Գեղարվեստական հաղորդում (34)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մնալ մեզ հետ:
«Ստամբուլի աչքը» փաստագրական ֆիլմը ցուցադրվելու է Իրանի «Կինո-ճշմարտություն» միջազգային 10-րդ կինոփառատոնի «Փաստագրություն-դիմանկար» բաժնում:
2015 թվականին Թուրքիայում Ֆաթիհ Քայմաքի և Բինուր Կառաուելիի նկարահանած ֆիլմը պատմում է թուրքահայ լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլլերի մասին՝ հիմք ընդունելով Ստամբուլում կազմակերպված նրա ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը:
87-ամյա լուսանկարիչն աննկարագրելի անհատականության տեր է:
Արա Գյուլլերը մեծ ճանաչում ունի Ստամբուլը պատկերող իր սև ու սպիտակ լուսանկարների շնորհիվ: Նա 60 տարի շարունակ լուսանկարել է աշխարհի տարբեր անկյուններում և արձանագրել է ավելի քան մեկ միլիոն պատկեր:
60 րոպե տևողությամբ «Ստամբուլի աչքը» փաստագրական ֆիլմը ցուցադրվելու է Իրանի «Կինո-ճշմարտություն» միջազգային 10-րդ կինոփառատոնի «Փաստագրություն-դիմանկար» ոչ-մրցութային բաժնում:
Իրանի «Կինո-ճշմարտություն» միջազգային 10-րդ կինոփառատոնը տեղի կունենա դեկտեմբերի 4-ից 11-ը` Թեհրանում , ԻԻՀ փաստագրական ու փորձառական կինոյի տարածման կենտրոնի նախաձեռնությամբ:
77 տարեկանում հոկտեմբերի 27-ին կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը:
Ռուբեն Հովսեփյանը` ծնված 1939թ. մայիսի 5-ին, 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014):
Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ, որոնցից են «Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ):
Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ.Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: Ստացել է Դ. Դեմիրճյանի ՀԳՄ ամենամյա մրցանակ (1980):
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի պաշտոնական թրեյլերը Facebook սոցցանցում ավելի քան 1 000 000 դիտում է ունեցել, իսկ YouTube-ում տեղադրված տարբերակը` ավելի քան 1 600 000 դիտում:
Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը` նշելով, որ ֆիլմի թրեյլերը, որը նկարահանել է Survival Pictures ընկերությունը, սոցցանցերում տարածում է գտնում #ThePromise հեշթեգի ներքո:
Քրիստիան Բեյլի, Օսկար Այզեքի, Շառլոթ լը Բոնի գլխավոր դերակատարմամբ և Քըրք Քըրքորյանի նախառեձնությամբ նկարահանված ֆիլմը պատմում է Ցեղասպանության իրադարձությունների ֆոնին ամերիկացի լրագրողի, հայ ուսանող բժշկի և ստամբուլաբնակ նկարչուհու միջև ձևավորված սիրային եռանկյունու մասին: Ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերն է Էրիկ Եսրայելյանը:
Հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը:
Հոլիվուդի թատերասրահի առաջ կայացած հանդիսավոր արարողությանը ներկա է եղել Կալիֆորնիայի նահանգի սենատոր Քևին դե Լևոնը:
92-ամյա շանսոնյեն իր ստեղծագործական կյանքի ընթացքում գրել է ավելի քան 1200 երգ՝ 8 լեզուներով:
«Ռոբերտ Սահակյանց» արվեստանոցի «Օլիմպիկոս» անիմացիոն լիամետրաժ ֆիլմի աշխատանքները ավարտին կհասցվեն 2018- 2019 թվականներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նրա խոսքով` ֆիլմի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այն պատմում է հայոց արքա Վարազդատի մարզական արկածների մասին, որոնք հիմնված են պատմական փաստերի վրա: «Արդեն երկրորդ տարին է` աշխատում ենք նոր լիամետրաժ ֆիլմի վրա: Այդ աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու է ՀՀ մշակույթի նախարարությունը, «Շարմ» ընկերությունն էլ զբաղվում է ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով»,-ասաց Սահակյանցը:
Վաղ համարելով խոսել ֆիլմի հաջողությունների մասին, Ռոբերտ Սահակյանցը հույս հայտնեց, որ այս ֆիլմը եւս կունենա «Անահիտ»-ի հաջողությունը: «Դեռ վաղ եմ համարում այդ մասին խոսել, քանի որ ֆիլմի պատրաստ լինելուն դեռ երկար ժամանակ կա, բայց անշուշտ պրեմիերա կլինի եւ հուսով եմ, որ «Անահիտ»-ի նման այն նույնպես երկար կմնա էկրաններին»,-հավելեց նա:
Օլիմպիական խաղերի թանգարանում, որը գտնվում է Հունաստանի Օլիմպիա քաղաքում, պահպանվել է հնագույն ժամանակների, օլիմպիական խաղերի հաղթողների՝ մարմարե անվանատախտակը: Այստեղ նշված է, որ Հայոց աշխարհի, Արշակունյաց Թագավորության արքա Վարազդատը, 394 թվականին տեղի ունեցած օլիմպիական խաղերում, դարձել է բռնցքամարտի մրցումների հաղթող և նրան շնորհվել է՝ «Օլիմպիկոսի» տիտղոս:
Թուրքական «Յեշիլգազեթե» թերթը հետաքրքիր և մանրամասն անդրադարձ է կատարել Կոմիտաս Վարդապետի կյանքին և ստեղծագործական ուղուն:
Հոդվածում մանրամասնորեն և մեծ հիացմունքով ներկայացված է հայ հանճարի կյանքն ու մեծագույն վաստակը:
Թուրք սյունակագիր Էրջումենթ Գյուրչայը թեև այդպես էլ չի օգտագործել ցեղասպանություն բառն ու բավարարվել է միայն աքսորի մասին խոսելով, սակայն իր հոդվածում հետաքրքիր մի պատմություն է ներկայացրել այն մասին, թե ինչպես են երիտթուրքերն ընդունել Կոմիտասին իր վերջին ելույթից հետո:
Կոմիտասի վերջին համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել 1915թ.-ի ապրիլին և որին մասնակցել է նաև Թալեաթ փաշան, Թուրքիայի գիտության և կրթության նախարար Համդուլլահ Սուփհի Թանրըօվերն այսպես է գովել Կոմիտասին. «Անատոլիայի զավակ այս հայ քահանան երկար աշխատանքների արդյունքում թևեր է տվել հայկական երաժշտությանը: Նա, հրաժարվելով իր հանգստից, իր ամբողջ ժամանակը վատնել է հատ-հատ գյուղերով շրջելով տարբեր ստեղծագործություններ հավաքելու վրա: Նա ներկայացրել է հայ ժողովրդի ժառանգությունը: Մեր հոգևորականներն էլ նույնը պետք է անեն: Պետք է սրտանց աշխատեն թուրք ժողովրդի զարգացման և գանձերի բացահայտման ուղղությամբ: Իրականությունն այն է, որ հայկական մշակույթը, մեր մշակույթի համեմատ, ավելի է զարգանում: Անատոլիայի որ կողմն ուզում եք գնացեք, հայերի ստեղծագործականությունն ու խելքը կտեսնեք: Իրենց ստեղծագործություններով և արտադրանքով ձեզ կասեն «Ես այստեղ եմ»: Կգնաք պալատ և կտեսնեք, որ ճարտարապետը հայ է: Կտեսնեք Վանի հայ ոսկերիչների՝ աշխարհով մեկ հայտնի մատանիները: Գիտության բնագավառում բոլոր գրքերը հայերի կողմից են գրված: Նրանք այն մարդիկ են, ում հետ մենք դարերով ենք ապրել»:
Նախարարի այս խոսքից հետո երիտթուրքերը երկար ժամանակ հոտնկայս ծափահարել են Կոմիտասին՝ այդ թվում և Թալեաթ փաշան։
«Մանկական եվրատեսիլ-2016» մրցույթի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին:
Այս տարի միջազգային հեղինակավոր մրցույթին Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կներկայանան «Տարբեր» խորագիրը կրող երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Մանկական եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը:
Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:
«Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ եւ կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում, որը 2-րդ անգամ է հյուրընկալում մրցույթը:
Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են մտցվել: Մրցույթին հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Մրցույթին այս տարի կմասնակցեն 17 երկրներ:
Ամերիկացի պոետ, հեղինակ-կատարող և երգահան Բոբ Դիլանը 2016 թվականի գրականության նոբելյան մրցանակակիր դառնալուց հետո անցած երկու շաբաթվա ընթացքում առաջին անգամ մեկնաբանել է իր պարգևատրումը և հայտարարել է, որ ընդունում է մրցանակը։
Իրեն շնորհված մրցանակի մասին տեղեկատվության հայտնվելուց հետո Դիլանը շարունակում էր ակտիվ ելույթներ ունենալ, բայց ոչ մի անգամ իր համերգներին չի հիշատակել իր մրցանակի մասին։ Բացի այդ, Շվեդական ակադեմիան այդպես էլ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։
«Նոբելյան մրցանակի մասին նորությունն ինձ զրկեց բառերից»,- ասել է նա՝ զանգահարելով Շվեդական ակադեմիա։ Նրա խոսքերը մեջբերվում են ակադեմիայի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
«Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը։ Իհարկե»,- ասել է նա՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ստանալ այդ մրցանակը։
Արդյոք Դիլանը դեկտեմբերին մրցանակաբաշխությանը մասնակցելու համար կժամանի Ստոկհոլմ, թե ոչ՝ դեռ հայտնի չէ, նշվում է հաղորդագրությունում։
Բրիտանացի գրող Քրիստոֆեր Մառլոն ճանաչվել Է Շեքսպիրի «Հենրիխ 6-րդ» պատմական ժամանակագրության համահեղինակը: Երկու դրամատուրգների ազգանունները կհայտնվեն ակադեմիական հրատարակության տիտղոսաթերթին, որը հրապարակման Է պատրաստում Օքսֆորդի համալսարանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին գրել Է The Guardian-ը:
Այս եզրակացությունն արել Է հինգ երկրներից 23 գիտնականների խումբը: Ուսումնասիրություն անցկացնելով համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ՝ նրանք հաստատել են, որ ժամանակագրության բոլոր երեք մասերը երկու հեղինակների համատեղ աշխատանքի պտուղն են: Եվ սա Շեքսպիրի ամենեւին Էլ միակ ստեղծագործությունը չԷ, որի հեղինակությունն այժմ հարցականի տակ Է դրված: Ինչպես հաստատում են հետազոտողները, 44 պիեսներից 17-ը, որոնք առաջ վերագրվում Էին Շեքսպիրին, կարող Էին գրված լինել այլ գրողների համահեղինակությամբ:
Քրիստոֆեր Մառլոն 16-րդ դարի անգլիացի բանաստեղծ Է եւ դրամատուրգ, Շեքսպիրի ժամանակակիցն ու մրցակիցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: