Գեղարվեստական հաղորդում (36)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Մնացեք մեզ հետ:
Երևանի պետական համալսարանում կկազմակերպվեն իսլամագիտության դասընթացներ: Այս մասին համաձայնություն է կայացել Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդի և Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչի համատեղ նիստում:
«ԻՔՆԱ»-ի հաղորդմամբ, համաձայնությունը կայացել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնին նվիրված գրքերի առիթով կայացած միջոցառման շրջանակներում:
Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին միջոցառման ընթացքում ավելի քան 200 հատոր գիրք է նվիրել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնին:
Միջոցառման շրջանակում Մաջիդ Մեշքին հանդիպում է ունեցել Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ՝ Վարդան Ոսկանյանի և համալսարանի գիտական աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային երկկողմ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

«Ծիծեռնակ» հրատարակչությունում պետպատվերով լույս Է տեսել «20-րդ դարի 20-40-ական թվականների հին Երեւանը հայ դասականների պատմություններում եւ հուշերում» գիրքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրքի կազմողն ու թարգմանիչը՝ Կարինե Խալաթովան, ընթերցողին հրավիրում Է հետաքրքիր ճանապարհորդություն կատարել Հայաստանի 12-րդ մայրաքաղաքով՝ 20-րդ դարի 20-40-ական թվականների Երեւանով: Քաղաքի պատմության լաբիրինթոսներում որպես «ուղեվարներ» են հանդես գալիս հայ գրողներ Ակսել Բակունցը (1899-1937), Ստեփան Զորյանը (1889-1967), Վահան Թոթովենցը (1894-1938), Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956), Լեռ Կամսարը (1888-1965), Մկրտիչ Արմենը (1906-1972), Գուրգեն Մահարին (1903-1969), Վալտեր Արամյանը (1909-1995): Գրողների համառոտ կենսագրությունները միտումնավոր ամբողջական չեն ներկայացվել, այլ մինչեւ հեղինակների Երեւան ժամանելու պահը, որպեսզի ընթերցողներն իրենք այլ գրքերում ավելի մանրամասն տեղեկութուններ փնտրեն ու կարդան նրանց կյանքի ու ստեղծագործության մասին: Նրանք ծնունդով Երեւանից չեն եւ գրեթե բոլորն Էլ այստեղ են եկել 20-ական թվականների կեսին, երբ վերածնվող Հայաստան Էր հասնում հայրենադարձների առաջին ալիքը:
Գրքում խոսում են նաեւ մայրաքաղաքի ավելի կրտսեր ժամանակակիցներն ու ականատեսները, որոնց հուշագրություններից հատվածները ներհյուսվում են քաղաքի ու նրա բնակիչների ճակատագրի մասին ընդհանուր սյուժեում:
Գրքի «Առանձին երթուղին» կարճ պատմություններ Է ներառում Հայաստանի մայրաքաղաքի փրկված ու կորսված տաճարների մասին, որոնց վերաբերյալ ժամանակին թարգմանչուհուն պատմել Է Հայկական ԽՍՀ արվեստների վաստակավոր գործիչ պրոֆեսոր Վարազդատ Հարությունյանը (1909-2008):
Երեւանի դիմանկարը լրացնում ու ավելի բովանդակալից են դարձում ոչ միայն սեւ-սպիտակ նկարազարդումները, այլեւ ռուս պոետների դիտարկումները չափածո բնաբաններում, ինչպես նաեւ Մ.Գորկու, Ս.Շերվինսկու եւ Մ.Շահինյանի հուշագրությունները:
«… Սահման չունի հյուրընկալորեն լայն բացված գիրքը. Երեւանը գրավիչ եւ ճանաչողական ընթերցանություն Է: Երեւանը պահպանում Է պատմության գաղտնիքները եւ օրեցօր գեղեցկանում: Այն ե՛ւ հին Է, ե՛ւ երիտասարդ: Նա նրբազգացորեն արձագանքում Է ժամանակի ու երեւանցիների նոր սերունդների պահանջներին ու հուշումներին: Անցյալ դարի 20-ականներին վերածնված Երեւանը ծերանալու իրավունք չունի…»,-գրում Է Խալաթովան նախաբանում:
«Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ն աշխատում է «Հայ հերոսներ» նախագծի վրա, որը ներկայացվելու է սերիալի տեսքով և մուլտֆիլմի լեզվով պատմելու է տարբեր դարաշրջանների հայ հերոսների մասին: «Պատրաստելու ենք 10 րոպե տեւողությամբ 20 ֆիլմ, որը պատմելու է տարբեր դարաշրջանների հայ հերոսների մասին` սկսած նախահայր Հայկից, վերջացրած Ղարաբաղյան պատերազմի հերոսներով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը` հավելելով, որ նախագիծը նախատեսված է լինելու հեռուստացուցադրման համար:
Վրթանես Փափազյանի «Կլոր աստվածներ» համանուն հեքիաթի հիման վրա Դավիթ Սահակյանցի նոր մուլտֆիլմի ձայնագրման աշխատանքները ևս շուտով կմեկնարկեն: «Այս մուլտֆիլմը պատրաստում ենք Մշակույթի նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ»,- ասաց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նրա խոսքով` տասը րոպե տևողությամբ մուլտֆիլմը կնկարահանվի «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայում։ «Մուլտֆիլմի սյուժետային մասը կպահպանվի, սակայն նյութը կներկայացվի մի փոքր տարբեր ձեւաչափով»,-ասաց նա: «Կլոր աստվածներ» հեքիաթն այլաբանություն է, որը պատմում է մարդկանց նկատմամբ ոսկե հորթի իշխանության մասին։
Արդեն շուրջ 500 հազար մարդ Է այցելել «Հովհաննես Այվազովսկի: Ծննդյան 200-ամյակի առթիվ» խորագիրը կրող ցուցահանդեսին, որը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում բացվել Է հուլիսի 29-ին եւ աշխատելու Է մինչեւ նոյեմբերի 20-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այվազովսկու ցուցահանդես Է այցելել արդեն 480 հազար 393 մարդ»,- նոյեմբերի 7-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են պատկերասրահում:
Մինչդեռ Վալենտին Սերովի ցուցահանդեսին, որը պատկերասրահում կազմակերպվել Էր անցյալ տարի, դրա աշխատանքի ընթացքում այցելել Էր 485 հազար մարդ:
Նոյեմբերի 7-ին ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տրետյակովյան պատկերասրահն սկսելու Է Այվազովսկու ցուցահանդեսի տոմսերի լրացուցիչ վաճառքներ: «Նոյեմբերի 14-ին մենք երեկոյան սեանսների տոմսեր կառաջարկենք նոյեմբերի 17-20-ի համար»,- հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունում:
Այստեղ նաեւ նշել են, որ ցուցահանդեսի աշխատանքի վերջին օրերին թանգարանն աշխատելու Է մինչեւ կեսգիշեր:
Ցուցադրանքում ներկայացված Է ծովանկարչի՝ թանգարաններից ու մասնավոր հավաքածուներից բերված ավելի քան 200 աշխատանքներ, որոնք արվել են Ռուսաստանում, ինչպես նաեւ ստեղծվել են Այվազովսկու՝ Կովկաս, Իտալիա, Թուրքիա եւ այլ երկրներ կատարած ճանապարհորդությունների մոտիվներով:
Թուրքիայում մեկնարկել է Ստամբուլի գրքի 35-րդ միջազգային ցուցահանդեսը, հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 800 հրատարակչություն և հասարակական կազմակերպություն ամբողջ աշխարհից:
Միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչությունը, որի տաղավարում հիմնականում թուրքերենով ներկայացված են Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև հայոց պատմությանն ու մշակույթին առնչվող բազմաթիվ գրքեր:
«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար «պատուհան» դառնալ դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:
Վախճանվել Է կանադացի երգիչ, բանաստեղծ եւ գրող Լեոնարդ Քոենը:
«Խորին վշտով հայտնում ենք, որ մեզնից հեռացավ լեգենդար բանաստեղծ, կոմպոզիտոր եւ արտիստ Լեոնարդ Քոենը: Մենք կորցրեցիք ամենահարգելի եւ ամենաարգասավոր մտածողներից մեկին»,- ասված Է հաղորդագրության մեջ: Քոենի հետ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում:
Քոենն 82 տարեկան Էր: Մահվանից գրեթե մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերին, նա թողարկել Է իր նոր՝ թվով 14-րդ ալբոմը, որը կոչվում Է You Want It Darker:
Բացի բազմաթիվ երգերից, Քոենը գրել Է երկու վեպ եւ լույս Է ընծայել բանաստեղծությունների մի քանի ժողովածու: 2002 թվականին նա ստացել Է կանադացու համար բարձրագույն պարգեւը՝ դառնալով Կանադայի շքանշանի ասպետ:
Հանրահայտ դերասան Ջեքի Չանը դարձել է կինոարվեստում ներդրման համար «Օսկարի» պատվավոր պարգեւի դափնեկիր: Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է Կինեմատոգրաֆիական արվեստի եւ գիտության ակադեմիան:
«200 ֆիլմերից, այդքան կոտրվածքներից հետո «Օսկարը» վերջապես իմն է»,- պարգեւատրման ժամանակ ասել է Չանը: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Հայտնի է, որ Չանը նկարահանումների ժամանակ հաճախ ինքնուրույն է կատարում հնարքները՝ առանց կասկադյորների օգնության, ինչի հետեւանքով դերասանը բազմիցս վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ կոտրվածքներ:
Իռլանդացի Մայք ՄակՔորմեքի «Արեւային սեղմիրան» վեպն ստացել Է Գոլդսմիթի համալսարանի հեղինակավոր մրցանակը, որը շնորհվում Է գրական ձեւի նորաստեղծությունների համար: 223 Էջի վրա հրատարակված վեպը բաղկացած Է մեկ երկար նախադասությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վեպում պատմվում Է Մարկուս Քոնուեյ անունով ճարտարագետի մասին, որը կարճ ժամանակով հարություն Է առել մեռելներից:
Մեկնաբանելով մրցույթի ժյուրիի ընտրությունը՝ դրա նախագահ պրոֆեսոր Բլեյք Մորիսոնը նշել Է, որ գրողին հաջողվել Է անսովոր կերպով պատկերել սովորական աշխատող մարդու կյանքը:
«Քաղաքականություն, ընտանիք, արվեստ, ամուսնություն, առողջություն, քաղաքացիական պարտք եւ բնապահպանություն. սրանք այն թեմաներից մի քանիսն են, որոնք հեղինակն արծարծում Է պատմության ընթացքում, որը ներկայացված Է քնարական, բայց ամրակուռ արձակով»,- մեկնաբանել Է նա:
51-ամյա ՄակՔորմեքը վերջին երեք տարվա ընթացքում դարձել Է երրորդ հեղինակն Իռլանդիայից, որն ստացել Է 10 հազար ֆունտ կազմող (շուրջ 12 500 դոլար) հեղինակավոր մրցանակը:
Գոլդսմիթի համալսարանի գրական մրցանակը սահմանվել Է 2013 թվականին: Մրցանակն ստացող գրողները գրեթե միշտ լայն ճանաչում են ստանում:-
Գանայում թանգարան է բացվել, որն ի վիճակի է տեղաշարժվել երկրի տարածքով. այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հրատարակությունը գրում է, որ «թանգարան-կրպակն» աֆրիկացի գրող և ռեժիսոր Նանա Օֆորիատա Այմայի նորարական աշխատանքն է:
Աղբյուրի հաղորդմամբ` Օֆորիատան իր մտահղացման մեջ օգտագործել է աֆրիկյան ճարտարապետության առանձնահատկությունները` կիսաօրինական բեռնարկղերը, որոնք առկա են աֆրիկյան քաղաքների փողոցներում և օգտագործվում են արհեստավորների, վարսավիրների ու վաճառականների կողմից:
Այման հայտնել է, որ սկսել է նմանատիպ նախագծի մասին մտածել դեռևս Բրիտանական թանգարանում աշխատելու ժամանակ: Նրան տպավորել է, թե ինչպիսի տեսք ունեն աֆրիկյան ժառանգության իրերը թանգարանի ցուցափեղկերում: Այնուհետև նա ոոշել է իր գաղափարն իրականացնել հենց Աֆրիկայում` տեղական ավանդույթների պայմաններում:
Նշվում է, որ թանգարանը կցուցադրվի երկրի 10 շրջանում: