Գեղարվեստական հաղորդում (33)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Իրանցի կինոռեժիսոր Ալի Զարա Ղանաթի նկարահանած «Հոր ճենապակյա տիկնիկը» անիմացիան կցուցադրվի Հայաստանի անիմացիոն ֆիլմերի 8-րդ միջազգային փառատոնում:
2016 հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կկայանա Հայաստանի անիմացիոն ֆիլմերի 8-րդ շրջանի փառատոնը:
«Հոր ճենապակյա տիկնիկը» անիմացիան նկարահանվել է երեք տարվա ընթացքում: Պատմվածքի հեղինակն է Հուշանգ Գոլշիրին:
Այն առաջին անգամ Իրանում ներկայացվել է երկչափ անիմացիայի տեսքով:
«Հայ-իրանական համատեղ արտադրության, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբատի «Քարվաճառ» ֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են: Շատ լավ ֆիլմ է ստացվում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նա նշեց, որ ֆիլմում ներկայացված է ղարաբաղյան թեման, ֆիլմը նկարահանվել է Ղարաբաղում, բայց իրանական կողմը մեծ ներդրում ունի այս ֆիլմի ստեղծման գործում:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչն է շահագրգռել իրանական կողմին իր մասնակցությունն ունենալ այս ֆիլմի ստեղծման գործում, Գևորգ Գևորգյանն ասաց. «Ռեժիսորը հայ է: Հավանել են սցենարը: Ըստ երևույթին, չեն նայել որպես հայկական թեմա, այլ դիտարկել են ֆիլմի սյուժեն, որակական ցուցանիշները և, որպես ռեժիսորի դեբյուտային ֆիլմ, որոշել են ընդառաջել»:
Նրա խոսքով՝ նախնական պայմանավորվածություն կար, եթե այս ֆիլմը հաջողի, հայ-իրանական համատեղ ֆիլմարտադրություն սկսելու վերաբերյալ ընդարձակ պայմանագիր են ստորագրելու:
«Հասունանում է այդ պահը»,- ընդգծեց Գևորգյանը:
Նշենք, որ «Քարվաճառ» ֆիլմը պատրաստվում է «Ֆարաբի» կինոհիմնարկի և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի համագործակցութեամբ:
Խոսելով այլ երկրների հետ համագործակցության և համատեղ ֆիլմարտադրության մասին, Ազգային կինոկենտրոնի տնօրենն ասաց, որ տարեցտարի ավելանում են այն երկրները, որոնց հետ միասին ֆիլմեր են նկարահանում՝ Ֆրանսիա, Ռուստաստան, Բուլղարիա, Էստոնիա և այլն: Ըստ նրա, Եվրոպայի խորհրդի Եվրիմաժ հիմնադրամին անդամակցելն էլ ավելի է խթանում այդ համագործակցությանը:
«Միշտ ասում եմ ու այդ հարցը չի լուծվում՝ ամբողջ աշխարհի հետ համագործակցում ենք, Վրաստանի հետ չի ստացվում»,- հավելեց նա:
Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ Չինաստանի հետ կապված ևս նախագիծ կա, սակայն դեռ սաղմնային փուլում է, չցանկացավ մանրամասներ ներկայացնել:
Հայաստանի մշակույթի նախարարությունը հայտնել է, որ 78 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի ֆիլմերից շատերն այնքան մեծ ժողովրդականություն էին վայելում, որ դրանցից շատ ֆրազներ մարդկանց շուրթերին էին: Դրանցից են «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) , «Երջանկության մեխանիկա» (1982թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Ձախորդ Փանոսը» (1969թ.):
Ներսես Հովհաննիսյանը 1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր գործչի կոչման , 2013թ.՝ «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Վերջին տարիներին բնակվում էր Մոսկվայում:
Հոկտեմբերի 28-29-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի հիշատակին: Գիտաժողովին զեկուցումներ կկարդան նարեկացիագիտության ոլորտի անվանի գիտնականներ՝ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտի, Ժան-Պիեր Մահե, Հ. Շահե Ծ. Վրդ. Անանյան, Հ. Լեւոն Արք. Զեքիյան, Թեո Մաարտըն Վան Լինտ և ուրիշներ:
Գիտաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև գրքերի շնորհանդեսներ՝ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ), Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը Հ.Լևոն Արք. Զեքիյանի, Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի, Սեյրանուշ Մանուկյանի և Դավիթ Ղազարյանև «Գրիգոր Նարեկացին միջնադարյան մանրանկարներում» (ալբոմ-ուսումնասիրություն):
Հիշեցնենք, որ Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է սեպտեմբերի 3-ին: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։
«Կարմիր տան այսօրը» խորագրով միջոցառման մեկնարկը տրվեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: Լրագրողների և Չարենցի գրական արվեստի երկրպագուների հետ հանդիպում ունեցավ մեծանուն գրողի թոռնուհի Գոհար Չարենցը, ով պատմեց իր և իր ընտանիքի մասին: «Չարենցը հիմնականում բնակվում էր հյուրանոցներում, սակայն ամեն անգամ տուֆակերտ շենքի մոտով անցնելիս մտածում էր, որ հիանալի կլիներ բնակարան ունենալ այս կարմիր տանը: Այդ իսկ պատճառով նման խորագիր ընտրվեց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցը:
Գոհար Չարենցը ծնվել է 1958թ. Երևանում: «Առաջին ծանոթությունս Չարենցի հետ եղել է 7 տարեկանում, երբ մայրս ասաց, որ ինձ պապիս անվան դպրոց է տանելու»,-ասաց գրողի թոռնուհին:
Գոհարը սովորել է ԵՊՀ-ի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բաժնում: Երրորդ կուրսում ծանոթացել է ապագա ամուսնու՝ Վահանի հետ, ով Եթովպիայից էր եկել Հայաստան: Նրա խոսքով Վահանը վերադարձել է Եթովպիա՝ դպրոցում դասավանդելու նպատակով, սակայն իրեն և երեխային երկար ժամանակ թույլ չեն տվել գնալ Հայաստանից՝ պատճառաբանելով, որ Չարենցի հարազատները չպետք է այլ երկրում ապրեն:
Երկար պայքարից հետո Գոհարը կարողացել է մեկնել ամուսնու մոտ և միասին աշխատել են տեղի հայկական դպրոցում: Երեք տարի այնտեղ ապրելուց հետո վերադարձել են Հայաստան: Այնուհետև տեղափոխվել են Հոլանդիա և 25 տարի Եվրոպայում ապրելուց հետո 2011թ. Գոհարն ամուսնու հետ եկել է հայրենիք և մինչ օրս աշխատում է Չարենցի տուն-թանգարանում:
«Թանգարան գալու գաղափարն ինձ օգնեց որոշում կայացնել և գալ Հայաստան: Ասես տուն վերադարձա, որտեղ ինձ գրկաբաց ընդունեցին»,-ընդգծեց Գոհար Չարենցը:
«Ցավում եմ, որ չեմ ճանաչել պապիս, սակայն հպարտ եմ, որ նրա ժառանգն եմ և հույս ունեմ, որ մի օր մեր տոհմում նոր Չարենց կծնվի»,-նշեց Գոհար Չարենցը:
2013-2015 թվականներին Հայաստանում գրանցվել է հատուկ արժեքավոր մշակութային առարկաների գողության 8 դեպք։ Այս մասին ասված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի ազգային զեկույցում, որում նշված է, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում մշակութային արժեքների ապօրինի ներկրման, արտահանման եւ սեփականության իրավունքը փոխանցելու արգելման ու նախազգուշացման համար։ Կառավարության կողմից հավանություն ստացած զեկույցը ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
2012 թվականին գրանցվել էր 18 սրբապատկերի դուրսբերման փորձ, իսկ 2013-ին՝ մեկ կտավի եւ պղնձադրամների խմբաքանակի։
Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Աղջիկը կամրջի վրա» կտավը կարող է վաճառվել ավելի քան 50 մլն դոլարով, փոխանցում է Bloomberg-ը: Նյու Յորքում Sotheby's աճուրդի տանը սակարկությունները կընթանան նոյեմբերի 14-ին:
Կտավը ստեղծվել է 1902-ին: Դա աճուրդի ամենաթանկն լոտն է: Նկարը ներկայացվել է Լոնդոնի Թեյթ պատկերասրահում եւ Նյու Յորքի Գուգենհեյմի թանգարանում:
Անգլիայի հյուսիսում Ուորլի քաղաքի բնակիչները հեռախոսախցիկում թանգարան են բացել։ Այն նվիրված է բնակավայրի պատմությանը, հայտնում է Daily Mail–ը։
Հեռախոսախցիկն առանձնացված է անփայլ ապակով, ներսում հին լուսանկարներ են եւ քաղաքի հետ կապ ունեցող այլ առարկաներ։ Ենթադրվում է, որ թանգարանի նմուշների հավաքածուն կթարմացվի ամեն 3 ամիսը մեկ։
Հեռախոսախցիկը թանգարանի կվերածեն Ուորլիի բնակիչներ միության անդամները։
Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանի կայքում հայտնվել ու անհետացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի մասին հիշատակումը, հաղորդում է The Guardian-ը:
Նշվում է, որ սկզբից երաժշտի նոր` The Lyrics: 1961–2012 հավաքածուի նկարագրությունում նկատվել է «գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր» արտահայտությունը. սա եղել է մրցանակի միակ հրապարակային ճանաչումը երաժշտի կողմից:
Կայքը գրում է, որ այժմ այդ ճանաչումը բացակայում է նկարագրությունում:
«Բոբ Դիլանը` Նոբելյան դափնեկիրը, կրկին դարձել է սովորական Բոբ Դիլան»,- գրում է թերթը:
Հրատարակությունը նշում է, որ սովորաբար հայտնի մարդկանց կայքերով զբաղվում են ուրիշները, և չի բացառվում, որ Դիլանը չի իմացել ո՛չ Նոբելյան մրցանակի հիշատակման, ո՛չ էլ արտահայտությունը հեռացնելու մասին:
Հիշեցնենք, որ 2016 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին:
Հարի Փոթերի մասին ֆրանշիզայի պրոդյուսեր Դեւիդ Հեյմանն սկսել Է աշխատել Վիլլի Վոնկայի՝ Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» վեպի հերոսի մասին նոր ֆիլմի վրա, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:
Կինոնկարի արտադրությամբ կզբաղվի Warner Bros ընկերությունը:
Ֆիլմը վեպի հերթական Էկրանավորումը չէ, այլ նոր պատմություն քաղցրավենիքի ֆաբրիկայի Էքսցենտրիկ տնօրենի մասին: Կինոնկարի համապրոդյուսերը կդառնա Դալի ժառանգության գործերի կառավարիչ Ռոալդ Սիգելը, իսկ սցենարը կգրի Սայմոն Ռիչը, որն ավելի վաղ աշխատել Է «Գլուխկոտրուկ» եւ «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը» անիմացիոն ժապավենների վրա:
Դերասանական կազմը եւ ֆիլմի Էկրան բարձրանալու ամսաթիվը դեռ չի հայտարարվել:
Բրիտանացի գրող Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադի ֆաբրիկան» գիրքը լույս Է տեսել 1964 թվականին: 1971 թվականին ռեժիսոր Մել Սթյուարտն այդ հեքիաթի հիման վրա նկարահանել Է «Վիլլի Վոնկան եւ շոկոլադի ֆաբրիկան», որտեղ գլխավոր դերը կատարել Է Ջին Ուայլդերը: 2005 թվականին վեպն Էկրանավորել Է Թիմ Բերթոնը, իսկ Վիլլի Վոնկայի դերը խաղացել Է Ջոնի Դեփը: