Տնտեսական հանդես
Ողջույն թանկագին բարեկամներ: « Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Իրանի անցած շաբաթվա տնտեսական մի քանի կարևոր իրադարձություններին:
Եվրոպական տնտեսական ու քաղաքական պատվիրակությունների Թեհրան կատարվող ուղևորությունները շարունակվելով Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրն այս շաբաթ 50 հոգանոց մի պատվիրակություն գլխավորելով այցելեց Թեհրան և ԻԻՀ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում զրուցեց երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: Մեր հաղորդումը կսկսենք այս մասին զրույցով:
Երեքշաբթի օրը Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությամբ երկու երկրի ընկերությունների միջև համագործակցության մի քանի համաձայնագրեր ստորագրվեցին:
Իրանի ու Սլովենիայի տնտեսական համատեղ նիստն անցած ամիս գումարվեց Իրանի առևտրի պալատում, որի ընթացքում Սլովենիայի և Իրանի առևտրական ու տնտեսական ընկերությունների և բանկերի տնօրեններ ու ներկայացուցիչներ ԻԻՀ-ի ու Սլովենիայի միջև համագործակցությունների ընդլայնման ուղիների շուրջ մտքերի փոխանակում կատարեցին: Սլովենիայի նախագահի Իրան կատարած ուղևորությամբ և Թեհրանում համագործակցության փաստաթղթերի ստորագրմամբ երկու երկրի հարաբերություններում նոր էջ բացվեց:
Սլովենիայի նախագահ Բորութ Փախուրի գլխավորած առևտրական 50 հոգանոց պատվիրակության Թեհրան կատարած ուղևորության ընթացքում երկու երկրի տնտեսական ու առևտրական ոլորտի գործարարները համատեղ նիստում քննարկեցին Թեհրանի ու Լյուբլիանայի միջև համագործակցությունների ընդլայնման ուղիները:
Չորեքշաբթի օրը Թեհրանում վերաբացվեց Սլովենիայի դեսպանատունը, ինչը կարող է երկու երկրի տնտեսական բաժինների միջև կապերի ընդլայնման պատճառ դառնալ և հեշտացնել տնտեսական գործարարների փոխայցելությունները:
Իրանն ու Սլովենիան էներգետիկայի, նավթի ու գազի, շինարարության ու բնակարանի, փոխադրության, հանքերի, գյուղատնտեսության, պողպատի արդյունաբերության ու դեղարդյունաբերության բնագավառներում համագործակցության հնարավորություն ունեն:
-----------------------
Մեր հաղորդումը շարունակում ենք Իրանի ու Հայաստանի միջև առևտրի ու զբոսաշրջության բնագավառներում ձեռք բերված համաձայնությունների մասին լուրով:
Հայաստանը ԻԻՀ-ն ու ԵԱՏՄ կապող կամուրջ է դառնում:
Իրանի Մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մասըուդ Քարբասիանն անցած շաբաթ Երևանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով այդ հարցն անդրադարձավ Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հետ հանդիպման արդյունքները:
Մասնավորապես, ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ, երկուստեք կարևորվել են էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն ու ՀՀ և ԻԻՀ քաղաքացիներին բավարար չափով մաքսային ընթացակարգերի մասին իրազեկումը, երկու երկրներում գործող ազատ տնտեսական գոտիների միջև փորձի փոխանակումն ու համագործակցությունը:
«Մենք կարող ենք ազատ տնտեսական գոտու միջոցով համագործակցություն ծավալել դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա: Որպես կապող կամուրջ՝ Հայաստանը կարող է որոշիչ դերակատարություն ստանձնել այս ոլորտում, ինչն իր հերթին կարող է նպաստել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ասել է Մասուդ Քարբասիանը:
Ի պատասխան ՀՀ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է ձևավորել համապատասխան հարթակ դեպի ԵԱՏՄ շուկա: ՀՀ կառավարության ղեկավարը նաև ողջունել է երկու երկրների մաքսատների վարչարարության պայմանների բարելավմանը և միմյանց երկիր մուտք գործելու համար ընթացակարգերի դյուրացմանն ուղղված համատեղ քայլերը:
Այս շրջագծում Իրանն ու Հայաստանը երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության բնագավառում հարաբերությունները խթանելու նպատակով համագործակցության փոխհուշագիր ստորագրեցին: Կայացած համաձայնությամբ այսուհետ երկու երկրի միջև ավտոների երթևեկը հնարավոր է դառնալու առանց համապատասխան արտոնությունների ստացման պարտավորության և երաշխագնի ու այլ հավելյալ վճարումների գանձման:
Այս փոխհուշագիրը ստորագրվեց հայկական կողմի հետ Իրանի Մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Մասըուդ Քարբասիանի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի վարած բանակցությունների արդյունքում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ասել է.-«Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը հնարավոր չէ առանց մաքսային համագործակցությունների ընդլայնման:Հետևաբար մեր պարտականությունն է ընդլայնել այդ ոլորտում համագործակցությունը։ «Մեկ պատուհան» գաղափարի իրագործումն ու մաքսային համագործակցությունների հեշտացումը այդ ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերից է»:
ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Սուրեն Կարայանի հետ: Հանդիպման ընթացքում որպես տնտեսական համագործակցությունների ընդլայնման նախապայման կողմերը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար՝ Սուրեն Կարայանն այս հանդիպման ժամանակ ընդգծելով Իրան-Հայաստան տնտեսական համագործակցությունների ընդլայնման ճամբին առկա արգելքների վերացման անհրաժեշտությունը, ասաց. «Մաքսային դյուրություններ ստեղծելն ու այդ կապակցությամբ միանման ընթացակարգերի որդեգրումը տնտեսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ մեծ դերակատարություն կարող են ունենալ»:
Ներդրման հովանավորումը Թեհրան-Երևան բանակցությունների գլխավոր թեմաներից է և ակնկալվում է, որ այս համաձայնությունների իրագործմամբ հարաբերությունների ընդլայնման համար առավել նպաստավոր հող կպատրաստվի:
-------------------------
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն և ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Սանուսի Բարքինդոն այս շաբաթ Թեհրանում բանակցեցին նավթի շուկայի վերջին զարգացումների շուրջ: Բանակցությունների ավարտին Զանգանեն լրագրողների հետ զրույցի ժամանակ, ընդգծեց. «Նավթի համար ընդունելի գինն այն գինն է, որ կարող է թե սպառողի և թե արտադրողի շահին լինել և ՕՊԵԿ-ի անդամ երկրները համակարծիք են յուրաքանչյուր բարելի դիմաց 50-ից 60 դոլարի շուրջ»: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարն Իրան կատարած այցի շրջագծում բանակցեց այդ կազմակերպության ապագա նստաշրջանի, էներգետիկայի շուկայի վերջին զարգացումների և նավթային ֆրիզի նախագծի իրագործման շուրջ:
ՕՊԵԿ-ի անդամ երկրները նավթի գինը միջին հաշվով 55-ից 60 դոլար են նախատեսում ու եթե հավատարիմ մնան Ալժիրյան նստաշրջանում կայացած համաձայնություններին հնարավոր է, որ նոյեմբերի 30-ին նախատեսված ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարների նստաշրջանում այդ կապակցությամբ վերջնական համաձայնություն ձեռք բերվի:
ՕՊԵԿ-ի հառաջիկա նստաշրջանի գլխավոր օրակարգը նավթային ֆրիզի իրագործումն է, որից նախնական համաձայնությամբ բացառվել են Իրանը, Լիբիան ու Նիգերիան:
Նավթային ֆրիզի նախագծի գործադրման դեպքում նավթի արտադրաչափը կկայունացվի և Արաբիայի նման երկրներ կպարտավորվեն պակսեցնել իրենց արտադրաչափը:
Զանգանեի հետ հանդիպումից հետո ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարքինդոն դրվատելով Ալժիրի նստաշրջանում Իրանի նավթի նախարարի ի գործ դրած ջանքերն ասաց, որ Իրանը համարձակ որոշումներ ընդունեց Ալժիրում և ՕՊԵԿ-ում կառուցողական դերակատարություն ունի:
ՕՊԵԿ-ի անդամ երկրները սեպտեմբերի 28-ին Ալժիրում համաձայնեցին սահմանափակել նավթի առաջարկը և միևնույն ժամանակ բացառեցին Լիբիային, Իրանին ու Նիգերիային, որոնց արտադրաչափը պատերազմի կամ շրջափակումների պատճառով կրճատվել է: ՕՊԵԿ-ի նախարարներն այս համաձայնության մասին վերջնական որոշում կընդունեն նոյեմբերի 30-ին գումարվելիք նիստում:
------------------------------
Նոր Զելանդիայի առևտրի նախարարը երեքշաբթի օրը մամլո մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ հառաջիկա շաբաթ Թեհրան ուղևորվելով Իրանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ բանակցություններում կքննարկի Համատեղ ակտի համապարփակ ծրագրին հաջորդած շրջանում Թեհրանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղիները:
Թեհրան կատարելիք ուղևորության ընթացքում Նոր Զելանդիայի առևտրի նախարար Թեդ ՄաքՔելիին կընկերակցի այդ երկրի 17 ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակությունը:
Իրանի ԱԳ նախարարության Ասիայի և Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը վերջերս Վիլինգտոնում հանդիպելով Նոր Զելանդիայի առևտրի նախարարին նրա հետ զրուցեց հարաբերությունների ընդլայնման շուրջ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Իրանի ու Նոր Զելանդիայի միջև բանկային հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու երկրի ընկերությունների համատեղ ներդրման հարցերը, որոնք նաև Թեհրանում կայանալիք բանակցությունների առանցքներից են լինելու:
Ընդգծելով տնտեսական տեսակետից Իրանի նշանակությունը ՄաքՔելին հույս է հայտնե, որ մասնավոր բաժնի ընկերակցությամբ Իրան կատարելիք ուղևորությունը կհանգեցնի երկու երկրի տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: