Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ (113)
Ողջույն Ձեզ թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Իրանցի հանրահայտ գործիչներ՝ համաշխարհային պարծանքներ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այսօր կներկայացնենք լուսնային հիջրեթի 9-րդ դարի իրանցի հայտնի գրող, գիտնական, աստղագետ, Ղուրանի մեկնաբան ու մաթեմատիկոս Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆիին նվիրված զրուցաշարի վերջին մասը։Մեր այս թողարկման թեման Մոլա Հոսեյն Վաեզ Քաշեֆիի «Անվար Սոհեյլի» ստեղծագործությունն է:
Ասացինք, որ Մոլանա Հոսեյն Վաեզ Քաշեֆի անվամբ հայտնի դարձած Քյամալեդդին Հոսեյն Իբն Ալի Սաբզեվարին նախնական կրթությունն ստացել է Սաբզեվար քաղաքում և ապա ուսումը կատարելագործելու նպատակով մեկնել է Մաշհադ ու Հարաթ: Նա տարիներ զբաղվել է քարոզչությամբ և իսլամական ուսուցումների ու բարոյականության տարածմամբ:
Սոլթան Հոսեյն Բայղարայի իշխանության հասնելով և արվեստի ու գրականության հանդեպ նրա գիտնական նախարար Ամիր Ալիշիր Նավայիի ցուցաբերած հովանավորությամբ Քաշեֆին մեծ համբավի տեր է դառնում: Այդ պատճառով Հարաթում Քաշեֆիին տրվում է քարոզչի կոչումը, որը հատուկ էր մեծ գիտնականներին ու մոհադեսներին: Քաշեֆին Ջամիի շնորհիվ ծանոթանում է «Նաղշբանդիե» ուղղության հետ: Նաև ասացինք, որ Վաեզ Քաշեֆիից հիշատակ են մնացել արձակ ու չափածո բազմաթիվ ստեղծագործություններ և քննարկեցինք նրա գրչին պատկանող «Ախլաղ Մոհսենի»-ն, «Մավահեբ Ալայհե»-ն, «Ռոզաթ-օլ-Շոհադա»-ն և «Ֆոթովվաթնամե»-ն:
«Անվար Սոհեյլի»-ն Վաեզ Քաշեֆիի հայտնի ստեղծագործություններից է: Դա «Քելիլե ու Դեմնե»-ի պարզ ու սահուն վերարտադրությունն է: Աբոլմաալի Նասրոլլահ Մոնշին «Քելիլե ու Դեմնե»-ն Սոլթան Մահմուդ Ղազնավիի թոռներից Բահրամշահի խրախուսանքով Իբն Մողաֆայի արաբերեն թարգմանությունից թարգմանել է պարսկերենի:
«Անվար Սոհեյլի»-ն մեծ ուշադրության արժանացավ Հնդկական թերակղզում ու Աֆղանստանում և հետագային օգտագործվեց հնդիկ ու անգլիացի քաղաքացիներին պարսկերեն սովորեցնելու համար: Տպագրության արվեստի տարածումից հետո գիրքն ավելի քան 30 անգամ տպագրվել է Հնդկական թերակղզում ու Թեհրանում: Գիրքը թարգմանվել է հնդկական ու աֆղանական բարբառներով ու եվրոպական տարբեր լեզուներով և անգամներ հրատարակվելով մեծ համբավ է ձեռք բերել:
Քաշեֆին «Քելիլե ու Դեմնե»-ի արհեստական ու բարդ արձակը համարել է այդ գիրքը կրկին խմբագրելու և շարադրելու իր որոշման հիմնական պատճառը: Քաշեֆիի դիտանկյունից նման արձակը ձանձրույթ է պատճառում թե՛ ընթերցողին և թե՛ ունկնդրին: Դրա համար որ բոլորը կարողանան օգտվել գրքի բարիքներից և «Քելիլե ու Դեմնե»-ն անուշադրության չմատնվի նա Սոհեյլի անունով հայտնի Ամիր Շեյխ Ահմեդի խնդրանքով «Քելիլե ու Դեմնե»-ի հիման վրա ստեղծում է «Անվար Սոհեյլի»-ն:
Քաշեֆին գրքի վերաշարադրման ընթացքում բազմաթիվ փոփոխություններ է կատարում «Քելիլե ու Դեմնե»-ի բովանդակության մեջ ու նույնիսկ խորագրում: Սիլվեսթեր Դոսասիի համոզմամբ այդ փոփոխություններից երկուսը մեծ նշանակություն ունեն: Առաջինը գրքի խորագիրն է, քանի որ մինչ այդ «Քելիլե ու Դեմնե»-ի պարսկերեն ու արաբերեն թարգմանիչներից որևէ մեկը դրա խորագիրը չէր փոխել: «Քելիլե ու Դեմնե»-ի մեջ Քաշեֆիի կատարած մյուս փոփոխությունը Իբն Մողաֆաի արաբերեն և Աբոլմաալիի պարսկերեն տարբերակներում աչքի ընկնող տարբեր նախաբանների կրճատումն է: Քաշեֆին այդ նախաբանների փոխարեն գրել է նոր մի նախաբան, որն ամբողջությամբ պատկանում է իրեն:
«Քելիլե ու Դեմնե»-ի մեջ Քաշեֆիի կողմից կատարված փոփոխություններից մեկն էլ այաների, վկայությունների ու արաբերեն բանաստեղծությունների կրճատումն է, որոնք բարդացնում են այդ արժեքավոր ստեղծագործության ընթերցումը: Արաբերեն այդ բանաստեղծությունների ու նախադասությունների փոխարեն Քաշեֆին օգտվել է իր մոտիկ անցյալի բանաստեղծների, այդ թվում Սաադիի, Հաֆեզի ու Մոլավիի պարսկերեն լեզվով գրված բանաստեղծություններից: Նա ի դեպ, 60 առասպելներ է ավելացրել «Քելիլե ու Դեմնե»-ին: Դոկտ. Մոհամմեդ Ջաըֆար Մահջուբը համեմատական եզրեր անցկացնելով «Քելիլե ու Դեմնե»-ի ու «Անվար Սոհեյլի»-ի միջև պարզել է յուրաքանչյուր գլխում Վաեզ Քաշեֆիի կողմից ավելացված առասպելները և նշել է դրանց աղբյուրները, որոնք են Սաադիի «Բուսթան»-ն ու «Գոլեսթան»-ը, «Մարզբան Նամե»-ն և «Մասնավին»:
«Անվար Սոհեյլի»-ի մեջ որոշ հեքիաթները չափածո են, որոնք փոխ են առնված այլ աղբյուրներից: Օրինակ «Պոչ պահանջող երկարականջի հեքիաթը» և կամ այն դատավորի հեքիաթը, որ պիտի դատեր երկու հոգու միջև: Վաեզ Քաշեֆին այդ երկու հեքիաթներն ուղղակի մեջբերել է Մոլավիի «Մասնավի»-ից:
Քաշեֆին այն պատկերացումն է ունեցել, որ իր ստեղծագործությամբ դյուրըմբռնելի է դարձնում «Քելիլե ու Դեմնե»-ն սակայն շատ բանասերների վկայությամբ այդ ուղղությամբ նրա ջանքն այնքան էլ հաջողությամբ չի պսակվել: Դոկտ. Մահջուբը ստեղծագործության արձակը միատարր չի համարում և դրա երկվությունը համարում է «Անվար Սոհելի»-ի գլխավոր առանձնահատկությունը: Զաբիհոլլահ Սաֆան համոզված է, որ «թեև Քաշեֆին նպատակ է ունեցել պարզ կերպով շարադրել ստեղծագործությունը, սակայն չի կարողացել ձերբազատվել Աբոլմաալիի ոճի ազդեցությունից»: Իսկ «Անվար Սոհեյլի»-ն խմբագրած Մոհամմեդ Ռոշանը հակառակ կարծիքն ունի: Նա «Անվար Սոհեյլի»-ն համարում է արժեքավոր մի ստեղծագործություն և «Քելիլե ու Դեմնե»-ի պարզ ու առանձին շարադրությունը, որը զարդարվել է բանաստեղծական հարմար երկտողերով: «Անվար Սոհեյլի»-ի բազմաթիվ տպագրությունները հատկապես Հնդկական թերակղզում և դրան որպես պարսկերեն լեզվի ուսուցման դասագիրք օգտագործելը, վկայում է այն մասին, որ դրա արձակը կարողացել է կապ հաստատել ժողովրդի լայն զանգվածների հետ: Դա կարող է կապված լինել արաբերեն նախադասությունների ու բանաստեղծությունների կրճատմամբ ու դրանց փոխարեն պարսիկ անվանի բանաստեղծների ստեղծագործությունների մեջբերմամբ: Բացի այդ ազդեցիկ գործոն կարող է համարվել դյուրըմբռնելի բանաստեղծությունների գոյությունը և բազմաթիվ հեքիաթների մեջբերումը, որոնց հետ պարսկախոս ընթերցողն ավելի վաղ ծանոթ է եղել Մոլավիի «Մասնավի»-ից կամ դրանք տարածված են եղել ժողովրդի մոտ: Գրքում մեջբերված դրվագներն ու հեքիաթներն ուսումնասիրելով պարզ է դառնում, որ դրանցից շատերը տարածված են եղել հասարակ ժողովրդի մոտ ու արձանագրված են եղել դրանց բանավոր բազմաթիվ տարբերակները:
«Քելիլե ու Դեմնե»-ի նման «Անվար Սոհեյլի»-ում էլ բարոյական սկզբունքներն արտահայտվում են կենդանիների լեզվից ներկայացվող հեքիաթների միջոցով: «Անվար Սոհեյլի»-ի գլխավոր յուրահատկությունն այն է, որ առաջին անգամ այդտեղ կանոնավոր ու միատարր կերպով նկարագրվել է ժողովրդի առօրյա կյանքը: Գիրքը ներկայացնում է 10-րդ դարում ապրած մարդկանց կենցաղի ժողովրդագրական իրական պատկերը: «Անվար Սոհեյլի»-ի մեջ հեքիաթը միջոց է պարզաբանելու համար այն կետն ու թեման, որին ձգտում է հեղինակը, հետևաբար հատուկ ուշադրություն չի ցուցաբերվում պատմության մշակմանն ու պատճառահետևանքային հարաբերությանը: Իրականության մեջ պատմության մշակումը երկրորդ կարգի նշանակություն ունի:
Վաեզ Քաշեֆին մեծ համբավ է վայելում Հնդկաստանում ու Պակիստանում: Քաշեֆիի ստեղծագործություններից շատերն արտագրվել են այդ երկրներում ու արժեքավոր թղթերի նման ձեռքից ձեռք են անցել կամ էլ որպես պարգև մատուցվել են իշխաններին և մտքի ու գիտության ոլորտի գործիչներին: Ինչպես ավելի վաղ ասացինք «Անվար Սոհեյլի»-ն Վաեզ Քաշեֆիի մյուս ստեղծագործությունների համեմատությամբ ավելի մեծ ուշադրության է արժանացել Հնդկաստանում: Այդ պատճառով էլ առաջին անգամ տպագրվել ու հրապարակվել է այդտեղ ու հետագային անգամներ վերահրատարակվել է Հնդկաստանի Մումբայ, Լաքանհու և Հեյդարաբադ քաղաքներում: Բացի այդ «Անվար Սոհեյլի»-ն բազմաթիվ անգամներ թարգմանվել ու վերաշարադրվել է Հնդկաստանում և վերահրատարակվել է «Այար-ե Դանեշ», «Արժանգ-ե Ռազի», «Բոսթան-ե Հեքմաթ», «Հեքայաթ-ե Բիդփայ»-, «Սեթարե-ե Հենդ» և «Մասնավի-ե Դանեշաֆրուզ» խորագրերով: