Գեղարվեստական հաղորդում (32)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կայացավ հոկտեմբերի 1-8-ը: 14-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում էր «Իրականացրու երազանքդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հետ» խորագիրը եւ հյուրընկալել էր 20 երկրից ժամանած 250 մասնակիցների եւ հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Ճապոնիայից, Ֆինլանդիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ այլ երկրներից։ Իրանից փառատոնում բեմադրվեցին ութ ներկայացումներ:
Երեւանյան 12 բեմահարթակներում ցուցադրվել է ավելի քան 50 ներկայացում:
Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մոնոներկայացումներ, մուլտիմեդիային, իրերի, տիկնիկային, մարիոնետների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաեւ բացօթյա ներկայացումներ:
Փառատոնի հյուրերը անցկացրեցին վարպետության դասընթացներ:
ԱՄՆ-ի ամենահին ու հարգված թերթերից մեկը՝ The Nation-ը, անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմայով Հոլիվուդում նկարահանված «Խոստում» ֆիլմին՝ նշելով, որ «այն հանդիսատեսի համար կբացահայտի պատմության ամենաողբերգական էջերից մեկը, որն անամոթաբար ժխտվել է չափազանց երկար ժամանակ»:
Ներկայացնելով 20-րդ դարասկզբի ողբերգական դեպքերի ժամանակագրությունն ու սահմռկեցուցիչ մանրամասները՝ հոդվածագիր Պիետրո Ա. Շաքարյանը մեջբերում է ամերիկացի դիվանագետ Լյուիս Էյնշտեյնի՝ 1920թ. The Nation ամսագրում հրապարակված նյութից մի հատված. «Հայերից շատ ոչ ոք չի տանջվել թուրքական կառավարության իրականացրած սպանությունների դիվային քաղաքականության հետևանքով»:
Անդրադառնալով ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում»-ին՝ հեղինակը նկատում է, որ «Ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարելը հեշտ գործ չէ, սակայն այս մեկը տվյալ թեմայով երբևէ ստեղծված լավագույն ֆիլմն է՝ հզոր դերասանական կազմով, տպավորիչ ռեժիսուրայով ու ճշմարտացի սյուժեով»:
Շաքարյանը նաև նշում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ նկարելու բազմաթիվ փորձեր տարբեր տարիների, տարբեր պատճառներով ձախողվել են Հոլիվուդում: Ուստի՝ այս համատեքսում «Խոստում»-ի ստեղծումը խիստ խորհրդանշական է:
««Խոստում»-ի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ ֆիլմը չի կենտրոնանում կոնկրետ պատմության վրա ու ներկայացնում է Ցեղասպանության բոլոր կողմերը՝ չաղավաղելով ժամանակագրությունը, դեպքերի աշխարհագրությունն ու պատմական իրողությունը: Գովելի է նաև, որ կարոտախտի և տառապանքի հետ մեկտեղ՝ ֆիլմի գլխավոր թեմաներից է նաև քաջությունը»,-շարունակում է հոդվածագիրը:
Նա նաև նշում է, որ «Խոստում»-ը Ցեղասպանության մասին հենց այն հոլիվուդյան ֆիլմն է, որին հայերը երկար էին սպասել: Այն հանդիսատեսի համար կբացահայտի պատմության ամենասարսափելի էջերից մեկը, որն անամոթաբար ժխտվել է չափազանց երկար ժամանակ:
«Վստահ եմ, որ ֆիլմը դիտելուց հետո շատ հայեր պարզապես կասեն՝ ապրե՛ք»,-եզրափակել է Շաքարյանը:
Հայաստանի կինոակադեմիան երկուշաբթի առավոտան Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել Ամերիկյան կինոակադեմիային: «Մենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկել ենք Ամերիկյան կինոակադեմիա: Նրանց պատասխանը ստանալու դեպքում միայն հստակ կիմանանք մեր անելիքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինոգետ, Հայաստանի կինոակադեմիայի գլխավոր քարտուղար Րաֆֆի Մովսիսյանը:
Ամերիկյան կինոակադեմիան պատասխանն ուղարկելու հստակ ժամկետ չի նշել:
«Պատասխանը ստանալուց հետո հնարավոր է, որ կինոակադեմիան նոր խորհուրդ հրավիրի և քննարկի այլ ֆիլմ ներկայացնելու հարցը»,-ասաց կինոգետը:
Հոկտեմբերի 7-ին Ամերիկյան կինոակադեմիան բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային կինոակադեմիա Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի առաջադրման կապակցությամբ: Ակադեմիան բողոքը հիմնավորել է այն փաստով, որ ֆիլմի ստեղծագործական կազմում գերակշռում են ռուսները:
Այս առիթով Հայաստանի կինոակադեմիան հավելյալ փաստաթղթեր է ուղարկել Ամերիկյան կինոակադեմիային և սպասում է նրանց պատասխանին:
Ամերիկահայ բանաստեղծ Փիթեր Բալաքյանին հանձնել են Պուլիցերյան մրցանակը։ Պոեզիա անվանակարգում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակը նրան շնորհվել էր «Օզոնային օրացույց» բանաստեղծական ժողովածուի համար։ Հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել նախօրեին Նյու Յորքի Կոլումբիական համալսարանում։
«Օզոնային օրացույց» պոեմների ժողովածուն կազմված է 54 կարճ պոեմներից, որոնցում հեղինակը մերթ տեղափոխվում է Սիրիայի անապատները, որտեղ ընթանում են Ցեղասպանության զոհ դարձած նախնիների մասունքների պեղումները, մերթ 90-ականների Մանհեթեն, մերթ Նայրոբի եւ Նյու Մեքսիկոյի հնդկական գյուղեր։ Քննադատների գնահատմամբ՝ այդ ժողովածուի դինամիկ եւ զգայուն լեզուն հիշեցնում է վերքերի եւ վայրագությունների մասին, սակայն դրա հետ մեկտեղ հիշեցնում է սիրո գեղեցկությունը եւ ամրությունը չմոռանալու անհրաժեշտության մասին։
Փիթեր Բալաքյանը սովորել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում։ 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում։ Աշխատակցել է «Նեյշըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականներին։
2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998 թվականին «Ճակատագրի սև շունը» հուշագրությունը ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»։ 2010 թվականին հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։
2016 թվականին գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու եւ լուսաբանելու համար արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի ՀՀ Նախագահի մրցանակի:
Գրականության 2016 թվականի Նոբելյան մրցանակն ստացել Է 75-ամյա ամերիկացի երաժիշտ եւ հեղինակ կատարող Բոբ Դիլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Շվեդիայի ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:
Նրա խոսքով՝ Դիլանը պարգեւին արժանացել Է «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետական կերպարների ստեղծման» համար:
Բոբ Դիլանը ծնվել Է 1941 թվականի մայիսի 24-ին Մինեսոտայի նահանգի Դուլութ քաղաքում: Երաժշտական գործունեությունից բացի, նա նաեւ հայտնի Է որպես նկարիչ եւ կինոդերասան: Նրա երգերից շատերը դարձել են ԱՄՆ-ում քաղաքացիական իրավունքների շարժման եւ հակապատերազմական շարժման հիմները:
2008 թվականի ապրիլին Բոբ Դիլանն ստացել Է Պուլիտցերյան մրցանակ: Նա արժանացել Է նաեւ Պատվո լեգեոնի շքանշանի եւ Ազատության նախագահական մեդալի, որն ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կյանքի 91-րդ տարում հոկտեմբերի 13-ին վախճանվել Է իտալացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, նկարիչ, մշակույթի նշանավոր գործիչ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարիո Ֆոն:
Դարիո Ֆոն 90-ամյակը նշել Է նոր ներկայացմամբ: Մինչեւ վերջին ժամանակներս նա պահպանում Էր ակտիվությունը եւ շատ Էր աշխատում՝ հանդիպելով հասարակայնության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ:
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել Է, որ Ֆոյի մահով «երկիրը կորցրեց մշակութային կյանքի խոշորագույն դեմքի»: «Թատրոնում նրա որոնումները, ստեղծագործությունը իտալական մեծ ժառանգություն են աշխարհում»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել Է կառավարության ղեկավարը:
90 տարեկանում վախճանվել է լեհ ռեժիսոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր Անջեյ Վայդան:
Նա ծնվել է 1926 թվականի մարտի 6-ին, Լեհաստանի հյուսիսային Սուվալկի քաղաքում: Պատերազմից հետո գեղանկարչություն է ուսանել Կրակովի գեղարվեստի ակադեմիայում, բայց ավարտելով դասընթացը՝ ընդունվում է Լոձիի կինոդպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետ:
Կինոյում նրա դեբյուտը 1954 թվականին էր, «Սերունդ» ֆիլմով, որը Կինեմատոգրաֆի լեհական դպրոցի սկիզբն է դնում:
Անջեյ Վայդայի ֆիլմերը բազմիցս «Օսկար»-ի են առաջադրվել «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: 2000 թվականին ռեժիսորն «Օսկար»-ի է արժանանում՝ կյանքում ձեռքբերումների եւ համաշխարհային կինոյի զարգացման գործում ներդրման համար:
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» հայտնի վեպի թուրքերեն թարգմանությունը:
Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում, որտեղից էլ գնորդները կարող են այն պատվիրել համացանցի միջոցով:
Վեպը Սփյուռքի արմատախիլ հայության պատմությունն է, Փարիզ ընկած «Արևելքցի տղոց»` պոլսահայ երիտասարդների ողբերգական կյանքի պատմությունը։
Շահան Շահնուրը վեպը գրել է 1927-1929 թթ.-ին, այն հենց նույն տարում էլ լույս է տեսել. վեպը՝ առաջին անգամ որպես թերթոն, մաս առ մաս լույս է տեսել Շավարշ Միսաքյանի «Հառաջ» թերթում (1929 թ., մայիս-սեպտեմբեր), ապա մեծ հայրենասեր Վ. Իսպիրյանի ծախսերով հրատարակվել է առանձին գրքով։
Ռումինահայ քաղաքական գործիչ ու գրող Վարուժան Ոսկանյանը արժանացել է Կենտրոնական Եվրոպայի այս տարվա Angelus գրական մրցանակին, հայտնում է «Լեհաստանի ռադիոն»։
Միջազգային ժյուրին՝ ուկրաինացի բանաստեղծ ու հրապարակախոս Միկոլա Ռյաբչուկի նախագահությամբ, Վարուժան Ոսկանյանին պարգեւատրել է Հայոց ցեղասպանության մասին «Շշուկների գիրք» վեպի համար։
Կենտրոնական Եվրոպայի Angelus գրական մրցանակը հանձնվում է 2006-ից սկսած լեհերեն հրապարակված լավագույն գրքի համար։ Դափնեկիր կարող է դառնալ Կենտրոնական Եվրոպայի 21 երկրներից մեկի գրողը։ 2015-ին դափնեկիր էր դարձել ուկրաինացի բանաստեղծ ու վիպագիր Սերգեյ Ժադինը՝ «Միջագետք» գրքի համար։