Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (112)
Մեր այս հաղորդման թեման Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի Ղուրանի մեկնաբանությունն է, որ ամփոփված է «Մավահեբ Ալայհե» կամ «Թաֆսիր Հոսեյնի» խորագրի ներքո:
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր ևս մեր զրույցը կշարունակենք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի մասին:Ինչպես գիտեք իրանցի այս մտավորականն արժեքավոր ծառայություններ է մատուցել տարբեր բնագավառներում:
-----------------------------------
Ասացինք, որ Վաեզ Քաշեֆիից հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ և քննարկեցինք նրա գրչին պատկանող «Ախլաղ Մոհսենի», «Ռոզաթ-օլ-Շոհադա» և «Ֆոթովվաթնամե» ստեղծագործությունները: Այսօր զրուցելու ենք իրանցի մեծ մտավորականի մի այլ ստեղծագործության՝ Ղուրանի մեկնաբանության մասին, որը կրում է «Մավահեբ Ալայհե» խորագիրը:
Մինչ այսօր Իրանի, Կենտրոնական Ասիայի, Պակիստանի ու Հնդկաստանի տարբեր գրադարաններում ու անձնական հավաքածոներում ցանկագրվել են «Մավահեբ Ալայհե» կամ «Թաֆսիր Հոսեյնի» խորագրերով հայտնի դարձած Ղուրանից Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի մեկնաբանության հարյուրավոր ձեռագիր օրինակներ: Բանասերների համոզմամբ համառոտ կերպով Մոլայի մեկնաբանություն կոչվող Քաշեֆիի մեկնաբանության համբավը վերաբերում է նրա գրական յուրահատկություններին ու եզակի հատկանիշներին: Թեև Քաշեֆին հմուտ է եղել Ղուրանի մեկնաբանության հետ կապված տարբեր գիտություններում, սակայն «Մավահեբ Ալայհե»-ում հազվադեպ է անդրադառնում լեզվաբանական, բառագիտական, իրավական կամ ոճային հարցերի: Նա պարզ ու գրավիչ պարսկերենով Ղուրանի այաների թարգմանությունն ու բացատրությունը մեկտեղել է այլ մեկնաբանություններից, նաև չափածո և արձակ ստեղծագործություններից քաղված հատվածներով՝ ծնունդ տալով Ղուրանի համառոտ ու համապարփակ մեկնաբանության:
Ղուրանի պարսկերեն լեզվով մեկնաբանությունների պատմությունը սկսվում է լուսնային 4-րդ դարում, փրկչական 10-րդ դարում Աբու Ջաըֆար Մոհամմեդ Իբն Ջարիր Թաբարիի «Ջամեաթ-ալ-Բայան» թարգմանությամբ, որը հայտնի է «Թաֆսիր Թաբարի» խորագրով: Հոգևոր առաջնորդները Միջին Ասիայում ու Խոռասանում Սամանյան թագավոր Աբուսալեհ Մանսուր Իբն Նուհի իշխանության շրջանում թույլատրեցին պարսկերեն լեզվով Ղուրանի մեկնաբանությունն ու թարգմանությունը, ինչը խրախուսվեց ու հովանավորվեց թագավորի կողմից: Պարսկերեն լեզվով Ղուրանի թարգմանությունն ու մեկնաբանությունը տարածում գտնելուց քիչ հետո տարբեր ստեղծագործություններ կատարվեցին: Պարսկերեն լեզվով երկու կարևոր մեկնաբանությունները գրվել են Թաբարիի թարգմանությունից մեկ ու կես դար հետո, որոնք են Աբոլֆոթուհ Ռազիի գրած «Ռոզ-ալ-Ջենան վա Ռուհ-ալ-Ջենան ֆի Թաֆսիր ալ-Ղորան»-ը և Ռաշիդեդդին Մեյբոդիի միջոցով գրված «Քաշաֆ-ալ-Ասրար վա Էըդաթ-ալ-Աբրարը»: Այդ մեկնաբանությունները վկայում են հետագային գրված մեկնաբանությունների վրա երկու գլխավոր ազդեցությունների մասին, որոնք են շիիզմի և սուֆիզմի հանդեպ հակումը:
Աբուլֆոթուհ Ռազիի մեկնաբանությունը պարսկերեն լեզվով գրված շիաական առաջին մեկնաբանությունը կամ առաջիններից մեկն է: Այս մեկնաբանությունն իր կառուցվածքով ու բովանդակությամբ շատ նման է շիաների կարևոր մեկնաբանություն՝ «Ալթաբյան Ֆի Թաֆսիր-ե Ղորան»-ին, որը արաբերեն լեզվով լուսնային 460 թվականին գրել է Մոհամմեդ Աբուջաըֆար Թուսին: Ռաշիդեդդին Մեյբոդիի «Քաշաֆ-ալ-Ասրար»-ն էլ կարելի է գրական և սուֆիական ուղղություններից ազդեցություն կրած մեկնաբանություն համարել, որը վկայում է պարսկերեն լեզվով մեկնաբանությունների մեկ այլ ուղղության մասին: Այս մեկնաբանության մեջ ցանկացած այա բաժանվում է երեք մասերի: Առաջինը Ղուրանի այայի բառացի ու մեկնաբանական թարգմանությունն է, երկրորդը, որ գրված է պարսկերեն ու արաբերեն լեզուներով այաների բառագիտությունն է, որը տարածված է սուննիների մեկնաբանություններում, իսկ երրորդ բաժնում պարսկերեն ու արաբերեն լեզվով ներկայացված է դրանից սուֆիների կատարած մեկնաբանությունը: Այս բաժնում լայնորեն օգտագործվել են Խաջե Աբդոլլահ Անսարի Հարավիի, Ղոշեյրիի ու սուֆի այլ գործիչների մեկնաբանությունները:
Լուսնային հիջրեթի 897-ից 899 թվականներին՝ փրկչական 1491-ից 1494 թվականներին գրված Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Մավահեբ Ալայհե»-ն Մեյբոդիի մեկնաբանության նման դասվում է Ղուրանի գրական ու սուֆիական մեկնաբանությունների շարքը: Քաշեֆին մեկնաբանության բնագավառում իր ստեղծագործությունների շարանը սկսեց «Ջավահեր-ալ-Թաֆսիր Լե-Թոհֆաթ-ալ-Ամիր» մեծ ու համապարփակ մեկնաբանությամբ, որը գրել է իր հովանավոր Սոլթան Հոսեյն Բայղարայի նախարար Ամիր Ալիշիր Նավայիի համար: Քաշեֆին նպատակ ուներ ամբողջ Ղուրանը մեկնաբանել, սակայն հասնելով չորրորդ սուրային անավարտ է թողնում «Ջավահեր-ալ-Թաֆսիր»-ը: Մի քանի տարի անց նա գրում է «Մավահեբ Ալայհե» խորագրով առավել համապարփակ մեկնաբանությունը և դա նվիրում է Ամիր Ալիշիր Նավայիին:
Քաշեֆին «Մավահեբ Ալայհե»-ում Մեյբոդիի «Քաշաֆ-ալ-Ասրար»-ի նման պարզ նյութերը միատեղում է սուֆիների տեսակետների հետ, սակայն դրանց մեջ սահման չի որոշել: Քաշեֆին հղում կատարելով Մեյբոդիի աղբյուրներից շատերին, այդ գրքում մեջբերումներ է կատարել սուննի հայտնի գործիչներից, այդ թվում Իբն Արաբիից, Աբդոլռազաղ Քաշանիից, Սադրեդդին Ղունավիից, ինչպես նաև Քաբրուիե և Նաղշբանդիե ուղղության շեյխերից: Նա իր մեկնաբանության մեջ նաև օգտվել է Խաջե Աբդոլլահ Անսարիի, Սանայիի, Ֆարիդեդին Աթթարի, Ջալալեդդին Մոհամմեդ Մոլավիի և Աբդոլռահման Ջամիի պարսկերեն բանաստեղծություններից:
Այայի իմաստի մեկնաբանության համար բանաստեղծության օգտագործումը Քաշեֆիից առաջ սուֆի մեկնաբանների մոտ տարածված մեթոդներից է եղել, սակայն Քաշեֆին բանաստեղծության օգտագործումը բարձրացնում է այլ մակարդակի, այնպես որ «Մավահեբ Ալայհե» -ում դժվար կարելի է մի էջ գտնել, որտեղ բանաստեղծության մի քանի երկտողեր նշված չլինեն: Ղուրանի մի այայի իմաստի մեկնաբանման համար բանաստեղծության օգտագործումն ընդհանրապես այդ ժամանակաշրջանում հատուկ է եղել միստիկ մեկնաբաններին: Ոչ-սուֆի մեկնաբանները բանաստեղծությունը միայն որպես միջոց են օգտագործել վերլուծելու համար Ղուրանի մեջ օգտագործված բառերի ու եզրույթների իմաստն ու արմատը:
«Մավահեբ Ալայհե» -ի նշանակությունը միայն դրա համբավի պատճառով չէ, այլ դա կարևորվում է նաև արաբագիր ու պարսկագիր մեկնաբանների վրա գործած ազդեցության բերումով: Սեֆևյան շրջանի մեկնաբաններից համարվող Մոլա Ֆաթոլլահ Քաշանին «Մենհաջ-ալ-Սադեղին ֆի Էլզամ-ալ-Մոխալեֆին» խորագրով մեկնաբանության մեջ օգտվել է պարսկերեն թարգմանություններից, որոնք գրեթե բառացի թարգմանությունն են այն նյութերի, որոնք կարելի է գտնել նաև «Մավահեբ Ալայհե»-ում: Ի դեպ, Քաշանին օրինակ է ծառայեցրել Քաշեֆիի ստեղծագործության կմախքը և շիայի դիտանկյունից քննարկել է Ղուրանի այաները: Քաշեֆիից խոր ազդեցություն է կրել նաև թուրք մեկնաբան Էսմայիլ Հաղի Բրոսոյը, որն իր «Ռուհ-ալ-Բայան» մեկնաբանության մեջ ուղղակի մեջբերումներ է կատարել Քաշեֆիի ստեղծագործությունից ու չնայած նրան, որ Էսմայիլ Հաղիի մեկնաբանությունը արաբերեն լեզվով է գրված, սակայն այդտեղ մեջբերված են նաև Քաշեֆիի մեկնաբանության պարսկերեն բանաստեղծությունները:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ «Մավահեբ Ալայհե» -ի մեջ մեկնաբանը ընտրել ու մշակել է ուրիշներից քաղված նյութերը և դրանք փոխանցել է ընթերցողին: Քաշեֆիի «Մավահեբ Ալայհե» -ը եզակի մեկնաբանություն է, քանզի պարսկերեն լեզվով դյուրըմբռնելի թարգմանությունը մեկտեղել է գրավիչ մեկնաբանություններով: Քաշեֆին հրաժարվել է սուֆի հռետորների ու հոգևորականների բարդ եզրույթներն օգտագործելուց և դրա փոխարեն ընտրել է դրվագներ, բանաստեղծություններ ու բացատրություններ, որոնք հարստացնում են նրա աշխատանքը: Հետևաբար ներկայացված աշխատանքը ուշագրավ կերպով ըմբռնելի է դառնում սովորական և Ղուրանի բարդ մեկնաբանության նկատմամբ հետաքրքրություն չցուցաբերող ընթերցողի համար:

Քաշեֆիի «Մավահեբ Ալայհե» մեկնաբանության համբավը դրա ոճային ու գաղափարական մեթոդի պատճառով է: Նա Ղուրանից ըմբռնելի թարգմանությունը միատեղել է Ղուրանի ներկայացման ու մարգարեի կյանքի հետ կապված հետաքրքիր նյութերով: Քաշեֆիի մեկնաբանության մեջ մեջբերված դրվագներն ու չափածո հատվածները գրական արժեք են փոխանցում նրա ստեղծագործությանը և այն գրավիչ են դարձնում: Արաբերեն սակավաթիվ մեջբերումները պատճառ են դարձել, որպեսզի «Քաշաֆ-ալ-Ասրար»-ի նման ստեղծագործություններն ընկալելու համար արաբերենի բավարար գիտելիքներ չունեցող ընթերցողը հեշտությամբ ընկալի այս մեկնաբանությունը: «Մավահեբ Ալայհե»-ն սուֆիզմ քարոզելուց հրաժարվելով նաև վիճաբանությունից հեռու է մնում: Եթե նույնիսկ որոշ վիճահարույց նյութերի էլ անդրադարձել է, դրանք նշել է լուսանցքներում: Քաշեֆին իր մեկնաբանության մեջ հրաժարվում է սուննի-շիա դասակարգումից և դա պատճառ է դարձել, որ թե սուննիները և թե սուֆիզմին հակված շիաները նրա հետ կապվածություն զգան: