Գեղարվեստական հաղորդում (38)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ինչպես միշտ մեր հաղորդման ընթացքում կանդրադառնանք մի շարք գեղարվեստական լուրերի: Իսկ եթերում մեզ կընկերակցի մեր թղթակիցը: Ընկերակցեք մեզ:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությանը: Ջ.Ավետիսյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենք հայտ էին ներկայացրել, հոկտեմբերի 21-ին, ըստ «Ոսկե գլոբուս»-ի պահանջված կարգի, Լոս Անջելեսում կազմակերպել էին ցուցադրություն, որին ներկա են եղել «Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիա»-ի անդամները: Նրանց քվեարկությունից է կախված՝ ֆիլմը կնոմինացվի «Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխության, թե ոչ:
Ռեժիսորն ասաց, որ «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված է 65 ֆիլմ, նորմինացվելու է 5-ը, որից մեկն էլ արժանանալու է «Ոսկե գլոբուս» -ի:
«Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։ Ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Սա մի ֆիլմ է մարդու մասին, մարդ, որը ոչ մի դեպքում չի լքում հայենիրքը, ապրում է մեն-մենակ ԼՂ-ի սահմանամերձ մի գյուղում:
Սա ֆիլմ է, որտեղ մեկ մարդու պարզ ճակատագիրն արտացոլում է պատերազմի ու խաղաղության ողջ հմայքն ու ողբերգությունը:
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում Աբգարը միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին:
«Ոսկե Գլոբուս» 74-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. հունվարի 8-ին:
Ստամբուլում՝ Հայկական մշակույթի և համերաշխության միության սրահում, ցուցադրվել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբ» ֆիլմը: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Ստամբուլի Մարմարա համալսարանի գիտաշխատող Օնուր Այթաչը:
Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Panorama.am-ին ասաց, որ տեղյակ չէ այդ ցուցադրությունից, միաժամանակ հավելեց. «Նորմալ է: Ուրախ ենք՝ ինչքան ցույց տան, մեր օգուտն է»:
Նա նշեց, որ 1989 թվականին այս ֆիլմի համար Ս. Փարաջանովը Ստամբուլի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի:
«Ֆիլմը ստեղծված է մուսուլմանական թեմայի վրա: Փարաջանովն արեց այս ֆիլմը՝ ասելու, որ ժողովուրդները չեն կարող իրար ատել»,- հավելեց Զ.Սարգսյանը:
Ֆիլմը նկարահանել է «Վրացֆիլմ» ընկերությունը Բաքվում և Շեքիյում։: «Աշուղ Ղարիբ»-ը թողարկվել է 1988-ին։ Այն նվիրված է Անդրեյ Տարկովսկու հիշատակին, հիմնված է Միխայիլ Լերմոնտովի համանուն հեքիաթի մշակման վրա։ Օպերատորն է Ալբերտ Յավուրյանը:
Ֆիլմն աղքատ պոետ Ղարիբի հազար ու մի օր տևող ճանապարհորդության մասին է: Աշուղ Ղարիբն անցնում է փորձությունների միջով, որպեսզի գումար վաստակի իր սիրելիի հետ ամուսնանալու համար:
Տորոնտոյում նոյեմբերի 16-20-ին կայացել է ֆիլմերի՝ «Նուռ» ամենամյա միջազգային 11-րդ փառատոնը, որին մասնակցել է ԿանադայումՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միության կողմից կազմակերպված փառատոնին ներկա էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի ռեժիսորներ եւ դերասաններ, կանադացի հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Եգանյանը շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին եւ բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել նման կարեւոր միջոցառման հաջող անցկացման գործում: Դեսպանն անդրադարձել է հայկական կինոարտադրության պատմությանը` խոսելով բոլոր ժամանակների հայ մեծանուն ռեժիսորների եւ նրանց ստեղծագործությունների մասին: Նա շեշտել է, որ արդեն հաճելի ավանդույթ դարձած «Նուռ» կինոփառատոնն ամեն տարի Տորոնտոյում հավաքում է հայ, կանադացի եւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կինոսերներին:
«Նուռ» փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին օսկարակիր «Լուսարձակ», Ատոմ Էգոյանի «Հիշիր», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմերը, ինչպես նաեւ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա նկարահանված «Իթակա», «1915-ի կանայք», «3 շաբաթ Երեւանում» եւ թուրքական արտադրության «Կորած թռչուններ» հայտնի ֆիլմերը:
Փառատոնին ներկայացված ֆիլմերի մի մասը ցուցադրվեցին Տորոնտոյի կենտրոնական կինոթատրոններում` ընդունելով հազարավոր այցելուների եւ արժանանալով նրանց ջերմ արձագանքին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2017 թվականը հայտարարում է փառատոնային տարի լուսանկարչության ոլորտում:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
2017 թվականի սեպտեմբերի 12-16-ը կանցկացվի «Երևան» լուսանկարչական փառատոնը, սակայն ողջ տարվա ընթացքում կիրականացվեն նաև լուսանկարչության ոլորտում տարաբնույթ ծրագրեր:
Նոյեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում փառատոնի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն գործարկվել է yerevanphotofestival.com կայքը, որի միջոցով պարբերաբար տեղեկություններ կտարածվեն փառատոնի մասին: Կայքը նաև հարթակ է, որտեղ լուսանկարիչները կունենան անհատական էջեր, կվերբեռնեն իրենց լուսանկարները՝ այդպիսով հասանելի դառնալով հանրությանը: Ստեղծվելու է նաև հեղինակային իրավունքի պաշտպանության համակարգ: Արմեն Սարգսյանը վստահեցրել է, որ իրենց նպատակն է նաև զարգացնել հայ լուսանկարչական մշակույթը:
Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը՝ հուլիսի 29-ից նոյեմբերի 20-ն, ունեցել է մոտ 600 հազար այցելու: Այն ավելի շատ այցելու է ունեցել, քան Վալենտին Սերովի ցուցահանդեսը: ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են պատկերասրահի մամուլի ծառայությունից:
«Այվազովսկու ցուցադրության հենց առաջին օրվանից պարզ էր, որ հանրությունն ավելի մեծ հետաքրքրություն ունի, քան Սերովի ցուցահանդեսի դեպքում էր»,- հայտնել են պատկերասրահից՝ հավելելով, որ ցուցադրությունն ունեցել է 598 հազար 832 այցելու, Սերովի ցուցահանդեսը՝ 486 հազար:
Միաժամանակ պատերասրահից հայտնել են, որ նախատեսում են վերլուծել ցուցադրության ընթացքում առաջացած խնդիրներ և այնպես անել, որ հաջորդ ցուցահանդեսներն ավելի հանգիստ ռեժիմով անցնեն:
Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Մանյալով աղջիկը» նկարը, որը նախկինում երբեք հարապարակավ չի ներկայացվել, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 1,8 մլն դոլարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Sotheby's աճուրդի տունը Լատինական Ամերիկայի ժամանակակից արվեստի ստեղծագործությունների աճուրդ է անցկացրել: 1929 թվականի «Մանյակով աղջիկը» նկարը Կալոի առաջին աշխատանքներից է, որը նա նկարել է 22 տարեկանում: Նկարի նախնական գինը 1,5 մլն դոլար էր:
Պատանի անհայտ աղջկա դիմանկարը վերջին 60 տարիների ընթացքում գտնվում էր Քալիֆորնիայում՝ Կալոյի նախկին օգնականի տանը: Նկարը 1955 թվականին՝ Ֆրիդայի մահվանից մեկ տարի հետո, նրան է նվիրել Կալոյի այրին՝ նկարիչ Դիեգո Ռիվերան: Նկարի գոյության մասին մասնագետները տեղեկացել են Լոլա Ալվարես Բրավոյի սեւ-սպիտակ լուսանկարների շնորհիվ, որը Կալոյին եւ նրա աշխատանքները սկսել է լուսանկարել Կալոյի եւ Ռիվերայի ամուսնությունից կարճ ժամանակ առաջ:
Անգլիացի գրող Հերբերտ Ուելսի` նախկինում չհրատարակված պատմվածքը կտպագրվի բրիտանական Strand Magazine ամսագրում. այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «Ուրվականներով առաստաղը» կոչվող ստեղծագործությունը հայտնաբերվել է Strand Magazine ամսագրի խմբագիր Էնդրյու Գուլիի կողմից գրողի արխիվներում, որոնք գտնվում են Իլինոյսի համալսարանում: Գուլին օգնական է վարձել, որպեսզի ստուգի, թե արդյոք Ուելսի գրառումներում անհայտ ձեռագրեր կան:
Կայքը գրում է, որ գիտնականները «Ուրվականներով առաստաղը» թվագրել են 1890-ական թվականների կեսով, երբ հեղինակը մոտ 30 տարեկան է եղել: Գրեթե նույն ժամանակ հրատարակվել է նրա առաջին` «Ժամանակի մեքենան» վեպը:
Նշվում է, որ ամսագիրն այս շաբաթ կհրապարակի պատմվածքը:
«Պատճառն այն է, որ մենք ուզում ենք պահպանել ցուրտ ամիսներին ուրվականների մասին պատմվածքներ կարդալու ավանդույթը», - բացատրել է Գուլին:
Նոյեմբերի 21-ին 88 տարեկան հասակում վախճանվել Է իռլանդացի գրող եւ դրամատուրգ Ուիլյամ Թրեւորը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր Էջում այս մասին հաղորդել Է Penguin Random House հրատարակչության տարածաշրջանային ստորաբաժանումը:
Թրեւորին համարում Էին գրականության գծով Նոբելյան մրցանակի թեկնածուներից մեկը: Գրողը նաեւ երեք անգամ դարձել Է բրիտանական Costa գրական մրցանակի հաղթող եւ չորս անգամ գրանցվել Է Բուքերյան մրցանակի համառոտ ցանկում:
Նրա ստեղծագործությունների թվում են «Սահմանագծից այն կողմ» պատմվածքների ժողովածուն, «Ճակատագրի խորթերը» վեպը, «Իռլանդիայի գրական լանդշաֆտը» մենագրությունը: Թրեւորի որոշ գործեր Էկրանավորվել են:
2004 թվականին նրա հայրենի Միթչելսթաուն ավանում կանգնեցվել Է գրողի հուշարձանը: