազգային երկրորդ մոդեռնիզմ: Ընդհանուր առմամբ՝ 14 ցուցանմուշ:

Ներկայացված ցուցանմուշները պրոֆ. Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Այս նվիրատվությունն իր պատմական հայրենիքին՝ Հայաստանին, Արամ Աբրահամյանի հայրենասիրության մեծագույն դրսևորում էր: Դատելով ընտրանու գործերից՝ ռուսական մոդեռնի սիրահար Արամ Աբրահամյանի հետաքրքրությունը հայ կերպարվեստի  նկատմամբ պայմանավորված էր ոչ միայն հայրենասիրությամբ, այլև նրա ողջ հավաքածուի պատմական և գեղարվեստական տրամաբանությամբ:

Ցուցահանդեսի համադրող, արվեստաբան, ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանի խոսքով՝ ռուսական արվեստի թանգարանի հայկական հավաքածուն այսպես ամբողջական դեռևս ցուցադրված չի եղել:

«Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ցույց տալ հայ կերպարվեստի համաշխարհային արժեքը: Խորհրդային տարիներին այն փակվեց, և հիմա մենք վերաիմաստավորվելու խնդիր ունենք, հենց անկախության համատեքստում արվեստի  միջոցով վերաարժևորելու մեր անկախ ինքնությունը»,- նշեց Լիլիթ Սարգսյանը:

 Ցուցահանդեսը կտևի երկու ամիս: 

 

«Փոքրիկ երգիչներ»

Բեռլինի հայտնի ֆիլհարմոնիկ համերգասրահում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Գերմանիայի կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերը: 

Իր խոսքում դեսպանը նշեց, որ աշխարհի լավագույն բեմերը նվաճած հայաստանյան մանկապատանեկան երգչախումբը` «Հայաստանի փոքրիկ երգիչները», լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, լավագույն օրինակն է հայ ժողովրդի ձգտման` խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու:

Համերգացանկը կազմված էր Կոմիտասի, Մաշտոցի շարականներից, հայկական ժողովրդական բանահյուսության գործերից, ինչպես նաև Դեբյուսիի, Ռոջերսի ստեղծագործություններից, որոնց կատարումներն արժանացան գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Համերգային շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները Գերմանիայում հանդես եկան նաև Կարլսռուհե և Հալե քաղաքներում։

 

Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր հովանու ներքո 2016թ. իրականացվող «Իմ Հայաստան» համահայ​կական փառատոնը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին:

Համերգը Արամ Խաչատրյանի «Լեզգինկա»-ի կատարմամբ բացել է Հայկական ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանի ղեկավարությամբ:

Ելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը: Հայկական ժողովրդական խաղիկների շարանով հանդես են եկել Գավառի Գևորգ Դաբաղյանի անվան դուդուկի դպրոցի սաները:

Այնուհետև ելույթ է ունեցել դուդուկահարների մանկական եռյակը:

Ժողովրդական, ազգագրական երգերի և հայ մեծանուն կոմպոզիտորների, գուսանների (Արամ Խաչատրյան, Սայաթ-Նովա, Առնո Բաբաջանյան, Ալեքսեյ Հեքիմյան, Խաչատուր Ավետիսյան, Աշուղ Աշոտ) ստեղծագործությունների կատարումներով հանդես են եկել Վալերի Նամը և Յուրա Սարգսյանը՝ Ռուսաստանից, Իվանե Մկրտչյանը՝ Վրաստանից, Էդվարդ Ջերջիյանը և Մադիանա Թորոսյանը՝ Կանադայից, Ճորճ Վանեսյանը` Սիրիայից, Հակոբ Բաբայանը, Նորայր Սահակյանը, Համլետ Դաշյանը և Սեդրակ Ավագյանը՝ ԼՂ-ից, ինչպես նաև այլ երաժիշտ-կատարողներ Հայաստանից: Բեմից առաջին անգամ հնչել են մեղեդիներ՝ գրված դուդուկի համար:

Շնորհակալություն հայտնելով գերմանացի ժողովրդին և Բեռլինի Բունդեսթագին 2016թ. հունիսի 18-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունելու համար՝ հանդիսավար Սարգիս Նաջարյանը բեմահարթակ է հրավիրել գերմանացի դուդուկահար Սյորեն Բիրկեին և Գրեգոր Շուլենբերգին:

Հայաստանի քանոնահարների անսամբլի կատարմամբ հնչել են Սայաթ-Նովայի «Լալանին» և «Բռոի-Բռոի» ստեղծագործությունները:

Ցուցադրվել են հայկական հնագույն նվագարանների՝ ծիրանափողի, քանոնի, պարկապզուկի ստեղծման և պատմության մասին տեսաֆիլմեր:

«Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոն

 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 23-30-ը կանցկացվի «Սոսե» միջազգային 3-րդ կինոփառատոնը: 
Այս տարի մրցութային ծրագրում ընդգրկվել է 104 ֆիլմ` 38 երկրից: Մրցութային ծրագրում ներառված ֆիլմերի հեղինակները կխոսեն կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին: 
Փառատոնին մասնակցող ֆիլմերը ներկայացված են «Բովանդակությունը՝ կին» հիմնական մրցութային ծրագրում, իսկ «Հատուկ» և «Ուսանողական» մրցութային ծրագրերի նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է: 

Կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը կցուցադրվեն Երևանի տարբեր կինոսրահներում և մշակութային կենտրոններում: Ցուցադրություններ են նախատեսվում նաև Գյումրիում: Ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կկազմակերպվեն վարպետության դասեր, «Ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար:

«Բիթլիս և Մուշ»

 

Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը հրատարակել է պատմական հայկական քաղաքների մասին թուրքերեն նոր գիրք:

«Արաս»-ի պաշտոնական կայքում արդեն հրապարակվել է գրքի կազմն ու նկարագիրը, պատվիրատուները հնարավորություն ունեն գիրքը գնելու հենց կայքից, կամ էլ հրատարակչության գրասենյակից:

Ռիչարդ Հովհաննիսյանի կազմած և Զուլալ Քըլըչի թարգմանած «Բիթլիս և Մուշ» անվանումով նոր գիրքը պատմում է ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող արևմտահայկական քաղաքների հին հայկական անվանումների, պատմության և աշխարհի հայերի համար դրանց կարևորության մասին:

Բիթլիսից և Մուշից բացի, գրքում տեղ են գտել մանրամասն տեղեկություններ Վանի, Տիգրանակերտի, Ուրֆայի, Սեբաստիայի, Էրզրումի, Կարսի, Անիի, ինչպես նաև Կիլիկիայի մի շարք քաղաքների մասին: Գրքում կարելի է գտնել նաև Փոքր Ասիայի տարածքում հին մի շարք քաղաքների (Զմյուռնիայի, Կ.Պոլսի, Կեսարիա) հայկական բնակչության վերաբերյալ տեղեկություններ: