Իրանական շուկա (1) Պիստակ՝ Իրանի ժպտացող հարստություն
Իրանի ընդարձակ տարածքն ու աշխարհագրական դիրքը հնուց ի վեր տնտեսական լայն հնարավորություններ են ընձեռել այս տարածքի բնակչությանը, այնպես որ գյուղատնտեսության ու արդյունաբերության ոլորտներում իրանական արտադրանքները պատմական անցյալ ունեն և միջազգային դիրք են վայելում: «Իրանական շուկա» հաղորդաշարի ընթացքում ներկայացնելու ենք իրանցիների աշխատասիրության մի մասը և տնտեսական տարբեր ոլորտներում նրանց արտադրանքները:

Գյուղատնտեսության պատմությունը կամ բույսերի նպատակաուղղված աճեցումը մարդկային քաղաքակրթության չափ վաղեմություն ունի: Ասվում է, թե Իրանն առաջին տարածքներից է եղել, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվել:
Վավիլովի նման փորձագետներն այն համոզման են, որ Իրանը մշակաբույսերի աճեցման կենտրոն է եղել: Իրանի տարբեր շրջաններում, այդ թվում Իլամ նահանգի Չողագոլանում, Քաշանի Սիլք բլրում, Շուշում և այլուր պատմական ու հնագիտական գտածոները վկայում են այն մասին, որ դարերի ընթացքում իրանցիները վայրի բույսեր աճեցնելով, ջրմուղներ կառուցելով և ոռոգման տարբեր ձևեր կիրառելով, հիմք են դրել գյուղատնտեսության արդիական համակարգի: Ռուս արևելագետ (1898-1977) Պետրոշևսկին Սասանյանների ժամանակաշրջանի մասին իր գրություններից մեկում անդրադարձել է Իրանում մրգատու ծառերի, կանաչիների ու ծաղիկների աճեցմանը: Այդ ծառերից էր՝ Պիստակը:

Հնադարյան ժամանակներից մարդիկ պիստակը կիրառել են որպես համեղ, օգտակար և կազդուրիչ ուտեստ: Հին ժամանակների գրություններում և կրոնական տեքստերում նույնպես խոսվել է պիստակի մասին: Հիջրեթի երրորդ դարի մտավորական Մոհամմեդ Բեն Ջարիր Թաբարին պիստակի հայտնաբերվելը կապում է դրախտից Ադամի արտաքսման հետ: Նա գրել է.«Ասում են թե, Աստված Ադամին դրախտից արտաքսելով նրան է տվել 30 տեսակի տարբեր մրգեր, որոնց թվում էին պիստակը, ընկույզն ու նուշը»:

Թորայի Ծննդոց գրքի 43-րդ գլխում ասված է.«Հակոբն իր որդիներին Հովսեփի պալատ ուղարկելով, խորհուրդ է տալիս նրան ընծայեն իրենց հայրենի տարածքների բերքը: Այդ ընծաներից էին մեղրը, խեժը և պիստակը»:

Տարբեր կարծիքներ կան այն մասին, թե առաջին անգամ որտեղ է հայտնվել պիստակի ծառը: Միգուցե դա այն պատճառով է, որ խոսք չի գնացել պիստակի որոշակի տեսակի մասին, այլև նկատի են ունեցել պիստակի ընտանիքին պատկանող ծառերը: Այդ պատճառով տարբեր երկրներ են ներկայացվել որպես պիստակի հայտնաբերման վայր: Մի շարք հանրագիտարաններում, այդ թվում «Բրիտանիկա»-ում պիստակը իրանական է համարվում, «Լարուս»-ում նշված է, որ պիստակն առաջին անգամ աճել է Փոքր Ասիայում, իսկ «Ամերիկանա» հանրագիտարանի համաձայն, պիստակի ծագումն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում է եղել:
«Իրանական պիստակ» գրքի հեղինակ՝ Մոհամմեդ Հասան Աբրիշամին պիստակի ծագման վայրի մասին գրել է.«Տարածքը, որտեղ կոչվում էր փարթ, իսկ հետագային Խորասան կոչվեց, այն վայրն է, որտեղ առաջին անգամ պիստակ է աճել: Պիստակի ծառեր են աճել արևմտյան հատվածում մինչև Նիշաբուր ու դեպի արևելք մինչև Բալխի շրջաններ տանող տարածքներում և Ամուդարյա գետի երկու ափերին:
Փաստերը վկայում են այն մասին, որ Աքեմենյանների օրոք պիստակի ծառերն ինքնաբուս են են եղել և վերնոշյալ տարածքներից բացի, ոչ մի տեղ չի աճել: Հնադարյան ժամանակաշրջանում միայն այս տարածքներից է իրանական պիստակ արտահանվել:

********
1926 թվականին ամերիկացի իրանագետ՝ Բերթոլդ Լոֆերն իրանական ծառերի մասին իր աշխատությունը հրապարակելով, հայտնել է, որ հնադարյան ժամանակներից այդ միրգը մեծ նշանակություն է ունեցել իրանցիների կյանքում: Նրա կարծիքով եվրոպական լեզուներում, այդ թվում հունարեն ու լատիներեն լեզուներում, ինչպես նաև թուրքերեն, արաբերեն, ռուսերեն և ճապոներեն լեզուներում պիստակի անվանակոչումը նմանություններ ունի այս ծառի իրանական անվան հետ: Հնադարյան ժամանակներում այս ծառը կոչվել է պիստակա,պահլավերենում պիստակ,իսկ պարսկերենում փեսթե:

Իրանցի լեզվաբան, գրող՝ Փարվիզ Խանլարին հաստատել է այդ փաստը և համոզված է, որ պիստակն այն բույսերից է, որ ակունք է առել Իրանում և իր անվանումը չնչին փոփոխություններով տարածվել է այլ լեզուներում: Նրա կարծիքով, պիստակն առաջին անգամ աճել է Խորասանի հյուսիսում և Սոգդիայի շրջանում և այսօր էլ այդ տարածքի գլխավոր բույսն է հանդիսանում: Այսօր պիստակ է աճում տարբեր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Թուրքիայում, Սիրիայում, Թունիսում և մի շարք եվրոպական երկրներում, որոնք որակի տեսակետից զիջում են իրանական պիստակին:

Իրանում աճում են պիստակի 90 տեսակներ, այդ թվում են՝ Օհադի կամ Ֆանդողի (Round) Աքբարի (Super long), պիստակի ամենախոշոր տեսակը՝ Քալլե Ղուչի (Jumbo), և Ահմադ Աղայի (Long) ապրանքանիշերը:

Մեր օրերին պիստակ է աճեցվում Իրանի Քերման, Հազդ, Հարավային և Կենտրոնական Խորասան, Ֆարս, Սեմնան, Սիսթան և Բելուչեսթան, Սպահան, Ղազվին և Թեհրան նահանգներում: Իրանը պիստակի ամենախոշոր արտահանողն է աշխարհում:
Պիստակը բազում բուժիչ հատկություններ ունի: Այն շատ սննդարար ու համեղ է: Պիստակը պարունակում է մեծ քանակությամբ երկաթ և օգտակար է երկաթդեֆիցիտային սակավարյունություն ունեցող մարդկանց համար: Պիստակը հարուստ է պղինձ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում միներալներով և B խմբի վիտամիններով, որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի ամրապնդման համար: Պիստակը օգտակար է ուղեղի համար, լավացնում է հիշողությունը, հանգստացնում է նյարդերը, կրճատում է վատ խոլեստրինի քանակը, կարգավորում է սրտանոթային համակարգը, նպաստում է տեսողության լավացմանը, պարունակում է մարսողական համակարգի համար անհրաժեշտ նյութեր և շատ ու շատ այլ հատկություններ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ պիստակի օգտագործումը դիաբետով տառապող մարդկանց մոտ նվազեցնում է լարվածությունը: Եթե ցանկանում եք առողջ ու գեղեցիկ մաշկ ունենալ մի մոռացեք օրական սննդակարգում պիստակ ներառել, որովհետև պիստակում պարունակվող E վիտամինը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Իհարկե իրանական ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս առողջ մարմին ունենալու համար չչարաշահել պիստակի օգտագործումը:

Իրանում պիստակը եկամտաբեր ու շահավետ արտադրանք է և մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում: Իրանական պիստակն արտահանվում է տասնյակ երկրներ: Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի մեծ թվով երկրներ իրանական պիստակի գնորդներ են, այդ երկրներից են՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ճապոնիան, Ռուսաստանը, Էմիրությունները, Թուրքիան, Ղազախստանը, Թունիսը, Կանադան, Չիլին և Բրազիլիան:
Իրանական պիստակի համի ու որակի բերումով մի շարք երկրներ այն իրենց արտադրանքի հետ խառնելով, իրենց պիստակն արտահանում են այլ երկրներ, կամ ԱՄՆ-ի նման ծանր սակագներ սահմանելով, կանխում են իրանական պիստակի մուտքն իրենց երկրներ, որպեսզի ինչպես Bloomberg տնտեսական կայքն է գրել, նվազեցնեն իրենց երկրների պիստակ արտադրողների մտահոգությունը:
