Գեղարվեստական հաղորդում (37)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում կայացել է իրանցի հանրահայտ բանաստեղծ Խաղանիի մասին առաջին գիտաժողովը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գիտաժողովի ընթացքում ելույթ են ունեցել Հայաստանի, Իրանի, Ռուսասաստանի, Վրաստանի և Իրաքի մտավորականներ՝ «առասպելական ավանդազրույցները Խաղանիի բանաստեղծություններում», «Խաղանին և մարդասիրությունը», «կրոնը Խաղանիի բանաստեղծություններում» և «Խաղանին ու պոեզիան» թեմաների շուրջ:
Այդ գիտաժողովի անցկացման հետ միաժամանակ, Երևանում ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնը հրատարակել է Խաղանիի բանաստեղծությունների հայերեն թարգմանությունը և նրա բանաստեղծությունների ընտրանիի սկավառակը:
Հաղորդման համաձայն՝ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնը մտադիր է իրանցի մասնագետների աջակցությամբ, հայ հասարակությանը ծանոթացնել Խաղանիի ստեղծագործություններին:
Թվականիս նոյեմբերի 11-ին, «Արիա» ցուցասրահի նախաձեռնությամբ բացումը կատարվեց «Իրանի արդի արվեստ»-ի քննարկման չորրորդ ցուցահանդեսի, որտեղ ցուցադրության դրվեցին իրանահայ վաստակավոր գեղանկարիչ Գառնիկ Տեր-Հակոբեանի գեղանկարչական աշխատանքները:
«Բացակա արվեստագետ» խորագիրը կրող ցուցահանդեսում, ներկայացվել են Տեր-Հակոբյանի 70 գործերը, որոնք արդյունքն են նրա 50-ամեայ աշխատանքների: Ցուցահանդեսի մասին «Արիա» ցուցասրահի տնորեն Արիա Շոքուհին նշել է, որ այն կազմակերպվել է «Մահե Մեհր» հիմնարկի օգնությամբ եւ հավելել է, որ Գառնիկ Տեր-Հակոբեանը նախապես աշխատում էր «Ղանդրիզ» ցուցասրահի հետ: «Արիա» եւ «Մահե Մեհր» ցուցասրահներում կազմակերպված ցուցահանդեսը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 9-ը:
«Մանկական եվրատեսիլ-2016» հեղինակավոր միջազգային մրցույթում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մամադաշվիլին: Հայաստանը 232 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Մրցույթի հայաստանյան մասնակիցներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը ելույթ ունեցան երկու համարի ներքո՝ ներկայացնելով «Տարբեր» երգը:
Փորձագետները բարձր գնահատականներ տվեցին Հայաստանին, պատանի ժյուրիի ամենաբարձր 110-ը միավորը նույնպես տրվեց Հայաստանին: Հայաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց՝ զիջելով Վրաստանին ընդամենը յոթը միավոր:
Այս տարի մրցույթում որոշ փոփոխություններ էին տեղի ունեցել. մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու 9-14 տարեկան երեխաներ՝ նախկինում 10-15-ի փոխարեն: Այս տարի հանվել էր հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին եվրոպացի երեք հայտնի արվեստագետներ:

Լիբանանի «Ազդակ» թերթի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ թվայնացվում է դաշնակցական մամուլի 26 անուն հավաքածու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
Մամուլի թվայնացման գործում «Ազդակ»-ը համագործակցության առաջին քայլերն է կատարում Ազգային գրադարանի հետ: Այս առնչությամբ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը «Ազդակ»-ին ուղղված նամակում նշել է, որ «Ազդդակ»-ն ապահովել է թվայնացման բարձր արդյունք, պատկերները գործնականում վերծանված են անսխալ: Տիգրան Զարգարյանն ընդգծել է, որ իրականացվել է եզակի աշխատանք, ինչի արդյունքները մեծապես կնպաստեն հայագիտական նյութերի որոնման եւ արդյունավետ օգտագործման հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաեւ հայալեզու բովանդակության տեսանելիության ապահովմանը համացանցում:

«Բանաստեղծական նոյեմբեր» պոեզիայի միջազգային 39-րդ փառատոնն անցկացվել է Պոզնանում նոյեմբերի 7-11-ը: Փառատոնին հայ գրականությունը ներկայացրել են ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանը: «Վերջին տարիներին Լեհաստանի հետ մեր գրական կապերն ու համագործակցությունն ընդլայնվել են: Հրավերի առիթ հանդիսացան երկլեզու հայերեն-լեհերեն կամ առանձին հայերեն և լեհերն գրքերը, որոնք մենք հրատարակել ենք»,-Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Էդվարդ Միլիտոնյանը:
Փառատոնի շրջանակում Պոզնանի համալսարանական գրադարանում անցկացվել է հայ-լեհական «Որպես ձեռքսեղմում» և լեհ-բուլղարական «Զրույցներ բարեկամների հետ» երկլեզու անթոլոգիաների համատեղ շնորհանդեսը, որը վարել է ՀԳՄ պատվավոր անդամ Կալինա Իզաբելա Զիոլան:
Ներկայացնելով անթոլոգիաները և անդրադառնալով վերջին մեկ տարում Լեհաստանում և Հայաստանում հրատարակված հայ, լեհ բանաստեղծների ժողովածուներին, ինչպես նաև Գագիկ Դավթյանի կազմած 52 հեղինակների գործերն ամփոփող «Խաչվող զուգահեռներ» երկլեզու հատորյակին` Զիոլան ընդգծել է թարգմանիչների, հովանավորների և հրատարակիչների անսակարկ և անբասիր աշխատանքը:
«Երկիրը հարազատ է դառնում, երբ այնտեղ գոնե մեկ մարդ քեզ սպասում է: Վարշավայում մեզ սպասում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ՀԳՄ պատվավոր անդամ Կալինա Իզաբելա Զիոլան»,-ընդգծեց Գագիկ Դավթյանը:
Լեհական մշակույթը Հայաստանում տարածելու գործում ունեցած ավանդի համար Լեհաստանի գրողների միության Պոզնանի բաժանմունքի նախագահ Պավել Կուշչինսկին փառատոնի դիպլոմներ է շնորհել Էդվարդ Միլիտոնյանին և Գագիկ Դավթյանին: Դիպլոմի է արժանացել նաև բուլղար բանաստեղծուհի Վանյա Անգելովան: Շնորհանդեսն իր ներկայությամբ պատվել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:
Հայ գրողները ստեղծագործական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել Բուլղարիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ, հանդիպում են ունեցել Լյուբոնի քաղաքային գրադարանում, այցելել Պուշչովո՝ լեհ անվանի գրող, ճանապարհորդ Արկադի Ֆիդլերի թանգարան:
Փառատոնին մասնակցել են բանաստեղծներ Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Եթովպիայից, Հունաստանից, Հունգարիայից, Շվեդիայից, Վիետնամից, Ուկրաինայից: Փառատոնի շրջանակում հանդիսավորությամբ նշվել է լեհ ականավոր գրող Եվգենիուշ Պաուկշտի ծննդյան 100-ամյակը և լեհ գրողների միության Պոզնանի բաժանմունքի ստեղծման 95-րդ տարեդարձը:

«Հայփոստ» ՓԲԸ նոյեմբերի 18-ին շրջանառության մեջ դրեց «Հայաստանի թանգարաններ. Սերգեյ Փարաջանովի թանգարան» թեմային նվիրված երկու նամականիշ: «Նամականիշներն ունեն 300 և 380 դրամ անվանական արժեք և տպագրված են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը յուրաքանչյուրը 50 000 օրինակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ֆիլատելիայի վաճառքների պատասխանատու Մարգարիտա Հակոբյանը:
300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ճակատային հատվածը, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Փարաջանովի թանգարանի սրահների կոլաժային պատկերը:
«Նամականիշները նպաստում են աշխարհում Հայաստանի ճանաչելիությանը: Ամեն տարի նամականիշների հավաքորդները շատանում են: Նյու Յորքի նամականիշների ցուցահանդեսում մենք ներկայացրել էինք մեր նմուշները, արժանացել համընդհանուր ուշադրության և շահել մրցույթում»,-ընդգծեց «Հայփոստ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանի խոսքով` տարվա ընթացքում բազմաթիվ ֆիլատելիստական ցուցահանդեսներ են անցկացվում: «Ազգային խորհրդանիշներից մեկն է նամականիշը: Պետական այրերը պետական այցերի ժամանակ իրենց երկրների նամականիշներն են նվիրում միմյանց: Մեր խնդիրներից մեկը միջոցառումներ և ցուցահանդեսներ կազմակերպելն է, որտեղ կներկայացվեն նամականիշների բացառիկ նմուշներ»,-ասաց միության նախագահը:
Նամականիշի դիզայներ Դավիթ Դովլաթյանն ընդգծեց, որ անձամբ ճանաչել է Փարաջանովին, նկարահանվել է նրա «Աշուղ Ղարիբը» ֆիլմում: «Թեման հոգեհարազատ էր և սիրով եմ աշխատել նամականիշի վրա: Կարևոր է արտասահմանցիներին ծանոթացնել այս յուրահատուկ թանգարանին, և մենք մեր ձևով ենք դա անում»,- նշեց դիզայները:
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը շեշտեց, որ շատերը Փարաջանովի թանգարան այցելելու նպատակով տարբեր երկրներից հատուկ գալիս են Հայաստան: «Փարաջանովն այն մարդն էր, ով ամեն տեղ նշում էր, որ ինքը հայ է, և նրա ցանկությունն իր արվեստը Հայաստանում ներկայացնելն ու զարգացնելն էր՝ չնայած բազմաթիվ ազգեր Փարաջանովին իրենցն են համարում»,-փաստեց տնօրենը:
Բանաստեղծ եւ երաժիշտ Բոբ Դիլանը չի կարող ժամանել Ստոկհոլմ՝ անձամբ ստանալու գրականության գծով Նոբելյան մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել Է Շվեդիայի ակադեմիան: Դիլանը շատ կցանանար ներկա լինել արարողությանը, բայց նա այլ գործեր ունի, հայտնել Է նա ակադեմիկոսներին նամակում:
«Մենք ստացել ենք Բոբ Դիլանի անձնական նամակը, որտեղ նա բացատրել Է, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների պատճառով ինքը չի կարող դեկտեմբերին ժամանել Ստոկհոլմ, ուրեմն նաեւ՝ ներկա լինել մրցանակի հանձնման արարողությանը: Նա կրկին ընդգծել Է, որ մեծ պատիվ Է համարում իրեն մրցանակի շնորհումը եւ կցանկանար այն ստանալ անձամբ»,- ասված Է Շվեդիայի ակադեմիայի հայտարարության մեջ:
Մրցանակն ստանալու համար երաժիշտը պետք Է սկսած դեկտեմբերի 10-ից կես տարվա ընթացքում ժամանի Ստոկհոլմ եւ դասախոսություն կարդա. դա ակադեմիայի միակ պայմանն Է:
«Չժամանելու դափնեկրի որոշումը հազվադեպ երեւույթ Է, բայց բացառություն չԷ»,- հայտարարել են Շվեդիայի ակադեմիայում՝ ընդգծելով, որ Դիլանի մրցանակը «առաջվա պես պատկանում Է նրան»:
Կլոդ Մոնեի (1840 – 1926) «Խոտի դեզ» (La Meule, 1891) նկարը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է ֆրանսիացի այս նկարչի կտավների համար ռեկորդային 81,4 միլիոն դոլարով: Աճուրդը նոյեմբերի 16-ին անցկացրել Է Christie's աճուրդային տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այս նկարը պատկանում Է 25 համանուն գործերից բաղկացած ամբողջ շարքին: Կտավի գնահատման արժեքը կազմել Է շուրջ 40 միլիոն դոլար: Մոնեի նկարների համար նախորդ ռեկորդը հասել Է 80,4 միլիոն դոլարի:
Վաճառված մյուս թանկարժեք լոտը դարձել Է Վասիլի Կանդինսկու (1866 –1944 ) «Կոշտ-ճկուն» (Rigide et courbe, 1935) գործը, որը վերջին անգամ աճուրդի Է հանվել ավելի քան 50 տարի առաջ: Այն վաճառվել Է 23,3 միլիոն դոլարով՝ նույնպես ռեկորդ սահմանելով ռուս վարպետի նկարների համար:
Բացի դրանից, նոյեմբերի 16-ի երեկոյան Christie's-ի աճուրդում վաճառվել են Պոլ Սեզանի (1839 – 1906), Պաբլո Պիկասոյի (1881 – 1973), Անրի Մատիսի (1869 – 1954) եւ մի շարք այլ նկարիչների մի քանի աշխատանքներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Թինթինի արկածները» շարքի «Լուսնի ճանապարհորդները» կոմիքսի բնօրինակ նկարը Փարիզում վաճառվել է 1.55 մլն եվրոյով:
50x35 սմ չափսի նկարը չինական ներկով է արված: Հեղինակը բելգիացի նկարիչ Ժորժ Ռեմին է, որը հայտնի է Էրժե անունով: Նկարում Թինթինն է, նրա շունը՝ Փաթիլը եւ Կապիտակ Հեդոքը: Տիեզերագնացների կոստյումներով հերոսները քայլում են Լուսնի վրայով եւ նայում Երկրին:
Նշենք, որ Էրժեի նկարներից մեկը եւս մեկ ռեկորդ է սահմանել: Երկու տարի առաջ Թինթինի մասին կոմիքսներից մեկի երկու էջանոց նկարն ամերիկյան երկրպագուներից մեկը գնել է 3.7 մլն դոլարով:
«Լուսնի ճանապարհորդները» «Թինթինի արկածները» շարքի լավագույն կոմիքսներից է համարվում: Այն թողարկվել է 1954 թվականին: