Իրանական շուկա (2) Քրքում՝ Իրանի կարմիր ոսկի
Իրանի բազմազան կլիմայի, բերրի հողի և ժողովրդի աշխատասիրության շնորհիվ այս երկրում առատ են բարիքները: Իրանում աճում են տարբեր տեսակի բույսեր, որոնցից շատերը հայտնի են աշխարհում: Քրքումը կամ զաֆրանն այդ բույսերից է, որն աճեցվում է նախաքրիստոնեական ժամանակներից: Այսօր խոսելու ենք Իրանում արտադրվող այս բույսի մասին:

Ասվում է, թե իրանցիներն առաջինն են եղել, որ հայտնաբերել են այս թանկարժեք բույսը և աճեցրել են այն: Մարերի ժամանակաշրջանում (մթա. 549-728) այս բույսը հիմնականում աճել է Համադանում Ալվանդի լեռների ստորոտում և Քերմանշահում: Ժամանակի ընթացքում այս բույսն աճեցվել է Իրանի այլ քաղաքներում և արտահանվելով այլ երկրներ, աշխարհը նաև ծանոթացել է այս բույսի հետ: Պատմաբանների կարծիքով, Իրանի դեմ Ալեքսանդրի հարձակումը (մթա. 334) պատճառ դարձավ, որ այս բույսի հետ ծանոթանան հույները, հռոմեացիները և հետագային չինացիները: Համաշխարհային առևտրի շուկայում «զաֆարան» և «Իրան» անունները ասոցացված են միմյանց հետ: Իրանն աշխարհին մատակարարում է լավագույն քրքումը: Քրքումի բույսը շատ քիչ ջրի կարիք ունի: Մեր օրերին Իրանի տարբեր շրջաններում, հատկապես երկրի արևելքում և հյուսիս-արևելքում քրքում է աճեցվում: Իրանի հարավային Խորասան նահանգը համաշխարհային համբավ է վայելում որպես քրքումի աճեցման բնօրրան:
Զաֆրանը հայտնի է որպես առողջության ծաղիկ, համեմների արքա և կարմիր ոսկի: Զաֆրանը կամ քրքումն ունի բազում յուրահատկություններ: Քրքումը ծաղկում է աշնանը և կանաչ տերևներն աճում են ձմռանը: Իսկ գարնանը թառամում է այս բույսը: Աշնանը վաղ առավոտյան ժամերին սկսվում է քրքումի ծաղիկների քաղելը: Շրջակա քաղաքների բնակիչներն այդ տարածքներ են այցելում աշխարհի ամենաթանկարժեք համեմունքի քաղելը տեսնելու նպատակով:

Զաֆրանի բույսն ունի կոնաձև կառուցվածքով մանուշակագույն գեղեցիկ ծաղիկներ: Ծաղկապատի հիմքից սկիզբ է առնում առէջը, որից ստացվում է զաֆրան համեմունքը: Առէջները հավաքում են ձեռքով` հատիկ առ հատիկ, նոր բացվող ծաղիկներից, և անմիջապես չորացնում։

Պատմական գրություններում քրքումի օգտագործման մասին առաջին հիշատակությունները վերաբերում են Աքեմենյանների ժամանակաշրջանին (330-550): Այդ ժամանակաշրջանին վերաբերող արձանագրություններում Իրանի պալատում օգտագործվող քրքումի չափը շուրջ մեկ կիլոգրամ է նշված: Հատկանշական է, որ ամեն 100-200 հազար ծաղկից ստացվում է մեկ կգ քրքում և բանվորը պետք է 40 ժամ աշխատի, որպեսզի 150 հազար ծաղիկ քաղի: Զաֆրանը կիրառվում է բժշկական և սննդի արդյունաբերության մեջ: Հնադարյան ժամանակներում իրանցի հանրահայտ բժիշկներ՝ Զաքարյա Ռազին, Ավիցեննան և Աբուռեյհան Բիրունին զաֆրանն օգտագործել են տարբեր հիվանդություններ բուժելու համար:
Զաֆրանը պարունակում է կարոտինոիդներ, որոնք ունեն հակաքաղցկեղային հատկություն: Զաֆրանը կանխում է ալցհեյմեր և պարկինսոն հիվանդությունները: Այն օգտակար է ցրտառության, ստամոքսի խանգարման, դեղնախտի, հեպատիտի (Լյարդի բորբոքում) և դիաբետի բուժման համար: Զաֆրանն ունի հակաջղաձգային, հանգստացնող և քնաբեր հատկություն: Այն նպաստում է հիշողության լավացմանը և հարուստ է B1 ، B2 ، B6 և C վիտամիններով: Այս անուշաբույր և լավ գույն ունեցող բույսը հակադեպրեսանտ է: Զաֆրանի թեյի օգտագործումն ուրախության զգացում է առաջացնում մարդու մոտ, իհարկե չպետք է չարաշահել զաֆրանի օգտագործումը: Ասվում է, թե օգտակար է ամսական 3 գրամ զաֆրանի օգտագործումը և 5 գրամից ավելին վնասակար է:
Զաֆրանը լայն կիրառում ունի սննդային արդյունաբերության ոլորտում: Տարբեր երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ի պարենի ու դեղորայքի (FDA) կազմակերպության կողմից կատարված հետազոտությունների համաձայն, զաֆրանը ճանաչված է որպես թույլատրվող բնական սննդային ներկանյութ և կերակրի մեջ դրա օգտագործումն որպես բուրմունք և համային բնական հավելում հակացուցված չէ: Սննդի մեջ զաֆրանի օգտագործումն ունի երկար պատմություն: Քանի որ զաֆրանն ունի հրաշալի գույն, բուրմունք և համ, հին ժամանակներում իրանցիները իրենց տոնակատարություններում այն օգտագործում էին քաղցրավենիքների, աղանդների, պաղպաղակների, տարբեր կերակրատեսակների ու ապուրների պատրաստման ու զարդարման համար:
Զաֆրանը կիրառություն է ունեցել նաև արվեստի ու արդյունաբերության ոլորտներում: Իրանցիները իրենց արվեստի ստեղծագործություններում, այդ թվում ոսկեպատման, գեղագրության, գրքերի դասավորության և գորգագործության բնագավառներում, հաճախ են օգտագործել զաֆրանը որպես կայուն, բնական սննդային ներկանյութ: Ժողովրդական մշակույթում զաֆրանի կարևորության ու նշանակության բերումով, արվեստագետները տևական ժամանակ այդ ծաղկի ներկանյութից են օգտվել Ղուրանի ու աղոթագրերի գրման ու զարդապատման համար:
Իրանական զաֆրանի բերքի բարձր որակը պատճառ է դարձել, որ այն արտահանվի տասնյակ երկրներ, ինչպիսին Իսպանիան է: Մինչև վեջերս Իսպանիան համարվում էր աշխարհի երկրորդ խոշոր զաֆրանի արտադրող պետություն: Իր զաֆրանի որակի վերաբերյալ այդ պետության գովազդները կատարվում են այն դեպքում, երբ նա Իրանից զաֆրանի ամենախոշոր ներկրողն է: Իրանական զաֆրանի բարձր որակը պատճառ է դարձել, որ բազմաթիվ երկրների պես Իսպանիան ևս զանգվածային կերպով գնի իրանական զաֆրանը և իր անվամբ ու փաթեթավորմամբ այն միջազգային շուկա դուրս բերի: Չինաստանը, Հնդկաստանը, Սինգապորը, Մալայզիան, Ճապոնիան, Թայվանը, Ֆրանսիան, Իտալիան և Գերմանիան ևս զաֆրան արտադրող երկրների ցուցակում են:

Վերջին տարիներին Իրանում զգալիորեն աճել են տարբեր բնագավառներում աշխատող գիտելիքահենք ընկերությունները: Նշված ընկերություններում մասնագետներն ու հետազոտողները կիրառական ու զարգացման գծով հետազոտությունների կատարմամբ և նոր գաղափարների ձևավորմամբ փորձում են մեծացնել իրենց արտադրանքների ավելացված արժեքը: Զաֆրանի բնագավառում ևս գիտելիքահենք ընկերությունները ձգտում են նոր մեթոդների հայտնաբերմամբ աջակցել այդ արժեքավոր արտադրանքն արտադրողներին ու արտահանողներին զաֆրանի ցանքի ու դրանից բխող մթերքների առավելագույն չափի օգտագործման հարցում և այդպիսով կանխել դրա բարձր արժեքային հատկությունների վատնումը: Օրինակ՝ զաֆրանի ծաղիկը (մանուշակագույն հատվածը) այդ արժեքավոր բույսի այն մասերից էր, որ դարեր շարունակ դեն էր նետվում առանց օգտագործման: