Նոյեմբեր 14, 2016 17:01 Asia/Yerevan

Գորգագործությունն Իրանում արվեստի, ստեղծագործական մտքի, հավաքական աշխատանքի և իրանցիների ազգային մշակույթի դրսևորման համակցություն է, որը պատմության ընթացքում փայլատակել է այս երկրամասի մշակույթի ու արվեստի կատարին։ Այս հաղորդման ընթացքում ծանոթանալու ենք իրանական գորգին։

«Իրանական ձեռագործ գորգերի հանրագիտարան» խորագիրը կրող արժեքավոր գրքի հեղինակ և գիտահետազոտող դոկտոր Հոսեյն Թաջադոդը գրքի նախաբանում գրում է. «Հնուց ի վեր աշխարհի ժողովուրդները Իրանը ճանաչել են երկու պանծալի հանգամանքով՝ պոեզիայով և գորգագործությամբ։ Այլ կերպ ասած, իրանցիների տաղանդն ու նրանց գեղագիտական ճաշակը պոեզիայում դրսևորվել է կոնցեպտի ու իմաստի առումով, իսկ գորգագործության մեջ՝ նյութի ու տեսքի առումով։ Այս ամենով հանդերձ, գորգագործության արվեստի առավելությունը պոեզիայի արվեստի նկատմամբ կայանում է նրանում, որ պոեզիան անհատական արվեստ է, իսկ ձեռքի գորգը՝ հավաքական արվեստ»։

Իրանական գորգ

Պարսկերենում գորգ են կոչվում այն բոլոր փռվող առարկաները, ինչպիսիք են ծղոտե գործվածքը, թաղիքը և կարպետը, սակայն գորգ ասելիս  հիմնականում նկատի է առնվում այն գործվածքը, որը պատրաստված է մի շարք նյութերից, ինչպիսիք են բամբակյա թելը, բուրդը  և մետաքսը՝ իրենց տարբեր գույներով ու նախշերով։ Գորգագործությունը իրանցիների հնագույն արդյունաբերություններից մեկն է, որը պատմության ընթացքում աճել ու զարգացել է իր նրբության, գեղեցկության ու գործվածքի տեխնիկայի առումով։ Բազմաթիվ պատմաբաններ ու աշխարհը շրջող ճանապարհորդներ իրենց գրվածքներում անդրադարձել են Իրանի տարբեր մասերում՝ Ատրպատականում, Ֆարս, Խուզիստան, Սպահան և այլ նահանգներում գորգագործական արհեստանոցներին, որոնցում գորգագործները իրենց բնորոշ ճաշակով ու աշխատասիրությամբ զբաղվում էին գորգագործությամբ։ Հույն պատմաբան Քսենոֆոնը  «Կյուրոպեդիա» («Կյուրոսի դաստիարակությունը»)  անվամբ իր գրքում նշել է այն հանգամանքը, որ կենսավայրի հատակը փափուկ լինելու համար իրանցիները խալիչա էին փռում հատակի վրա։ Այս գրառումներն ու խոսքերը վկայում էին Իրանում գորգագործության արհեստի տարածվածության ու մարդկանց առօրյա կյանքում գորգի տարածվածության մասին, այնպես որ կարելի է ասել, որ գորգը համարվում էր մարդկանց կենցաղի անհրաժեշտ իրերից մեկը։ Առանց ձեռագործ գորգի իրանցու տունը անշունչ, կյանքից ու սիրուց դատարկ տուն է և սա խոսում է իր երկրի մշակույթի ու արվեստի հետ ժողովրդի սերտ կապի մասին։

Իրանում գորգագործությունը արվեստի, ստեղծագործական մտքի, հավաքական աշխատանքի և իրանցիների ազգային մշակույթի դրսևորման համակցություն է։ Մի գորգի գործման ու պահպանման ոլորտում ուղղակի կամ անուղղակի ներգրավված են բազմաթիվ մարդիկ, ինչպիսիք են հյուսվածքեղենի ներկարարը, գորգի դիզայները, գծագրության մասնագետը, գորգագործը և վերանորոգողը։

Իրանական գորգագործությունը հավաքական աշխատանք է

Պատմական առումով, հայտնի չէ, թե երբ, որտեղ և որ ազգն է առաջինը զբաղվել գորգագործությամբ։ Սա կարող է լինել ձեռագործ գորգերի բնական կառուցվածքի պատճառը։ Ասում են, որ գորգագործությունը զամբյուղ ստեղծելու նպատակով բուսական մանրաթելերի ու ծառերի կեղևի հյուսման զարգացման ու էվոլյուցիայի արդյունք է։ Հետագայում կենդանիների կաշվի ու բրդի օգտագործմամբ սկսվեց հյուսվել նաև հատակի համար նախատեսված հյուսվածքներ, որոնք սկզբում այնքան էլ փափուկ չէին։ Ոչխար և այլ կենդանիների ընտելացմամբ գորգագործները նրանց բրդից կարողացան գործել նաև փափկամազ գորգեր։

Պատմության վկայությամբ գորգագործության արհեստը առաջացավ նախ կանանց միջոցով և պատմության ընթացքում էլ գորգագործների մեծ մասը եղել են կանայք։ Հատակի համար նախատեսված հյուսվածքների ու գորգերի գործման կողքին նրանք սկսեցին գործել նաև երեսի ծածկոցներ ընտանի կենդանիների վրա գցելու և հյուսվածքային տոպրակներ՝ առարկաներ կրելու համար։

Կանայք և գորգագործությունը

Ամենահին իրանական ձեռագործ գորգը կոչվում է «Պազիրիկ գորգ», որը 1949թ. հայտնաբերվել է Սիբիրի Պազիրիկ կիրճում գտնվող Սակայի թագավորներից մեկի դամբարանում ռուս հնագետ Է. Ռուդենկոյի հնագիտական պեղումների ժամանակ։ Պազիրիկ գորգը տարբեր գույներից ստեղծված բրդե գորգ է։ Նրա նախշերում առկա են հեծյալների, արածող եղնիկների, արծվի գլխով ու առյուծի մարմնով առասպելական կենդանիների պատկերներ ու ծաղկավոր լուսանցքներ։ Արվեստի բնագավառի փորձագետների կարծիքով, Պազիրիկ գորգում կիրառված արվեստը պահանջում է գորգագործության հետ կապված դարավոր, հարուստ մշակութային ու արվեստի ստեղծագործական հենք և խոսում է այն մասին, որ հայտնի Պազիրիկ գորգի ստեղծումից առաջ դարեր շարունակ Իրանի բարձրավանդակում տարածված է եղել այս արհեստը և իրանցիները բացահայտել էին դրա գաղտնիքները։ Քանի որ Պազիրիկ գորգը ավելի քան 2400 տարի գտնվել է Սիբիրի սառույցներում, պահպանված է եղել ոչնչացման վտանգից։ 1953թ. հուլիսի 11-ին լոնդոնյան լրատվական պարբերականն այս գորգի մասին այսպես է գրել. «Պազիրիկում հայտնաբերված կարևորագույն իրը տարբեր նախշերով այն գորգն է, որի նրբաբուրդը հետևի կողմից կապ են գցել, իսկ երեսի կողմից դասավորել ու հարթեցրել են։ Այս գորգը, որը հայտնաբերվել է դամբարանի շրջակայքի հողի խորքում սատկած ձիերի մարմնի կողքին, կիրառվում էր ձիերից մեկի թամբի համար։ Նրա գործը բավականին նուրբ ու հմայիչ է, իսկ գորգի երեսի նախշը պարունակում է թևավոր առասպելական կենդանիների պատկեր կրող առանցք, որից հետո գալիս է իրանական հեծյալների շարքը, որտեղ հեծյալը նստած է ձիու վրա, իսկ մեկ հոգի էլ բռնած է ձիու բերանի պարանից ու տանում նրան։ Նշված հեծյալները իրենց գլխի վրա կրում են իրանական Աքեմենյան դինաստիային բնորոշ սաղավարտները...»։

Պազիրիկ գորգ

1953թ. իր հայտնաբերված առարկայի մասին հրատարակած գրքում Ռուդենկոն, նկարագրելով գորգի հատկությունները, այդ թվում նախշերն ու գույները՝ կարմիրը, կապույտը, կանաչը, մեղմ դեղինն ու նարնջագույնը, հստակորեն գորգի ստեղծումը վերագրում է իրանցիներին։ Նկատի առնելով գորգի հյուսվածքում կիրառված նախշերի նմանությունը Պերսեպոլիսում առկա Աքեմենյանների ազնվական նախշերի հետ, հստակորեն հայտնում է, որ այս գորգը գործվել է Աքեմենյանների ժամանակաշրջանի ընդարձակ տարածք ունեցող Իրանի երեք շրջաններից՝ Մարաստանի, Պարթևական երկրամասի կամ հին Խորասանի և Պարսկաստանի շրջաններից մեկում։ Մի շարք փորձագետներ Պազիրիկ գորգում կիրառված նախշերը համարում են պարթևական արվեստագետների աշխատանքի արդյունքը։ Նրանց կարծիքով, այս տեսակետը ավելի հավաստի է դառնում, երբ հաշվի են առնվում այն հանգամանքները, որ Աքեմենյան ժամանակաշրջանի իրանական Պարթևական երկրամասը ամենամոտն է եղել Պազիրիկի կիրճին, պարթևները հայտնի հեծյալներ էին և պարթևական երկրամասի հյուսիսային դաշտերում ապրող եղնիկներն ու հեծյալների սաղավարտի տեսակը աչքի են ընկնում Պազիրիկ գորգի նախշերում։ Ներկայումս Պազիրիկ գորգը պահպանվում է Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքի Էրմիտաժ թանգարանում։

Պազիրիկ գորգը  Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում

Այսօր Էրմիտաժ թանգարանը աշխարհում միակը չէ, որտեղ պահպանվում են իրանական արժեքավոր նրբաճաշակ գորգերը։

«Արդաբիլի գորգը» ևս իրանական հին ու նրբաճաշակ գորգերից մեկն է, որն այսօր պահպանվում է Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում։ Մի քանի տարի առաջ Սանդեյ-Թայմս օրաթերթի կողմից այս գորգը ներկայացվեց որպես աշխարհում արվեստի 50 ստեղծագործական գլուխգործոցներից մեկը։ «Արդաբիլի գորգը», որն իր նախշերի ու հյուսվածքի առումով համարվում է Իրանի ու աշխարհի ամենահայտնի ու ամենանրբաճաշակ գորգերից մեկը, գործվել է 1539 թվականին։ Իր գեղեցիկ նախշերի ու պատկերների շնորհիվ, այս գորգը համարվում է յուրահատուկ վերացական ստեղծագործություն, որը Սեֆյանների ժամանակաշրջանի (1501-1722թթ.) իմաստունների մտքի ու արվեստի դրսևորումն է։

«Արդաբիլի գորգը» Լոնդոնի «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում

«Չելսի Գորգը» ևս այս թանգարանի իրանական հանրահայտ գորգերից մեկն է։ Այս գորգը այդպես է կոչվում, քանի որ այն գնվել է Չելսիի Քինգզ փողոցում ապրող առևտրականի կողմից։ Գորգում կիրառված նախշերից կարելի է մատնանշել բերգամոտները, որսի կենդանիները, ինչպիսիք են եղնիկն ու եղջերուն, վայրի կենդանիները՝ առյուծն ու ընձառյուծը, առասպելական կենդանիները՝ ծառերում ու ծաղկավոր բույսերում թափառող դրագոնը։

«Չելսի Գորգը»

Վիեննայի արվեստի և արդյունաբերության թանգարանում պահվում է Սեֆյանների ժամանակաշրջանին պատկանող աշխարհի ամենաթանկարժեք գորգերից մեկը՝ «Որսավայր» անունով: Այս գորգն ամբողջությամբ մետաքսից է և գործվել է 16-րդ դարի սկզբին Շահ Աբբաս (1571-1629) թագավորի օրոք: Գորգի վրա պատկերված է իրանցի արքայի որսորդության դրվագ:

«Որսավայր գորգը» Վիեննայի արվեստի և արդյունաբերության թանգարանում

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում պահվում են պոլոնեզ անունով չորս իրանական գորգեր, որոնք պատկանում են Սեֆյանների ժամանակաշրջանին, որը հիշվում է նաև որպես գորգի ռենեսանսի ժամանակաշրջան: Պոլոնեզ կամ լեհական գորգերի ընդարձակ մասում գործվել է ոսկե և արծաթե թելերով, յուրահատուկ գույներով ու ձևով: Պոլոնեզ գորգերի վրա հիմնականում նախշված են շուշաններ ճյուղերով ու տերևներով: Իրանական այս գորգը լեհական կամ պոլոնեզ անվանելու մասին պետք է ասել, որ  առաջին անգամ 1878 թ. Փարիզի միջազգային ցուցահանդեսում լեհ արքայազն Չարթորսքիի գույքերի միջև նկատվել է այդ գորգերից Լեհաստանի արքայական ընտանիքի նշանով: Այդ պատճառով էլ այս գորգերը հայտնի դարձան որպես լեհական գորգեր: Հետագային 1930 թվականին, Ռայգել անունով մի անձնավորություն կասկածանք հայտնեց այդ գորգերի լեհական լինելու տեսության մասին: Նա այդ գորգերի նախշերի վրայից կռահեց, որ դրանք պատկանում են 18-րդ դարին: Ռայգելի ուսումնասիրություններից հետո, Բոդ և Մարթին անունով անձնավորությունները պատմական բավարար փաստեր հայտնաբերեցին, որոնք ապացուցում էին այդ գորգերն իրանական են և առնչվում են 17-րդ դարին: Ներկայումս կասկած չկա, որ այդ հարուստ գորգերն իրանական են, չնայած դեռ լեհական են կոչվում:

«Պոլոնեզ» իրանական գորգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում

 

Պոլոնեզ անվանումը կրող իրանական գորգերը չնայած գործվում էին Իրանի պալատերի համար, սակայն որպես արքունական ընծա, նվիրվում էին նաև եվրոպացի պաշտոնատարներին: Այդ պատճառով է, որ Արևմուտքի մեծ թվով թանգարաններում, այդ թվում Նյու Յորքի Մետրոպոլիտենում, ԱՄՆ-ի Քլիվլենդի արվեստի թանգարանում, Վենետիկի Սուրբ Մարկոսի եկեղեցում, Մյունխենի Ռեզիդենսի և Դանիայի Ռոզենբերգի թանգարաններում պահվում են իրանական գորգեր:

Այս օրերին էլ Իրանի տարբեր քաղաքներում գործվում են թանկարժեք գորգեր, որոնց դաջվածքներն ու գույները գերում են իրանական արվեստի սիրահարներին: Զրույցը կշարունակենք հաջորդ հաղորդման ընթացքում: