Գեղարվեստական հաղորդում (31)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
«Բարձր արվեստ» կենտրոնի աջակցությամբ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց «Անկախություն» խորագրով ցուցահանդեսը: «Ներկայացված են հազվագյուտ և բարձր արժեք ունեցող նկարներ: Հոկտեմբերի 22-ին և 29-ին, բազմաթիվ մարդկանց խնդրանքով կիրականացվի բաց աճուրդ, ինչը կմեծացնի հետաքրքրությունը արվեստի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախագծի ղեկավար Աննա Գրիգորյանը:
Մեկ հարկի տակ կարելի էր տեսնել հայ անվանի այնպիսի նկարիչների կտավներ, ինչպիսք են Մինաս Ավետիսյանը, Լևոն Թութունջյանը, Վարդգես Սուրենյանցը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Երվանդ Քոչարը և այլք:
Համարձակությամբ աչքի էին ընկնում ժամանակակից ստեղծագործողներ Սոնա Աբգարյանի, Գագիկ Գևորգյանի, Կարեն Օհանյանի, Սուրեն Համբարձումյանի աշխատանքները:
«Նախանձում եմ այն մարդկանց, ում մասնավոր հավաքածուներում այսօրինակ ստեղծագործություններ կան: Լավ է, որ ժամանակակից սերունդը շարունակում է նախորդների ավանդույթները և բարձր պահում մեր պատիվը»,-ընդգծեց ՀՀ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ մշակութային գործիչներ և այլ ոլորտի ներկայացուցիչներ, որոնք հիացած էին և տպավորված ցուցանմուշներով:
«Հրաշալի են Արման Համբարձումյանի քանդակները: Այս աշխատանքներն արժանի են տեղադրվել քաղաքի ամենաբանուկ վայրերում: Չես հոգնում տարբեր ժանրերում, տարբեր մտածողությամբ նկարիչների ստեղծած ամբողջական գամման դիտել: Ասես ծիածան լինի: Ներկայացված նկարները ստիպում են երևակայությանը խաղալ: Եթե արվեստագետին հաջողվում է ունկնդրին, հանդիսականին, ընթերցողին բերել նման երկխոսության, ապա դա մեծագույն երջանկություն է»,-ասաց Հովհաննես Թումանյանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Ցուցադրված քանդակներից մեկը տրոյական ձին է, որը վառ կերպար է: Այն պատկերել եմ շարժման մեջ և կարծում եմ` այսպես ավելի լիարժեք է ստացվել»,-շեշտեց երիտասարդ քանդակագործ Արման Համբարձումյանը:
«Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնը մշտապես անվանի դասական հեղինակների աշխատանքների կողքին ներկայացնում է ժամանակակիցների գործեր: Կենտրոնի բոլոր ցուցահանդեսներում շեշտը դրվում է արվեստի միահյուսվածության և շարունակականության գաղափարի վրա:
Խաչատրյանական տոնը սկսվեց հոկտեմբերի 6-ին ՝ «Խաչատրյանը և ջազը» ՀՀ երիտասարդական նվագախմբի համերգային ծրագրով: «Սա փառատոն է, որը Խաչատրյանի անվան շուրջ է համախմբում լավագույն արտիստներին, անդրադառնում հայ երաժիշտների, որոնք հաճախ ելույթներով հանդես չեն գալիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգին ներկայացվեց համաշխարհային պրեմիերա՝ կոմպոզիտոր Դևիդ Դե Բուր Քենֆիլդի կողմից՝ Կոնցերտ սաքսոֆոնի և նվագախմբի համար:
«Խաչատրյանի երաժշտությանը ծանոթացել եմ ուսանողական տարիներին: Գիտեմ, որ Հայաստանը պատմության ընթացքում բազմաթիվ դժվարություններ է հաղթահարել և փորձել եմ այդ ամենն արտահայտել իմ երաժշտությամբ»,-ընդգծեց Դևիդ Դե Բուր Քենֆիլդը:
Համերգին հնչեցին Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ջազային մշակումները:
Երաժշտական այս տոնը ներառում է 20 համերգ՝ սիմֆոնիկ, կամերային, բալետային ներկայացումներ և վարպետության դասեր անվանի երաժիշտների հետ: Փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հանրահայտ արտիստներ Կանադայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից և այլ երկրներից:
Ներկայացվելու են հատուկ մանուկների համար նախատեսված երաժշտական ծրագրեր: Փառատոնի շրջանակում նախատեսված են համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Կնշվեն նաև կոմպոզիտորների և երաժշտական կոլեկտիվների հոբելյաններ:
Փառատոնն իրականանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն կտևի մինչև դեկտեմբերի 10-ը:
Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը հոկտեմբերի 8-ին համերգային ծրագրով հանդես եկան Երևանի Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ մասին լրագրողների հետ խոսեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը և օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: «Իմ ղեկավարությամբ սա առաջին համերգն է օպերային թատրոնում: Ինձ համար շատ հետաքրքիր է ծանոթանալ նոր արտիստների, դերասանների հետ, նոր բեմադրություններ անել` ներգրավելով երիտասարդ կատարողների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոնստանտին Օրբելյանը:
Համերգին ելույթ կունենան առաջատար մեներգիչներ Մարինե Դեինյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Լիլիթ Հակոբյանը և այլք:
«Տարվա վերջում նախատեսված է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» բալետային պրեմիերան, իսկ մայիսին` «Butterfly» օպերայի պրեմիերան»,- շեշտեց Անդրանիկ Արզումանյանը:
Համերգի հրավիրյալ խմբավարն է Մեծ Բրիտանիայից Հայաստան ժամանած Ստեֆան Հարիսը:
Ծրագրում կհնչեն Վ. Բելինիի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ժ. Բիզեի և Պ. Չայկովսկու ստեղծագործություններից:
Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակում բացվեց Գրատպության թանգարան: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Թանգարանում ներկայացվելու է հայկական գրատպության պատմությունը: Ներկայացվելու է, թե 1512 թվականից սկսած գրատպության ինչ կենտրոններ են եղել գաղթօջախներում, ինչ նշանակալի գրքեր են տպագրվել: Առանձին բաժին է հատկացված հայ վաճառականներին, ներկայացվելու է, թե նրանք ինչ դեր են ունեցել գրատպության գործում, ինչպես են աջակցել, ֆինանսավորել, տարածել գիրքը: Դրանից բացի՝ նաև ինչպես են իրենք մասնակցել այդ գրքերի թարգմանությանը, որովհետև այդ ժամանակ վաճառականները տիրապետել են օտար լեզուների: Թանգարանում ինտերակտիվ տարբերակով ներկայացվելու են գրատպության տեխնոլոգիաները»,-ասաց Տիգրան Զարգարյանը: Գրատպության թանգարանում ներկայացվելու է նաև Հայաստանի անկախության տարիների գրահրատարակչական ոլորտը:
Գրադարանավարի օրվա միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 7-ին Ազգային գրադարանի մամուլի ընթերցասրահում բացվեց Ակսել Բակունցի կիսանդրին, որի հեղինակը ճանաչված քանդակագործ Գետիկ Բաղդասարյանն է:
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: Ամեն տարի այդ օրը հանրապետության գրադարաններն անցկացնում են տարբեր միջոցառումներ: Հայաստանի ազգային գրադարանն ունի 370 գրադարանավար, 27 հազար ընթերցող: Օրական գրադարանն ունենում է 500-600 այցելու: Տիգրան Զարգարյանի խոսքով, ընթերցողների թվի ավելացմանը նպաստեց այն, որ գրադարանի տոմսը դարձել է անվճար:
Երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Գայանե Ամիրաղյանը ներկա է գտնվել միջազգային գիտաժողովի, որը տեղի է ունեցել Վիեննայում։
Կոնֆերանսի կազմակերպիչը Վիեննայում գործող Մոնոդիայի ուսումնասիրության միջազգային կենտրոնն է, խորագիրը` Մոնոդիայի տեսությունը և պատմությունը։ Այն անցկացվում է 2007 թվականից սկսած՝ երկու տարին մեկ անգամ, Վիեննայում։ Հիմնական թեմատիկ շրջանակը միջնադարյան երաժշտությունն է, այսինքն՝ քրիստոնեական միջնադարյան երաժշտական մշակույթը իր տարբեր ճյուղավորումներով։
«Այս տարի 9-րդ գիտաժողովն էր։ Հիմնական թեմաներն էին՝ միջնադարյան հոգևոր երգեցողության ոճերը, միջնադարյան հոգևոր երգերի ժողովածուների ժանրային տիպաբանությունը, միաձայն հոգևոր մեղեդու առանձնահատկությունները։ Այնտեղ նաև շատ կարևոր տեղ էին հատկացնում նոտագրությանը, այսինքն՝ միջնադարյան երաժշտության գրառման համակարգին և դրա տեսական խնդիրներին։ Մասնակիցները տարբեր երկրներից էին՝ Ռուսաստանից, Ավստրիայից, Սլովակիայից և Հայաստանից։ Մեր երկիրը ներկայացնում էինք երկու հոգով՝ դոկտոր-պրոֆեսոր, երաժշտագետ-միջնադարագետ Աննա Արևշատյանը և ես։ Գիտաժողովի ժամանակ իմ զեկուցումը «Նոր Ջուղայի հոգևոր երգվածքները» թեմայով էր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գայանե Ամիրաղյանը։
Գիտաժողովը տևել է 3 օր՝ սեպտեմբերի 21-23-ը։ Ամիրաղյանը նաև նշեց, որ համաժողովն ուղեկցվում էր շատ աշխույժ քննարկումներով։ «Ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր, որովհետև առաջին անգամ էր, որ քրիստոնեական երաժշտության տարբեր ճյուղերը ներկայացնող միջնադարագետներ էին հավաքվել և քննարկում էին տարբեր հարցեր։ Ի վերջո գալիս էին այն եզրահանգմանը, որ ամեն մշակույթում, այնուամենայնիվ, քրիստոնեական երաժշտությունը ինչ-որ ինքնատիպ դրսևորում ունի»,- նշեց Ամիրաղյանը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատողը հավելեց, որ կոնֆերանսի վերջում եղավ կլոր սեղան, որի ժամանակ ամփոփվեցին քննարկումները, ինչպես նաև որոշվեց հաջորդ գիտաժողովի թեմատիկ ուղղվածությունը։
2011 թ․ 10․7 մլն դոլարով վաճառված նկարը, որը կարծում էին, թե պատկանում է հոլանդացի գեղանկարիչ Ֆրանս Հալսի վրձնին, պարզվել է կեղծիք է, հայտնում է BBC–ն։
Աճուրդային տան հայտարարության մեջ ասվում է, որ գործարքն արդեն չեղարկվել է։ Գնորդին վերադարձրել են ամբողջ գումարը այն բանից հետո երբ փորձաքննությունը պարզել է, որ «Անհայտ տղամարդու դիմանկարը» միանշանակ կեղծիք է։ Sotheby's աճուրդային տունը հայտնել է, որ վաճառողի համաձայնությամբ գնորդին տեղեկացրել էր նկարի իսկությանը վերաբերող հնարավոր խնդիրների մասին։ Նկարը մանրակրկիտ զննել են, ու պարզել, որ դրա վրա գործածված են ժամանակակից նյութեր, հետեւաբար այն չէր կարող նկարված լինել 17-րդ դարում։
Փորձաքննությունը կատարվել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ինչ- որ հմուտ նկարներ կողծող առաջվա պես ազատության մեջ է գտնվում, ու նրա վրձնին պատկանող վաճառված կեղծ նկարների ընդհանուր արժեքը կարող է գերազանցել 200 մլն ֆունտը։
Շոտլանդական Հադդո-հաուս բնակավայարում հայտնաբերված կտավի վերաբերյալ վարկածի հաստատման դեպքում աշխարհահռչակ նկարիչ Ռաֆայել Սանտիի աշխատանքների շարքը կլրանա նոր օրինակով:
Փորձագետներ Ջեքի Քլյայինը և Բրենդոր Գրովնոն BBC-ի եթերում հայտարարել են, որ Մարիամ Աստվածածնի նոր հայտնաբերված կտավը ենթադրաբար պատկանում է նկարչի վրձնին: Իհարկե, մասնագետները խոսում են միայն ենթադրության մասին:
Եթե իրականում այդպես լինի, ապա կտավը նկարչի միակ աշխատանքն է լինելու, որ գտնվում է Շոտլանդիայում: Չնայած չի բացառվում, որ մասնագետների հայտարարությունն ընդամենը գովազդային քայլ է, քանի որ մինչ երկարատև փորձաքննության ավարտը Շոտլանդիա զբոսաշրջիկների քանակը զգալիորեն կավելանա:
ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis & Clark քոլեջի ուսանողներից մեկը 1599 թվականին Լոնդոնում տպագրված Աստվածաշունչ է հայտնաբերել քոլեջի գրադարանի ներքնահարկում:
Ինչպես հաղորդում է CBC News-ը, այն էլիզաբեթ I թագուհու և Ուիլյամ Շեքսպիրի Աստվածաշունչն է եղել, որում հիշատակված է Մեծ Հայքի մասին:
Մասնագետների խոսքով` Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումներն արված են փայտի վրա՝ այն էլ բարդ պատկերազարդումների միջոցով: Աստվածաշնչի «Եդեմի պարտեզի իրավիճակը» խորագրով բաժինն իրենից ներկայացնում է Միջին Արևելքի հնագույն քարտեզը, որում պատկերված են Մեծ Հայքը (The Great Armenia), Միջագետքը, Բաբելոնը և Պարսից ծոցը:
Նշվում է, որ Աստվածաշունչը լավ վիճակում է գտնվում, որը կարող է համապատասխանել գրքերի պահպանության մերօրյա ստանդարտներին: